Համաժողովները՝ ուրախության ժամանակ
1 Եհովայի վկաների համաժողովները մեծ ուրախության առիթներ են։ Հարյուր տարուց ավել է, ինչ այդ հավաքույթները տեղի են ունենում և նպաստում են մեր կազմակերպության աճին։ Թե ինչպես էր Եհովան առատորեն օրհնում աշխարհածավալ աշխատանքը, երևում էր դեռ այն ժամանակ, երբ հավաքույթները մեծ թիվ չէին կազմում։ Եհովայի ժամանակակից ժողովրդի առաջին համաժողովը տեղի ունեցավ 1893 թ.–ին Չիկագոյում (Իլինոյս), որի ժամանակ ներկա էին 360 հոգի, որոնցից 70–ը մկրտվեցին՝ խորհրդանշելով իրենց նվիրումը Եհովային։ Նախորդ տարվա՝ «Աստծո Խոսքը կատարողները» անվանումը կրող նահանգային համաժողովներին ամբողջ աշխարհի մասշտաբով ներկա գտնվեց 9 454 055 հոգի, և մկրտվեցին 129 367–ը։ Ուրախանալու ի՜նչ հիանալի պատճառ...
2 Աստվածաշնչյան ժամանակներից ի վեր Աստծո ժողովրդի հավաքույթները գերազանց միջոց են եղել Եհովայից հրահանգներ ստանալու համար։ Եզրասի և Նեեմիայի օրերում ժողովուրդը «առաւօտից մինչեւ կէսօր» լսում էր Օրենքի ընթերցումը (Նէեմ. 8։2, 3)։ Այդ հավաքույթի ժամանակ Օրենքն ավելի լավ հասկանալով՝ ժողովուրդը «մեծ ուրախութիւն» էր ապրում (Նէեմ. 8։8, 12)։ Մեզ նույնպես ուրախություն է պատճառում այն, որ համաժողովներին հիանալի հնարավորություն ենք ունենում՝ Եհովայից «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» միջոցով «իր ժամին» ուսուցում և հոգևոր կերակուր ստանալու (Մատթ. 24։45)։ Ինչպես նշեց Հիսուսը, մարդ պետք է ապրի «ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից», հետևաբար, համաժողովները կարևոր են մեր հոգևոր բարեկեցության հարցում (Մատթ. 4։4)։
3 Համաժողովին ներկա գտնվելու համար արժե՛ մեր ուժերից եկածն անել։ Մենք բոլորս պետք է նպատակ դնենք մեր առաջ, որպեսզի ներկա գտնվենք այս տարվա նահանգային համաժողովին, որն անվանված է՝ «Աստծո Խոսքի ուսուցիչները»։ Պետք է մեր գործերն այնպես ծրագրենք, որ բոլոր օրերին շուտ գանք համաժողովն անցկացնելու վայր և մնանք մինչև վերջ, երբ բոլորս միասին եզրափակիչ աղոթքից հետո կասենք «ամե՛ն»։ Դրա համար գուցե հարկ լինի փոփոխություններ մտցնել մեր ծրագրերում։ Համաժողով այցելելու նպատակով աշխատանքից բացակայելու թույլտվություն խնդրելն էլ գուցե որոշ դժվարություններ առաջ բերի։ Մենք պետք է հաստատակամ լինենք և չթողնենք այդ հարցը ինքնահոսի։ Եթե գիշերելու և/կամ փոխադրամիջոցի կարիք ենք զգում, պետք է նախապես մտածենք այդ մասին։ Իրոք որ, այս հարցում արժե՛ ամեն ջանք գործադրել։
4 Եհովայի ժողովուրդը համաժողովից ստացած օրհնությունները չի չափում դրամով։ Նկատի առնենք այդ ժողովրդից մի քանիսին, որոնք վճռել էին այցելել «Աստծո կամքը» կոչված Եհովայի վկաների միջազգային համաժողով, որը տեղի էր ունենալու 1958 թ.–ին Նյու Յորքում։ Մի եղբայր երկու շաբաթով դադարեցրեց իր բիզնեսը (նա շինարարությամբ էր զբաղվում), որպեսզի իր օգնությունն առաջարկեր համաժողովի կազմակերպման հարցում, ինչպես նաև ներկա լիներ համաժողովին։ Վիրգինյան կղզիներից մի եղբայր էլ իր հողամասից երկու հեկտար հողակտոր վաճառեց, որպեսզի իր ընտանիքի վեց անդամներն էլ կարողանային այցելել համաժողով։ Իսկ մի երիտասարդ ամուսնական զույգ վաճառեց իր մոտորանավակը, որպեսզի կարողանար իր հետ համաժողով տանել երեք երեխաներին, որոնցից մեծը յոթ տարեկան էր, իսկ փոքրը՝ երկու ամսական։ Կալիֆոռնիայից երեք հարազատ եղբայրների աշխատանքի վայրում ասել էին, որ եթե նրանք բացակայեին աշխատանքից, կկորցնեին իրենց աշխատատեղերը։ Սակայն դա արգելք չհանդիսացավ նրանց համար՝ այդ անմոռանալի համաժողովն այցելելու։
5 Եհովան պարգևատրում է մեզ մեր անկեղծ ջանքերի դիմաց։ Եհովան տեսնում է և օրհնում իր ժողովրդի ջանքերը (Եբր. 6։10)։ Որպես օրինակ՝ նկատի առնենք 1950 թ.–ին տեղի ունեցած նահանգային համաժողովը, որն անվանված էր՝ «Աստվածապետական աճ»։ Համաժողովի ներկաները լսեցին մի նշանակալից ելույթ, որը կոչվում էր՝ «Իրերի նոր համակարգը»։ Եղբայր Ֆրեդերիկ Ֆրանցի հետևյալ խոսքերը մեծ հետաքրքրություն առաջացրին ներկաների մեջ. «Սույն միջազգային համաժողովի բոլոր ներկաները մի՞թե ուրախ չեն լինի, եթե իմանան, որ այսօ՛ր հենց մեր կողքի՛ն գտնվում են նոր աշխարհի ապագա իշխաններից շատերը»։ Այդ ժամանակից անցել է ավելի քան հիսուն տարի, բայց մինչև օրս մեզ ուրախություն է պատճառում Սաղմոս 45։16 համարի բացատրությունն իմանալը։
6 Անցած տարվա նահանգային համաժողովն այցելած մի մարդ, որը բարձր գնահատեց համաժողովի ծրագիրը, հետևյալն է գրում. «Եղբայրնե՛ր, դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե որքա՜ն մեծ դեր ունեցավ այս համաժողովը. այն փրկեց մեր կյանքը։ Աշխատանքի հետ կապված հարցերի պատճառով ընտանիքիս հետ միասին քաղաք էի տեղափոխվել, որի հետևանքով սկսեցին հոգևորի հետ առնչվող դժվարություններ առաջ գալ։ ....Մենք մի կողմ էինք դրել մեր քրիստոնեական պարտականությունները։ Նույնիսկ դադարել էինք հաճախել հանդիպումներին և մասնակցել քարոզչությանը։ ....Սակայն այս համաժողովը նոր շունչ տվեց մեր կյանքին. նորից սկսեցինք հոգևոր նպատակներ դնել մեր առաջ և քայլեր ձեռք առնել՝ դրանք իրականացնելու»։
7 Եհովան մեզ ապահովում է անհրաժեշտ հոգևոր կերակուրով։ Նա համաժողովների ժամանակ ճոխ սեղան է պատրաստում մեզ համար։ Այս միջոցառման համար գնահատանք ցուցաբերելով՝ մենք էլ կարող ենք արտահայտվել այնպես, ինչպես Կոռնելիոսը, երբ նրան այցելության էր եկել Պետրոս առաքյալը։ Նա ասաց. «Այժմ մենք բոլորս կանգնած ենք Աստծու առաջ՝ լսելու այն ամէնը, ինչ քեզ հրամայուած է Տիրոջից» (Գործք 10։33)։ Եկե՛ք նպատակ դնենք մեր առջև, որպեսզի այս տարի էլ «կանգն[ենք] Աստծո առաջ», այսինքն՝ ներկա՛ լինենք «Աստծո Խոսքի ուսուցիչները» կոչվող համաժողովի բոլոր մասերին և ուրախանա՛նք...