1999 թ. «Աստծո մարգարեական Խոսքը» վերնագրով նահանգային համաժողովները
1 Երբ իսրայելացիները գրեթե մտնում էին Խոստացյալ երկիրը, Մովսեսը խրատում էր նրանց գնահատել Աստծո հրահանգները։ Նա ասում էր. «Այս ձեզ համար դարտակ բան չէ. որովհետև ձեր կեանքն է» (Բ Օրին. 32։45—47)։ Երախտապարտ չե՞նք արդյոք Եհովային, որ նա մեր կյանքը բարձր է գնահատում՝ շարունակելով առաջնորդել մեզ իր թանկարժեք Խոսքի միջոցով։ Այդ պատճառով մենք անհամբերությամբ սպասում ենք «Աստծո մարգարեական Խոսքը» եռօրյա համաժողովին և այն բանին, թե ինչ է Եհովան պատրաստել։
2 Այս տարի նահանգային համաժողովներ ծրագրվում է անցկացնել 45 քաղաքներում. Բելոռուսիայի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի տարածքներում։ Բացի վրացերեն և ռուսերեն լեզուներից՝ համաժողովի ծրագիրը կթարգմանվի ռուսերեն ժեստերի լեզվով։ Պետք է նշել, որ ռուսերեն ժեստերի լեզվով առանձին համաժողովը այս տարի անցկացվելու է առաջին անգամ։
3 Ինչ խոսք, որ դու պատրաստվում ես համաժողովի երեք օրերին էլ ներկա գտնվել, քանի որ հավատում ես, որ Եհովան դա է ակնկալում քեզանից։ Վստահ եղիր, որ նա տեսնում է իր ծառաների համաժողով այցելելու համար գործադրած անհատական ջանքերն ու զոհողությունները, և այդպիսի անհատներին երախտագիտության զգացումով է հիշում (Եբր. 6։10)։ Համաժողովի բոլոր օրերին ներկա գտնվելով՝ սկսած բացման երգից մինչև եզրափակիչ աղոթքը, մենք ցույց ենք տալիս Եհովային, որ գնահատում ենք մեզ տված իր խոսքը (Բ Օրին. 4։10)։ Նաև ցույց ենք տալիս, որ գնահատում ենք մեր եղբայրների տքնաջան աշխատանքը, ներառյալ նաև համաժողովի համար պատրաստությունները։
4 Որպեսզի Աստծո ժողովրդից հազարավորները կարողանան մեկտեղ հավաքվել, յուրաքանչյուր համաժողովի համար նախօրոք պլանավորում և լավ կազմակերպվածություն է պահանջվում։ Գիտակցելով, որ համաժողովի պատրաստությունները սիրով են արվել՝ պետք է մղվենք համագործակցության ոգի ցուցաբերել, որպեսզի «ամէն ինչը պարկեշտութեամբ եւ ըստ կարգի» լինի (Ա Կորնթ. 14։40)։ Հետևյալ տեղեկությունը և հիշեցումները կօգնեն քեզ համաժողով գալու համար լիովին պատրաստ լինել, որպեսզի վայելես հոգևոր սնունդը և քրիստոնեական ընկերակցությունը։
Համաժողովից առաջ
5 Այն անհատները, ում հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն ես անցկացնում, կամ ուրիշ հետաքրքրվող անհատներ օգնության կարիք ունե՞ն արդյոք համաժողովին ներկա գտնվելու համար։ Այն, ինչ որ նրանք կլսեն և կտեսնեն համաժողովի ընթացքում, կարող է մղել նրանց Եհովայի երկրպագուները դառնալ (Ա Կորնթ. 14։25)։ Եթե որևէ մեկը, հատկապես ժողովի տարեց անդամները, կացարան գտնելու կամ տեղափոխվելու համար օգնության կարիք են զգում, երեցները պետք է տեղյակ լինեն այդ մասին և հետևեն, որպեսզի հոգ տարվեն այդ կարիքները (Գաղ. 6։10)։
6 Կացարան գտե՞լ ես արդեն և այդ մասին տեղեկացրե՞լ ես ժողովի քարտուղարին։ Բնակարանի համար դիմումները՝ ժողովի Ծառայողական կոմիտեի կողմից հաստատված, ժողովի քարտուղարը արդեն իսկ պետք է ուղարկած լիներ համապատասխան համաժողովի հասցեով։ Եթե քեզ օթևանելու տեղ է հատկացվել, հատուկ օգնության կարիք ունեցողների ցանկի համաձայն, և դու հրաժարվում ես դրանից, խնդրում ենք այդ մասին անհապաղ տեղեկացնես տեղի բնակարանային բաժնին, որպեսզի կացարանը ուրիշ մեկին հատկացվի։ Հասցեն ու հեռախոսահամարը կարելի է գտնել առաջին էջի վերնամասում ձեր համաժողովի համար նախատեսված «Առաջարկվող հյուրանոցների, հանրակացարանների և այլ տիպի կացարանների ցուցակ»–ում։ Համաժողովի կոմիտեի հասցեն իմանալու համար կարող ես դիմել քարտուղարին։
7 Քանի որ բժշկական առաջին օգնության բաժինը նախատեսված է միայն արտակարգ դեպքերի համար, խորհուրդ է տրվում մեզ հետ ունենալ ասպիրին, բինտ, ինհալատոր, ստամոքսի խանգարման դեմ հաբեր և նման պիտույքներ, եթե կարծում եք, որ դրանց կարիքը կզգացվի։ Եթե դու կամ քո մտերիմը լուրջ հիվանդություն ունեք, ինչպես օրինակ, սրտի հիվանդություն, շաքարախտ կամ, հնարավոր է, սուր նոպաներ սկսվեն, խնդրվում է համաժողով գալուց առաջ ձեզ հետ վերցնել անհրաժեշտ դեղամիջոցներ, ինչպես կվարվեիք տանը կամ արձակուրդի ժամանակ։ Խելամիտ կլինի, եթե նման անձնավորությանը միշտ ընկերակցի ընտանիքի անդամներից մեկը կամ մտերիմ ընկերը, որը տեղյակ է նրա առողջական վիճակի մասին և հարկ եղած դեպքում կարող է օգնություն ցույց տալ։
8 Հնարավոր է, որ, համաժողով գնալիս կամ տուն վերադառնալիս, ոչ պաշտոնական վկայություն տալու առիթներ ստեղծվեն։ Պատրաստ կլինե՞ս արդյոք՝ ճշմարտությունը ուրիշներին հաղորդելու։ Բոլորս էլ, այդ թվում նաև երեխաները, կարող ենք վկայություն տալ՝ թերթիկներ առաջարկելով բենզալցման կայանների սպասարկողներին, հարկահավաքներին և բոլոր նրանց, ում կհանդիպենք ճանապարհին։ Կարող է հետաքրքրվող անձանց ամսագրեր, բրոշյուրներ կամ ուրիշ գրականություն թողնելու հնարավորություն ստեղծվի։ Պատրաստ եղիր ոչ պաշտոնական վկայություն տալու նրանց, որոնց հետ զրուցելը գուցե հնարավոր չլիներ, եթե գործի դնեինք սովորական քարոզչական մեթոդները։
Համաժողովի ընթացքում
9 Համաժողովի համար դռները բացվելու են ամեն օր առավոտյան ժամը 8.00–ին։ Տեղեր կարելի է զբաղեցնել միայն ընտանիքի անդամների և մեքենայով քեզ հետ միասին եկած անհատների համար։ Տարեց եղբայրների և քույրերի համար հարմարավետ տեղեր կնախատեսվեն, նաև առանձին տեղեր կհատկացվեն հաշմանդամներին և անվասայլակներով անհատներին։ Համաժողովի ընթացքում հնարավորություն չի լինելու հատուկ սենյակներ հատկացնել շրջապատի հետ կապված հիվանդություններ կամ ալերգիա ունեցող անհատների համար։ Ամեն օր, համաժողովից հեռանալուց առաջ, ստուգիր, թե արդյոք բոլո՞ր իրերդ ես վերցրել։
10 Նահանգային համաժողովներում մեծ թվով հավաքվելու համար մեզանից պահանջվում է ենթարկվել տեղի օրենքներին, հակահրդեհային ապահովության և անվտանգության ուրիշ կանոնների։ Հետևաբար, մանկասայլակներ կամ ծալվող աթոռներ չի կարելի բերել համաժողովն անցկացնելու վայրը։ Շարքերի միջով անցնելիս՝ մարդիկ կարող են դրանց պատճառով սայթաքել։
11 Պատրաստվո՞ւմ ես մկրտվել նահանգային համաժողովում։ Շաբաթ օրվա առավոտյան ծրագրի համար առանձին տեղեր կնախատեսվեն մկրտության թեկնածուների համար. կարգավորողները քեզ կառաջնորդեն այդ տեղերը։ Հնարավորության դեպքում, մինչև ծրագրի սկսվելը, խնդրում ենք քեզ համար տեղ զբաղեցնել այնտեղ։ Հետդ վերցրու Աստվածաշունչ, երգարան, սրբիչ և պատշաճ լողազգեստ։ Կտրտված ջինսերը, լոզունգներով վերնազգեստները և նմանատիպ հագուստները հարմար չեն այդպիսի կարևոր իրադարձության համար։ Մկրտության թեկնածուների հետ «Աստվածաշնչի հիմնական ուսուցումները» բրոշյուրում զետեղված հարցերը քննարկելիս՝ երեցները պետք է համոզվեն, որ նրանցից յուրաքանչյուրը հասկանում է մկրտության իմաստը։ Քանի որ մկրտությունը Եհովա Աստծուն անհատապես նվիրվելու խորհրդանիշն է, ճիշտ չէր լինի, եթե թեկնածուները մկրտվելիս ձեռք–ձեռքի բռնեին։
12 Համաժողովի ընթացքում կարելի է օգտվել լուսանկարչական ապարատներից, տեսաձայնագրիչներից և մագնիտոֆոններից։ Սակայն դրանք պետք է տեղադրվեն կամ գործածվեն այնպես, որ չփակեն նստարանների միջև եղած անցումները, չխանգարեն մարդկանց տեսնելու կամ չշեղեն ունկնդիրների ուշադրությունը։ Այս սարքավորումները պետք է ինքնասնուցում ունենան. դա նշանակում է, որ չպետք է միացվեն էլեկտրացանցին կամ ձայնազորացուցիչ սարքավորումներին։
13 Քանի որ այսօր գնալով ավելի շատ մարդիկ են օգտվում բջջային հեռախոսներից և փեյջերներից, խնդրվում է ուշադիր լինել, որպեսզի այդ սարքերը չշեղեն ո՛չ քո, ո՛չ էլ մյուսների ուշադրությունը։ Չպետք է թույլ տալ, որ այդ հարմարանքները զանգեն կամ զնգան, եթե նստած ես ունկնդիրների կողքին։ Եթե բջջային հեռախոսով զանգահարելու անհրաժեշտություն զգացվի, խնդրվում է դրանից օգտվել դահլիճից դուրս։
14 Հարմարավետության և ժամանակի խնայողության համար Ընկերությունը խնդրում է, որ համաժողովի յուրաքանչյուր օրվա համար մեզ հետ սնունդ վերցնենք։ Եղբայրների մեծ մասը հետևում է այս հրահանգին. կեսօրվա ընդմիջման ժամանակ նրանք նստում են իրենց ընտանիքներով և օգտվում իրենց հետ վերցրած ուտելիքներից։ Շատերը նկատել են, որ կեսօրվա ընդմիջմանը տրված հանգստանալու հնարավորությունը և եղբայրների ու քույրերի հետ ժամանակ անցկացնելը ուրախություն է պարգևում։ Դրա համար անհրաժեշտ է մթերքներն ու ըմպելիքները նախօրոք գնել և տեղավորել փոքրիկ պայուսակի կամ պայուսակ–սառնարանի մեջ և տեղավորել նստարանի տակ։ Խնդրում ենք բոլորին հետևել այս հրահանգին։ Վերջին ժամանակներս մեզ հատկացված շենքերի տերերը և մեր համաժողովների անցկացման վայրերում մթերք վաճառողները նկատել էին, որ եղբայրներից ոմանք դուրս են գալիս համաժողովից՝ փողոցային կրպակներից ու սննդի արագ պատրաստման կետերից մթերք գնելու նպատակով։ Այժմ այդ վաճառողներից շատերը համաժողովի այցելուներին սնունդ վաճառելու թույլտվություն են խնդրում։ Եթե թույլատրվի նրանց այդպես վարվելու, համաժողովն անցկացնելու վայրերում կողմնակի շատ մարդիկ կգտնվեն։ Նաև մարդիկ կխմբվեն վաճառասեղանների մոտ ու հերթեր կգոյացնեն, ինչը կխոչընդոտի մեր համաժողովներում տիրող հանգիստ մթնոլորտին։ Ուստի, խնդրում ենք յուրաքանչյուրին իր հետ բերել իր ուտելիքը և ըմպելիքը համաժողովի բոլոր օրերի համար։ Քեզ հետ համաժողով եկած հետաքրքրվող անհատները ևս թող իրենց հետ ուտելիք վերցնեն։ Ապակյա տարաներ և ոգելից խմիչք չի թույլատրվում բերել համաժողով։
15 Կարո՞ղ ես արդյոք ամեն օր՝ ծրագրի ավարտից հետո, մասնակցել հավաքատեղին մաքրելու գործին։ Կամ կարո՞ղ ես աշխատել համաժողովի բաժիններից մեկում։ Եթե դա հնարավոր է, ապա խնդրում ենք դիմել համաժողովի «Կամավորների ծառայության բաժնին»։ 16 տարեկանից ցածր երեխաները կարող են մասնակցել մաքրման աշխատանքներին, եթե իրենց հետ լինեն նրանց ծնողները կամ նրանց պատասխանատվությունն իրենց վրա վերցնող անձնավորություններ։ Ինչ խոսք, յուրաքանչյուր անձ կարող է իր մասնակցությունը բերել մաքրելու գործում՝ թափված աղբը վերցնելով և հատկացված տեղում գցելով։
16 Մենք հիանալի առաջնորդություն ենք ստացել համաժողովների ժամանակ ցուցաբերած մեր վարքի ու հագուստի կապակցությամբ։ Օրինակ՝ այս հարցի մասին կարելի է կարդալ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրներում, ունենք մեր գրականության մեջ տրվող նկարներն ու լուսանկարները, և որ ամենակարևորն է՝ ունենք Եհովայի խոսքը՝ Աստվածաշնչում արձանագրված (Հռովմ. 12։2; Ա Տիմոթ. 2։9, 10)։ Մարդիկ գիտեն, թե մենք ովքեր ենք և թե ինչու ենք հավաքվել իրենց քաղաքում։ Հետևաբար, մեր հագուստն ու արտաքին տեսքը ինքնին հրաշալի վկայություն կարող են տալ։ Եհովայի ժողովրդի մեծ մասը այս հարցում լավ օրինակ է ցույց տալիս։ Բայց, ժամանակ առ ժամանակ, համաժողովի ներկաներից ոմանց հագուստի և արտաքին տեսքի մեջ նկատվում է այս աշխարհի ոգին։ Ցանկացած տեսակի չափից դուրս բաց հագուստը հարցականի տակ է դնում անհատի հոգևոր վիճակը։ Մարդու մեջ ամենագրավիչը համեստ, մաքուր և կոկիկ արտաքինն է։ Ուստի, ընտանիքի գլուխը պետք է ուշադրություն դարձնի, թե իր ընտանիքի անդամները ինչ են պատրաստվում հագնել։ Այս խորհուրդները կիրառելի են նաև համաժողովից դուրս։ Պլակետկաները համաժողովի ծրագրից առաջ և հետո կրելով՝ ցույց կտանք, որ Եհովայի մաքուր ժողովրդի մասն ենք (համեմատիր Մարկոս 8։38)։
17 Իմաստուն Սողոմոն թագավորը Աստծո ներշնչմամբ գրեց, որ «յիմարութիւնը կապուած է երեխայի սրտին» և «բաց ընկած տղան անարգանք կ’բերէ իր մօր համար» (Առակ. 22։15; 29։15)։ Ծրագրի ընթացքում անուշադրության մատնված պատանի Վկաները խանգարել են եղբայրներին և քույրերին և չեն թողել, որ համաժողովի ծրագրից օգուտներ քաղեն։ Անցած տարի համաժողովների ընթացքում մի քանի պատանիներ նստել էին վերևի շարքերում և լուսավորում էին ունկնդիրներին լազերային լապտերիկներով։ Այդ լապտերիկների արձակած լույսը բավականին ուժեղ է և կարող է վնասել մարդկանց աչքերը նույնիսկ մեծ հեռավորության վրա։ Պարզ է, որ այդ պատանիները ոչ մի օգուտ չքաղեցին հոգևոր ծրագրից, որը պատրաստվել էր նաև իրենց համար։ Քանի որ երեխաների վարքի համար ծնողներն են պատասխանատու, նրանք կարող են վստահ լինել, որ երեխաները լավ վարք ունեն և ականջ են դնում Եհովայի հրահանգներին միայն այն դեպքում, երբ նստած լինեն իրենց կողքին։ Կարգավորող եղբայրները կմոտենան ուշադրություն շեղող ցանկացած անհատի, կխնդրեն նրան չխանգարել և մեղմորեն կհիշեցնեն ուշադրություն դարձնել ծրագրին։
18 Քանի որ մենք համաժողովների ենք հրավիրում բոլոր ցանկացողներին, իմաստուն կլիներ զգուշություն ցուցաբերել երեխաների և անձնական իրերի նկատմամբ։ Մեր երեխաները անգին պարգև են Եհովայից։ Սակայն մենք գիտենք նաև, որ աշխարհը որդեգրում է Սատանայի հափշտակիչ ոգին։ Ուստի, եկեք միշտ ուշադիր լինենք, թե որտեղ են մեր երեխաները։ Նաև լուսանկարչական ապարատները, դրամապանակները և ուրիշ թանկարժեք իրերը պետք է միշտ քեզ հետ լինեն, և մի թող դրանք նստարանի վրա։ Ստուգիր՝ փակվա՞ծ է ավտոմեքենադ, իսկ անձնական իրերը պահիր բագաժատեղում կամ հետդ վերցրու։ Սա կնվազեցնի ավտոմեքենադ կոտրելու հավանականությունը։
19 Տեղի բնակարանային բաժինը պատրաստ է օգնության ձեռք մեկնել քեզ, եթե օթևանելու տեղում խնդիրներ առաջանան։ Քանի դեռ համաժողովում ես գտնվում, խնդրվում է բնակարանային բաժնին տեղեկացնել ցանկացած առաջացած խնդրի մասին։ Եղբայրներն ուրախ կլինեն աջակցելու քեզ լուծել խնդիրը, որպեսզի կարողանաս հանգիստ շարունակել համաժողովի ծրագրից օգտվել։ Նաև, բնակարանների հետ կապված, նկատի առ հետևյալը։
20 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եհովայի երկրպագուներից շատերը համաժողովի ընթացքում տեղավորվում են դպրոցներում և հանրակացարաններում, հնարավոր է, որ ոչ բոլորը տեղավորվեն համաժողովին մոտ տարածքում, նույնիսկ եթե այդ մասին նշվում է դիմումում։ Խոսքը վերաբերվում է նաև ավելի էժան կացարանների համար դիմումներին։ Այդ իսկ պատճառով խնդրում ենք ձեզ սերտորեն համագործակցել բնակարանային բաժնի հետ։ Մի քաղաքում, որտեղ եղբայրներին տեղավորել էին հանրակացարանում, հայտնել էին, որ բաղնիքից կարող են օգտվել միայն լրացուցիչ վճարման դեպքում։ Եղբայրները համաձայնվել էին, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ, պայմանագրի համաձայն, կացարանի համար վճարված գնի մեջ մտնում էր նաև բաղնիքից օգտվելը։ Իսկ ուրիշ հանրակացարաններ, այս մասին իմանալով, անմիջապես բարձրացրին գինը։
21 Հաճելի է տեսնել, թե ինչպես են եղբայրները նշումներ անում համաժողովի ընթացքում։ Հակիրճ նշումներն օգնում են՝ կենտրոնանալու և գլխավոր մտքերը հիշելու։ Ավելի ուշ ընտանիքի կամ ընկերների հետ միասին այդ նշումները վերանայելը կնպաստի աչքի ընկնող կետերի շուրջը խորհելուն և դրանք ավելի լավ հիշելուն։
22 Եհովայի ժողովուրդը միշտ առատորեն նվիրատվություններ է արել Թագավորության գործի համար (Ել. 36։5—7; Բ Մնաց. 31։10; Հռովմ. 15։26, 27)։ Այդ գործի համար արված քո կամավոր նվիրատվություններով ծածկվում են համաժողովների անցկացման համար ընդարձակ վայրեր վարձելու ծախսերը։
23 Ինչպես գրված է Ամովս 3։7–ում, Եհովան ասել է, որ «ոչ մի բան չի անիլ, եթէ չ’յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին»։ Որպես «գաղտնիքներ յայտնող»՝ Եհովան Աստվածաշնչում արձանագրել է հարյուրավոր մարգարեություններ, որոնք հստակորեն և ամբողջությամբ կատարվել են (Դան. 2։28, 47)։ Բայց դեռ ավելի հզոր մարգարեություններ պիտի կատարվեն։ 1999 թ. «Աստծո մարգարեական Խոսքը» վերնագրով նահանգային համաժողովները կամրապնդեն Աստծո խոստումների հանդեպ քո հավատը։ Ուշադրությամբ ականջ դիր քեզ ուղղված Եհովայի Խոսքին։ Բոլոր տեսածդ ու լսածդ կիրառիր ծառայության մեջ, ժողովում և անձնական կյանքում։ Մենք աղոթում ենք, որ Եհովան առատորեն օրհնի առատ հոգևոր խնջույքի երեք օրերին էլ մասնակցելու համար գործադրած ջանքերդ։
[3 էջի վրայի ներդիրը]
Պլանավորիր ներկա գտնվել համաժողովի բոլոր՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։