Եռօրյա հոգևոր թարմություն
1. Ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել այս տարվա մարզային համաժողովից։
1 Հոգևորապես երաշտահար այս երկրում՝ Սատանայի աշխարհում, Եհովան շարունակում է թարմացնել իր ծառաներին (Ես. 58։11)։ Միջոցներից մեկը, որով Եհովան զորացնում է մեզ, ամեն տարի անցկացվող մարզային համաժողովն է։ Մինչ մոտենում է համաժողովը, մենք կարող ենք պատրաստվել այս միջոցառմանը, որպեսզի հոգևոր թարմություն ստանանք և փոխանցենք այն ուրիշներին (Առակ. 21։5)։
2. Ի՞նչ պատրաստություններ պետք է տեսնենք։
2 Եթե դեռ չես պատրաստվել, այժմ կարող ես ժամանակ հատկացնել և փոփոխություններ մտցնել քո անձնական և աշխատանքային գրաֆիկում, որպեսզի ներկա լինես համաժողովի բոլոր երեք օրերին։ Հաշվարկե՞լ ես, թե որքան ժամանակ է պահանջվելու ամեն օր համաժողով գնալու համար, որ կարողանաս զբաղեցնել քո տեղը մինչև ծրագրի սկսվելը։ Մենք, իհարկե, չենք ցանկանա բաց թողնել հոգևորապես ամրացնող այս խնջույքի և ոչ մի մաս, որը Եհովան պատրաստել է մեզ համար (Ես. 65։13, 14)։ Արդեն լուծվա՞ծ են կացարանիդ ու տրանսպորտի հետ կապված հարցերը։
3. Ո՞ր խորհուրդները կօգնեն մեզ և մեր ընտանիքին լիարժեք օգուտներ քաղելու ծրագրից։
3 Ի՞նչը կօգնի քեզ, որ միտքդ չթափառի համաժողովի ծրագրի ընթացքում։ Համաժողովի օրերին գիշերները բավականաչափ հանգստացիր։ Ուշադրությունդ կենտրոնացրու հռետորի վրա։ Բաց արա և կարդա յուրաքանչյուր աստվածաշնչյան համար։ Հակիրճ գրառումներ կատարիր։ Հորդորում ենք, որ ծնողները նստեն երեխաների հետ միասին և օգնեն նրանց ուշադրությամբ հետևելու ծրագրին (Առակ. 29։15)։ Լավ կլինի ընտանիքով քննարկել համաժողովի գլխավոր մտքերը։ Սակայն եթե ուզում եք հոգևոր թարմություն վայելել նույնիսկ համաժողովից հետո, ապա կարող եք ընտանեկան երկրպագության երեկոյին քննարկել այն մտքերը, որոնք համապատասխանում են ձեր ընտանիքի կարիքներին, և կիրառել դրանք։
4. Ինչպե՞ս կարող ենք օգնել մյուսներին հոգևորապես թարմանալու։
4 Օգնիր ուրիշներին թարմություն ստանալու։ Մենք ցանկանում ենք, որ ուրիշներն էլ հոգևոր թարմություն ստանան։ Ձեր ժողովում կա՞ն տարեց քարոզիչներ կամ այնպիսի մարդիկ, ովքեր համաժողովին ներկա գտնվելու համար օգնության կարիք ունեն։ Կարո՞ղ ես օգնել նրանց (1 Հովհ. 3։17, 18)։ Երեցները, հատկապես խմբերի վերակացուները պետք է համոզված լինեն, որ նման քարոզիչները համապատասխան օգնություն կստանան։
5. Ի՞նչ կերպերով կարող ենք արտահայտել մեր քաղաքավարի վարվելակերպը համաժողովի ժամանակ։
5 Քաղաքավարի վարվելակերպը թարմություն է պատճառում։ Այսօր բազմաթիվ մարդիկ «անձնասեր» են և հաշվի չեն առնում ուրիշների զգացմունքները։ Սակայն որքա՜ն մեծ թարմություն ենք ստանում, երբ գտնվում ենք մեր հավատակիցների միջավայրում՝ նրանց, ովքեր ջանում են քաղաքավարի լինել (2 Տիմոթ. 3։2)։ Մենք ցույց կտանք, որ քաղաքավարի վարվելակերպ ունենք, եթե շենք մտնենք հանգիստ և կազմակերպված ձևով, երբ ժամը 8-ին բացվեն դռները և եթե տեղեր զբաղեցնենք միայն նրանց համար, ովքեր ապրում են մեր տանը, նույն փոխադրամիջոցով են եկել համաժողով կամ ում հետ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում։ Մենք կհետևենք ծրագրի նախագահողի հրահանգներին, եթե երաժշտությունը լսելուն պես զբաղեցնենք մեր տեղերը։ Նաև ցույց կտանք մեր լավ վարքը, եթե բջջային հեռախոսները կամ փեյջերները դնենք այնպիսի ռեժիմի վրա, որ դրանք չշեղեն ուրիշների ուշադրությունը ծրագրի ընթացքում։ Քաղաքավարությանը կհետևենք նաև այն դեպքում, եթե ծրագրի ժամանակ չխոսենք, հաղորդագրություններ չուղարկենք, չուտենք և անհարկի դուրս ու ներս չանենք։
6. Ինչպե՞ս կարող ես ինքդ թարմանալ և թարմացնել մեր հավատակիցներին նրանց հետ շփվելիս։
6 Թարմություն պատճառող ընկերակցություն։ Համաժողովները լայն հնարավորություն են ընձեռում վայելելու քրիստոնեական միասնությունն ու եղբայրների հետ շփումը, որը մեզ թարմություն է պատճառում (Սաղ. 133։1–3)։ Կարող ենք նախաձեռնություն վերցնել «ընդլայնելու մեր սրտերը» և շփվելու այլ ժողովներից համաժողով եկած մեր եղբայրների ու քույրերի հետ (2 Կորնթ. 6։13)։ Ամեն օր նպատակ դիր ծանոթանալու գոնե մեկ հոգու կամ մի ընտանիքի հետ։ Ընդմիջումը լավ առիթ է դրա համար։ Ուստի ուտելիք գնելու կամ մոտակա ռեստորան գնալու փոխարեն՝ քեզ հետ վերցրու թեթև կերակուրներ, այնպես, որ միաժամանակ ուտես և վայելես մյուսների հետ շփումը շենքում։ Սա կարող է նոր օրհնությունների դուռ բացել և հնարավորություն տալ ձեռք բերելու հավատարիմ ընկերներ։
7. Ինչո՞ւ արժե կամավորագրվել, և ինչպե՞ս կարող ենք դա անել։
7 Որքա՜ն թարմացուցիչ է մեր հավատակիցների հետ միասին մասնակցել սուրբ ծառայությանը։ Կարող ես կամավորագրվել՝ համաժողովի որևէ բաժնին օգնելու համար կամ էլ աջակցել քո ժողովին մաքրության հարցում (Սաղ. 110։3)։ Եթե հանձնարարություն չես ստացել, կարող ես դիմել համաժողովի կամավոր ծառայության բաժին։ Միահամուռ ուժերով կատարվող աշխատանքը ուրախ ու թեթև է անցնում։
8. Ինչո՞ւ պետք է համաժողովի օրերին հատուկ ուշադրություն դարձնենք մեր վարքին ու արտաքին տեսքին։
8 Մեր վարքը թարմություն է պատճառում ուրիշներին։ Մենք պատվիրակներ ենք ոչ միայն համաժողովի ծրագրի ընթացքում, այլև այդ բոլոր երեք օրերին։ Նրանք, ովքեր տեսնում են մեզ համաժողովի տարածքում, պետք է նկատեն մեր և ոչ Վկա անհատների միջև եղած ակնհայտ տարբերությունը (1 Պետ. 2։12)։ Մեր հագուկապն ու հարդարանքը պետք է պատիվ բերի Եհովային, անկախ նրանից՝ համաժողովում ենք, մեր կացարանում ենք, թե ռեստորանում (1 Տիմոթ. 2։9, 10)։ Եթե հնարավորության դեպքում պլակետկա կրենք, ապա դրա շնորհիվ ուրիշները կճանաչեն մեզ ու մենք կկարողանանք պատմել նրանց համաժողովի մասին և վկայություն տալ։
9. Ո՞ր դեպքերն են ցույց տալիս, որ մեր քրիստոնեավայել վարքով կարող ենք լավ վկայություն տալ։
9 Ի՞նչ ազդեցություն է թողնում մեր լավ վարքը ուրիշների վրա համաժողովի օրերին։ Թերթերից մեկում բերվում էին մի մենեջերի խոսքեր, որն աշխատում է համաժողովի համար վարձված շենքում. «Այդ մարդիկ շատ լավ վարք ունեն։ Մենք մեծ հաճույքով կընդունենք նրանց ամեն տարի»։ Անցած տարի ոչ Վկա մի անձնավորություն կորցրեց իր դրամապանակն այն հյուրանոցում, որտեղ ապրում էին համաժողովի պատվիրակները։ Երբ դրամապանակը տվեցին հյուրանոցի մենեջերին իր ողջ պարունակությամբ, նա ասաց այդ դրամապանակի տիրոջը. «Լավ է, որ Եհովայի վկաները մոտակայքում էին համաժողով անցկացնում, և մեր հյուրանոցի համարները հիմնականում նրանք էին զբաղեցրել, այլապես դժվար թե նորից տեսնեիք ձեր դրամապանակի երեսը»։
10. Մինչ մոտենում է համաժողովը, ի՞նչ նպատակ պետք է դնենք և ինչո՞ւ։
10 Շուտով կսկսվեն այս տարվա համաժողովները։ Շատ ժամանակ և ջանքեր են գործադրվել, որպեսզի համաժողովի վայրը և ծրագիրը թարմություն բերեն մեզ։ Նպատակ դիր ներկա լինելու բոլոր երեք օրերին և պատրաստ եղիր ընդունելու այն ամենը, ինչ որ Եհովան և իր կազմակերպությունը նախատեսել են քեզ համար։ Վճռիր թարմացնել ուրիշներին քո քաղաքավարի վարվելակերպով, ջերմ ընկերակցությամբ և լավ վարքով։ Այդ դեպքում թե՛ դու և թե՛ ուրիշները կզգաք այն, ինչ զգաց անցյալ տարվա պատվիրակներից մեկը, որը գրեց. «Ես երբեք այսքան մեծ բավականություն չեմ ստացել»։
[մեջբերում 6-րդ էջի վրա]
Մեր հագուկապն ու հարդարանքը պետք է պատիվ բերի Եհովային, անկախ նրանից՝ համաժողովում ենք, մեր կացարանում ենք, թե ռեստորանում
[մեջբերում 7-րդ էջի վրա]
Վճռիր թարմացնել ուրիշներին քո քաղաքավարի վարվելակերպով, ջերմ ընկերակցությամբ և լավ վարքով
[շրջանակ 4-7րդ էջերի վրա]
Հիշեցումներ 2011թ. մարզային համաժողովի վերաբերյալ
◼ Ծրագրի ժամերը։ Բոլոր երեք օրերին ծրագիրը կսկսվի ժամը 9։20-ին։ Դռները կբացվեն ժամը 8։00-ին։ Երբ հնչեն Թագավորության մեղեդիները, բոլորս պետք է զբաղեցնենք մեր տեղերը, որպեսզի ծրագիրը սկսվի ժամանակին։ Առաջին ու երկրորդ օրերին ծրագիրը կավարտվի ժամը 4։55-ին, իսկ վերջին օրը՝ ժամը 3։40-ին։
◼ Կայանատեղեր։ Համաժողովի անցկացման այն վայրերում, որտեղ կայանատեղերը մեր հսկողության տակ կլինեն, մեքենաները կկայանվեն անվճար։ Քանի որ սովորաբար տեղերը սահմանափակ են, լավ կլինի, որ մեկ մեքենայով գան մի քանի հոգի, որպեսզի հնարավորինս նվազի մեքենաների քանակը։
◼ Տեղեր զբաղեցնելը։ Տեղեր կարելի է զբաղեցնել միայն նրանց համար, ովքեր քեզ հետ նույն փոխադրամիջոցով են գալիս համաժողով կամ ապրում են նույն տանը, ինչպես նաև նրանց համար, ում հետ այժմ Աստվածաշունչ ես ուսումնասիրում (1 Կորնթ. 13։5)։
◼ Ընդմիջում։ Խնդրում ենք, քեզ հետ ուտելիք բեր համաժողովի վայր, որպեսզի ընդմիջմանը դուրս չգաս սնունդ գնելու նպատակով։ Կարելի է վերցնել փոքրիկ սառնարան-պայուսակ, որը կտեղավորվի նստարանի տակ։ Զբոսախնջույքների համար նախատեսված մեծ սառնարան-պայուսակներ և ապակե տարաներ չի թույլատրվում բերել համաժողովի վայր։
◼ Նվիրաբերություններ։ Մարզային համաժողովի կազմակերպչական աշխատանքների համար մեր խորը գնահատանքը կարող ենք ցույց տալ՝ համաժողովի անցկացման վայրում համաշխարհային գործի համար կամավոր նվիրաբերություններ անելով։
◼ Դժբախտ պատահարներ և արտակարգ իրավիճակներ։ Եթե համաժողովի վայրում ինչ-որ մեկի առողջական վիճակը կտրուկ վատանա, խնդրում ենք դիմել առաջին իսկ սպասարկուին, որն անհապաղ կտեղեկացնի առաջին բուժօգնության բաժնին։ Այդ բաժնի անձնակազմը կգնահատի իրավիճակի լրջությունը և օգնություն ցույց կտա։ Անհրաժեշտության դեպքում նրանք կզանգահարեն շտապ օգնություն։ Այս առաջնորդությանը հետևելը կնպաստի այն բանին, որ արտակարգ իրավիճակներով զբաղվող ծառայությունները չնչին հարցերի վերաբերյալ բջջային հեռախոսներից բազմաթիվ զանգեր չստանան։
◼ Կոշիկներ։ Ամեն տարի պատվիրակներից ոմանք անհարմար կոշիկների պատճառով վնասվածքներ են ստանում։ Ճիշտ կլինի ընտրել համեստ ու հարմար կոշիկներ, որպեսզի կարողանաս անվտանգ բարձրանալ ու իջնել աստիճաններով, քայլել անհարթ և նման այլ մակերեսների վրայով։
◼ Ձայնագրում։ Չի կարելի ձայնագրիչներ միացնել համաժողովի անցկացման վայրի էլեկտրացանցին կամ ձայնային համակարգին։ Դրանք կարող ես օգտագործել միայն այնպես, որ չշեղես ուրիշների ուշադրությունը։
◼ Մանկասայլակներ և ծալվող աթոռներ։ Համաժողովի վայր չպետք է բերել մանկասայլակներ և ծալվող աթոռներ։ Սակայն համաժողով կարելի է բերել երեխաների համար նախատեսված նստելու հատուկ հարմարանք, որը հնարավոր է ապահով դնել նստարանին՝ ծնողների կողքին։
◼ Օծանելիք։ Համաժողովների մեծ մասն անցկացվում է փակ սրահներում, որտեղ արհեստական օդափոխություն է կատարվում։ Ուստի մենք բարություն դրսևորած կլինենք, եթե այդ օրերին քիչ օծանելիք օգտագործենք, որպեսզի շնչառական օրգանների հետ կապված խնդիրներ ունեցողների մոտ սուր ռեակցիա չառաջանա (1 Կորնթ. 10։24)։
◼ «Խնդրում ենք, այցելիր» բլանկ։ «Խնդրում ենք, այցելիր» (S-43) բլանկը պետք է օգտագործել, երբ համաժողովի անցկացման օրերին ոչ պաշտոնական վկայություն ենք տալիս որևէ մեկի, և նա հետաքրքրվում է։ Քարոզիչները բլանկի մեկ կամ երկու օրինակ պետք է ունենան իրենց հետ։ Լրացված բլանկները կարող ես փոխանցել գրականության բաժին կամ տալ քո ժողովի քարտուղարին (տե՛ս 2009 թ. նոյեմբերի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը, էջ 4)։
◼ Կամավորներ։ Այն ուրախությունը, որ ստանում ենք համաժողովին ներկա լինելուց, էլ ավելի մեծ կլինի, եթե կամավորագրվենք անհրաժեշտ ծառայություն կատարելու համար (Գործ. 20։35)։ Ցանկացողները կարող են դիմել համաժողովի կամավոր ծառայության բաժին։ Մինչև 16 տարեկան երեխաները նույնպես կարող են կամավորագրվել, եթե, իհարկե, նրանք այդ ծառայությունը անելու են ծնողի կամ ծնողի թույլտվությունը ստացած այլ չափահասի հսկողության ներքո։