Շարունակիր սպասել Եհովային
1. Ո՞րն է համաժողովի վերնագիրը, և ինչո՞ւ է այն ժամանակահարմար։
1 Եսայիան գրեց. «Տէրը իրաւունքի Աստուած է. երանի՜ այն ամենին որ սպասում են նորան» (Ես. 30։18բ)։ Աստվածաշնչում բազում արձանագրություններ կան այն մասին, թե ինչպես է Եհովան դատավճիռ կայացրել իր թշնամիների դեմ և ազատել իր հավատարիմ ծառաներին։ Ի՞նչ կարող են սովորել Եհովայի ներկայիս երկրպագուներն այդ արձանագրություններից։ Ի՞նչ կարող ենք անել հիմա, որպեսզի պատրաստ լինենք ‘Տիրոջ մեծ և ահեղ օրվան’ (Յովէլ 2։31, 32)։ «Ազատագրումը մո՛տ է» վերնագրով գալիք մարզային համաժողովը կմղի մեզ խորհել այս հարցերի շուրջ և ինքնաքննություն կատարել։ Այն կօգնի մեզ շարունակել սպասել Եհովային։
2. Ինչպե՞ս կարող ենք մեր երախտագիտությունն արտահայտել մարզային համաժողովի համար։
2 Քայլեր ձեռնարկե՞լ ես, որ օգուտներ քաղես համաժողովի բոլոր երեք օրերից։ Օրինակ՝ դիմե՞լ ես գործատիրոջդ գործից բացակայելու հարցով։ Մի՛ կարծիր, որ կկարողանաս աշխատանքից բացակայելու թույլտվություն ստանալ՝ առանց որևէ ջանք գործադրելու։ Աղոթի՛ր այդ մասին, ապա դիմիր գործատիրոջդ (Նէեմ. 2։4, 5)։ Բացի այդ, չպետք է հետաձգել տրանսպորտի, կացարանի և մյուս անհրաժեշտ բաներին վերաբերող հարցերը։ Այդպիսի լավ պլանավորումը կվկայի Եհովայի հոգևոր սեղանի հանդեպ մեր խոր երախտագիտության մասին։ Երեցները պետք է միշտ պատրաստ լինեն աջակցելու նրանց, ովքեր համաժողովին պատրաստվելու հետ կապված օժանդակության կարիք ունեն, հատկապես ժողովի տարեց անդամներին (Գաղ. 6։10)։
3. Համաժողովի անցկացման քաղաքում Եհովայի ժողովուրդը ի՞նչ հատկություններ պետք է դրսևորի։
3 Լավ վարքը պատիվ է բերում Աստծուն։ Բազմամարդ համաժողովների ժամանակ մեր լավ վարքով վկայություն ենք տալիս մարդկանց։ Ուստի ինչպե՞ս պետք է դրսևորենք մեզ այդ օրերին։ Օրինակ՝ հյուրանոցում, ռեստորանում կամ համաժողովի շրջակա տարածքում գտնվող որևէ խանութում կամ սրճարանում ցուցաբերելով քրիստոնեական այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ երկայնամտությունը, մեղմությունը, ինքնատիրապետումը և խոհեմությունը՝ մենք մարդկանց վրա հաճելի տպավորություն կթողնենք (Գաղ. 5։22, 23; Փիլիպ. 4։5)։ Բոլորս պետք է դրսևորենք այնպիսի սեր, որը «անպատշաճ վարմունք չի ունենում, իր սեփական շահերը չի փնտրում, բարկությամբ չի բորբոքվում»։ Նույնիսկ եթե դժվարություններ կամ անհարմարություններ առաջանան, մենք կցանկանանք ‘ամեն բան Աստծու փառքի համար անել’ (Ա Կորնթ. 10։31; 13։5, ՆԱ)։
4. Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին, որպեսզի նրանք Եհովային պատիվ բերող վարք դրսևորեն։
4 Մի համաժողովից հետո հյուրանոցի տնօրենն այնքան էր տպավորվել երեխաների վարքից և արտաքին տեսքից, որ ցանկություն հայտնեց Եհովայի վկաներին միշտ հյուրընկալել իր հյուրանոցում։ Ուրախանալու ինչպիսի՜ պատճառ։ Ծնողնե՛ր, սա ապացույց է այն բանի, որ դուք ձեր երեխաներին լավ եք դաստիարակում և հետևում եք նրանց։ Իմաստուն չի լինի երեխաներին թողնել հյուրանոցում՝ առանց վերահսկողության։ Անհրաժեշտ է նրանց հարկ եղած ձևով հետևել (Առակ. 29։15)։ Թող որ երեխաների լավ վարքը փառք բերի Եհովային և ուրախացնի նրա սիրտը (Առակ. 27։11)։
5. Ինչպե՞ս կարող ենք մեր հագուկապով պատվել Եհովային։
5 Համեստ հագուստ և հարդարանք։ Յուրաքանչյուրս կարող է նպաստել այն բանին, որ մարդիկ համաժողովից լավ տպավորություններ ստանան։ Դա կարող ենք անել՝ խուսափելով այնպիսի հագուկապից, որն արտառոց է, անհամեստ, չափազանց ոչ պաշտոնական կամ արտացոլում է նորաձևության վերջին ճիչը։ Այս սկզբունքին պետք է հետևել համաժողով գնալու և համաժողովից վերադառնալու ճանապարհին, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքներին մասնակցելիս և համաժողովի ընթացքում։ Մենք Աստծու ծառաներ ենք, և մեզ առաջին հերթին հետաքրքրում են Եհովայի անունն ու հեղինակությունը և ոչ թե մեր անձնական նախընտրությունը կամ հարմարավետությունը։ Ընտանիքի գլուխների պատասխանատվությունն է հավաստիանալ, որ իրենց ընտանիքի անդամների արտաքին տեսքը համեստություն և ողջամտություն է արտացոլում ամեն ժամանակ (Ա Տիմոթ. 2։9)։
6. Ինչո՞ւ պետք է արժանավայել հագուկապ ունենանք նաև ազատ ժամանակ։
6 Պակաս կարևոր չէ արժանավայել հագուկապ ունենալ հյուրանոցում, հանրախանութում կամ ռեստորանում։ Ճիշտ կլինի, որ մնանք նույն հագուստով, երբ համաժողովի ծրագրի ընդմիջմանը, ինչպես նաև ավարտից հետո ճաշում ենք տարածքից դուրս։ Համաժողովի պլակետկան կրելը մեզ ոչ պաշտոնական վկայություն տալու հնարավորություն կընձեռի (Բ Կորնթ. 6։3, 4)։
7. Ինչպե՞ս կարող ենք նպաստել համաժողովի կազմակերպված և ուրախ անցկացմանը (Տե՛ս «Մարզային համաժողովի հետ կապված հիշեցումները», ինչպես նաև 2005 թ. ապրիլ ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում տրված հիշեցումները, էջ 5)։
7 Եսայիան մարգարեացավ. «Տէրը սպասելու է, որ ձեզ ողորմէ, եւ դորա համար բարձրանալու է որ ձեզ գթայ» (Ես. 30։18ա)։ Երախտագիտությունը Եհովայի գթառատության և անարժան բարության համար պետք է մղի մեզ համաժողովների ժամանակ պատվել նրան մեր վարքով և արտաքին տեսքով։ Թող որ «Ազատագրումը մո՛տ է» մարզային համաժողովը փառաբանի մեր Աստծուն և օգնի մեզ շարունակել սպասել նրան։
[Շրջանակ 4–րդ էջի վրա]
Մարզային համաժողովի հետ կապված հիշեցումներ
◼ Տեղեր զբաղեցնելը։ Տեղեր կարելի է զբաղեցնել միայն նրանց համար, ովքեր քեզ հետ միասին ճանապարհորդում են նույն փոխադրամիջոցով կամ ապրում են միևնույն տանը։
◼ Նվիրատվություններ։ Մարզային համաժողովը կազմակերպելու համար մեծ գումար է ծախսվում։ Մեր գնահատանքը կարող ենք ցույց տալ՝ համաշխարհային գործի համար կամավոր նվիրատվություններ անելով մեր Թագավորության սրահում կամ համաժողովի անցկացման վայրում։
◼ Դժբախտ պատահարներ և արտակարգ իրավիճակներ։ Արտակարգ իրավիճակներով զբաղվող ծառայությունները բողոքում են, որ իրենք բջջային հեռախոսներով բազմաթիվ զանգեր են ստանում չնչին հարցերի հետ կապված։ Եթե համաժողովի վայրում ինչ–որ մեկի առողջությունը կտրուկ վատացել է, խնդրում ենք դիմել առաջին իսկ սպասարկուին, որն անհապաղ կտեղեկացնի առաջին օգնության բաժին։ Այդ բաժնի անձնակազմը կարող է գնահատել իրավիճակի լրջությունը և օգնություն ցույց տալ։ Անհրաժեշտության դեպքում նրանք «շտապ օգնություն» կկանչեն։
◼ Փեյջերներ և բջջային հեռախոսներ։ Այս սարքերը պետք է դնել այնպիսի ռեժիմում, որ չշեղեն մարդկանց ուշադրությունը։