Գովաբանենք Եհովային մեծ ժողովում
1 Մեր մարզային համաժողովները, որ անցկացվում են ամեն տարի, հրաշալի հնարավորություն են փառաբանելու Եհովային։ Մենք նույն զգացումներն ունենք, ինչ որ Դավիթը, որը երգեց. «Կ’գոհանամ քեզանից, Տէր, մեծ ժողովրդի մէջ, եւ կ’փառաբանեմ քեզ շատ ժողովքի մէջ» (Սաղ. 35։18)։ Ինչպե՞ս կարող ենք այս տարվա «Աստվածահաճո հնազանդություն» մարզային համաժողովի ժամանակ ցույց տալ, որ որպես միասնական ժողովուրդ՝ փառք ենք բերում Եհովային։
2 Կերպերից մեկը, որով կարող ենք դա անել, մեր վարքն է։ Ահա թե ինչ է ասել համաժողովի անցկացման վայրերից մեկի ղեկավարությունը. «Երբ այլ կրոնական խմբեր ցանկանում են վարձել մեր մասնաշենքը, մենք, ծանոթ լինելով ձեր համաժողովներին, ասում ենք, որ գան և տեսնեն, թե ինչպես են համաժողով կազմակերպում Եհովայի վկաները, քանի որ նրանք դա անում են գերազանց կերպով»։ Արտաքինով, համագործակցության ոգով ու վարքով մեզանից յուրաքանչյուրը նպաստում է այն բանին, որ գովեստի այսպիսի ջերմ խոսքեր ասվեն, որոնք արդարացիորեն ուղղված են Եհովային (Ա Պետ. 2։12)։
3 Արտաքին տեսքը։ Որպեսզի մեր հագուստն ու հարդարանքը փառք բերեն Եհովային, մենք պետք է համեստություն դրսևորենք (Ա Տիմոթ. 2։9, ԷԹ)։ «Ծառայության դպրոց» գրքում (էջ 132) կարդում ենք. «Համեստ անձնավորությունը չի ցանկանա տհաճություն պատճառել շրջապատին կամ ավելորդ ուշադրություն գրավել»։ Շատ երկրներում անհամեստ հագուստ կրելը սովորական բան է։ Սակայն Եհովան բարձր է գնահատում մեր ջանքերը, որ գործադրում ենք պատշաճորեն նրան ներկայացնելու համար (Գործք 15։14)։ Թեև համաժողովը գուցե անցկացվի սպորտային կենտրոնում կամ հանգստյան վայրում, համաժողովի երեք օրերին այս հավաքույթը դառնում է մեր ‘մեծ ժողովը’։ Ուստի, քանի որ մենք Եհովայի առաջ ենք հավաքվում, պետք է այնպիսի հագուստ ունենանք, որն արտացոլում է տիեզերքի ամենավեհ Անձնավորության արժանապատվությունը (Ա Մնաց. 29։11)։
4 Մենք պետք է նաև ուշադրություն դարձնենք մեր հագուստին յուրաքանչյուր օրվա ծրագրից հետո։ Թեև գուցե ցանկանանք ավելի հարմար հագուստ կրել հանգստի ժամերին կամ ռեստորանում ճաշելիս, շատ կարևոր է, որ մեր հագուկապը պատշաճ լինի, ինչպես «աստվածպաշտութիւնը յանձ առած» անհատներին է վայելում (Ա Տիմոթ. 2։10)։ Հագուստի վայելուչ լինելը չի որոշվում աշխարհում ընդունված չափանիշներով (Ա Յովհ. 2։16, 17)։ Այս հարցում մեզ համար օգնություն կարող են լինել մեր քրիստոնեական գրականության մեջ տեղ գտած նկարները, որոնք պատկերում են տարբեր իրավիճակներում համեստ ու կոկիկ հագուստով կանանց և տղամարդկանց։ Համաժողովի անցկացման քաղաքում պլակետկաները կրելը որպես հիշեցում է ծառայում, որ մենք քրիստոնյաներ ենք ամեն ժամանակ (Բ Կորնթ. 6։3, 4)։
5 Հարգանք՝ Եհովայի սեղանի հանդեպ։ Տիեզերքի Գերիշխանը մեր առջև խնջույքի սեղան է բաց անում (Ես. 25։6; Ա Կորնթ. 10։20բ, 21)։ Եթե մենք բարձր ենք գնահատում Եհովայի հոգևոր սեղանի շուրջ մեր ունեցած տեղը, ապա նպատակ կդնենք ներկա լինել համաժողովի բոլոր երեք օրերին։ Անհրաժեշտ միջոցներ ձեռք առե՞լ ես կացարանի, տրանսպորտի և աշխատանքից բացակայելու համար։ Ծրագրե՞լ ես բավականաչափ ժամանակ հատկացնել պատրաստվելուն և ճանապարհին, որպեսզի կարողանաս վաղ գալ համաժողովի անցկացման վայր՝ նստելու տեղ գտնելու, եղբայրների հետ շփվելու և նրանց հետ միասին փառաբանելու Եհովային բացման երգի և աղոթքի միջոցով (Սաղ. 147։1)։
6 Եհովայի սեղանի հանդեպ հարգանքը կմղի մեզ ամենայն ուշադրությամբ լսել ծրագիրը, խուսափել ուրիշների հետ առանց անհրաժեշտության խոսելուց, ուտելուց կամ միջանցքներում զբոսնելուց։ Հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի միջոցով Եհովան մեզ հոգևոր սնունդ է տալիս, որի կարիքը ունենք հիմա (Մատթ. 24։45)։ Մեզանից ոչ ոք չպետք է բաց թողնի ծրագրի որևէ մաս։ Ծնողները պետք է նստեն իրենց երեխաների կողքին և օգնեն նրանց լիարժեք օգուտներ քաղել ծրագրից (Բ Օրին. 31։12)։
7 Խորհուրդ է տրվում, որ մեզ հետ ուտելու ինչ–որ բան բերենք, որպեսզի ընդմիջմանը համաժողովի անցկացման վայրից դուրս չգանք մթերք գնելու համար։ Գովելի է, որ պատվիրակների մեծամասնությունը անցյալ տարվա համաժողովի ժամանակ հետևել է այս խորհրդին։ Ի՜նչ լավ կլինի, որ այս տարի բոլորն էլ այդպես վարվեն (Եբր. 13։17)։ Դա հրաշալի հնարավորություն է տալիս եղբայրների հետ վայելելու ոգևորիչ շփումը և ստեղծում է միասնության ու խաղաղության մթնոլորտ, որը պատիվ է բերում Եհովային (Սաղ. 133։1)։
8 Ոչ պաշտոնական վկայություն տանք։ Համաժողովի անցկացման վայր գնալիս և վերադառնալիս մենք բազմաթիվ առիթներ ենք ունենում մեր շուրթերով փառաբանելու Եհովային (Եբր. 13։15)։ Եկեք միջոցներ փնտրենք վկայություն տալու՝ լինի դա ռեստորանում ճաշելիս թե հյուրանոցի աշխատակիցների հետ զրուցելիս։ Մեր միտքն ու սիրտը լցված կլինեն հոգևոր գանձերով, որ ստանալու ենք համաժողովի ժամանակ։ Եկեք այդ գանձերից բաժին հանենք նրանց, ում կհանդիպենք (Ա Պետ. 3։15)։
9 Մենք անձկագին սպասում ենք «ժողովուրդների մէջ» Եհովային օրհնելու այս հրաշալի հնարավորությանը (Սաղ. 26։12)։ Եկեք միասին գովաբանենք Եհովային «Աստվածահաճո հնազանդություն» մարզային համաժողովի ժամանակ։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1, 2. Ինչի՞ հնարավորություն է բաց անում մեր առջև մարզային համաժողովը, և ի՞նչ կերպերով կարող ենք անել դա։
3, 4. Համեստությունը ինչպե՞ս կօգնի մեզ այնպիսի հագուկապ ունենալ, որը վայել է քրիստոնյային՝ լինի դա համաժողովի ժամանակ թե ծրագրից հետո։
5, 6. Ինչպե՞ս կարող ենք հարգանք ցույց տալ Եհովայի հոգևոր սեղանի հանդեպ։
7. Ի՞նչ խորհուրդ է տրվում մեզ ճաշի հետ կապված և ի՞նչ նպատակով։
8, 9. Եհովային փառաբանելու ուրիշ ի՞նչ հնարավորություն է բաց անում մեր առջև մարզային համաժողովը։
[Շրջանակ 5–րդ էջի վրա]
Մարզային համաժողովի հետ կապված հիշեցումներ
◼ Ծրագրի ժամերը։ Բոլոր երեք օրերին ծրագիրը կսկսվի առավոտյան ժամը 9։30–ին։ Դռները կբացվեն ժամը 8։00–ին։ Ծրագիրը սկսվելուց մի քանի րոպե առաջ նախագահող եղբայրը նստած կլինի բեմի վրա, իսկ այդ ընթացքում կհնչեն Թագավորության մեղեդիները։ Այդ ժամանակ բոլորս պետք է զբաղեցնենք մեր տեղերը, որպեսզի ծրագիրը սկսվի արժանավայել ձևով։ Ուրբաթ և շաբաթ օրերին ծրագիրը կավարտվի ժամը 17։05–ին, իսկ կիրակի օրը՝ ժամը 16։10–ին։
◼ Ավտոմեքենաները կանգնեցնելը։ Համաժողովի անցկացման այն բոլոր վայրերում, որտեղ հսկվող կայանատեղեր կան, տեղերը կտրամադրվեն անվճար և ըստ ժամանման։ Համաժողովի կայանատեղում պլակետկաները կծառայեն որպես անցագրեր։ Քանի որ սովորաբար կայանատեղում տեղերը սահմանափակ են, ցանկալի է, որ մի մեքենայով գան մի քանի հոգի՝ մեկ կամ երկու հոգով գալու փոխարեն, որպեսզի հնարավորին չափ նվազի մեքենաների քանակը։ Մեքենաները կանգնեցնելիս կարևոր է հետևել սպասարկուների հրահանգներին։
◼ Տեղեր զբաղեցնելը։ Տեղեր կարելի է զբաղեցնել միայն նրանց համար, ովքեր քեզ հետ միասին ճանապարհորդում են նույն փոխադրամիջոցով կամ ապրում են միևնույն տանը։
◼ Նվիրատվությունները։ Մարզային համաժողովը կազմակերպելու համար մեծ գումար է ծախսվում։ Մենք մեր գնահատանքը կարող ենք ցույց տալ՝ համաշխարհային գործի համար կամավոր նվիրատվություններ անելով մեր Թագավորության սրահում կամ համաժողովի անցկացման վայրում։
◼ Կեսօրին ճաշելը։ Խնդրում ենք, ձեզ հետ ուտելու ինչ–որ բան բերեք, որպեսզի ընդմիջմանը համաժողովի անցկացման վայրից դուրս չգաք մթերք գնելու համար։ Կարելի է գործածել փոքրիկ սառնարան–պայուսակ, որը կտեղավորվի նստարանի տակ։ Զբոսախնջույքների համար նախատեսված մեծ սառնարան–պայուսակներ, ապակե տարաներ և ոգելից խմիչքներ չի թույլատրվում բերել համաժողովի անցկացման վայր։
◼ Ձայնագրություններ անելը։ Ձայնագրիչները չպետք է միացվեն համաժողովի անցկացման վայրի էլեկտրացանցին կամ ձայնական համակարգին։ Դրանք կարող ենք գործածել միայն այնպես, որ չշեղենք ուրիշների ուշադրությունը։
◼ Լուսանկարելը։ Եթե ցանկանում ես ծրագրի ժամանակ լուսանկարչական ապարատով նկարել, ապա նկարիր առանց լուսաբռնկիչի գործածության։
◼ Փեյջերներն ու բջջային հեռախոսները։ Փեյջերների ու բջջային հեռախոսների աշխատանքն այնպես պետք է կարգավորել, որ դրանք չշեղեն նստածների ուշադրությունը։
◼ Կացարաններ։ 1) Պատվիրիր այնքան կացարան, որքան քեզ իսկապես անհրաժեշտ է։ Մեկ կացարանում չպետք է գիշերեն թույլ տրվածից ավելի շատ մարդիկ։ 2) Եթե պետք է կացարանի պատվերը անվավեր դարձնել, անհապաղ տեղեկացրու այդ մասին հյուրանոցին։ 3) Կերակուր մի պատրաստիր այն կացարաններում, որոնք նախատեսված չեն նման բաների համար։ 4) Սուրբ ոգու պտուղը դրսևորիր հյուրանոցի անձնակազմի հետ տարբեր հարցերով առնչվելիս, հատկապես հյուրանոց ժամանելիս և այնտեղից հեռանալիս, երբ անձնակազմը սովորաբար շատ ծանրաբեռնված է։
◼ Հանրակացարաններում։ Հանրակացարանից հեռանալիս կացարանը հարկավոր է թողնել մաքուր և կոկիկ վիճակում։ Խնդրում ենք, խնամքով օգտագործեք փչովի ներքնակները։