Ծնողնե՛ր, մանկուց կրթեք ձեր երեխաներին
1 «Կրթիր երեխային իր ճանապարհի համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից» (Առակ. 22։6)։ Ի՞նչ եք կարծում, ծնողնե՛ր, ե՞րբ պիտի սկսեք այդ կրթությունը, եթե չեք ցանկանում, որ ձեր երեխաները «հեռանան» ճշմարտության ճանապարհից։ Վաղ հասակից։
2 Ասելով, որ Տիմոթեոսի հոգևոր կրթությունը սկսվել էր «մանկուց»՝ Պողոսն, ըստ երևույթին, նկատի ուներ վաղ մանկությունը (Բ Տիմոթ. 3։14, 15)։ Որպես հետևանք՝ Տիմոթեոսը դարձավ հոգևոր առումով գերազանց անձնավորություն (Փիլիպ. 2։19–22)։ Ծնողնե՛ր, դուք նույնպես պետք է «մանկուց» սկսեք ձեր երեխաներին տալ այն կրթությունը, որն իրենց անհրաժեշտ է ‘Տիրոջ առաջին մեծանալու’ համար (Ա Թագ. 2։21)։
3 Մատակարարեք նրանց աճի համար անհրաժեշտ ջուրը։ Ճիշտ ինչպես տնկիներն է հարկավոր անընդհատ ջրել, որպեսզի նրանք բարձր ծառեր դառնան, այնպես էլ բոլոր տարիքի երեխաներին է պետք «ոռոգել» աստվածաշնչյան ճշմարտության ջրով՝ Աստծո հասուն ծառաներ դառնալու համար։ Երեխաներին ճշմարտությունը սովորեցնելու և Եհովայի հետ մտերիմ հարաբերություններ հաստատելու հարցում նրանց օգնելու հիմնական ձևը Աստվածաշնչի կանոնավոր ընտանեկան ուսումնասիրությունն է։ Սակայն, հաշվի առեք, թե երեխաներից յուրաքանչյուրը որքան ժամանակ կարող է կենտրոնացած մնալ։ Փոքր երեխաների համար, ամենայն հավանականությամբ, ավելի արդյունավետ կլինեն կարճ և հաճախակի ուսումնասիրությունները, և ոչ թե՝ ավելի հազվադեպ ու երկար (Բ Օրին. 11։18, 19)։
4 Երբեք մի թերագնահատեք ձեր երեխաների սովորելու հնարավորությունները։ Պատմեք նրանց աստվածաշնչյան կերպարների մասին։ Թող նրանք նկարեն աստվածաշնչյան պատկերներ կամ դերերով Աստվածաշնչից դրվագներ ներկայացնեն։ Լավագույն կերպով օգտագործեք մեր տեսաերիզներն ու ձայներիզները, այդ թվում նաև՝ աստվածաշնչյան դրամաները։ Ընտանեկան ուսումնասիրություն անցկացնելիս հաշվի առեք ձեր երեխաների տարիքն ու ընդունակությունները։ Սկզբում ուսումնասիրությունը շատ պարզ կլինի և կարճ, սակայն երեխաների մեծանալու հետ մեկտեղ այն պետք է դառնա ավելի ծավալուն և բովանդակալից։ Աստվածաշնչի ուսուցումը կենդանի ու բազմազան դարձրեք։ Ցանկանո՞ւմ եք, որ ձեր երեխաները Խոսքին «փափագող» լինեն. այդ դեպքում ուսումնասիրությունն այնքան հետաքրքիր անցկացրեք, որքան հնարավոր է (Ա Պետ. 2։2)։
5 Ներգրավեք նրանց ժողովի գործունեության մեջ։ Աստիճանաբար ձեր երեխաների առջև այնպիսի նպատակներ դրեք, որոնք կօգնեն նրանց ժողովի գործունեությանը լիովին մասնակցելու։ Ի՞նչ նպատակ կարելի է դնել սկզբում։ Երկու փոքր երեխա ունեցող ծնողներ ասում են. «Երկուսն էլ առաջին հերթին սովորեցին հանգիստ նստել Թագավորության սրահում»։ Այնուհետև, օգնեք երեխաներին իրենց խոսքերով մեկնաբանություններ տալ ժողովի հանդիպումներին, ինչպես նաև նպատակ դրեք նրանց առջև ցուցակագրվել Աստվածապետական ծառայության դպրոցին։ Իսկ ծառայության մեջ լավ նպատակներ են՝ դռան մոտ թերթիկ առաջարկելը, Գրություններից որևէ համար կարդալը, պարբերագիր մատուցելը և տանտերերի հետ իմաստալից զրույց սկսելը։
6 Խանդավառության օրինակ եղեք։ Լսո՞ւմ են արդյոք ձեր երեխաները, որ ամեն օր խոսում եք Եհովայի մասին և աղոթում նրան։ Տեսնո՞ւմ են արդյոք, որ ուսումնասիրում եք նրա Խոսքը, այցելում ժողովներին, մասնակցում ծառայությանը և Աստծո կամքը կատարելու մեջ ուրախություն գտնում (Սաղ. 40։8)։ Շատ կարևոր է, որ նրանք լսեն և տեսնեն այդ, և որ դուք նրանց հետ միասին անեք այս բաները։ Պատմելով իր մոր մասին, որն իր վեց երեխաներին մեծացրել էր որպես Եհովայի հավատարիմ Վկաներ՝ մի չափահաս աղջիկ ասաց. «Մեզ ամենից շատ տպավորում էր մայրիկի թողած օրինակը. այն ավելի բարձր էր հնչում, քան խոսքերը»։ Իսկ չորս երեխաներ ունեցող ծնողներ ասում են. ««Եհովային պետք է նախապատվություն տալ կյանքում» արտահայտությունը մեզ համար լոկ խոսքեր չէր, այլ՝ ապրելակերպ»։
7 Ծնողնե՛ր, սկսեք երեխաներին կրթել վաղ մանկությունից՝ նրանց Աստծո Խոսքը սովորեցնելով, նրանց առջև աստիճանաբար նպատակներ դնելով և հնարավոր լավագույն օրինակը թողնելով։ Այդ անելով՝ երջանկություն կգտնեք։