Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2004 թ. փետրվարի 23–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է հունվարի 5–ով սկսվող շաբաթից մինչև փետրվարի 23–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ [Ծանոթագրություն. եթե հարցից հետո ոչ մի աղբյուր չի նշված, պատասխանը գտնելու համար հարկավոր է ինքնուրույն փնտրտուքներ կատարել. տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 36, 37։]
Դասեր
1. Ի՞նչ կարող ենք անել, որ ունկնդիրները հստակ կերպով հասկանան ներկայացվող նյութի գործնական արժեքը և օգուտներ քաղեն դրանից։ [2, be, էջ 158, պարբ. 2–4] 1) Նյութը կարող ենք այնպես ներկայացնել, որ ելույթի հենց սկզբից մեր ունկնդիրները զգան, որ նյութը անձամբ իրենց է վերաբերում։ 2) Նյութի գործնական կիրառությունը հարկավոր է պարբերաբար ցույց տալ ամբողջ ելույթի ընթացքում և ոչ թե մի քանի բառերով նշել այն վերջաբանում։ 3) Նյութի գործնական կիրառությունը պետք է ցույց տալ այնպես, որ քաջալերական լինի մեզ լսողների համար և նրանց մղի սիրո ու բարի գործերի (Եբր. 10։24)։
2. Ինչո՞ւ պետք է ուշադիր լինենք բառերի ընտրության հարցում։ [4, be, էջ 160, պարբ. 1 և երկրորդ շրջանակը] Բառերը զորեղ են և կարող են թե՛ վիրավորել, թե՛ քաջալերել (Առակ. 12։18, 25)։ Քանի որ մեր բառերի ընտրությունից է կախված այն, թե մարդիկ ինչպես կարձագանքեն մեր խոսքին, մենք պետք է գիտակցենք «վայելուչ խօսքեր» գտնելու կարևորությունը (Ժող. 12։10)։
3. Լավ խոսելու ի՞նչ հիմնական պահանջ է ընդգծվում Ա Կորնթացիս 14։9–ում, և ինչպե՞ս կարող ենք ուսուցանելիս կիրառել այս սկզբունքը։ [5, be, էջ 161, պարբ. 1–4] Մեր ունկնդիրները պետք է հեշտությամբ հասկանան մեր խոսքը։ Պարզ, բայց լավ ընտրված բառերը, պարզ բառակապակցություններն ու կարճ նախադասությունները մեծ ազդեցություն են թողնում և հեշտությամբ ընկալվում են։ Եթե օգտագործում ենք բառեր, որոնք անմիջապես հասկացվում են, դրանով ցույց ենք տալիս, որ ունկնդիրների հանդեպ ուշադիր ենք, ինչպես նաև օգնում ենք նրանց ավելի հեշտությամբ հիշել ասվածը։
4. Ինչպես երևում է Մատթէոս 5։3–12 և Մարկոս 10։17–21 համարներից, ո՞րն է Հիսուսի ուսուցանելու կերպի աչքի ընկնող առանձնահատկություններից մեկը, որը մենք կարող ենք ընդօրինակել։ [6, be, էջ 162, պարբ. 4] Հիսուսը պարզ կերպով էր ուսուցանում։ Մենք կարող ենք ընդօրինակել Մեծ Ուսուցչին՝ արտահայտելով մեր մտքերը հակիրճ։ Մեր խոսքերը, պետք է բացահայտեն մեր ասելիքը և ոչ թե անհասկանալի դարձնեն։ Երկարաբանությունից խուսափելով՝ կօգնենք մարդկանց հեշտությամբ ընդունել ու մտքում պահել ճշգրիտ գիտելիքները։
5. Ծառայության ժամանակ, ինչպես նաև ժողովի հանդիպումներին մեկնաբանություններ տալիս, ինչո՞ւ պետք է ջանք թափենք օգտագործել այնպիսի բառեր, որոնք ուժ են հաղորդում, արթնացնում են զգացմունքներ և մեծապես տպավորում են (Մատթ. 23։37, 38)։ [7, be, էջ 163, պարբ. 3–ից մինչև էջ 164, պարբ. 1] Այն բառերը, որոնք մեծապես տպավորում են և մտքերը փոխանցում կենդանի ձևով, օգնում են ունկնդիրներին կլանված լսել և մեզ հետ միասին վերապրել այն ամենը, ինչ որ ասում ենք։ Լավ ընտրված բառերը կարող են հասնել սրտին, հույս ներշնչել, քաջալերել ընկճվածներին և Արարչի հանդեպ սեր արթնացնել։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ի՞նչ է ելույթի թեման, և ինչո՞ւ կարող ենք ասել, որ այն մտապահելը արդյունավետ կարող է լինել ելույթի նյութը ընտրելու և բաշխելու հարցում։ [1, be, էջ 39, պարբ. 6–ից մինչև էջ 40, պարբ. 1] Թեման մի ինչ–որ ընդհանուր խոսքի առարկա չէ, այլ հիմնական միտքը կամ կոնկրետ առանձնահատկությունը այն խոսքի առարկայի, որը մտադիր ենք քննարկել։ Թեմայի իմաստային կշիռ ունեցող բառերը քննելիս և հրատարակություններում փնտրտուքներ կատարելիս եթե մեր մտքում ունենանք թեման, ապա կկարողանանք բաշխել նյութը՝ ի մտի ունենալով ելույթի նպատակը։
7. ա) Ի՞նչ է նշանակում լինել հոգևորապես մաքուր, և ինչո՞ւ կարելի է ասել, որ մաքրության հարցում այն ամենակարևորն է։ Հոգևորապես մաքուր լինել նշանակում է՝ պահպանել մաքուր երկրպագությունը և հեռու մնալ կեղծ պաշտամունքից, այսինքն՝ ո՛չ միջամուխ լինել դրա մեջ, ո՛չ էլ այն խառնել ճշմարիտ երկրպագության հետ։ Հավիտենական կյանքի հեռանկար ունենալը կախված է մեր հոգևոր մաքրությունը պահպանելուց (Բ Կորնթ. 6։17, 18ա; Յայտն. 18։4)։ բ) Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները խուսափել բարոյական անմաքրությունից, ինչը սովորական բան է աշխարհում։ [2, w02 01.02, էջ 5, 6] Անհատի բարոյապես մաքուր լինելը կարող է արտահայտվել այն բանում, թե ինչ զվարճություններ է նա ընտրում և ինչպիսի հագվելակերպ ունի։ Քրիստոնյաները պետք է զգուշանան այնպիսի զվարճություններից, որոնք արտացոլում են Աստվածաշնչի բարոյական չափանիշները ոտնահարող վարք։ Նրանք նաև պետք է խուսափեն այնպիսի հագվելակերպից, որը անհարկի ուշադրություն է հրավիրում մարդու մարմնի վրա։ Նրանք իրենց հագուկապով պետք է համեստություն արտացոլեն։
8. Աստվածաշնչյան բոլոր սկզբունքներից որո՞նք են գլխավորները։ [3, w02 15.02, էջ 5, պարբ. 1, 4, 6] Գլխավոր են համարվում Աստվածաշնչի այն սկզբունքները, որոնք կարող են անմիջականորեն ազդել Եհովայի հետ մեր փոխհարաբերությունների վրա։ Գրություններում ամփոփված հիմնական ճշմարտություններից մեկն այն է, որ Եհովան մեր Արարիչն է, Ամենակարող Աստվածը, Բարձրյալը (Սաղ. 83։18)։ Ուստի պետք է թույլ տանք, որ գլխավորապես նա՛ ազդեցություն գործի մեր կյանքի վրա (Ա Կորնթ. 10։31)։
9. Ի՞նչ է կարեկցանքը, և ինչպե՞ս Հիսուսը ցուցաբերեց այս հատկությունը։ [4, w02 15.04, էջ 25, պարբ. 4, 5] Կարեկցանքը ուրիշի ցավը մեր սրտում զգալն է։ Խուլ, լեզվի արատ ունեցող մարդուն բուժելիս Հիսուս Քրիստոսը նրան մի կողմ տարավ, ակներևաբար նրան հանկարծակիի չբերելու կամ շփոթության մեջ չգցելու համար (Մարկ. 7։32–35)։ Զգալով մի այրի կնոջ ցավը, որի միակ որդուն տանում էին թաղելու, Հիսուսը հարություն տվեց երիտասարդին՝ իր զորությունը օգտագործելով Աստծո կամքին ներդաշնակ (Ղուկ. 7։11–16)։ Այսօր Հիսուսը՝ որպես Քահանայապետ, «մեր տկարութիւններին հետ կարեկից» է (Եբր. 4։15)։
10. Ինչպե՞ս կարելի է Առակաց 11։11–ը կիրառել Եհովայի ժողովրդի ժողովների առնչությամբ։ [7, w02 15.05, էջ 27, պարբ. 1–3] Եհովան օրհնում է քաղաքանման ժողովները, որոնցում հոգևոր մարդկանց ազդեցությունն է գերակշռում և որոնք փառք են բերում Եհովային։ Ուստի պետք է հրաժարվենք բացասական և զրպարտչական խոսակցություններ լսելուց, որոնք վատ հետևանքներ են ունենում, ու ջանանք լինել խաղաղությանն ու միասնությանը նպաստող անհատներ։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ի՞նչ է իրենից ներկայացնում «կենաց ծառը», որի մասին հիշատակվում է Ծննդոց 2։9–ում։ Այդ ծառը ներկայացնում էր հավիտենական կյանքի երաշխիքը, որը Աստված կտար այն անհատին, ով թույլտվություն կստանար ուտելու ծառի պտղից։ Ուստի երբ Ադամն ու Եվան մեղանչեցին, անհրաժեշտություն առաջացավ արտաքսել նրանց Եդեմից և թույլ չտալ, որ նորից մուտք գործեն պարտեզ (Ծննդ. 3։22–24)։ [1, it-2-E, էջ 247, պարբ. 4; w99 01.05, էջ 7, 8]
12. Ինչո՞ւ Ղովտի կինը կորցրեց իր կյանքը (Ծննդ. 19։26)։ [4, w90-E 15.04, էջ 18, պարբ. 10] Ակնհայտ է, որ Սոդոմում գտնվող իր տան և նյութական ունեցվածքի հանդեպ նրա սերը ավելի մեծ էր, քան սերն Աստծո հանդեպ (Ղուկ. 17։31, 32)։
13. «Ծննդոց» գրքի 24–րդ գլխում նկարագրված մարգարեական դրամայում ո՞ւմ է ներկայացնում՝ ա)Աբրահամը, բ)Իսահակը, գ)Աբրահամի ծառա Եղիազարը, դ)տասը ուղտերը և ե)Ռեբեկան։ ա) Աբրահամը ներկայացնում է Եհովային; բ) Իսահակը պատկերում է Աստծո Գառին՝ Հիսուս Քրիստոսին; գ) Եղիազարը ներկայացնում է սուրբ ոգին; դ) տասը ուղտերը ներկայացնում են Աստծո ավարտուն և կատարյալ Խոսքը; և ե) Ռեբեկան ներկայացնում է Գառի կնոջը՝ հարսնացու դասին պատկանող անդամներին, որոնց թիվը կազմում է 144 000։ [5, w89-U 01.12, էջ 19, 20]
14. Արդյո՞ք Աստված կանխորոշել էր Հակոբի ու Եսավի ապագան (Ծննդ. 25։23)։ Եհովան կարող էր կարդալ դեռ չծնված երկվորյակների գենետիկական կոդը։ Թերևս նա հաշվի էր առել դա, երբ կանխատեսել էր, թե տղաներից յուրաքանչյուրը ինչ հատկություններ կզարգացնեին, և ըստ այդմ կանխագուշակել էր հետևանքները (Սաղ. 139։16)։ Բայց այստեղ չկա ոչ մի ակնարկ այն մասին, թե նա հաստատել էր նրանց հավիտենական ճակատագիրը կամ նախասահմանել էր, թե նրանց կյանքում ինչպիսի ընթացք պետք է ստանար յուրաքանչյուր իրադարձություն։ [6, rs-E, էջ 142, պարբ. 4]
15. Ինչպիսի՞ օրինակ թողեց Ռաքելը մեծ ջանքեր գործադրելու հարցում, որոնք օրհնվեցին Եհովայի կողմից (Ծննդ. 30։1–8)։ [7, w02 01.08, էջ 29, 30] Ռաքելը թանկ էր գնահատում իր ժառանգությունը։ Նա լավ գիտեր, որ Եհովան խոստացել էր օրհնել Հակոբին։ Նրա քույրը՝ Լիան, որ Հակոբի առաջին կինն էր, ուներ չորս որդի, մինչդեռ Ռաքելն անպտուղ էր (Ծննդ. 29։31–35)։ Սեփական անձի հանդեպ խղճահարության զգացումին տրվելու փոխարեն, սակայն, Ռաքելը միշտ աղոթում էր Եհովային և գործում նրա կամքին ու իր աղոթքներին համապատասխան։