Եհովան օգնում է նրանց, ովքեր ապավինում են իրեն
1 Շատերն այսօր հաջողության հասնելու համար կարևոր պայման են համարում փող, ուժ և ընդունակություններ ունենալը (Սաղ. 12։4; 33։16, 17; 49։6)։ Սակայն նրանք, ովքեր ակնածանք ունեն Եհովայի հանդեպ և ապավինում են նրան, համոզված են, որ, ինչպես հավաստիացնում է Աստվածաշունչը, իրենց «օգնութիւնը եւ վահանը նա է» (Սաղ. 115։11)։ Եկեք քննարկենք երկու ոլորտ, որոնցում մենք պետք է ցույց տանք, որ Եհովային ենք ապավինում։
2 Որպես քրիստոնյա ծառաներ։ Ժողովում ուսուցանելիս կամ քարոզչական ծառայության ժամանակ մարդկանց սովորեցնելիս մենք պետք է ապավինենք մեր Աստծուն։ Քննենք Հիսուսի օրինակը։ Թեև նա Աստծո Որդին էր, բայց չվստահեց իր իմաստությանը կամ կարողությանը, այլ ամբողջությամբ ապավինեց իր երկնային Հորը (Յովհ. 12։49; 14։10)։ Առավել ևս մենք պետք է ապավինենք Աստծուն (Առակ. 3։5–7)։ Միայն Եհովայի աջակցությամբ մեր գործադրած համեստ ջանքերը կարող են պատիվ բերել նրան, նաև օգուտ տալ ուրիշներին (Սաղ. 127։1, 2)։
3 Մենք ցույց ենք տալիս, որ Եհովան մեր ապավենն է, երբ աղոթում ենք նրա առաջնորդությունը և սուրբ ոգու օգնությունը ստանալու համար (Սաղ. 105։4; Ղուկ. 11։13)։ Բացի այդ, մենք ցույց ենք տալիս, որ ապավինում ենք Աստծուն, երբ ուսուցանելիս հիմնվում ենք Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի վրա։ Աստվածաշնչի պատգամը մարդկանց սրտերին հասնելու և նրանց կյանքը փոխելու զորություն ունի (Եբր. 4։12)։ Երբ մենք ծառայում ենք «ինչպէս այն զօրութիւնից, որ Աստուած է շնորհում», փառաբանում ենք Եհովային (Ա Պետ. 4։11)։
4 Խնդիրներ դիմագրավելիս։ Եհովայի օգնության կարիքն ունենք նաև, երբ ճնշումների ենք ենթարկվում և խնդիրներ դիմագրավում (Սաղ. 46։1)։ Օրինակ՝ գուցե մեր գործատերը չցանկանա մեզ ընդառաջել, երբ թույլտվություն ենք խնդրում աշխատանքից բացակայելու՝ համաժողովին ներկա լինելու համար, կամ գուցե մենք ընտանիքում ինչ–որ խնդիր ունենանք։ Մենք ցույց ենք տալիս, որ ապավինում ենք Եհովային, երբ ջերմեռանդորեն աղոթում ենք նրան և գործում ենք այն առաջնորդության համաձայն, որ նա տալիս է իր Խոսքի և կազմակերպության միջոցով (Սաղ. 62։8; 119։143, 173)։ Այդպես վարվելով՝ Եհովայի ծառաները զգում են նրա օգնող ձեռքի զորությունը (Սաղ. 37։5; 118։13, 16)։
5 Եհովան ինքն է հավաստիացնում. «Օրհնեալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապաւինում, եւ Տէրն է նորա յոյսը» (Երեմ. 17։7)։ Եկեք մեր բոլոր գործերով ցույց տանք, որ ապավինում ենք Եհովային (Սաղ. 146։5)։