Հրեշտակներն օգնում են մեզ
1 «Ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը»։ Ինչպիսի՜ քաջալերական խոսքեր են բոլոր նրանց համար, ովքեր կատարում են Հիսուսի հետևյալ պատվերը. «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք» (Մատթ. 28։18–20)։ Ճշմարիտ քրիստոնյաների հետ լինելու կերպերից մեկն այն է, որ Հիսուսը հրեշտակների միջոցով աջակցում է նրանց։ (Մատթ. 13։36–43)։ Որքա՜ն հուզիչ է այս հավատարիմ ոգեղեն արարածների հետ միաձայն հռչակել «յաւիտենական աւետիք[ը]» (Յայտն. 14։6, 7)։
2 Ծառայության մեջ։ Աստվածաշունչը հայտնում է, որ հրեշտակներն ուղարկվում են, որպեսզի «սպասաւորութիւն անե[ն] նորանց համար, որ փրկութիւնը պիտի ժառանգեն» (Եբր. 1։14)։ Առաջին դարում հրեշտակները առաջնորդում էին Հիսուսի հետևորդներին, որպեսզի վերջիններս գտնեին արժանի անհատների (Գործք 8։26)։ Այսօր էլ Աստծո ծառաները բացահայտ տեսնում են հրեշտակների առաջնորդությունը։ Շատ են եղել դեպքեր, որ մարդիկ ասել են, թե ինչ–որ Վկա այցելել է իրենց, երբ աղոթքով օգնություն են խնդրել։ Որքա՜ն ենք մենք ուրախանում հրեշտակների հետ միասին, երբ այդպիսի անհատները արձագանքում են Թագավորության պատգամին (Ղուկ. 15։10)։
3 Հակառակությունների հանդիպելիս։ Դանիելը և իր երեք եբրայեցի ընկերակիցները, Պետրոս առաքյալը և շատ–շատեր, ովքեր մեծ փորձությունների են ենթարկվել, Եհովայի պաշտպանությունն են ստացել հրեշտակների միջոցով, որոնք ‘հզոր են զորությամբ’ (Սաղ. 103։20; Դան. 3։28; 6։21, 22; Գործք 12։11)։ Թեև երբեմն գուցե մեզ անօգնական զգանք հակառակության հանդիպելիս, սակայն կարող ենք քաջալերություն ստանալ Եղիսեի ծառայի օրինակից, որը հասկացավ, որ «մեզ հետ եղողները շատ են քան թէ նորանց հետ եղողները» (Դ Թագ 6։15–17)։ Նույնիսկ եթե մեզ ստիպողաբար մեկուսացնեն մեր քրիստոնյա եղբայրներից, մենք չպետք է հուսալքվենք։ Աստծո Խոսքը հավաստիացնում է մեզ. «Տիրոջ հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը» (Սաղ. 34։7)։
4 Շուտով հրեշտակների զորքերը առաջ կընթանան, որպեսզի վերացնեն Քրիստոսի թագավորության դեմ եղած ամեն տեսակ հակառակություն (Յայտն. 19։11,14, 15)։ Մինչ սպասում ենք այդ օրվան, եկեք շարունակենք խիզախորեն փառաբանել Եհովային և ամբողջությամբ ապավինենք Քրիստոսի ղեկավարության տակ գտնվող երկնային զորքերի զորեղ աջակցությանը (Ա Պետ. 3։22)։