Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2005 թ. օգոստոսի 29–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2005 թ. հուլիսի 4–ով սկսվող շաբաթից մինչև օգոստոսի 29–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ [Ծանոթագրություն. եթե հարցից հետո ոչ մի աղբյուր չի նշված, պատասխանը գտնելու համար հարկավոր է ինքնուրույն փնտրտուքներ կատարել (տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 36, 37)։]
ԴԱՍԵՐ
1. Երբ մեր հույսի մասին պատմում ենք ուրիշներին, ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ մեր «ողջամտությունը յայտնի լինի ամէն մարդկանց», և ինչո՞ւ է դա կարևոր (Փիլիպ. 4։5, ՆԱ; Յակ. 3։17)։ [3, be, էջ 251, պարբ. 1–3 և շրջանակ] Ողջամտություն դրսևորած կլինենք, եթե հաշվի առնենք զրուցակցի ծագումը, հանգամանքները և զգացմունքները։ Մեր ողջամտությունը կդրսևորվի նաև նրանով, եթե մեր ամուր համոզվածությանը ու նախանձախնդրությանը զուգորդի խորաթափանցությունն ու զիջելու պատրաստակամությունը։ Սա կարևոր է, քանի որ կտրուկ, դոգմատիկ մոտեցումը պատճառ կարող է լինել, որ զրուցակիցը դադարի մեզ լսելուց, և հիմնականում այն բարյացակամ արձագանք չի գտնում։
2. Ողջախոհություն դրսևորելն ինչպե՞ս կօգնի մեզ, որ մարդկանց հետ լավ հաղորդակցվենք։ [5, be, էջ 253, պարբ. 1, 2] Թեև գուցե ծանրակշիռ փաստարկներ ունենանք մեր տեսակետն ապացուցելու համար, սակայն երբեմն լավ է չհարկադրել անհատին ընդունելու իր տեսակետի սխալ լինելը։ Նրա պնդումներին չպատասխանելը հնարավորություն կտա մեզ խոսակցությունն ուղղել այնպիսի թեմայի վրա, որի քննարկումն ավելի շատ օգուտներ կբերի։ Մենք կարող ենք ողջամտություն դրսևորել նաև այն դեպքում, երբ հիշենք, որ Եհովան մարդկանց օժտել է ընտրություն կատարելու ունակությամբ (Յեսու 24։15; Առակ. 19։11)։
3. Ինչո՞ւ է կարևոր հարցերը հմտորեն օգտագործել, երբ օգնում ենք մարդկանց խորհրդածելու քննարկվող թեմայի շուրջ։ [6, be, էջ 253, պարբ. 3, 4] Երբ հարցերը արդյունավետ կերպով ենք օգտագործում, դրանք հնարավորություն են տալիս մարդկանց արտահայտելու իրենց սրտում եղածը, մտածելու և խորհրդածելու քննարկվող թեմայի շուրջ։ Հարցերին արագորեն պատասխանելու և շարունակաբար խոսելու փոխարեն՝ հարցերի միջոցով կարող ենք օգնել հարց տվողին, որ մտածի քննարկվող նյութի մասին ու անձամբ եզրակացության հանգի (Ղուկ. 10։25–37)։
4. Ի՞նչ գործոններ է հարկավոր հաշվի առնել, որպեսզի քո խոսքը լինի ավելի համոզիչ։ [7, be, էջ 255, պարբ. 1–4 և շրջանակ; էջ 256, պարբ. 1 և շրջանակ] Մեր ունկնդիրները չեն հավատա մեր խոսքերին և կդժվարանան գործել իրենց լսածի համաձայն, եթե համոզված չլինեն դրանց ճշմարտացիության մեջ։ Հետևաբար մենք պետք է նրանց հավաստիացնենք, որ մեր ասածները ամբողջովին ներդաշնակ են Աստծու ճշմարիտ Խոսքին՝ Աստվածաշնչին (Յովհ. 17։17)։ Մենք պետք է ջանքեր թափենք բավարար չափով ապացույցներ բերելու գլխավոր մտքերը հիմնավորելու համար։ Պարզապես որևէ պնդում ներկայացնելու փոխարեն՝ մենք պետք է համոզիչ հիմքեր բերենք մեր ներկայացրած մտքերի համար՝ հիշելով, որ ունկնդիրները իրավացիորեն կարող են հարցնել. «Ինչո՞ւ է դա այդպես»։
5. Ինչի՞ մասին մենք պետք է հիշենք, երբ որոշում ենք օգտագործել հավելյալ ապացույցներ՝ ցույց տալու համար Գրություններում ասվածի տրամաբանական լինելը։ [8, be, էջ 256, պարբ. 3–5 և շրջանակ] Որևէ հավաստի աղբյուրից բերված ապացույցները պետք է ցույց տան, որ Աստվածաշունչը չի հակասում ակնհայտ փաստերին։ Դրանք պետք է համապատասխան լինեն և՛ մեր ելույթի նպատակին, և՛ մեզ լսողների կարիքներին։ Մենք պետք է միշտ զրույցը սկսենք Աստծու Խոսքից՝ որպես ճշգրիտ ինֆորմացիայի հեղինակավոր աղբյուր, ու հետո նշենք, թե ինչպես են գիտական հայտնագործությունները կամ գիտնականների մտքերը հաստատում մեր բերած փաստարկները։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ո՞ր հստակ ապացույցն է ցույց տալիս, որ Հիսուսը պատմական անձնավորություն է։ [2, w03 15. 06, էջ 4–7] Հիսուսին համարում են պատմության մեջ ամենամեծ ազդեցությունը թողած մարդը։ Առաջին դարի պատմիչներ Հովսեպոսը, Տակիտոսը, ինչպես նաև երկրորդ դարի պատմիչ Պլինիոս Կրտսերը հիշատակում են Հիսուսի ու նրա աշակերտների մասին։ Հիսուսի ուսուցումները, ինչպես օրինակ՝ Լեռան քարոզում ընդգրկված ուսուցումները, իրենց ազդեցությունն են թողել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա (Մատթ., գլուխ 5–7)։ Հիսուսի՝ ցից հանվելու մասին տեղեկությունը, որը գրի է առնվել Աստվածաշնչում, սակայն շատերի կողմից ընդունելի չէ, վկայում է Հիսուսի կյանքի ու ծառայության մասին աստվածաշնչյան արձանագրության ճշմարտացի լինելու մասին (Ա Կորնթ. 1։22, 23)։ Բացի այդ, Հիսուսի պատմականությանը թիկունք է կանգնում Հիսուսի հետևորդների եռանդուն ծառայությունը՝ չնայած ուժգին հակառակությանը (Ա Կորնթ. 15։12–17)։
7. Ինչպե՞ս «ուղիղների բերանն իրանց կ’ազատէ», և ինչպե՞ս արդարների «տունը կ’մնայ» (Առակ. 12։6, 7)։ [3, w03 15.01, էջ 30, պարբ. 1–3] Արդար մարդիկ գիտեն, թե ինչն է ճիշտ, և ինչն է սխալ։ Վտանգից խուսափելու համար նրանք զգուշություն և իմաստություն են հանդես բերում ու այդ նույն բաների մասին զգուշացնում են ուրիշներին և օգնում նրանց։ Նույնիսկ ծանր իրավիճակներում նրանք հավատարմորեն թիկունք են կանգնում այն բանին, ինչ ճիշտ է։
8. Քանի որ Աստվածաշնչում գրված չեն բոլոր «կարելի»–ներն ու «չի կարելի»–ները, ինչպե՞ս կարող ենք ‘իմանալ, թե ինչ է Տիրոջ կամքը’ (Եփես. 5։17)։ [4, w03 01.12, էջ 21, պարբ. 3–ից մինչև էջ 22, պարբ. 3] Իմանալ Եհովայի կամքը նշանակում է հասկանալ, թե Աստծու աչքին ինչն է հաճելի, իսկ ինչը՝ տհաճ։ Ամեն բանի համար կոնկրետ օրենք կամ ցուցակ հարկավոր չէ։ Եթե ինչ–որ մեկը որոշակի սննդակարգի է հետևում, նա կարիք չունի ունենալու ցուցակն այն ամենի, ինչը կարելի է ուտել, և ինչը՝ ոչ։ Նմանապես, երբ Պողոսը թվարկում էր մարմնի գործերը, նա հիշատակեց «սորանց նման» գործերի մասին, որոնք կատարող մարդը չի ստանա Թագավորության օրհնությունները (Գաղ. 5։19–23)։ Հասկացողություն գործի դնելը մարդկանց հնարավորություն է տալիս, որ դրսևորեն Աստծու հանդեպ իրենց սրտանց գնահատանքը ու նրան հաճեցնելու իրենց ցանկությունը։
9. Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կիրառելը կօգնի անհատին հաղթահարել աղքատությունը և տնտեսական անբարենպաստ պայմանները։ [6, w03 01.08, էջ 5, պարբ 2–5] Ժողովող 7։12 համարը օգնում է անհատին հասկանալ, որ թեև փողը ապահովվածության որոշակի զգացում է տալիս, սակայն աստվածային իմաստությունը ավելի մեծ արժեք ունի։ Այդ իմաստությունը կարող է պաշտպանել մեր կյանքը այժմ և հավիտենական կյանքի երաշխիք տալ մեզ։ Ղուկաս 14։28 համարը քաջալերում է անհատին հասկանալ, թե որոնք են առաջնահերթ բաները, և այնպես պլանավորել բյուջեն, որ նա կարողանա հոգ տանել առաջնային կարիքների մասին։ Ա Տիմոթէոս 6։8 և Մատթէոս 6։22 համարներում խորհուրդ էր տրվում բավարարվել կյանքում անհրաժեշտ բաներով և մեր ուշադրությունը կենտրոնացնել Աստծու ծառայության վրա՝ հուսալով ստանալ հավիտենական կյանքը։
10. Ի՞նչ ազդեցություն է մեզ վրա թողնում Եհովայի օրինակը՝ կապված ձրի տալու հետ (Մատթ. 10։8)։ [7, w03 01.08, էջ 20–22] Եհովան շատ թանկ գին վճարեց, երբ, անարժան բարություն դրսևորելով, զոհաբերեց իր Որդուն և այդպիսով հիմք ստեղծեց հավիտենական կյանքի համար (Հռովմ. 3։23, 24)։ Սա պետք է մղի մեզ, որ պատրաստակամորեն կատարենք մեր ծառայությունը և «կեանքի ջուրը» հասցնենք մարդկանց (Յայտն. 22։17; Սաղ. 110։3)։ Թեև Աստծու ծառաներին հորդոր է տրվում ‘աչք դրած մտիկ տալ վարձի հատուցմանը’, սակայն մենք պետք է ծառայենք նրան սիրուց մղված և ոչ թե եսասիրական մղումներով (Եբր. 6։10; 11։6, 26)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ի՞նչ էին խորհրդանշում Սողոմոնի կառուցած տաճարի մուտքի մոտ գտնվող երկու սյուները, որոնք կոչվում էին Հաքին և Բոոզ (Գ Թագ 7։15–22)։ Աջ սյունը կոչվում էր Հաքին, և այդ անունը նշանակում է՝ «նա ամուր կերպով կհաստատի»։ Ձախ սյունը կոչվում էր Բոոզ, և այդ անունը ակներևաբար նշանակում է՝ «զորությամբ»։ Քանի որ եբրայերեն գիրը կարդացվում է աջից դեպի ձախ, սյուները այն միտքն էին փոխանցում, որ «նա ամուր կերպով կհաստատի զորությամբ»։ Սրանք առանձին սյուներ էին և տաճարի շինության մաս չէին կազմում։ Ըստ երևույթին, այդ սյուները խորհրդանշում էին այն, որ Աստված ամուր կերպով հաստատել էր տաճարը իր զորությամբ և ընդունում էր այնտեղ մատուցվող ճշմարիտ երկրպագությունը [1, Գ Թագ. 7։21, ԱԱ, ծնթ.; it-1-E, էջ 348, պարբ. 2; w66-E, էջ 32]։
12. Արդյո՞ք այն, որ Սողոմոնը Գալիլեայի երկրի քաղաքներից քսանը նվիրեց Տյուրոսի Քիրամ թագավորին, ներդաշնակ էր Մովսիսական օրենքին (Գ Թագ 9։10–13)։ Համաձայն Ղեւտացոց 25։23, 24–ի՝ Օրենքը կարող էր կիրառելի համարվել միայն իսրայելացիների զբաղեցրած տարածքում։ Հավանական է, որ Քիրամին տրված քաղաքներում բնակվում էին ոչ իսրայելացիներ, թեև այդ քաղաքները Ավետյաց երկրի սահմաններում էին գտնվում (Ել. 23։31)։ Սողոմոնի այս արարքը, հնարավոր է, մատնանշում էր նաև, որ նա լիովին չենթարկվեց Օրենքին, ինչպես որ չենթարկվեց Օրենքին՝ ‘շատ ձիեր ունենալով’ և ‘իր կանանց շատացնելով’ (Բ Օրին. 17։16, 17)։ Ինչևէ, Քիրամը դժգոհ էր ստացած նվերից։ Պատճառը թերևս այն էր, որ հեթանոս բնակիչները բարվոք վիճակում չէին պահում իրենց բնակավայրը, կամ քաղաքները լավ աշխարհագրական դիրք չունեին [2, w05 01.07, էջ 29]։
13. Ի՞նչ դաս կարող ենք քաղել «Աստուծոյ մարդ[ու]» անհնազանդությունից (Գ Թագ 13։1–25)։ Մենք պետք է շարունակաբար անարատությամբ քայլենք Եհովայի ճանապարհներով։ Պետք է միշտ փնտրենք նրա առաջնորդությունը, հատկապես կյանքի վճռական և դժվար պահերին։ Մենք երբեք չպետք է ինքնավստահ կերպով առաջ տանենք կամ մեր անձնական գաղափարները, կամ ինչ–որ մեկի պնդումները, նույնիսկ եթե այդ անհատը Աստծու կազմակերպության մեջ պատասխանատու դիրք ունի կամ ասում է, թե այդպիսի դիրք ունի [3, w05 07.01, «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Գ Թագաւորաց» գրքից»; w98-U 01.09, էջ 23; w62-E, էջ 114, պարբ. 14]։
14. Ինչպե՞ս Հուդայի Ասա թագավորը ցույց տվեց իր խիզախությունը, և մենք ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից (Գ Թագաւորաց 15։11–13)։ Ասա թագավորը Հուդան մաքրեց կուռքերից ու տաճարում պոռնկությամբ զբաղվող տղամարդկանցից։ Նա նաև պաշտոնից զրկեց իր հավատուրաց տատին և այրեց նրա պատրաստած «անտառի գարշութիւն[ը]»՝ փայտե կուռքը։ Մենք նույնպես քարոզչության և ուսուցանելու գործի միջոցով պետք է ակտիվորեն աջակցենք մաքուր երկրպագության տարածմանը և երբեք չենթարկվենք հավատուրացության ազդեցությանը [4, w05 07.01 «Եհովայի Խոսքը կենդանի է. ուշագրավ մտքեր «Գ Թագաւորաց» գրքից»; w94-R 01.03, էջ 27 (w93-U 11.15, էջ 17, պարբ. 20)]։
15. Աքաաբ թագավորի և Նաբովթի հետ պատահածը ինչպե՞ս ցույց տվեց, որ վտանգավոր է, երբ մարդը սեփական անձի հանդեպ խղճահարության զգացումով է լցվում (Գ Թագ. 21։1–16)։ Աքաաբ թագավորը խղճահարության զգացումով լցվեց ինքն իր հանդեպ, երբ Նաբովթը հրաժարվեց վաճառել իր հողատարածքը։ Աքաաբի կինը՝ Հեզաբել թագուհին, չցանկացավ ընդունել Նաբովթի մերժումը և միջոցներ ձեռնարկեց, որ Նաբովթին զրպարտեն հայհոյության մեջ ու քարկոծեն։ Ինչպես երևում է Աքաաբի հետ պատահածից, խղճահարությանը տրվող մարդը գնում է անցանկալի ուղիով։ Քանի որ սեփական անձի հանդեպ խղճահարությունը չափից ավելի, անհավասարակշռված մտահոգություն է, այն կարող է մեծ վնասներ պատճառել։ Խղճահարությունը կարող է անհատին դարձնել դժգոհ ու մանրախնդիր, ինչպես որ Աքաաբ թագավորի պարագայում էր։ Այս զգացումի պատճառով մարդն այնքան է կենտրոնանում իր վրա, որ ավելի քիչ է սիրալիր հոգատարություն ցույց տալիս ուրիշների հանդեպ կամ նույնիսկ ընդհանրապես ցույց չի տալիս։ Նա, ով տրվում է խղճահարության զգացումին, գուցե լուրջ հարցերը սկսի դիտել աղավաղված ձևով, հետևաբար գուցե սխալ դատողություններ անի։ Խղճահարությունը միգուցե նաև հոգևորապես թուլացնի անհատին և, որ ավելի վատ է, նրան դրդի ճնշման ներքո փոխզիջումների գնալ և չպահել Աստծու հանդեպ իր անարատությունը [6, w77-E, էջ 547]։