Անձնական հետաքրքրություն ցույց տանք՝ բարություն դրսևորելով
1 Մի կին, որը մի ժամանակ կանխակալ կարծիք ուներ Եհովայի վկաների մասին, հիշելով նրանց հետ իր առաջին հանդիպումը, ասաց. «Ես իսկապես չեմ հիշում, թե ինչի մասին էինք մենք խոսում, սակայն հիշում եմ, թե որքան բարի էր նա իմ նկատմամբ, նաև որքան հյուրասեր և խոնարհ էր նա։ Նա՝ որպես մարդ, ինձ դուր եկավ»։ Այս խոսքերը ընդգծում են, թե որքան կարևոր է անկեղծ հետաքրքրություն ցույց տալ այն մարդկանց հանդեպ, ում քարոզում ենք (Փիլիպ. 2։4)։
2 Սերը բարի է։ Ուրիշների հանդեպ մեր սերը ցույց տալու կերպերից մեկը բարի լինելն է (Ա Կորնթ. 13։4, ՆԱ)։ Բարություն դրսևորող անձնավորությունը ակտիվորեն հետաքրքրվում է ուրիշների բարօրությամբ՝ նրանց համար օգտակար բաներ անելու հնարավորություններ փնտրելով։ Իհարկե քարոզչությունը ինքնին բարի գործ է։ Սակայն մեր անկեղծ հետաքրքրությունը, որ ցուցաբերում ենք մարդկանց նկատմամբ, պետք է ավելին ընդգրկի, քան պարզապես նրանց քարոզելը։ Մարդկանց հետ մեր վարվելակերպը՝ մեր բարյացակամությունը, մեր լավ շարժուձևը, այն, թե ինչպես ենք լսում նրանց, թե ինչ ենք ասում նրանց և ինչպես ենք ասում, նույնիսկ այն, թե ինչպիսին է մեր դեմքի արտահայտությունը, ցույց է տալիս, որ մենք իսկապես հոգատարություն ենք ցուցաբերում նրանց հանդեպ (Մատթ. 8։2, 3)։
3 Մարդկանց նկատմամբ սիրալիր հոգատարությունը նույնպես կմղի մեզ, որ գործնական օգնություն առաջարկենք նրանց։ Տնից տուն ծառայության ժամանակ մի ռահվիրա եղբայր հանդիպեց մի տարեց այրու, որն անմիջապես մերժեց լսել նրան, երբ իմացավ, որ Եհովայի վկա է։ Կինը նշեց, որ ինքը խոհանոցում սանդուղքի վրա կանգնած՝ փորձում էր փոխել էլեկտրական լամպը, երբ եղբայրը զանգը տվեց։ «Վտանգավոր է, որ դուք առանց որևէ մեկի օգնության անեք դա»,— ասաց եղբայրը։ Կինը նրան ներս հրավիրեց։ Եղբայրը փոխեց լամպը և գնաց։ Երբ այդ կնոջ որդին կարճ ժամանակով այցելեց մորը, որ իմանա նրա ողջությունը, կինը պատմեց տեղի ունեցածը։ Որդին այնքան էր տպավորված, որ որոշեց գտնել այդ եղբորը՝ իր երախտագիտությունը հայտնելու համար։ Արդյունքում լավ զրույց տեղի ունեցավ, որից հետո այդ կնոջ որդին համաձայնվեց ուսումնասիրել Աստվածաշունչը։
4 Լինելով բարի՝ մենք արտացոլում ենք Եհովայի սերը մարդկանց նկատմամբ և զարդարում ենք Թագավորության պատգամը։ Ուստի եկե՛ք «մեր անձերը ընծա[յենք] ինչպէս Աստուծոյ պաշտօնեաներ.... քաղցրութիւնով [«բարությամբ», ՆԱ]» (Բ Կորնթ. 6։4, 6)։