Ընդօրինակիր Մեծ Ուսուցչին «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը գործածելիս
1. Ինչպե՞ս էր սովորեցնում Հիսուսը։
1 Հիսուս Քրիստոսը՝ Մեծ Ուսուցիչը, միշտ սովորեցնում էր պարզ ու հասկանալի ձևով։ Որպեսզի մղեր իր ունկնդիրներին մտածելու, նա երբեմն նախ նրանց կարծիքն էր հարցնում (Մատթ. 17:24–27)։ Հիսուսը մարդկանց ուշադրությունը հրավիրում էր Աստծու Խոսքի վրա (Մատթ. 26:31; Մարկ. 7:6)։ Նա չէր ծանրաբեռնում իր աշակերտներին շատ տեղեկություններով, քանի որ գիտեր, որ նրանք դեռ շարունակելու էին գիտելիքներ ձեռք բերել (Յովհ. 16:12)։ Հիսուսը նաև հարցնում էր աշակերտներին, թե արդյոք նրանք հասկանո՞ւմ են այն ամենը, ինչ նա սովորեցնում էր, և թե արդյոք հավատո՞ւմ են դրանց (Մատթ. 13:51)։ «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը նախատեսված է այն բանի համար, որ մենք կարողանանք մարդկանց սովորեցնել այնպես, ինչպես Հիսուսը։
2. Ինչպե՞ս կարող ենք գործածել յուրաքանչյուր գլխի ներածական հարցերը։
2 Ներածական հարցերը։ Երբ սկսում ես անհատի հետ քննարկել որևէ գլուխ, օգտակար կլինի, որ նրա ուշադրությունը հրավիրես գլխի վերնագրի տակ տրված ներածական հարցերի վրա։ Ուսումնասիրողի հետաքրքրությունը շարժելու նպատակով կարող ես այդ հարցերը տալ հռետորական ոճով։ Կամ կարող ես խնդրել, որ նա հակիրճորեն իր կարծիքը հայտնի այդ հարցերի վերաբերյալ։ Հարկ չկա մանրամասնորեն քննարկել նրա ասած մտքերը կամ ուղղել նրա արտահայտած յուրաքանչյուր սխալ մեկնաբանություն։ Դու կարող ես պարզապես շնորհակալություն հայտնել նրան իր կարծիքը հայտնելու համար ու անցնել նյութի քննարկմանը։ Ներածական հարցերի վերաբերյալ նրա արտահայտած մտքերը կօգնեն քեզ որոշել, թե գլխի որ հատվածին է հարկավոր ավելի շատ ուշադրություն դարձնել։
3. Ինչպե՞ս կարող ենք ուսումնասիրությունը պարզ կերպով անցկացնել։
3 Սուրբգրային համարները։ Ուսումնասիրությունը պետք է հիմնված լինի Աստվածաշնչի վրա (Եբր. 4:12)։ Այնուամենայնիվ, հարկ չկա ընթերցելու բերված բոլոր համարները։ Հատուկ ուշադրություն դարձրու այն համարներին, որոնց վրա հիմնված են մեր հավատալիքները։ Այն համարները, որոնք ընդհանուր տեղեկություն են հաղորդում, կարելի է չընթերցել։ «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքում ճշմարտությունը շատ պարզ է ներկայացված։ Ուստի ուսումնասիրությունը պարզ կերպով անցկացրու։ Անհատի ուշադրությունը հրավիրիր գլխավոր մտքերի վրա և խուսափիր մանրամասնությունների մասին չափից շատ խոսելուց կամ առանց անհրաժեշտության լրացուցիչ նյութեր քննարկելուց։
4. Ինչպե՞ս կարելի է որոշել, թե արդյոք պե՞տք է ուսումնասիրության ժամանակ քննարկել հավելվածը։
4 Հավելվածը։ Հավելվածը պարունակում է 14 թեմա, որոնք լրացնում են հիմնական նյութին։ Ուսումնասիրության ժամանակ այդ թեմաները քննարկելու հարցը թողնված է քո ընտրությանը։ Որոշ թեմաներ քննարկելիս գուցե քաջալերես ուսումնասիրողին հավելվածում բերված նյութը ինքնուրույն կարդալ, հատկապես այն դեպքում, երբ նա հասկանում է և ընդունում գլխում տրված հիմնական նյութը։ Օրինակ՝ եթե անհատն արդեն հավատում է, որ Հիսուսն է Մեսիան, ապա 4–րդ գլուխն ուսումնասիրելիս, որի վերնագիրն է՝ «Ո՞վ է Հիսուս Քրիստոսը», գուցե հարկ չլինի նրա հետ քննարկել հավելվածի «Հիսուս Քրիստոս. խոստացյալ Մեսիան» հոդվածը։ Այլ դեպքերում թերևս օգտակար լինի գլուխն ուսումնասիրելիս ժամանակ հատկացնել միասին քննարկելու հավելվածի համապատասխան նյութը կամ դրանից որոշ հատված։
5. Եթե որոշում ենք քննարկել հավելվածում բերված նյութը, ինչպե՞ս կարող ենք դա անել։
5 Եթե որոշես քննարկել հավելվածում բերված նյութը, ապա կարող ես նախօրոք պատրաստել հարցեր և ուսումնասիրողի հետ քննարկել այն պարբերություն առ պարբերություն, ինչպես որ քննարկում ես հիմնական տեքստը։ Կամ հաշվի առնելով ուսումնասիրողի կարիքները՝ թերևս որոշես ուսումնասիրության ժամանակ մի քանի րոպե տրամադրել ու կրկնել հավելվածում բերված նյութը։ Այդպես վարվելով՝ դու կհավաստիանաս, որ նա հասկացել է իր կարդացածը։
6. Ինչպե՞ս կարելի է գործածել յուրաքանչյուր գլխի վերջում գտնվող կրկնության շրջանակը։
6 Կրկնության շրջանակները։ Յուրաքանչյուր գլխի վերջում գտնվող շրջանակում տրված են մտքեր, որոնք սովորաբար ներածական հարցերի պատասխաններն են։ Դրանք կարող ես օգտագործել գլխավոր մտքերը կրկնելու համար։ Որոշ քարոզիչներ օգտակար են համարում ուսումնասիրողի հետ կարդալ յուրաքանչյուր միտք ու թերևս այդ մտքին թիկունք կանգնող սուրբգրային համարները։ Ապա նրանք խնդրում են ուսումնասիրողին հակիրճ բացատրել, թե ինչպես են այդ սուրբգրային համարները թիկունք կանգնում բերված մտքին։ Այդպիսով ուսուցանողը տեսնում է, թե արդյոք ուսումնասիրողը հստակ է հասկանում գլխի հիմնական մտքերը և այն, թե ինչպես է Աստվածաշունչը թիկունք կանգնում դրանց։ Նա նաև տեսնում է, թե արդյոք ուսումնասիրողը համաձայն է այդ մտքերին։ Դա կօգնի նաև ուսումնասիրողին, որ նա կսովորի ճշմարտությունը մյուսներին բացատրելիս օգտվել Աստվածաշնչից։
7. Ինչպե՞ս կարող ենք օգտագործել «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը մեր հանձնարարությունը կատարելիս։
7 Մարդկանց սովորեցնելու և աշակերտներ պատրաստելու մեր հանձնարարությունը կատարելու ամենաարդյունավետ կերպը Հիսուսի օրինակին հետևելն է (Մատթ. 28:19, 20)։ «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը կարող է մեծ օգնություն լինել այդ հարցում։ Եկեք արդյունավետորեն օգտագործենք այն, որպեսզի ճշմարտությունը մարդկանց սովորեցնենք պարզ, հստակ և հետաքրքիր ձևով։