Ինչպե՞ս կարող ենք պարբերագրերով վերայցելությունները դարձնել Աստվածաշնչի ուսումնասիրություններ
1. Ո՞րն է մեր նպատակը ապրիլ և մայիս ամիսներին։
1 Ապրիլ և մայիս ամիսներին մենք առաջարկելու ենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը, և մեր նպատակն է լինելու վերայցելություններ կատարելիս Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքով։ Այստեղ տրվում են մի քանի խորհուրդներ, որոնք գուցե օգտակար լինեն։ Հիշիր, որ դրանք պետք է հարմարեցնես ձեր տարածքին և ներկայացնես քո բառերով։ Կարող ես մեկ այլ մեթոդ կիրառել, եթե այն քեզ համար արդյունավետ է։
2. Ինչպե՞ս կարող ենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի առաջին էջերի օգնությամբ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։
2 Օգտվիր առաջին էջերից։ Վերայցելության ժամանակ կարելի է ասել, օրինակ, հետևյալը. «Այն պարբերագիրը, որ ես ձեզ տվել էի, Աստվածաշնչի վրա է հիմնված։ Տեսեք, թե ինչու է անչափ կարևոր կարդալ Աստվածաշունչը»։ Կարդա Եսայիա 48։17, 18 և Հովհաննես 17։3 համարները կամ այլ համապատասխան սուրբգրային համար։ Ապա ցույց տուր տանտիրոջը «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը, տուր նրան գրքի մեկ օրինակ։ Այնուհետև կարող ես այսպես շարունակել զրույցը.
◼ «Աստվածաշունչը մեզ ապագայի իրական հույս է տալիս»։ Ցույց տուր գրքի 4–րդ և 5–րդ էջերը և հարցրու. «Այս խոստումներից ո՞րը կուզեիք կատարված տեսնել»։ Տանտիրոջ ուշադրությունը հրավիրիր այն գլխի վրա, որում քննարկվում է Աստվածաշնչի այն խոստումը, որը նա ընտրել է, և հակիրճորեն քննարկիր մեկ կամ երկու պարբերություն, եթե նա համաձայն է։
◼ Կամ կարող ես ասել. «Աստվածաշունչը պատասխանում է կյանքի ամենակարևոր հարցերին»։ Տանտիրոջ ուշադրությունը հրավիրիր 6–րդ էջի վրա և հարցրու, թե երբևիցե նա մտածե՞լ է այդ էջի ներքևում գրված հարցերից որևէ մեկի շուրջ։ Բացիր այն գլուխը, որը պատասխանում է նրա ընտրած հարցին և հակիրճորեն քննարկիր մեկ կամ երկու պարբերություն։
◼ Կամ կարող ես ընդգծել գրքի բովանդակության մեջ տրված վերնագրերից մի քանիսը և հարցնել, թե այդ թեմաներից որն է հետաքրքրում նրան։ Բացիր այդ գլուխը և հակիրճորեն ցույց տուր, թե ինչպես է Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացվում։
3. Ինչպե՞ս կարող ենք Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել, երբ առաջարկում ենք պարբերագիր, որը վերաբերում է ա) աշխարհի իրավիճակների վատթարացմանը, բ) ընտանիքին, գ) Աստվածաշնչի արժանահավատ լինելուն։
3 Առաջին այցելության ժամանակ հիշատակիր որևէ հարց։ Մեկ այլ միջոցը առաջին այցելության ժամանակ վերայցելության համար հիմք պատրաստելն է։ Երբ տանտերը վերցնի պարբերագրերը, հիշատակիր մի հարց և խոստացիր պատասխանել այդ հարցին հաջորդ անգամ։ Աշխատիր կոնկրետ պայմանավորվել վերայցելության համար և վերայցելիր քո խոստացած ժամանակ (Մատթ. 5:37)։ Երբ կրկին այցելես, հիշեցրու տանտիրոջը քո բարձրացրած հարցը, ապա «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքից կարդա և հակիրճորեն քննարկիր մեկ կամ երկու պարբերություն, որոնցում տրվում է այդ հարցի պատասխանը։ Տուր նրան գրքի մեկ օրինակ, որ նա կարողանա հետևել քննարկմանը։ Ահա մի քանի օրինակ։
◼ Եթե պարբերագիրը վերաբերում է աշխարհի իրավիճակների վատթարացմանը, ապա կարող ես ասել. «Հաջորդ անգամ մենք կարող ենք քննարկել Աստվածաշնչի պատասխանը այս հարցի վերաբերյալ՝ ի՞նչ փոփոխություններ կանի Աստված երկրի վրա»։ Կրկնակի այցելության ժամանակ օգտագործիր 4–րդ և 5–րդ էջերը։ Կամ կարող ես այսպիսի հարց տալ. «Արդյոք ողբերգություններն Աստծու կամքո՞վ են տեղի ունենում»։ Վերայցելության ժամանակ ցույց տուր տանտիրոջը առաջին գլխի 7–րդ և 8–րդ պարբերությունները։
◼ Եթե պարբերագիրը վերաբերում է ընտանիքին, զրույցի վերջում կարող ես այսպիսի հարց տալ. «Ի՞նչ կարող է անել ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը, որպեսզի ընտանեկան կյանքն ավելի ուրախ լինի»։ Երբ կրկին այցելես, քննարկիր 14–րդ գլխի 4–րդ պարբերությունը։
◼ Եթե պարբերագիրը վերաբերում է Աստվածաշնչի արժանահավատ լինելուն, ապա հաջորդ անգամ քննարկելու համար կարող ես այսպիսի հարց բարձրացնել. «Արդյոք Աստվածաշունչը գիտականորեն ճշգրի՞տ է»։ Վերայցելության ժամանակ քննարկիր 2–րդ գլխի 8–րդ պարբերությունը։
4. Ի՞նչ պետք է անենք, եթե տանտերը չի ցանկանում վերցնել «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։
4 Յուրաքանչյուր զրույցի վերջում բարձրացրու մեկ ուրիշ հարց, որին կարող ես պատասխանել հաջորդ այցելության ժամանակ։ Երբ ուսումնասիրությունը կանոնավոր բնույթ կրի, քննարկիր գիրքը սկզբից մինչև վերջ։ Իսկ ի՞նչ կարելի է անել, եթե տանտերը չի ցանկանում վերցնել «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Դու կարող ես շարունակել նրան պարբերագրեր բերել և Աստվածաշնչի թեմաներով զրույցներ ունենալ նրա հետ։ Այդպիսով դու կզարգացնես նրա հետաքրքրությունը, և ժամանակի ընթացքում նա գուցե համաձայնի ուսումնասիրել Աստվածաշունչը։
5. Ինչո՞ւ մենք պետք է պարբերագրերն առաջարկելուց ավելին անենք։
5 Հիսուսը պատվիրել է մեզ աշակերտներ պատրաստել՝ սովորեցնելով նրանց (Մատթ. 28:19, 20)։ Հետևաբար, պարբերագրեր առաջարկելիս մեր նպատակն այն է, որ անկեղծ սրտով անհատներին սովորեցնենք ճշմարտությունը։ Ապրիլ և մայիս ամիսներին հատուկ ջանքեր գործադրիր, որ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը առաջարկելուց հետո Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսես։