Հետևիր Քրիստոսին՝ արժանապատվություն դրսևորելով
1. Ինչպե՞ս է այս տարվա մարզային համաժողովի թեման կապված արժանապատվություն դրսևորելու հետ։
1 Աստվածաշունչը տիեզերքի Գերիշխան Եհովային նկարագրում է որպես փառք հագած (Սաղ. 104:1, ԱԱ)։ Հիսուսը միշտ խոսում և գործում էր այնպես, որ պատիվ էր բերում իր Հորը և հարգանք էր ցույց տալիս իր Հոր ձեռնարկած միջոցառումների հանդեպ (Հովհ. 17:4)։ Մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա ընդօրինակելու Հիսուսին և փառք բերելու Եհովային «Հետևե՛ք Քրիստոսին» անվանումը կրող գալիք մարզային համաժողովի ժամանակ։
2. Ինչպե՞ս ենք պատիվ բերում Եհովային, երբ պատրաստվում ենք ներկա լինել յուրաքանչյուր բաժնին։
2 Պատվավոր երկրպագություն։ Մենք կարող ենք պատվել Եհովային՝ ներկա լինելով այն հոգևոր խնջույքին, որ նա պատրաստել է մեզ համար։ Խոսե՞լ ես գործատիրոջդ հետ և գործերդ պլանավորե՞լ ես այնպես, որ ներկա լինես համաժողովի բոլոր օրերին, այդ թվում նաև ուրբաթ օրը։ Ծրագրո՞ւմ ես բավական վաղ գալ, որպեսզի տեղ զբաղեցնես և մասնակցես բացման երգին և աղոթքին։ Պատրաստվո՞ւմ ես քեզ հետ ուտելու ինչ–որ բան բերել, որպեսզի կարողանաս ճաշի ժամանակ մնալ համաժողովի անցկացման վայրում քո եղբայրների հետ։ Յուրաքանչյուր բաժնից առաջ, երբ նախագահողը սիրալիրությամբ հրավիրում է մեզ զբաղեցնել մեր տեղերը և սկսում է հնչել երաժշտությունը, մենք պետք է անմիջապես դադարեցնենք մեր զրույցները և հետևենք այդ հրավերին։
3. Ինչպե՞ս է ծրագիրն ուշադրությամբ լսելը պատվավոր դարձնում երկրպագությունը։
3 Ուշադրությամբ ծրագիրը լսելը նույնպես պատիվ է բերում մեր երկնային Հորը։ Մի լրագրող իրենց տեղանքում անցկացված մարզային համաժողովին ներկա լինելուց հետո գրեց, որ ականատեսներն անչափ կտպավորվեին «ներկաների օրինակելի վարքից, քանի որ նրանք հարգալից կերպով լսում էին, թե ինչ էր ասվում իրենց, և ցույց էին տալիս, որ իրենց հաճելի է հոգևոր թեմաներ լսելը»։ Նա նաև գրեց, որ «անսովոր բան էր տեսնել մեծ թվով երեխաների...., [նրանք] բոլորն էլ լավ վարք էին դրսևորում, ինչը զարմանալի էր, և նույնիսկ բաց էին անում Աստվածաշնչի համարները»։ Ծրագրի ժամանակ տեղին չեն անհարկի զրույցները, տեքստային հաղորդագրություններ ուղարկելը, ուտելը կամ միջանցքներում զբոսնելը։ Երեխաները պետք է նստեն իրենց ծնողների կողքին, որպեսզի վերջիններս կարողանան օգնել նրանց ծրագրից օգուտներ քաղել (Բ Օրին. 31:12; Առակ. 29:15)։ Այս ամենն անելով՝ մենք հարգանք ցույց կտանք մյուսների հանդեպ, ինչպես նաև գնահատանք այն կենսական հոգևոր կերակուրի համար, որ մատուցվում է մեզ։
4. Ինչո՞ւ մեր արտաքին տեսքը համաժողովի ժամանակ պետք է արժանավայել լինի։
4 Արժանավայել արտաքին տեսք։ Շատերն իրենց երախտագիտությունն են հայտնել այն հիշեցումների համար, որոնք հնչեցին անցած տարվա մարզային համաժողովին «Որպես քրիստոնյա՝ արժանապատվությամբ վարվիր ամեն ժամանակ» վերնագրով ելույթում, որում հատուկ շեշտվեց, որ Աստծու ծառաները պետք է ձգտեն քրիստոնեական արժանապատվություն դրսևորել իրենց հագուստով ու հարդարանքով։ Այս տարի նույնպես մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք այդ հարցին։ Մեր արտաքին տեսքը արտացոլում է մեր զգացմունքները Եհովայի հանդեպ, ինչպես նաև նրա Վկաները լինելու առանձնաշնորհման նկատմամբ։ Այն, թե ինչպիսի հագուստ ենք կրում, միշտ պետք է ցույց տա, որ «ակնածում ենք Աստծուց» (1 Տիմոթ. 2:9, 10)։
5. Ինչպե՞ս կարող ենք արժանավայել արտաքին տեսք ունենալ համաժողովի անցկացման քաղաքում հանգստանալիս։
5 Արդյո՞ք արժանավայել արտաքին տեսք պետք է ունենանք միայն ծրագրի ընթացքում։ Հիշիր, որ այն քաղաքում, որտեղ անցկացվում է համաժողովը, շատերը մեզ կտեսնեն մեր պլակետկաներով։ Մեր արտաքին տեսքով մենք պետք է տարբերվենք ուրիշներից։ Հետևաբար նույնիսկ հանգստի ժամերին, ինչպես, օրինակ, ծրագրից հետո ճաշելիս մենք պետք է այնպիսի հագուստ կրենք, որը վայել է քրիստոնեական համաժողովի եկած Աստծու ծառաներին։ Մենք չպետք է կրենք ջինս, կիսատաբատ կամ մարզական շապիկ։ Ինչպիսի՜ վկայություն կլինի դա մարդկանց համար։ Եհովային հաճելի է այն, որ մեր արտաքին տեսքը ցույց է տալիս, որ իր ծառաներն ենք։
6. Ի՞նչ լավ արդյունքներ է ունենում քրիստոնեական արժանապատվություն դրսևորելը։
6 Լավ արդյունքներ։ Քրիստոնեական արժանապատվություն դրսևորելով՝ մենք շատ առիթներ ենք ունենում ոչ պաշտոնական վկայություն տալու, և մեր այդ վարքը լավ տպավորություն է թողնում մեզ տեսնողների վրա։ Համաժողովներից մեկի վերջում մի պաշտոնյա այսպիսի խոսքեր ասաց. «Մենք երբեք այսպիսի լավ վարք ունեցող մարդիկ չենք տեսել։ Դուք ձեզ դրսևորում եք այնպես, ինչպես որ Աստված ակնկալում է մեզանից»։ Երբ մենք արժանապատվություն ենք դրսևորում, այդպիսով մեր սերն ու հարգանքն ենք արտահայտում միմյանց հանդեպ և փառք ենք բերում Եհովային (1 Պետ. 2:12)։ Այդպես մենք նաև ցույց ենք տալիս, որ աստվածավախ ենք և որ բարձր ենք գնահատում մեր Հոր կողմից կրթվելու առանձնաշնորհումը (Եբր. 12։28)։ Եկեք ձգտենք արժանապատվություն դրսևորել, մինչ սպասում ենք այս տարվա՝ «Հետևե՛ք Քրիստոսին» անվանումը կրող մարզային համաժողովին։
[Շրջանակ 5–րդ էջի վրա]
Մարզային համաժողովի հետ կապված հիշեցումներ
◼ Ծրագրի ժամերը։ Բոլոր երեք օրերին ծրագիրը կսկսվի ժամը 9։20–ին։ Դռները կբացվեն ժամը 8։00–ին։ Երբ ծրագրից առաջ սկսեն հնչել Թագավորության մեղեդիները, բոլորս պետք է զբաղեցնենք մեր տեղերը, որպեսզի ծրագիրը սկսվի արժանավայել ձևով։ Առաջին ու երկրորդ օրերին ծրագիրը կավարտվի ժամը 17։05–ին, իսկ վերջին օրը՝ ժամը 16։10–ին։
◼ Ավտոմեքենաները կանգնեցնելը։ Համաժողովի անցկացման բոլոր վայրերում, որտեղ հսկվող կայանատեղեր կան, տեղերը կտրամադրվեն անվճար և ըստ ժամանման։ Համաժողովի կայանատեղում պլակետկաները կծառայեն որպես անցագրեր։ Քանի որ սովորաբար կայանատեղում տեղերը սահմանափակ են, լավ կլինի, որ մեկ մեքենայով գան մի քանի հոգի՝ մեկ կամ երկու հոգով գալու փոխարեն, որպեսզի հնարավորին չափ նվազի մեքենաների քանակը։ Մեքենաները կանգնեցնելիս հարկավոր է հետևել սպասարկուների հրահանգներին։
◼ Տեղեր զբաղեցնելը։ Տեղեր կարելի է զբաղեցնել միայն նրանց համար, ովքեր քեզ հետ միասին ճանապարհորդում են նույն փոխադրամիջոցով կամ ապրում են միևնույն տանը։
◼ Կեսօրին ճաշելը։ Խնդրում ենք, քեզ հետ ուտելու ինչ–որ բան բեր, որպեսզի ընդմիջմանը համաժողովի անցկացման վայրից դուրս չգաս մթերք գնելու համար։ Կարելի է գործածել փոքրիկ սառնարան–պայուսակ, որը կտեղավորվի նստարանի տակ։ Զբոսախնջույքների համար նախատեսված մեծ սառնարան–պայուսակներ, ապակե տարաներ և ոգելից խմիչքներ չի թույլատրվում բերել համաժողովի անցկացման վայր։
◼ Նվիրաբերություններ։ Մարզային համաժողովը կազմակերպելու համար մեծ գումար է ծախսվում։ Մեր գնահատանքը կարող ենք ցույց տալ՝ համաշխարհային գործի համար կամավոր նվիրաբերություններ անելով Թագավորության սրահում կամ համաժողովի անցկացման վայրում։
◼ Դժբախտ պատահարներ և արտակարգ իրավիճակներ։ Արտակարգ իրավիճակներով զբաղվող ծառայությունները բողոքում են, որ բջջային հեռախոսներից բազմաթիվ զանգեր են ստանում չնչին հարցերի հետ կապված։ Եթե համաժողովի վայրում ինչ–որ մեկի առողջական վիճակը կտրուկ վատանա, խնդրում ենք դիմել առաջին իսկ սպասարկուին, որն անհապաղ կտեղեկացնի առաջին օգնության բաժին։ Այդ բաժնի անձնակազմը կարող է գնահատել իրավիճակի լրջությունը և օգնություն ցույց տալ։ Անհրաժեշտության դեպքում նրանք կզանգահարեն 103 հեռախոսահամարով։
◼ Ձայնագրություններ անելը։ Ձայնագրիչները չպետք է միացվեն համաժողովի անցկացման վայրի էլեկտրացանցին կամ ձայնական համակարգին։ Դրանք կարող ենք գործածել միայն այնպես, որ չշեղենք ուրիշների ուշադրությունը։
◼ Օծանելիքները։ Համաժողովների մեծ մասը անցկացվում է փակ սրահներում, որտեղ արհեստական օդափոխություն է կատարվում։ Ուստի մեր կողմից բարության դրսևորում կլինի նվազեցնել սուր հոտ ունեցող օծանելիքների օգտագործումը, քանի որ դա կարող է սուր ռեակցիա առաջացնել նրանց մոտ, ովքեր շնչառական օրգանների հետ կապված խնդիրներ ունեն (1 Կորնթ. 10:24)։
◼ «Խնդրում ենք, այցելիր» բլանկը։ «Խնդրում ենք, այցելիր» (S-43) բլանկը պետք է գործածենք, երբ համաժողովի անցկացման օրերին ոչ պաշտոնական վկայություն ենք տալիս որևէ մեկին, և նա հետաքրքրություն է ցույց տալիս։ Քարոզիչները բլանկի մեկ կամ երկու օրինակ պետք է ունենան իրենց հետ, երբ գալիս են համաժողովի։ Բլանկներ կլինեն նաև համաժողովի գրականության բաժնում։ Լրացված բլանկները կարող ես տալ գրականության բաժնին կամ քո ժողովի քարտուղարին («Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. փետրվարի համարը, էջ 6, այնտեղ տրված սկզբունքները կիրառել «Խնդրում ենք, այցելիր» (S-43) բլանկի առնչությամբ)։
◼ Մեր շարժուձևը։ Այսօր աշխարհում ուրիշների մասին մտածելը հազվադեպ երևույթ է։ Սակայն Եհովայի ծառաները, որոնք առաջնորդվում են Աստվածաշնչի սկզբունքներով, ոչ միայն իրենց օգտի մասին են մտածում, այլ նաև իրենց դրացու (Փիլիպ. 2:4)։ Մենք մտածում ենք մեր շրջապատի մարդկանց մասին։ Մենք չենք հրում իրար, երբ հերթ ենք կանգնում գրականություն ստանալու համար։ Մենք ուշադիր ենք տարեցների նկատմամբ, ինչպես նաև փոքր երեխաների, որոնք գուցե իրենց ծնողների հետ միասին հերթ են կանգնել, կամ այն երեխաների նկատմամբ, որոնց չնկատելով՝ գուցե հրեն հերթում կանգնած մյուս մեծահասակները։
◼ Կացարաններ։ Երբ կացարանի հայտ ենք ներկայացնում բնակարանների համար, հարկավոր է հաշվի առնել հետևյալը. 1) խնդրում ենք, բոլոր դեպքերում հայտ ներկայացնելիս օգտագործիր «Կացարանի հայտ՝ հատուկ կարիքներ ունեցողների համար» (CO-5) բլանկը (ռուս.), 2) բնակարանային բաժնից ստացված «Առաջարկվող կացարանների ցուցակը» (CO-4) բլանկը (ռուս.), որում տրված է առաջարկվող կացարանների ցանկը, չպետք է տաս ուրիշների, 3) ողջամիտ կլինի, որ քեզ հետ վերցնես սպիտակեղեն ու մթերքներ, 4) հետևիր երեխաներիդ վարքին և անուշադրության մի մատնիր նրանց, 5) մեր հավատակիցների մատուցած ծառայություններից օգտվելիս հարկավոր է շնորհակալ լինել և չմոռանալ Գործեր 20:35–ում արձանագրված սկզբունքի մասին, 6) եթե ստիպված ես հրաժարվել կացարանի հայտից, ապա անպայման տեղեկացրու այդ մասին բնակարանային բաժին։