Պատրա՞ստ ես մասնակցելու հոգևոր խնջույքի
1. Ի՞նչ են անում խնջույք կազմակերպելու համար։
1 Սովորաբար խնջույք կազմակերպելու համար մեծ պատրաստություն են տեսնում։ Նախ պետք է սննդամթերք գնել, այնուհետև համեղ ուտեստներ պատրաստել և ապա հյուրասիրել։ Բացի այդ, անհրաժեշտ է զարդարել նաև խնջույքի սրահը։ Ինչ խոսք, այս ամենը պետք է լավ կազմակերպել։ Հյուրերը նույնպես պետք է պատրաստվեն, հատկապես եթե հեռու վայրից են ժամանելու։ Թեև շատ ջանքեր են պահանջվում այսպիսի խնջույք կազմակերպելու համար, սակայն հաճելի միջավայրում ընկերների և ընտանիքի հետ համեղ կերակուրներ ըմբոշխնելու համար արժե՛ այդպես վարվել։ Շուտով ամբողջ աշխարհում Եհովայի վկաները միասին հավաքվելու են, որպեսզի մասնակցեն մի մեծ հոգևոր խնջույքի՝ «Արթո՛ւն մնացեք» մարզային համաժողովին։ Պետք է նշել, որ արդեն իսկ բավական գործ է արվում ծրագիրը կազմակերպելու համար։ Հրավիրված են բոլորը։ Սակայն խնջույքից օգտվելու համար անհրաժեշտ է, որ ամեն ոք պատրաստվի այդ օրվան (Առակ. 21։5)։
2. Ի՞նչ է անհրաժեշտ անել համաժողովի բոլոր օրերին մասնակցելու համար։
2 Լավագույնս օգտվիր։ Արդեն ամեն բան ծրագրե՞լ ես, որպեսզի կարողանաս սկզբից մինչև վերջ մասնակցել այս հոգևոր խնջույքին։ Գուցե պետք է խոսել գործատիրոջ հետ և տեղեկացնել, որ երեք օր ներկա ես գտնվելու համաժողովին։ Գիտե՞ս, թե ինչպես ես տեղ հասնելու և որտեղ ես մնալու։ Հարկավոր է նաև նախապես մտածել տարեցների և այն անհատների մասին, ովքեր օգնության կարիք ունեն։ Երեցները պետք է հոգ տանեն, որ վերջիններս ներկա գտնվեն համաժողովին (Երեմ. 23։4; Գաղ. 6։10)։
3. Ինչո՞ւ չպետք է գնանք միջազգային համաժողովի, եթե մենք հրավիրված չենք։
3 Որոշ քաղաքներում անցկացվելու են միջազգային համաժողովներ։ Այս առանձնահատուկ հանդիպմանը հրավիրված են կոնկրետ ժողովներ և ուրիշ երկրներից պատվիրակներ։ Այս ամենը կազմակերպելու համար Գրասենյակը նախապես որոշել է, թե քանի հոգի պետք է հրավիրել, որովհետև հյուրանոցների ազատ սենյակները և համաժողովի սրահի նստատեղերը սահմանափակ են։ Հետևաբար այն քարոզիչները, ովքեր հրավիրված չեն միջազգային համաժողովի, պետք է հաշվի առնեն այս հանգամանքը։
4. Ինչպե՞ս կարող ենք յուրաքանչյուր օր պատրաստվել համաժողովին։
4 Ջանք թափիր, որ շուտ հասնես համաժողովի վայր և հարմար տեղ զբաղեցնես։ Որպեսզի սիրտդ պատրաստես համաժողովին, կարող ես աչքի անցկացնել ծրագիրը և տեսնել, թե ինչ ելույթներ են ներկայացվելու համաժողովի ժամանակ (Եզր. 7։10)։ Երբ հնչի երաժշտությունը, մասնակցիր բացման երգին, որից հետո ուշադրությամբ լսիր աղոթքը։
5. Ինչպե՞ս կարող ես լավագույնս օգտվել համաժողովի ծրագրից։
5 Համաժողովի ժամանակ լավ կլինի, որ ընտանիքի անդամները միասին նստեն, որպեսզի ծնողները կարողանան հետևել իրենց երեխաներին ու համոզվեն, որ նրանք ուշադրությամբ լսում են ծրագիրը (Բ Օրին. 31։12)։ Բոլորին հորդոր է տրվում բաց անել աստվածաշնչային համարները և հետևել ընթերցանությանը։ Կարող ես համառոտ նշումներ անել։ Հետագայում գրառումներդ կօգնեն քեզ հիշելու համաժողովին հնչած ելույթների գլխավոր մտքերը։ Խուսափիր ծրագրի ընթացքում անհարկի զրույցներից կամ համաժողովի վայրում շրջելուց։ Եթե ունես բջջային հեռախոս, ապա անջատիր այն, որպեսզի չխանգարես թե՛ քեզ, թե՛ ուրիշներին։ Օրվա վերջում կարող ես մտերիմ ընկերներիդ հետ քննարկել քեզ դուր եկած մտքերը։
6. Ի՞նչ հրաշալի հնարավորություն է ընձեռվում բոլորին, և ի՞նչ է ակնկալվում մեզնից։
6 Մարզային համաժողովի ժամանակ մենք հնարավորություն ունենք վայելելու մեր եղբայրների ու քույրերի ընկերակցությունը (Սաղ. 133։1–3; Մարկ. 10։29, 30)։ Կարող ենք ծանոթանալ մեր կողքին նստած հավատակիցների հետ։ Փոխադարձ քաջալերություն ստանալու համար լավ կլինի, որ մեզ հետ ուտելու ինչ–որ բան վերցնենք, որպեսզի ստիպված չլինենք դուրս գալ շինությունից՝ որևէ բան գնելու համար (Հռոմ. 1։11, 12)։
7. Ինչի՞ մասին պետք է մտածել նախքան համաժողովը։
7 Արտաքին տեսքը։ Եհովան իսրայելացիներին պատվիրել էր, որ իրենց հանդերձների փեշերին ծոպերիզներ պատրաստեն և դրա վրայով կապույտ թել անցկացնեն (Թուոց 15։37–41)։ Հագուստը հիշեցնում էր, որ նրանք մի ժողովուրդ են՝ առանձնացված Եհովային երկրպագելու համար։ Այսօր նույնպես մեր արժանավայել տեսքը և համեստ հագուկապը առանձնացնում է մեզ այս աշխարհից։ Մեր արտաքին տեսքը զորեղ վկայություն է մարդկանց համար նույնիսկ այն ժամանակ, երբ ծրագրից հետո գնում ենք ինչ–որ տեղ ճաշելու։ Հետևաբար արժե լավ մտածել, թե ինչ ենք հագնելու այդ օրերին։
8. Ինչպե՞ս կարող ենք վկայություն տալ մարդկանց։
8 Վկայություն տուր։ Հնարավոր է՝ վկայություն տալու առիթ լինի այն քաղաքի բնակիչներին, որտեղ անցկացվում է համաժողովը։ Մի եղբայր, որը ծրագրից հետո իր կնոջ հետ գնացել էր ռեստորան, մատնացույց անելով իր պլակետկան՝ մատուցողին հարցրել էր. «Նկատե՞լ եք, որ քաղաքում շատ մարդիկ այսպիսի պլակետկաներ են կրում»։ Մատուցողը պատասխանել էր, որ իրականում դա իրեն հետաքրքրել է։ Այսպիսով վկայություն տալու լավ հնարավորություն էր ստեղծվել, իսկ զրույցի վերջում եղբայրը մատուցողին հրավիրել էր համաժողովի։
9. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր գնահատանքը Տանտիրոջ՝ Եհովայի հանդեպ։
9 Թեև բոլոր ելույթները, հարցազրույցները և ցուցադրումները ներկայացնում են եղբայրները, սակայն իրականում մեր երկնային Հայր Եհովան է, որ կազմակերպում է այս հոգևոր խնջույքը (Ես. 65։13, 14)։ Մենք ցույց կտանք մեր գնահատանքը Տանտիրոջ՝ Եհովայի հանդեպ, եթե ներկա լինենք այդ խնջույքին և «համտեսենք բոլոր ուտեստները», որոնք կմատուցվեն ծրագրի ժամանակ։ Պատրա՞ստ ես մասնակցելու այս խնջույքին։
[Նկար 6–րդ էջի վրա]
Հիշեցումներ մարզային համաժողովի վերաբերյալ
◼ Ծրագրի ժամերը։ Բոլոր երեք օրերին ծրագիրը կսկսվի ժամը 9։20–ին։ Դռները կբացվեն ժամը 8։00–ին։ Երբ հնչեն Թագավորության մեղեդիները, բոլորս պետք է զբաղեցնենք մեր տեղերը, որպեսզի ծրագիրը սկսվի ժամանակին։ Առաջին ու երկրորդ օրերին ծրագիրը կավարտվի ժամը 16։55–ին, իսկ վերջին օրը՝ ժամը 16։00–ին։ Միջազգային համաժողովների ժամանակ հինգշաբթի օրը ծրագիրը կսկսվի ժամը 13։20–ին և կավարտվի 16։45–ին։
◼ Կայանատեղեր։ Համաժողովի անցկացման այն վայրերում, որտեղ կայանատեղերը հսկողության տակ են, մեքենաները հնարավոր կլինի կայանել անվճար։ Քանի որ սովորաբար տեղերը սահմանափակ են, լավ կլինի, որ մեկ մեքենայով գան մի քանի հոգի, որպեսզի հնարավորինս նվազի մեքենաների քանակը։
◼ Նստատեղեր։ Տեղեր կարելի է զբաղեցնել միայն նրանց համար, ովքեր քեզ հետ միասին նույն փոխադրամիջոցով են գալիս համաժողով կամ ապրում են միևնույն տանը։
◼ Ընդմիջում։ Խնդրում ենք, քեզ հետ ուտելու ինչ–որ բան վերցրու, որպեսզի ընդմիջմանը համաժողովի անցկացման վայրից դուրս չգաս մթերք գնելու նպատակով։ Կարելի է գործածել փոքրիկ սառնարան–պայուսակ, որը կտեղավորվի նստարանի տակ։ Զբոսախնջույքների համար նախատեսված մեծ սառնարան–պայուսակներ և ապակե տարաներ չի թույլատրվում բերել համաժողովի անցկացման վայր։
◼ Նվիրաբերություններ։ Մարզային համաժողովի կազմակերպչական աշխատանքների համար մեր գնահատանքը կարող ենք ցույց տալ՝ համաշխարհային գործին կամավոր նվիրաբերություններ անելով Թագավորության սրահում կամ համաժողովի անցկացման վայրում։
◼ Դժբախտ պատահարներ և արտակարգ իրավիճակներ։ Արտակարգ իրավիճակներով զբաղվող ծառայությունները տեղեկացնում են, որ բջջային հեռախոսներից բազմաթիվ զանգեր են ստանում չնչին հարցերի հետ կապված։ Եթե համաժողովի վայրում ինչ–որ մեկի առողջական վիճակը կտրուկ վատանա, խնդրում ենք դիմել առաջին իսկ սպասարկուին, որն անհապաղ կտեղեկացնի առաջին օգնության բաժին։ Այդ բաժնի անձնակազմը կգնահատի իրավիճակի լրջությունը և օգնություն ցույց կտա։ Անհրաժեշտության դեպքում նրանք կզանգահարեն շտապ օգնություն։
◼ Կոշիկներ։ Նկատվել է, որ որոշ վայրերում անհարմար կոշիկների պատճառով տարբեր վնասվածքներ են լինում։ Ճիշտ կլինի ընտրել համեստ ու հարմար կոշիկներ, որպեսզի կարողանաս աստիճաններով ապահով բարձրանալ և քայլել հանգիստ՝ առանց սայթաքելու։
◼ Ձայնագրություններ։ Ձայնագրիչները չպետք է միացվեն համաժողովի անցկացման վայրի էլեկտրացանցին կամ ձայնային համակարգին։ Դրանք կարող ես օգտագործել միայն այնպես, որ չշեղես ուրիշների ուշադրությունը։
◼ Մանկասայլակներ և ծալվող աթոռներ։ Համաժողովի վայր չպետք է բերել մանկասայլակներ և ծալվող աթոռներ։ Սակայն համաժողով կարելի է բերել երեխաների համար նախատեսված նստելու հատուկ հարմարանք, որը հնարավոր է ապահով դնել նստարանին՝ ծնողների կողքին։
◼ Օծանելիքներ։ Համաժողովների մեծ մասն անցկացվում է փակ սրահներում, որտեղ արհեստական օդափոխություն է կատարվում։ Ուստի մենք բարություն դրսևորած կլինենք, եթե այդ օրերին քիչ օծանելիք օգտագործենք, որպեսզի շնչառական օրգանների հետ կապված խնդիրներ ունեցողների մոտ սուր ռեակցիա չառաջանա (1 Կորնթ. 10։24)։
◼ «Խնդրում ենք, այցելիր» բլանկը։ «Խնդրում ենք, այցելիր» (S-43) բլանկը պետք է գործածենք, երբ համաժողովի անցկացման օրերին ոչ պաշտոնական վկայություն ենք տալիս որևէ մեկին, և նա հետաքրքրվում է։ Քարոզիչները բլանկի մեկ կամ երկու օրինակ պետք է ունենան։ Լրացված բլանկները կարող ես փոխանցել գրականության բաժին կամ տալ քո ժողովի քարտուղարին (տե՛ս 2005 թ. փետրվարի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը, էջ 6)։
◼ Ռեստորաններ։ Ռեստորաններում լավ վարք դրսևորելով՝ պատվիր Եհովային։ Շատ վայրերում ընդունված է 10–15 տոկոս թեյանվեր թողնել՝ կախված այն բանից, թե ինչպիսի ծառայություն է մատուցվում տվյալ ռեստորանում։
◼ Հյուրանոցներ։ 1) Խնդրում ենք հյուրանոցային համարներ չպատվիրել, եթե դրանց կարիքը չունես։ Հյուրանոցի սենյակում պետք է գիշերի այնքան մարդ, որքան թույլ է տրվում։ 2) Եթե պիտի հրաժարվես հյուրանոցային համարից, ապա այդ մասին տեղյակ պահիր հնարավորինս շուտ։ 3) Իրերը տեղափոխելու սայլակը պատվիրիր միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է, և անմիջապես այն վերադարձրու, որպեսզի մյուսներն էլ օգտվեն դրանից։ 4) Սենյակում կերակուր մի՛ պատրաստիր։ 5) Ամեն օր կարելի է սպասուհու համար թեյանվեր թողնել։ 6) Չափավոր օգտվիր հյուրանոցում տրվող նախաճաշից։ 7) Դրսևորիր ոգու պտղի հատկությունները հյուրանոցի անձնակազմի հետ առնչվելիս։ Նրանք հյուրընկալում են շատերին ու գնահատում են այցելուների բարությունը, համբերատարությունը և ողջամտությունը։ 8) «Առաջարկվող կացարանների ցուցակում» նշված գնի մեջ չի մտնում հարկը։ Եթե քեզ ներկայացնում են հաշիվը այն բաների համար, որոնցից չես օգտվել, վճարումներ մի՛ կատարիր ու անմիջապես այդ մասին տեղեկացրու համաժողովի բնակարանային բաժնին։ 9) Եթե որևէ խնդիր առաջանա հյուրանոցի համարի հետ կապված, այդ մասին տեղյակ պահիր բնակարանային բաժնին։