Ո՞րն է քո «ուրախանալու պատճառը»
1. Ամեն ամսվա վերջում ուրախանալու ի՞նչ պատճառ ենք ունենում։
1 Երբ ամիսը վերջանում է, և բոլոր քարոզիչներին խնդրում են հանձնել քարոզչական ծառայության հաշվետվությունները, «ուրախանալու ի՞նչ պատճառ» ես ունենում դու (Գաղ. 6։4)։ Անկախ նրանից՝ 130 ժամ հանձնող հատուկ ռահվիրա ենք, թե այնպիսի քարոզիչ, որից ընդունվում է հաշվետվություն 15 րոպե, ամսվա վերջում բոլորս էլ պետք է ուրախ լինենք, որ հնարավորություն ունեցանք ամբողջ սրտով ծառայելու Եհովային (Սաղ. 100։2)։
2. Ինչո՞ւ պետք է ծառայության մեջ մեր լավագույնն անենք։
2 Եհովան տիեզերքի Գերիշխանն է և, անկասկած, նա արժանի է, որ յուրաքանչյուրս իր լավագույնը տա նրան (Մաղ. 1։6)։ Սիրելով Աստծուն և ցանկանալով կատարել նրա կամքը՝ մենք մեր կյանքը նվիրել ենք նրան։ Եթե օրվա կամ ամսվա վերջում ներքին համոզվածություն ենք զգում, որ Եհովայի ծառայությանը տրամադրել ենք մեր ժամանակի, ունակությունների և ուժի «առաջին պտուղները», այսինքն՝ մեր լավագույնը, ապա ուրախանալու պատճառ ենք ունենում (Առակ. 3։9)։ Իսկ եթե մեր խիղճը վկայում է մեր դեմ, այդ դեպքում պետք է մտածենք, թե ինչ փոփոխություններ է անհրաժեշտ անել (Հռոմ. 2։15)։
3. Ինչո՞ւ խելամիտ չէ համեմատելը։
3 «Առանց իրեն ուրիշի հետ համեմատելու»։ Խելամիտ չի լինի, եթե մեզ համեմատենք ուրիշների հետ կամ հենց ինքներս մեզ հետ, այսինքն՝ այն ժամանակների հետ, երբ ավելի շատ բան էինք կարողանում անել ծառայության մեջ։ Հանգամանքները փոխվում են։ Կարողությունները տարբեր են։ Համեմատելը հաճախ տանում է մրցակցության և կարող է թերարժեքության զգացում առաջացնել (Գաղ. 5։26; 6։4)։ Հիսուսը համեմատություններ չէր անում, այլ պարզապես գովում էր մարդուն իր արածի համար (Մարկ. 14։6–9)։
4. Ի՞նչ արժեքավոր բաներ ենք սովորում տաղանդների առակից։
4 Հիսուսի պատմած տաղանդների առակում տերը յուրաքանչյուր աշխատողի տվեց «իր կարողության» չափով տաղանդ (Մատթ. 25։15)։ Հետո տերը վերադարձավ և հաշիվ պահանջեց նրանցից։ Ովքեր իրենց կարողությունների սահմաններում և հանգամանքներում լավագույնն էին արել, գովասանքի արժանացան տիրոջ կողմից և մասնակցեցին նրա ուրախությանը (Մատթ. 25։21, 23)։ Եթե մենք էլ այսպես զբաղված լինենք Թագավորության քարոզչության գործով, ապա կարող ենք վստահ լինել, որ Աստված հավանում է մեզ։ Մենք ուրախանալու պատճառ կունենանք։