Հաճույք ստացիր քո տքնաջան աշխատանքից
1. Ի՞նչը կարող է նվազեցնել մեր եռանդը։
1 Եհովան մարդուն այնպես է ստեղծել, որ նա «իր տքնաջան աշխատանքից.... հաճույք» ստանա (Ժող. 2։24)։ Սակայն եթե մեր ծառայությունից հաճույք չստանանք, հնարավոր է՝ հուսահատվենք, կորցնենք մեր ուրախությունը, պակաս եռանդուն դառնանք։ Ի՞նչը կօգնի դրական տրամադրվածություն պահպանելու։
2. Ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենանք ծառայության մեջ։
2 Իրական ակնկալիքներ ունեցիր։ Հիշենք, որ չնայած քչերն արձագանքեցին Հիսուսի ծառայությանը, բայց այն, անկասկած, մեծ հաջողություն ունեցավ (Հովհ. 17։4)։ Սերմնացանի առակում Հիսուսը նշեց, որ մեծ մասամբ մարդկանց սրտերը ընկալունակ չեն լինելու Թագավորության լուրի հանդեպ (Մատթ. 13։3–8, 18–22)։ Այնուամենայնիվ, մեր ժրաջանությամբ շատ բան կարող ենք անել։
3. Անկախ մարդկանց արձագանքից՝ ինչպե՞ս կարող ենք «պտուղ տալ»։
3 Ինչպես շատ պտուղ տալ։ Սերմնացանի առակի համաձայն՝ ով ընդունում է լուրը, պտուղ է տալիս (Մատթ. 13։23)։ Երբ ցորենի ծիլը մեծանում է և ի վերջո պտուղ բերում, այդ պտուղը ոչ թե ցորենի փոքրիկ ծիլեր են, այլ նոր սերմեր։ Նմանապես քրիստոնյան անպայման չէ, որ որպես պտուղ պատրաստի նոր աշակերտ։ Նրա պտուղը Թագավորության այն բազմաթիվ սերմերն են, որ նա ցանում է, այսինքն՝ քարոզում է բարի լուրը։ Սա մեզ մեծ հաճույք է պատճառում՝ անկախ մարդկանց արձագանքից։ Բացի այդ, նպաստում ենք Եհովայի անվան սրբացմանը (Ես. 43։10–12; Մատթ. 6։9)։ Մենք ուրախ ենք, որ պատիվ ունենք լինելու Աստծու համագործակիցը (1 Կորնթ. 3։9)։ Եվ, վերջապես, մեր «շուրթերի պտուղը» հաճույք է պատճառում Եհովային (Եբր. 13։15, 16)։
4. Ի՞նչ արդյունք կարող է բերել մեր ծառայությունը՝ մեզնից աննկատ։
4 Պետք է հիշենք, որ մեր «տքնաջան աշխատանքը» կարող է արդյունքներ տալ ոչ անմիջապես, այլ հետագայում՝ մեր աչքից աննկատ։ Օրինակ՝ հնարավոր է՝ Հիսուսին լսողներից ոմանք աշակերտ դարձան միայն նրա մահից հետո։ Նմանապես Թագավորության սերմը, որ ցանում ենք, կարող է մարդու սրտում արմատ գցել ավելի ուշ, և երբ նա մկրտվի, մենք գուցե դրա մասին չիմանանք։ Այո՛, մեր ծառայությունը մեծ հաճույք կարող է բերել։ Ուստի թող որ «շարունակենք շատ պտուղ բերել» և ապացուցել, որ Հիսուսի աշակերտն ենք (Հովհ. 15։8)։