Հարցերի արկղ
◼ Չմկրտված քարոզիչը ի՞նչ չափով պետք է հաճախի ժողովի հանդիպումներին և մասնակցի ծառայությանը, որպեսզի կարողանա մկրտվել։
Մկրտությունը ամենակարևոր որոշումն է կյանքում։ Ուստի քարոզիչը նախքան մկրտվելը պետք է բավական լավ հասկանա, թե ինչ է Աստված պահանջում իրենից։ Բացի այդ, նա պետք է ցույց տա, որ վճռել է ապրել Աստծու չափանիշների համաձայն։
Քրիստոնյաներին հորդոր է տրվում բաց չթողնել հավաքույթները, ուստի չմկրտված քարոզիչը պետք է արդեն իսկ ցույց տված լինի, որ ջանք չի խնայում ժողովի հանդիպումներին մասնակցելու համար (Եբր. 10։24, 25)։ Սովորաբար նա նաև պետք է մեկնաբանություններ տա հանդիպումներին։ Հավանաբար, նա ցուցակագրված կլինի Աստվածապետական ծառայության դպրոցին, թեև սա պահանջ չէ։
Բացի այդ, քանի որ քրիստոնյաները հանձնարարություն են ստացել քարոզելու բարի լուրը և աշակերտ պատրաստելու, չմկրտված քարոզիչը պետք է կանոնավորաբար մասնակցի ծառայությանը (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Քանի՞ ամիս նա պետք է քարոզի, որ կարողանա մկրտվել։ Տրամաբանական է, որ բավականաչափ ժամանակ պետք է անցնի, մինչև որ նա ցույց տա, որ վճռական է կանոնավորաբար ու եռանդորեն քարոզել բարի լուրը (Սաղ. 78։37)։ Սակայն չպետք է շատ երկար ժամանակ անցնի. մի քանի ամիսը (կամ մի քիչ ավելի շատ) կարող է բավարար լինել։ Քանի՞ ժամ նա պետք է ամեն ամիս ծառայի։ Սրա հետ կապված խիստ կանոններ չկան։ Երեցները պետք է հաշվի առնեն յուրաքանչյուր քարոզչի հանգամանքները և լինեն ողջամիտ ու հավասարակշռված (Ղուկ. 21։1–4)։
Այն երեցները (կամ ծառայող օգնականները, եթե ժողովում երեցները քիչ են), որոնք հանդիպում են մկրտության թեկնածուի հետ, պետք է հիշեն, որ ամեն մարդ տարբեր է, ուստի նրանք պետք է առողջ դատողություն դրսևորեն, երբ որոշում են, թե արդյոք նա համապատասխանում է մկրտության չափանիշներին։ Նրանք ակնկալում են նրա մեջ տեսնել Եհովայի վկա դառնալու մեծ ցանկություն և երախտագիտություն այն պատվի համար, որ ինքը Եհովայի կազմակերպության մի մասն է և մասնակցում է քարոզչական ծառայությանը։ Երեցները հասկանում են, որ նա դեռ չի հասել հոգևոր հասունության և չունի մկրտված քարոզիչների փորձը։ Եթե երեցները եզրակացնեն, որ քարոզիչը չի համապատասխանում մկրտության չափանիշներին, բարյացակամորեն կհայտնեն իրենց որոշման մասին և կասեն, թե աստվածաշնչյան ինչ պատճառներ կան այդպիսի որոշում կայացնելու համար։ Երեցները հոգ կտանեն, որ նա հոգևոր աջակցություն ստանա։