«Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները
Մարտի 13-19
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵՐԵՄԻԱ 5-7
«Նրանք այլևս չէին վարվում Աստծու կամքի համաձայն»
w88 4/1, էջ 11, 12, պրբ. 7, 8
Երեմիա. մարդկանց կողմից չընդունված մարգարե, որն ազդարարում էր Աստծու դատաստանները
7 «Նրանք կպատերազմեն քո դեմ, բայց քեզ չեն հաղթի, որովհետև «ես քեզ հետ եմ,– ասում է Եհովան,– որ ազատեմ քեզ»» (Երեմ. 1։19)։ Ինչո՞ւ էին հրեաները և իրենց կառավարիչները «պատերազմում» այս մարգարեի դեմ։ Երեմիայի ազդարարած պատգամը քողազերծում էր նրանց ու հստակ ցույց էր տալիս, որ նրանք ինքնագոհ են ու ձևական են երկրպագում Աստծուն։ Սակայն Երեմիան շարունակում էր իր գործը. «Ահա Եհովայի խոսքը նրանց համար նախատինք է դարձել և այլևս ախորժելի չէ նրանց համար։ Նրանց փոքրից մինչև մեծը՝ բոլորն էլ անազնիվ շահի հետևից են ընկնում, և մարգարեից մինչև քահանան՝ [նրանք, ովքեր պետք է հետևեին, որ հոգևոր ու բարոյական արժեքները պահպանվեին] բոլորն էլ ստությամբ են վարվում» (Երեմիա 6։10, 13)։
8 Թեև քահանաները իսրայելացիների բերած զոհաբերություններն էին մատուցում Աստծուն և առաջնորդում էին ճշմարիտ երկրպագության մեջ, բայց դա ձևական բնույթ էր կրում, քանի որ ճշմարտությունը նրանց սրտում չէր։ Ծեսերը նրանց համար ավելի մեծ նշանակություն ունեին, քան ճիշտ ապրելակերպը։ Նրանք փորձում էին կեղծ ապահովության զգացում առաջացնել մարդկանց մեջ՝ ասելով. «Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն է», բայց իրականում խաղաղություն չկար (Երեմիա 6։14; 8։11)։ Կրոնական առաջնորդները պարզապես մոլորության մեջ էին գցում մարդկանց՝ հավատացնելով, թե նրանք լավ փոխհարաբերություններ ունեն Աստծու հետ։ Նրանք կարծում էին, որ արդեն փրկված են, քանի որ սուրբ քաղաքն ու տաճարն իրենց են պատկանում։ Իսկ Եհովան ի՞նչ էր մտածում այդ հարցի վերաբերյալ։
w88 4/1, էջ 12, պրբ. 9, 10
Երեմիա. մարդկանց կողմից չընդունված մարգարե, որն ազդարարում էր Աստծու դատաստանները
9 Եհովան պատվիրեց Երեմիային տաճարի դռների մոտ կանգնել ու բացահայտորեն իր պատգամը հաղորդել այն բոլոր մարդկանց, ովքեր ներս էին մտնում։ Նա պիտի ասեր նրանց. «Մի՛ ապավինեք մոլորեցնող խոսքերի՝ ասելով. «Եհովայի տաճարը, Եհովայի տաճարը, այս ամենը Եհովայի տաճարն է».... ինչը ձեզ ոչ մի օգուտ չի տալու»։ Հպարտանալով իրենց տաճարով՝ հրեաները ցույց էին տալիս, որ ոչ թե հոգևոր, այլ տեսանելի բաներով են քայլում։ Նրանք մոռացել էին Եհովայի նախազգուշական խոսքերը. «Երկինքն իմ գահն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Այդ ի՞նչ տուն պիտի շինեք ինձ համար, և որտե՞ղ է իմ բնակության վայրը» (Եր 7։1–8; Ես 66։1)։ Եհովան՝ տիեզերքի Գերիշխան Տերը, չէր կարող բնակվել այդ տաճարի սահմանափակ տարածության մեջ, ինչքան էլ որ այն փառահեղ լիներ։
10 Երեմիան շարունակեց խիստ հանդիմանությունը. «Կարելի՞ է արդյոք գողանալ, սպանել, շնություն գործել, սուտ երդում տալ, զոհերի ծուխը վեր հանել Բահաղի համար, գնալ ուրիշ աստվածների հետևից, որոնց դուք չէիք ճանաչում....և ասել, թե՝ «մենք կփրկվենք», չնայած որ այս բոլոր գարշելի բաներն եք անում»։ Հրեաները, որպես Աստծու «ընտրյալ ազգ», կարծում էին, թե Եհովան կհանդուրժի իրենց բոլոր արարքները՝ նայելով իրենց բերած զոհերին (Եր 7։9, 10; Ելք 19։5, 6)։ Բայց եթե նրանք կարծում էին, թե Եհովան միայն զգացմունքներով առաջնորդվող հայր է, որը երես է տալիս իր միակ երեխային, ապա նրանց խոր հիասթափություն էր սպասվում (Եր 7։9, 10; Ելք 19։5, 6)։
w88 4/1, էջ 13, պրբ. 15
Երեմիա. մարդկանց կողմից չընդունված մարգարե, որն ազդարարում էր Աստծու դատաստանները
Հուդան հատուցում է
15 Մ. թ. ա. 632 թ. քաղդեացիներն ու մարերը արդեն գրավել էին Ասորեստանը, իսկ Եգիպտոսը փոքր տերություն էր Հուդայի հարավում։ Հուդայի համար լուրջ վտանգ կարող էին ներկայացնել հյուսիսում գտնվող թշնամիները։ Ուստի Երեմիան իր հայրենակիցներին տխուր լուր պիտի հայտներ. «Ահա հյուսիսի երկրից մի ժողովուրդ է գալու.... Դա մի անգութ և անողորմ ազգ է.... Նրանք ռազմիկների պես մարտական կարգով շարված են քո դեմ, ո՛վ Սիոնի դուստր»։ Այդ ժամանակ որպես աշխարհակալ ուժ իր դիրքերն էր ամրապնդում Բաբելոնը։ Այն Եհովայի ձեռքում գործիք էր դառնալու անհավատ Հուդային պատժելու համար (Եր 6։22, 23; 25։8, 9)։