ՄԱՐՏԻ 23-29, 2026
ԵՐԳ 18 Երախտապարտ ենք փրկագնի համար
Ինչպե՞ս կարող ես ցույց տալ գնահատանքդ փրկագնի համար
«Քրիստոսի սերը պարտավորեցնում է մեզ» (2 ԿՈՐՆԹ. 5։14)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Ինչպես կարող է մեզանից յուրաքանչյուրը ցույց տալ, որ երախտապարտ է փրկագնի համար։
1-2. Հիսուսի քավիչ զոհը ի՞նչ պետք է մղի մեզ անելու և ինչո՞ւ (2 Կորնթացիներ 5։14, 15; տես նաև նկարը)։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ քեզ հանել են փլատակների տակից։ Մի՞թե պարտքի զգացում չես ունենա այն մարդու նկատմամբ, ով փրկել է քեզ։ Նույնիսկ եթե բացի քեզնից՝ ուրիշներն էլ են փրկվել, միևնույն է, դու կցանկանաս գնալ ու անձամբ հայտնել նրան քո երախտագիտությունը և ցույց տալ, որ նրա արածը սովորական բան չէ քեզ համար։
2 Ինչպես իմացանք նախորդ հոդվածից, մենք ինքնուրույն չենք կարող ազատվել ժառանգած մեղքի ազդեցությունից։ Սակայն Հիսուսի քավիչ զոհի միջոցով մենք փրկվում ենք, քանի որ 1) մեր մեղքերը ներվում են, 2) ունենում ենք հույս, որ լիովին կապաքինվենք մեղսավոր վիճակից, և 3) հաշտվում ենք Աստծու հետ։ Փրկագնի շնորհիվ նոր աշխարհում հավիտյան ապրելու հեռանկար ունենք։ Իսկապես, փրկագինը Հիսուսի՝ մարդկանց հանդեպ ունեցած սիրո ապացույցն է, սեր, որը նա ուներ երկրի վրա որպես կատարյալ մարդ ծնվելուց շատ առաջ (Առակ. 8։30, 31)։ Պողոս առաքյալը գրել է. «Քրիստոսի սերը պարտավորեցնում է մեզ» (կարդա 2 Կորնթացիներ 5։14, 15)։ Այսինքն՝ մենք պետք է մղվենք արտահայտել մեր երախտագիտությունը Հիսուսի դրսևորած սիրո համար և ցույց տալ, որ փրկագինը սովորական բան չենք համարում։
Անկախ նրանից՝ մեզ դուրս են բերել փլատակների տակից, թե ազատել են մեղքից, մենք պարտական ենք մեզ փրկողին (տես պարբերություններ 1-2)
3. Ինչո՞ւ տարբեր մարդիկ գուցե տարբեր ձևով արտահայտեն իրենց երախտագիտությունը փրկագնի համար։
3 Ինչպե՞ս կարտահայտես քո երախտագիտությունը փրկագնի համար։ Յուրաքանչյուրս այս հարցին գուցե տարբեր կերպ պատասխանի։ Պարզաբանենք օրինակով։ Երեք հոգի գնում են միևնույն վայրը, սակայն ճամփորդությունը սկսել են տարբեր քաղաքներից։ Պարզ է, որ նրանց ճանապարհները տարբեր կլինեն։ Նույն ձևով էլ այն «ճանապարհը», որով մենք գնում ենք դեպի մեր նպատակը, այսինքն՝ փրկագնի համար երախտագիտություն ցույց տալը, կախված է նրանից, թե Եհովայի հետ ինչ հարաբերություններ ունենք։ Սա ի մտի ունենալով՝ կխոսենք երեք խմբի մարդկանց մասին՝ 1) Աստվածաշունչ ուսումնասիրողների, 2) մկրտված անհատների և 3) հոտից հեռացած գառների։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐ
4. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում Աստվածաշունչ ուսումնասիրողներին։
4 Եթե Աստվածաշունչ ես ուսումնասիրում, մտածիր. այն, որ դու դրական ես արձագանքել բարի լուրին, ցույց է տալիս, որ Եհովան ձգել է քեզ դեպի իրեն և ուզում է՝ ընկերանաս իր հետ (Հովհ. 6։44; Գործ. 13։48)։ Եհովան «սրտեր քննող» է։ Հետևաբար նա տեսնում է, որ ջանքեր ես ներդնում իրեն ճանաչելու համար, և ուրախանում է, որ փոփոխություններ ես անում, որպեսզի համապատասխանես իր չափանիշներին (Առակ. 17։3; 27։11)։ Փրկագնի շնորհիվ է, որ կարող ես մտերիմ հարաբերություններ ունենալ Եհովայի հետ (Հռոմ. 5։10, 11)։ Երբեք սովորական բան չհամարես դա։
5. Ինչպե՞ս կարող են Աստվածաշունչ ուսումնասիրողները կիրառել Փիլիպպեցիներ 3։16-ում գրված խորհուրդը։
5 Սիրելի՛ Աստվածաշունչ ուսումնասիրող, ինչպե՞ս կարող ես գնահատանք արտահայտել փրկագնի համար։ Կերպերից մեկը Պողոս առաքյալի՝ փիլիպպեցիներին տված հետևյալ խորհուրդը կիրառելն է. «Ինչպես որ առաջադիմել ենք մինչև հիմա, եկեք նույն ձևով շարունակենք առաջ ընթանալ այդ ուղով» (Փիլիպ. 3։16)։ Ուստի շարունակիր ընթանալ կյանքի առաջնորդող ճանապարհով և թույլ մի՛ տուր, որ որևէ բան խանգարի քո առաջադիմությանը (Մատթ. 7։14; Ղուկ. 9։62)։
6. Ի՞նչ կարող է անել Աստվածաշունչ ուսումնասիրողը, եթե դժվարանում է փոփոխություններ անել (2 Օրենք 30։11-14; տես նաև նկարը)։
6 Կա՞ որևէ ուսմունք, որ վերջերս ես իմացել, բայց դժվարանում ես ընդունել։ Դրա վերաբերյալ փնտրտուքներ արա և աղոթիր Եհովային, որ օգնի քեզ ավելի լավ հասկանալ այն (Սաղ. 86։11)։ Եթե այնուամենայնիվ դժվարանաս հասկանալ, այդ հարցին կարող ես հետո անդրադառնալ, բայց մի՛ դադարեցրու ուսումնասիրությունդ։ Կամ էլ հնարավոր է՝ քեզ համար հեշտ չէ հրաժարվել Աստծուն տհաճ որևէ սովորությունից։ Հիշիր. Եհովան երբեք չի պահանջում մի բան, ինչը անկատար մարդու ուժերից վեր է։ Դու կարող ես ապրել նրա չափանիշներով (կարդա 2 Օրենք 30։11-14)։ Ավելին՝ Եհովան խոստանում է օգնել քեզ (Ես. 41։10, 13; 1 Կորնթ. 10։13)։ Ուստի մի՛ հանձնվիր։ Քո խնդրի վրա կենտրոնանալու փոխարեն կենտրոնացիր բոլոր այն լավ բաների վրա, որ Եհովան արել է քեզ համար, այդ թվում՝ փրկագնի։ Այդպես երախտագիտություն կզարգացնես նրա հանդեպ։ Որքան շատ սիրես Եհովային, այնքան ավելի շատ կհամոզվես, որ «նրա պատվիրանները.... ծանրաբեռնող չեն» (1 Հովհ. 5։3)։a
Եհովան երբեք մեզնից անհնարինը չի պահանջում։ Նա կօգնի մեզ ապրել իր չափանիշների համաձայն (տես պարբերություն 6)
7. Ինչի՞ մասին կարող են մտածել այն պատանիները, ովքեր մեծացել են Վկաների ընտանիքում։
7 Եթե մեծացել ես Վկաների ընտանիքում, դու նույնպես Աստվածաշունչ ուսումնասիրող ես։ Իրականում դու ծնողներիդ ամենակարևոր Աստվածաշունչ ուսումնասիրողն ես։ Աստծու Խոսքն ասում է. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակ. 4։8; 1 Տար. 28։9)։ Երբ դու քայլեր ձեռնարկես Եհովայի հետ մտերմանալու համար, ի պատասխան՝ նա կմտերմանա քեզ հետ։ Եհովան քեզ չի դիտում որպես խմբի մի մասնիկ։ Նա դեպի իրեն է ձգում յուրաքանչյուրին, այդ թվում՝ նրանց, ովքեր մեծացել են Վկաների ընտանիքում։ Իսկ ինչի՞ շնորհիվ կարող ես անձնական հարաբերություններ ունենալ Եհովայի հետ. փրկագնի՝ մի բան, ինչը երբեք չպետք է սովորական համարես (Հռոմ. 5։1, 2)։ Ուստի այս տարվա Հիշատակի երեկոյից առաջ մտածիր, թե Հիսուսի մահը ինչ նշանակություն ունի քեզ համար։ Թող որ այդ խորհրդածությունը մղի քեզ հասնելու քո հաջորդ հոգևոր նպատակին, ինչ էլ որ այն լինի, և փաստելու, որ գնահատում ես Եհովայի՝ իր Որդու միջոցով տված փրկագինը։b
ՄԿՐՏՎԱԾ ԱՆՀԱՏՆԵՐ
8. Ինչպե՞ս են մկրտված անհատները հավատ դրսևորել փրկագնի հանդեպ։
8 Եթե մկրտված ես, արդեն տարբեր կերպերով հավատ ես դրսևորել փրկագնի հանդեպ։ Օրինակ՝ քայլեր ես արել, որ մտերմանաս Եհովայի հետ և կյանքդ համապատասխանեցնես նրա չափանիշներին։ Թագավորության մասին լուրը ուրիշներին հայտնելով՝ դու հնազանդվել ես աշակերտներ դարձնելու վերաբերյալ Հիսուսի պատվերին։ Դու կյանքդ նվիրվել ես Եհովային ու մկրտվել։ Ճշմարիտ երկրպագության կողմը բռնելու համար գուցե հակառակության ես բախվել (2 Տիմոթ. 3։12)։ Քո հավատարմությունն ու դիմացկունությունը ցույց են տալիս, որ սիրում ես Եհովային և գնահատում ես Հիսուսի միջոցով տրված փրկագինը (Եբր. 12։2, 3)։
9. Ի՞նչ վտանգ կա քրիստոնյաների համար։
9 Լինելով քրիստոնյա՝ մենք պետք է գիտակցենք, որ ժամանակի ընթացքում փրկագինը սովորական բան համարելու վտանգ կա։ Իսկ ինչպե՞ս կարող է դա լինել։ Տեսնենք, թե ինչ ասաց հարություն առած Հիսուսը առաջին դարում ապրող եփեսացի քրիստոնյաներին։ Նա գովեց ժողովին դիմացկունության համար, սակայն ասաց. «Քո դեմ մի բան ունեմ. դու այլևս չունես այն սերը, որը սկզբից ունեիր» (Հայտն. 2։3, 4)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ քրիստոնյայի երկրպագությունը աստիճանաբար կարող է վերածվել մեխանիկական գործողության։ Անհատը կարող է աղոթել, ժողովներ հաճախել, մասնակցել ծառայությանը, բայց դա անել զուտ սովորության համաձայն։ Նրա մղիչ ուժը այլևս սերը չէ։ Ի՞նչ կարող ես անել, եթե զգում ես, որ Եհովայի հանդեպ ունեցած քո սերը առաջվա պես ամուր չէ։
10. Ինչպե՞ս կարող ենք «խորհրդածել» Աստծուն մատուցած մեր երկրպագության մասին և «կլանված լինել» դրանով (1 Տիմոթեոս 4։13, 15)։
10 Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասաց, որ «խորհրդածի» Աստծուն մատուցած իր երկրպագության մասին և «կլանված լինի» դրանով (կարդա 1 Տիմոթեոս 4։13, 15)։ Վարվելով այդ խորհրդի համաձայն՝ մտածիր, թե ինչպես կարող ես երկրպագությունդ ավելի իմաստալից դարձնել, որպեսզի շարունակես «սուրբ ոգու միջոցով լցվել բուռն խանդավառությամբ» (Հռոմ. 12։11)։ Օրինակ՝ փորձիր ավելի ուշադիր լինել ժողովներին՝ լավ նախապատրաստվելով դրանց։ Նաև ձգտիր քո անձնական ուսումնասիրությունը ավելի արդյունավետ դարձնել՝ ժամանակ առ ժամանակ առանձնանալով, որ խորհես ուսումնասիրածդ նյութի շուրջ։ Կրակը բոցավառված պահելու համար անհրաժեշտ է անընդհատ փայտ գցել դրա մեջ։ Նմանապես՝ Եհովայի արած բաների, այդ թվում՝ փրկագնի հանդեպ գնահատանքդ վառ պահելու համար պետք է շարունակ բարելավվես այս ոլորտներում։ Բացի այդ՝ Հիշատակի երեկոյին նախորդող շաբաթներին լավ առիթ ունես մտածելու այն առանձնահատուկ օրհնությունների մասին, որ վայելում ես՝ լինելով Եհովայի վկա։ Անկասկած, դա կխորացնի երախտագիտությունդ փրկագնի համար, որը Եհովայի հետ ընկերանալու հիմքն է։
11-12. Եթե մեր եռանդը ժամանակավորապես նվազել է, ուրեմն Աստված այլևս չի՞ տալիս մեզ իր ոգին։ Բացատրիր (տես նաև նկարը)։
11 Եթե մի որոշ ժամանակ զգում ես, որ եռանդով չես երկրպագում Աստծուն, մի՛ վհատվիր և մի՛ եզրակացրու, որ այլևս չունես նրա ոգին։ Հիշիր, թե Պողոս առաքյալը իր ծառայության վերաբերյալ ինչ գրեց կորնթացիներին. «Եթե իմ կամքին հակառակ էլ անեմ, միևնույն է, դա ինձ վստահված պատասխանատվություն է, որ պետք է կատարեմ» (1 Կորնթ. 9։17)։ Ի՞նչ նկատի ուներ նա։
12 Պողոսը այնպիսի հակումներ ուներ, որոնք խեղդում էին քարոզելու նրա ցանկությունը։ Այնուամենայնիվ, նա վճռել էր շարունակել իր ծառայությունը՝ անկախ նրանից, թե տվյալ պահին ինչ էր զգում։ Դու նույնպես կարող ես նույն տրամադրվածությունն ունենալ։ Վճռիր ճիշտն անել, անգամ եթե չես ցանկանում այդպես վարվել։ Աղոթիր, որ ունենաս «գործելու թե՛ ցանկություն, թե՛ ուժ» (Փիլիպ. 2։13)։ Զբաղված մնա հոգևոր գործերով։ Վստահ եղիր, որ ժամանակի ընթացքում քո աստվածահաճո արարքները կազդեն ցանկություններիդ վրա և կբոցավառեն այն սերը, որ դեռ ունես քո սրտում։
Զբաղված մնա հոգևոր գործերով, անգամ եթե երբեմն այդպես վարվելու ցանկություն չունես (տես պարբերություններ 11-12)
13. Ինչպե՞ս կարող ենք շարունակ ստուգել, թե «արդյոք հավատի մեջ ենք»։
13 Ժամանակ առ ժամանակ լավ կլինի՝ ինքնաքննություն անենք՝ կիրառելով 2 Կորնթացիներ 13։5-ում գրված հետևյալ խորհուրդը. «Շարունակ ստուգեք, թե արդյոք հավատի մեջ եք, և շարունակ պարզեք, թե ովքեր եք դուք»։ Կարող ենք պարբերաբար ինքներս մեզ հարցնել. «Թագավորության շահերը իմ կյանքում առաջի՞ն տեղում են (Մատթ. 6։33)։ Իմ ընտրած զվարճություններից երևո՞ւմ է, որ ատում եմ այն, ինչ չար է (Սաղ. 97։10)։ Նպաստո՞ւմ եմ ժողովի խաղաղությանն ու միասնությանը» (Եփես. 4։2, 3)։ Հիշատակի երեկոյի շրջանը լավ առիթ է Եհովայի տված փրկագնի շուրջ խորհելու, ինքնաքննություն անելու և հավաստիանալու, որ ապրում ենք Քրիստոսի համար, ոչ թե մեր։
ՀՈՏԻՑ ՀԵՌԱՑԱԾ ԳԱՌՆԵՐ
14. Թերևս ինչո՞ւ են որոշ քրիստոնյաներ հեռացել ժողովից։
14 Որոշ եղբայրներ ու քույրեր ամիսներ կամ նույնիսկ տարիներ Եհովային հավատարիմ ծառայելուց հետո դադարել են շփվել ժողովի հետ։ Ինչո՞ւ։ Ոմանք տարվել են «կյանքի հոգսերով» (Ղուկ. 21։34)։ Ուրիշների հավատն էլ թուլացել է հավատակցի խոսքերի կամ գործերի պատճառով (Հակ. 3։2)։ Ոմանք էլ լուրջ մեղք են գործել և վարանում են օգնության դիմել։ Որն էլ լինի պատճառը, եթե հեռացել ես ժողովից, ի՞նչ կարող ես անել։ Ի՞նչ անելու կարող է մղել քեզ փրկագինը, որը Եհովան տվել է՝ սիրուց մղված։
15. Ինչպե՞ս է Եհովան ցույց տալիս, որ հոգ է տանում հոտից հեռացած գառների մասին (Եզեկիել 34։11, 12, 16)։
15 Մտածենք այն մասին, թե ինչպես է Եհովան վերաբերվում նրանց, ովքեր հեռացել են հոտից։ Նա չի հրաժարվում նրանցից։ Փոխարենը փնտրում է մոլորված գառնուկներին, և երբ գտնում է, կերակրում է նրանց ու օգնում վերադառնալ իր մոտ (կարդա Եզեկիել 34։11, 12, 16)։ Անկասկած, Եհովան քեզ հետ էլ է այդպես վարվում։ Այն փաստը, որ դու կարդում ես այս հոդվածը, ցույց է տալիս, որ քո սրտում դեռ չի մարել Եհովային հաճեցնելու ցանկությունը։ Եհովան տեսել է քո սրտի վիճակը և քեզ ձգել դեպի ճշմարտությունը։ Նա հիմա էլ է լավը տեսնում քո մեջ և ուզում է, որ վերադառնաս։
16. Ի՞նչը կօգնի մոլորված գառնուկին վերադառնալ Եհովայի մոտ (տես նաև նկարը)։
16 «Վերադարձիր Եհովայի մոտ» գրքույկում գրված են հետևյալ քաջալերական խոսքերը. «Համոզված եղիր, որ Եհովան կօգնի քեզ վերադառնալու իր մոտ։ Նա կօգնի քեզ հաղթահարելու հոգսերդ ու մտահոգություններդ, վիրավորված զգացմունքներդ, կօգնի քեզ ունենալու ներքին խաղաղություն՝ մի բան, որ անհատը զգում է, երբ մաքուր խիղճ է ունենում։ Դու նորից կմղվես ծառայելու Եհովային քո հավատակիցների հետ»։ Հիշիր նաև, որ երեցները մեծ ցանկություն ունեն օգնելու քեզ։ Նրանք կարող են քեզ համար լինել «քամուց պաշտպանող պատսպարան, փոթորկից պաշտպանող ապաստան» (Ես. 32։2)։ Անկասկած գնահատում ես փրկագինը, ուստի կարող ես ինքդ քեզ հարցնել. «Ի՞նչ կարող եմ անել հիմա, որ «ամեն ինչ պարզեմ» Եհովայի հետ» (Ես. 1։18; 1 Պետ. 2։25)։ Կարո՞ղ ես ֆիզիկապես ներկա լինել ժողովին։ Կարո՞ղ ես զրուցել երեցներից մեկի հետ և հոգևոր օգնություն խնդրել։ Գուցե որոշվի, որ քեզ հետ հարկավոր է մի որոշ ժամանակ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Համոզված եղիր. Եհովան կօրհնի քո ջանքերը, որ ներդնում ես, որպեսզի արտահայտես գնահատանքդ իր Որդու տված փրկագնի համար։
Մտածիր. «Ի՞նչ կարող եմ անել, որ «ամեն ինչ պարզեմ» Եհովայի հետ» (տես պարբերություն 16)
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՁԱԳԱՆՔԵՍ
17-18. Այս տարվա Հիշատակի երեկոյից առաջ ինչպե՞ս կարող ենք մեր ժամանակը իմաստնորեն օգտագործել։
17 Հիսուսն ասաց, որ փրկագինը տրվել է, «որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում իր հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3։16)։ Փրկագինը մի միջոց է, որը Եհովան ձեռնարկել է մեղքի ու մահվան ազդեցությունից մեզ ազատելու համար։ Մեզանից ոչ ոք դա չպետք է սովորական բան համարի (Հռոմ. 3։23, 24; 2 Կորնթ. 6։1)։ Ուստի Հիշատակի երեկոյին նախորդող օրերը Եհովայի ու Հիսուսի ցուցաբերած սիրո մասին խորհելու լավ առիթ են, ինչն էլ պետք է մղի մեզ գնահատանք արտահայտել դրա համար։
18 Ինչպե՞ս կարող ես ցույց տալ քո գնահատանքը։ Յուրաքանչյուրս այս հարցին գուցե տարբեր կերպ պատասխանի։ Բայց վստահ եղիր, որ Եհովան կօրհնի քո և այն միլիոնավոր հավատակիցներիդ ջանքերը, ովքեր «այլևս ոչ թե իրենց համար են ապրում, այլ նրա համար, ով մահացավ հանուն իրենց» (2 Կորնթ. 5։15)։
ԵՐԳ 14 Գովաբանենք երկրի նոր Թագավորին
a Աստվածաշունչն ուսումնասիրելիս առաջադիմելու համար օգտվիր «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի յուրաքանչյուր դասի վերջում գտնվող «Նպատակ դիր» շրջանակից։
b Հոգևորապես առաջադիմելու վերաբերյալ առաջարկներ կարող ես գտնել «Դիտարանի» 2017 թ. դեկտեմբերի համարի «Պատանինե՛ր, «շարունակեք ձգտել.... հասնելու ձեր փրկությանը»» հոդվածում։