ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Առակներ 17։17. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ»
«Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17, «Նոր աշխարհ» թարգմանություն)։
«Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած» (Առակներ 17։17, «Արարատ» թարգմանություն)։
Առակներ 17։17-ի նշանակությունը
Իսկական ընկերները վստահարժան են ու հուսալի։ Հարազատ եղբոր կամ քրոջ պես՝ նրանք նվիրված են ու հոգատար, հատկապես՝ դժվար պահերին։
«Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ»։ Այս արտահայտությունը կարելի է նաև հետևյալ կերպ թարգմանել. «Ընկերները միշտ արտահայտում են իրենց սերը»։ Այստեղ օգտագործված եբրայերեն «սեր» բառը դիմացինի հանդեպ կապվածություն կամ զգացմունք ունենալուց ավելին է նշանակում։ Դա էգոիզմից զերծ սեր է, որը գործերով է դրսևորվում (1 Կորնթացիներ 13։4-7)։ Այդ տեսակ սիրով միաձուլված ընկերների կապվածությունը սերտանում է, երբ նրանց մտերմությունը փորձվում է տարաձայնությունների կամ կյանքի խնդիրների պատճառով։ Նրանք նաև հեշտությամբ են ներում իրար (Առակներ 10։12)։ Իսկական ընկերը չի նախանձում, երբ իր ընկերոջ կյանքում դրական զարգացումներ են լինում։ Ընդհակառակը, նա ուրախանում է (Հռոմեացիներ 12։15)։
«Իսկական ընկերը.... եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված»։ Այս առակը բխում է այն փաստից, որ հարազատ եղբայրների ու քույրերի միջև յուրահատուկ մտերմություն է լինում։ Ուստի երբ դժվարության միջով անցնող մեր ընկերոջ համար ոչինչ չենք խնայում, իսկական եղբոր կամ քրոջ պես ենք վարվում։ Փորձությունների ժամանակ փոխադարձ սերն ու հարգանքը ուժգնանում են, ինչի շնորհիվ ընկերությունը ոչ թե թուլանում է, այլ ավելի ամուր դառնում։
Առակներ 17։17-ի համատեքստը
«Առակներ» գիրքը իմաստության գանձարան է՝ լի դիպուկ առածներով, որոնք մտածելու տեղիք են տալիս։ Աստվածաշնչյան այս գրքի մեծ մասը գրել է Սողոմոն թագավորը։ Նրա գրելաոճը բնորոշ է հին հրեական պոեզիային, որը հանգավորման փոխարեն խոսքին ուժ էր հաղորդում հարակից տողերի իմաստային համեմատությունների կամ հակադրությունների միջոցով։ Առակներ 17։17-ը նման հոմանիշային զուգահեռականության օրինակ է. համարի երկրորդ մասը լրացնում է առաջինին՝ իմաստային կշիռ հաղորդելով նրան։ Իսկ Առակներ 18։24-ը հակադրական զուգահեռականության օրինակ է. «Կան ընկերներ, որ պատրաստ են միմյանց պատառ-պատառ անելու, բայց կա ընկեր, որ եղբորից ավելի մտերիմ է»։
Առակներ 17։17-ը գրելիս Սողոմոնը հավանաբար ի մտի ուներ իր հայր Դավթի և Սավուղ թագավորի որդի Հովնաթանի մտերմությունը (Առակներ 17։17; 1 Սամուել 13։16; 18։1; 19։1-3; 20։30-34, 41, 42; 23։16-18)։ Թեպետ Դավիթն ու Հովնաթանը հարազատներ չէին, սակայն եղբայրներից մտերիմ էին։ Հովնաթանը հանուն իր երիտասարդ ընկերոջ նույնիսկ կյանքը վտանգի տակ դրեց։a
Դիտիր «Առակներ» գրքի մասին այս կարճ տեսանյութը։
a Տես «Միավորված՝ ընկերական ամուր կապով» հոդվածը։