6 միջոց՝ ձեր առողջությունը պահպանելու համար
Խնդիր, որ գոյություն ունի զարգացող երկրներում
ՇԱՏ մարդիկ այսօր մեծ ջանքեր են ներդնում մաքրություն պահպանելու ուղղությամբ հատկապես այն երկրներում, որտեղ մաքուր ջրի պահպանման և ջրմուղ–կոյուղու հետ կապված սանիտարական պայմաններն անբավարար վիճակում են գտնվում։ Սակայն մաքրություն պահպանելու համար արժե՛ ջանքեր թափել։ Որոշ տվյալների համաձայն՝ փոքր հասակի երեխաների շրջանում հիվանդությունների և մահվան դեպքերի կեսից ավելին հետևանքն են այն մանրէների, որոնք բերանով մուտք են գործում օրգանիզմ կեղտոտ ձեռքերի, վարակված սննդի կամ ջրի միջոցով։ Շատ հիվանդություններ, հատկապես փորլուծությունը (դիարեա), հնարավոր է կանխել, եթե կիրառվեն հետևյալ խորհուրդները, որ կարող եք գտնել «Փաստեր կյանքի համար» գրքում՝ հրատարակված ՄԱԿ–ի՝ Երեխաների օգնության հիմնադրամի կողմից («United Nations Children’s Fund»)։
1. Ազատվեք արտաթորանքներից ինչպես հարկն է
Արտաթորանքի մեջ շատ մանրէներ են գտնվում։ Երբ հիվանդություններ հարուցող մանրէները հայտնվում են ջրի, սննդի մեջ, ձեռքերի, սպասքի կամ կերակուրը պատրաստելու և մատուցելու համար նախատեսված ամանեղենի վրա, նրանք կարող են բերանի և ապա կերակրափողի միջով անցնել օրգանիզմ ու արդյունքում հիվանդության պատճառ դառնալ։ Այս մանրէների տարածումը կանխելու լավագույն միջոցը բոլոր արտաթորանքներից ձերբազատվելն է։ Մարդկանց արտաթորանքների համար գոյություն ունեն զուգարաններ կամ արտաքնոցներ (դրսում գտնվող զուգարան)։ Հետևեք, որ տան մոտակայքում, ճանապարհների վրա կամ այն տեղերում, որտեղ սովորաբար երեխաները խաղում են, կենդանիների արտաթորանքներ չլինեն։
Եթե ձեր բնակության վայրում չկան զուգարաններ կամ արտաքնոցներ, արտաթորանքներն անմիջապես հողի մեջ թաղեք։ Հիշեք, որ բոլոր արտաթորանքներն էլ, այդ թվում նաև նորածին երեխաների, իրենց մեջ հիվանդածին մանրէներ են պարունակում։ Ուստի նրանց արտաթորանքները նույնպես պետք է թափել արտաքնոցը կամ հողի մեջ թաղել։
Հաճախակի մաքրեք զուգարաններն ու արտաքնոցները։ Հետևեք, որպեսզի աղբահորերը միշտ փակ վիճակում լինեն, իսկ զուգարաններում ջուրը միշտ քաշվի։
2. Լվացեք ձեր ձեռքերը
Հարկավոր է կանոնավոր լվանալ ձեռքերը։ Եթե լվացվելիս օճառ կամ մոխիր օգտագործեք, ապա մանրէները կոչնչանան։ Ձեռքերը ջրով մի թեթև ողողելը բավական չէ. հարկավոր է երկու ձեռքն էլ օճառով կամ մոխրով լավ տրորել և ապա նոր ջրով լվանալ։
Կարևոր է ձեռքերը լվանալ զուգարան գնալուց անմիջապես հետո, և երբ երեխայի կեղտոտելուց հետո լվանում եք նրան։ Նաև պետք է լվացվել կենդանիներին ձեռք տալուց հետո, ուտելուց և երեխաներին կերակրելուց առաջ։
Ձեռքերը լվանալը օգնում է պաշտպանվել ճիճուներից, որոնք կարող են հիվանդության պատճառ դառնալ։ Այս ճիճուներն այնքան փոքր են, որ առանց մանրադիտակի օգնության, անզեն աչքով հնարավոր չէ դրանք տեսնել։ Նրանք ապրում են արտաթորանքների և մեզի մեջ, ջրի և հողի վերին շերտերում, ինչպես նաև հում կամ կիսաեփ մսի մեջ։ Այդ ճիճուներից պաշտպանվելու հիմնական միջոցը ձեռքերը միշտ լվանալն է։ Բացի դրանից, կոշիկներ հագեք, երբ գտնվում եք արտաքնոցի մոտ. դա կարող է խանգարել, որ ճիճուները, որոնց գոյությունն այդտեղ չի բացառվում, մուտք գործեն օրգանիզմ ոտնատակի մաշկի միջոցով։
Քանի որ երեխաները սովորություն ունեն ձեռքերը բերանը տանելու, հաճախակի լվացեք նրանց ձեռքերը, հատկապես կեղտոտելուց հետո և ուտելուց առաջ։ Սովորեցրեք երեխաներին ինքնուրույն լվացվել և խուսափել արտաքնոցների, զուգարանների մոտակայքում կամ արտաթորանքներով կեղտոտված տարածքներում խաղալուց։
3. Լվացեք ձեր երեսը ամեն օր
Որպեսզի պաշտպանեք ձեր աչքերը վարակից, ամեն օր օճառով և ջրով լվացեք ձեր երեսը։ Երեխաների երեսը նույնպես պետք է լվանալ։ Կեղտոտ երեսը գրավում է ճանճերին, որոնք մանրէներ տարածողներ են։ Այս մանրէները կարող են առաջ բերել աչքերի վարակիչ հիվանդություն և նույնիսկ կուրություն։
Սովորություն դարձրեք հաճախակի ստուգել ձեր երեխաների աչքերը։ Սովորաբար առողջ աչքերը խոնավ են և պարզ։ Իսկ եթե նկատում եք, որ երեխայի աչքերը չոր են ու կարմրած և անառողջ են թվում, տարեք նրան բժշկի կամ դիմեք առողջապահության բնագավառի որևէ աշխատողի։
4. Օգտագործեք միայն մաքուր ջուր
Ավելի հազվադեպ են հիվանդանում այն ընտանիքների անդամները, որոնք օգտագործում են միայն մաքուր ջուր և այն հնարավորին չափ հեռու են պահում մանրէներից։ Սովորաբար մաքուր է լինում այն ջուրը, որը գալիս է ճիշտ սարքված և լավ պահպանված խողովակաշարերից կամ էլ չապականված ջրհորներից ու աղբյուրներից։ Հավանականությունը շատ քիչ է, որ լճակների, գետերի, բաց ջրամբարների ու ջրհորների ջուրը մաքուր լինի, բայց կարելի է օգտագործելու համար պիտանի դարձնել՝ նախապես այն եռացնելով։
Ջրհորները պետք է փակ վիճակում պահել։ Դույլերը, պարաններն ու սափորները, որոնք օգտագործվում են ջուրը հավաքելու և պահելու նպատակով, հարկավոր է հաճախակի լվանալ ու դնել մաքուր տեղում, ոչ գետնի վրա։ Կենդանիներին պետք է պահել խմելու ջրի աղբյուրներից և մարդկանց բնակության տարածքներից որքան հնարավոր է հեռու։ Խուսափեք թունանյութեր կամ քիմիկատներ օգտագործել ջրի աղբյուրների մոտ։
Տան մեջ ջուրը պետք է պահվի մաքուր, փակ բաքերի մեջ։ Լավ կլինի, եթե այդ բաքերը ծորակ ունենան։ Հակառակ դեպքում՝ ջուրը պետք է վերցնել բաքից մաքուր շերեփով կամ բաժակով։ Ոչ մի դեպքում չի կարելի խմելու ջրին դիպչել կեղտոտ ձեռքերով։
5. Սնունդը պահպանեք մանրէներից
Լավ եփված կերակրի մեջ մանրէները ոչնչանում են։ Սնունդը, հատկապես միսը կամ ընտանի թռչունները, պետք է ինչպես հարկն է եփել։ Տաք կերակրի մեջ մանրէները արագությամբ բազմանում են։ Հետևաբար պատրաստի կերակուրը պետք է ուտել որքան հնարավոր է շուտ՝ անմիջապես եփելուց հետո։ Եթե ուզում եք այն թողնել երկու ժամից ավել, նախապես համոզվեք, որ պահելու համար նախատեսված տեղում ջերմաստիճանը լինի ցածր կամ բարձր։ Նաև, եթե ուզում եք կերակուրը պահել մինչև հաջորդ ճաշի կամ ընթրիքի ժամը, ծածկեք այն։ Դրանով այն հեռու կպահեք ճանճերից ու միջատներից։ Ուտելուց առաջ ճաշը նորից եռացրեք։
Կրծքի կաթը ամենալավ և ամենաապահով սնունդն է նորածինների ու փոքր տարիքի երեխաների համար։ Կենդանիների կաթը՝ նոր եռացրած կամ պաստերացված վիճակում, ավելի ապահով է, քան չեռացրած կաթը։ Ռետինե կամ պլաստմասսայե ծծակներով շշերը ամեն անգամ օգտագործելուց առաջ նախապես լվացեք եռացրած ջրով։ Այս շշերի վրա հաճախ մանրէներ են հայտնվում, ինչը կարող է փորլուծություն առաջ բերել։ Լավ կլինի երեխաներին կերակրել կրծքով կամ էլ մաքուր, առանց ծծակով բաժակի օգնությամբ։
Մրգերն ու բանջարեղենը լվացեք մաքուր ջրով։ Սա հատկապես կարևոր է այն դեպքում, երբ դրանք հում վիճակում տալիս եք մանկիկներին կամ տարիքով ավելի մեծ երեխաներին։
6. Տան աղբը ամբողջությամբ դուրս հանեք
Ճանճերը, ուտիճները, առնետներն ու մկները՝ բոլորն էլ մանրէներ կրողներ են։ Աղբը հեշտությամբ կարող է նման արարածների համար բնակատեղի դառնալ։ Եթե ձեր բնակավայրում աղբը չի հավաքվում, ձեր տան աղբը նետեք աղբահորի մեջ, որտեղ կարելի է ամեն օր թաղել կամ այրել այն։ Ձեր բնակարանը մաքուր պահեք աղբից և զերծ՝ կեղտոտ ջրերից։
Եթե դուք կանոնավորապես հետևեք այս բոլոր խորհուրդներին, ապա շատ չանցած կնկատեք, որ այդ գործերը ձեր առօրյայի մի մասն են դարձել։ Դրանք կատարելը դժվար չէ և ոչ էլ մեծ ծախսեր է պահանջում, սակայն շնորհիվ այդ ամենի՝ կպահպանվի թե՛ ձեր և թե՛ ձեր ընտանիքի անդամների առողջությունը։
[Նկար 27–րդ էջի վրա]
Եթե ձեր բնակության վայրում չկան զուգարաններ կամ արտաքնոցներ, արտաթորանքներն անմիջապես հողի մեջ թաղեք
Կանոնավորապես լվացեք ձեր ձեռքերը
[Նկար 28–րդ էջի վրա]
Ավելի հազվադեպ կհիվանդանաք, եթե օգտագործեք միայն մաքուր ջուր և այն հնարավորին չափ հեռու պահեք մանրէներից
Ամեն օր օճառով ու ջրով լվացեք ձեր երեսը
[Նկար 29–րդ էջի վրա]
Եթե ուզում եք պահել կերակուրը մինչև հաջորդ ճաշի կամ ընթրիքի ժամը, ծածկեք այն
Տան աղբը պետք է թաղել կամ այրել ամեն օր