Ալկոհոլի չարաշահում և առողջություն
«Սալյո՛ւտե», «Զա վաշե զդորո՛վյե», «Չուկ սուկ կուե՛յ», «Սանտե՛յ»։ Իտալերեն, ռուսերեն, վիետնամերեն և ֆրանսերեն այս արտահայտությունները, որ խմելուց առաջ հաճախ են ասում մեկտեղ հավաքված ընկերներն ու բարեկամները, նշանակում են «ո՛ղջ լինենք»։ Իրականում, սակայն, խմիչքը միլիոնավոր մարդկանց գերեզման է տանում։
ԱԼԿՈՀՈԼԻ չարաշահումը բազմաբնույթ խնդիր է։ Տարբերվում է չարաշահման երեք փուլ։ Առաջինը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, «կանոնավոր ալկոհոլային հարբեցումն է, որի հետևանքով մարդը կարող է վնաս հասցնել» իր ֆիզիկական և հոգեկան առողջությանը կամ հասարակությանը։ Այդպիսի դեպքերում անհատը ավելի շատ ոգելից խմիչք է ընդունում, քան դա թույլատրվում է առողջապահական մարմինների կամ օրենքի կողմից։ Երկրորդ փուլում հարբեցումն արդեն իսկ վնասած է լինում մարդու ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը, սակայն դեռ կախվածություն առաջ բերած չի լինում։ Երրորդ փուլը ալկոհոլամոլությունն է՝ «ոգելից խմիչքի հանդեպ անզուսպ հակումը»։ Անհատը խմիչքի սուր պահանջ է զգում, շարունակում է խմել՝ չնայած դրա հետևանքով առաջացած խնդիրների, և վատ է զգում իրեն ալկոհոլի բացակայության դեպքում։
Անկախ այն բանից, թե ինչ տարիքի, սեռի կամ ազգության եք պատկանում՝ դուք չեք կարող խուսափել այն խնդիրներից, որ առաջ են գալիս կանոնավորաբար հարբելու հետևանքով։ Իսկ ինչպե՞ս է ալկոհոլն ազդում մարդու օրգանիզմի վրա։ Ոգելից խմիչքների չարաշահումը ի՞նչ վնասներ կարող է հասցնել առողջությանը։ Եվ ալկոհոլի ո՞ր քանակությունն է նորմալ համարվում։
Վնասակար՝ ուղեղի համար
Էթանոլը՝ ալկոհոլային խմիչքների մեծ մասում առկա միացությունը, նյարդատոքսին է, այսինքն՝ նյութ, որը կարող է վնասել կամ քայքայել նյարդային համակարգը։ Իրականում, հարբածությունը թունավորման ձև է։ Մեծ քանակությամբ էթանոլը կարող է մարդուն գցել կոմայի մեջ և անգամ հանգեցնել մահվան։ Օրինակ՝ Ճապոնիայում ուսանողների շրջանում տարածված «իկինոմի» կոչվող սովորությունը (մի շնչով մեծ քանակությամբ ալկոհոլ խմելը) ամեն տարի երիտասարդների մահվան պատճառ է դառնում։ Մեր օրգանիզմը ունակ է էթանոլը վերածելու անվտանգ նյութերի, սակայն դա տեղի չի ունենում միանգամից։ Եթե ալկոհոլի ընդունումն ավելի արագ է կատարվում, քան օրգանիզմի կողմից նրա վնասազերծումը, ապա տեղի է ունենում էթանոլի կուտակում. մի բան, որը խիստ բացասաբար է անդրադառնում ուղեղի գործունեության վրա։ Ի՞նչ առումով։
Խոսելու կարողությունը, տեսողությունը, հավասարակշռությունը պահելու ունակությունը և վարքը արդյունք են ուղեղի նյարդաբջիջներում տեղի ունեցող աներևակայելիորեն բարդ քիմիական ռեակցիաների։ Էթանոլի առկայությունը փոխում է այդ ռեակցիաները՝ թուլացնելով կամ ակտիվացնելով որոշ միջնորդանյութեր, որոնք նյարդային ազդակները հաղորդում են մի նյարդաբջջից մյուսին։ Դրա հետևանքով ինֆորմացիան աղավաղված է փոխանցվում, ինչը խոչընդոտ է հանդիսանում ուղեղի նորմալ գործունեության համար։ Դա է պատճառը, որ երբ մարդը չափից շատ է խմում, նրա խոսքը դառնում է անհասկանալի, տեսողությունը նվազում է, շարժումները վերահսկելու կարողությունը թուլանում, իսկ վարքը դառնում է անկառավարելի ու սանձարձակ. բաներ, որ թունավորման նշաններ են։
Եթե մարդը ալկոհոլ է օգտագործում երկար ժամանակ, ուղեղը սովորում է հակազդել էթանոլի թունավոր ազդեցությանը և պահպանել նյարդերի նորմալ կենսագործունեությունը։ Սա առաջ է բերում ալկոհոլի հանդեպ դիմադրողականություն։ Արդյունքում նույն քանակությամբ ալկոհոլը ավելի թույլ ազդեցություն է թողնում, քան մինչ այդ կթողներ։ Ալկոհոլամոլությունը առաջ է գալիս այն ժամանակ, երբ ուղեղն այնքան է սովորում ալկոհոլի առկայությանը, որ այլևս չի կարողանում նորմալ գործել՝ առանց դրա։ Օրգանիզմն իր քիմիական հավասարակշռությունը պահպանելու համար սկսում է ալկոհոլ պահանջել։ Եթե նման անհատը ոգելից խմիչք չի ընդունում, նրա ուղեղը չի կարողանում աշխատել, և նրա մոտ հիվանդագին երևույթներ են սկսվում, ինչպես օրինակ՝ անհանգստություն, դող և անգամ գիտակցության կորուստ։
Ուղեղի բաղադրության մեջ փոփոխություններ առաջ բերելուց բացի, ալկոհոլը կարող է հանգեցնել բջիջների ապաճման և քայքայման՝ փոխելով ուղեղի կառուցվածքը։ Ու թեև ոգելից խմիչքներից հրաժարվելու դեպքում որոշ չափով հնարավոր է բուժվել, սակայն երբեմն ուղեղին հասցված վնասը անդառնալի է ու բացասաբար է անդրադառնում հիշողության և մտավոր այլ ունակությունների վրա։ Ավելին, ուղեղը վնասվում է ոչ միայն երկարատև չարաշահումից։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առողջությունը կարող է տուժել նույնիսկ այն դեպքում, երբ ալկոհոլը չարաշահվում է համեմատաբար կարճ ժամանակահատվածում։
Լյարդի հիվանդություններ և քաղցկեղ
Լյարդը անգնահատելի դեր է խաղում սննդի մարսման, վարակների վերացման, արյան շրջանառության կարգավորման, օրգանիզմից թունավոր նյութերի, այդ թվում նաև ալկոհոլի հեռացման գործում։ Ոգելից խմիչքների երկարատև չարաշահումը վնաս է հասցնում լյարդին՝ երեք փուլով։ Առաջին փուլում՝ էթանոլի քայքայումը դանդաղեցնում է ճարպերի մարսման գործընթացը, ինչի հետևանքով դրանք սկսում են կուտակվել լյարդում։ Դա կոչվում է լյարդի ալկոհոլային ճարպային կազմափոխություն։ Ապա մարդու մոտ ժամանակի ընթացքում առաջ է գալիս լյարդի քրոնիկական բորբոքում՝ հեպատիտ։ Բացի այդ, ալկոհոլը իջեցնում է օրգանիզմի դիմադրողականությունը լյարդբորբ B–ի և C–ի վիրուսների նկատմամբ։a Եթե բորբոքային պրոցեսը չկանխվի, ապա բջիջները կքայքայվեն և կմահան։ Դեռ ավելին, ալկոհոլը վատթարացնում է վիճակը, քանզի խթանում է բջիջների մահվան բնականոն գործընթացը (ապոպտոզ)։
Հիվանդության վերջին փուլը ցիռոզն է։ Լյարդի շարունակական բորբոքման և բջիջների ոչնչացման կործանարար պրոցեսը անդառնալի վնաս է հասցնում մարդուն։ Ի վերջո լյարդը կորցնում է իր սպունգանման հատկությունն ու կարծրանում։ Ապա սկսում է սպիանալ, ինչը խոչընդոտում է արյան նորմալ հոսքը՝ հանգեցնելով լյարդային անբավարարության և մահվան։
Ալկոհոլը, լյարդի վրա ազդելով, ևս մի կողմնակի ներգործության պատճառ է դառնում. լյարդը չի կարողանում նույն ուժգնությամբ օրգանիզմը պաշտպանել քաղցկեղ առաջացնող գործոններից։ Լյարդի չարորակ ուռուցքի զարգացմանը նպաստելուց բացի, ալկոհոլը խիստ մեծացնում է բերանի, ըմպանի, կոկորդի և կերակրափողի քաղցկեղով հիվանդանալու վտանգը։ Բերանի լորձաթաղանթը ալկոհոլի ազդեցությամբ ավելի խոցելի է դառնում չարորակ ուռուցքներ առաջացնող այն նյութերի հանդեպ, որոնք կան ծխախոտի մեջ, ինչի հետևանքով ծխողների շրջանում մեծ է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Ամեն օր ոգելից խմիչք օգտագործող կանայք խոցելի են դառնում կրծքի քաղցկեղի հանդեպ։ Իսկ օրական երեք և ավելի բաժակ ոգելից խմիչք ընդունողների շրջանում այդ հիվանդության առաջացման վտանգը, համաձայն մի ուսումնասիրության, 69 տոկոսով ավելի բարձր է, քան չխմողների մոտ։
Թույն՝ պտղի համար
Ալկոհոլի չարաշահման ամենացավալի հետևանքներից մեկը չծնված երեխայի վրա նրա թողած ազդեցությունն է։ «Զարգացող պտղի համար ալկոհոլը շատ ավելի վնասակար է, քան դեղանյութերի չարաշահումը»,— ասվում է մի աշխատության մեջ («International Herald Tribune»)։ Երբ հղի կինը ոգելից խմիչք է ընդունում, նրա ներսում զարգացող երեխան նույնպես խմում է։ Մինչդեռ ալկոհոլի թունավոր ազդեցությունը հատկապես վնասակար է պտղի զարգացման այս շրջանում։ Ալկոհոլը անդառնալի վնաս է հասցնում չծնված երեխայի կենտրոնական նյարդային համակարգին։ Նյարդաբջիջների կազմավորման պրոցեսը նորմալ չի ընթանում։ Բջիջները ոչնչանում են, որոշ բջիջներ էլ սկսում են աճել ոչ ճիշտ տեղերում։
Այս ամենի հետևանքով առաջացող հիվանդությունը, որը կոչվում է ալկոհոլային համախտանիշ պտղի մոտ, նորածինների մտավոր հետամնացության գլխավոր պատճառն է։ Այդ հիվանդությամբ տառապող երեխաների շրջանում նկատվում են խոսքի հետ կապված խնդիրներ, մտավոր թերզարգացում, դանդաղ հասունացում, վարքի խանգարումներ, դանդաղ աճ, գերակտիվություն, լսողության ու տեսողության խանգարումներ և այլն։ Նման երեխաները հաճախ ծնվում են նաև դեմքի արատներով։
Ավելին, եթե մայրը հղիության ընթացքում նույնիսկ չափավոր քանակությամբ է ալկոհոլ ընդունել, ապա երեխան կարող է ձեռք բերել որոշակի հիվանդություններ, այդ թվում նաև վարքի և ուսումնական հմտությունների զարգացման խանգարումներ։ «Պարտադիր չէ ալկոհոլիկ լինել պտղին վնաս հասցնելու համար,— նշում է Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Ան Սթրայզգաթը, որը զբաղվում է ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման հետևանքով պտղին հասցված վնասների հետազոտությամբ։— Բավական է, որ հղի ժամանակ կինը խմի»։ Իսկ Ֆրանսիայի՝ Առողջապահության և բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի հաղորդագրություններից մեկում ասվում էր. «Վտանգավոր է ալկոհոլ օգտագործել հղիության ողջ ընթացքում. երբևէ չի սահմանվել [ոգելից խմիչքի] մի այնպիսի նվազագույն չափաքանակ, որը վնասակար չի լինի» («Alcool—Effets sur la santé»)։ Ուստի կարելի է ասել, որ հղի կամ հղիանալու մտադրություն ունեցող կինը խոհեմաբար կվարվի, եթե ընդհանրապես հրաժարվի ոգելից խմիչքներից։b
Օգտագործել չափավոր
Վերոհիշյալ հիվանդությունների ցուցակը այսքանով չի սահմանափակվում։ 2004 թ.–ին մի պարբերագրում նշվում էր, որ «անգամ քիչ քանակությամբ ալկոհոլը մեծացնում է վնասվածքներ ստանալու վտանգը և մարդուն խոցելի է դարձնում ավելի քան 60 հիվանդությունների նկատմամբ» («Nature»)։ Իսկ ինչպե՞ս խուսափել այդ վնասներից։ Աշխարհի տարբեր ծայրերում ապրող միլիոնավոր մարդիկ, ոգելից խմիչքներ օգտագործելով հանդերձ, վնաս չեն հասցնում իրենց առողջությանը, քանի որ խմում են ժամանակ առ ժամանակ։ Առողջության պահպանման գլխավոր պայմանը չափավորությունն է։ Իսկ որքա՞նն է չափավոր։ Մարդիկ մեծամասամբ այն կարծիքին են, որ ալկոհոլը չափավորությամբ են օգտագործում։ Նրանք հավանաբար մտածում են, որ եթե չեն հարբել կամ դարձել ալկոհոլամոլ, ապա որևէ խնդիր այս առումով չունեն։ Այնինչ Եվրոպայում յուրաքանչյուր չորրորդ տղամարդը այնքան ալկոհոլ է ընդունում, որ նրան կարելի է հարբեցող համարել։
Ըստ տարբեր աղբյուրների՝ ոգելից խմիչքների չափավոր քանակություն է համարվում օրվա մեջ 20 գրամ մաքուր ալկոհոլը՝ տղամարդկանց համար, և 10 գրամը՝ կանանց։ Ֆրանսիայի և Բրիտանիայի՝ առողջապահության ոլորտի մասնագետները «թույլատրելի» են համարում երեք (ստանդարտ) բաժակ ոգելից խմիչքը՝ տղամարդկանց համար ու երկուսը՝ կանանց։ Իսկ ԱՄՆ–ի՝ Ալկոհոլի չարաշահման և ալկոհոլամոլության ազգային ինստիտուտը խորհուրդ է տալիս «65–ից բարձր տարիքի անհատներին սահմանափակել ալկոհոլի գործածությունը՝ օրվա մեջ խմելով 1 բաժակ»։c Պետք է նշել, սակայն, որ տարբեր մարդիկ տարբեր դիմադրողականություն ունեն ալկոհոլի նկատմամբ։ Որոշ դեպքերում չափազանց բարձր կարող են լինել անգամ այս ցածր նորմերը։ Օրինակ՝ «չափավոր քանակությամբ ալկոհոլը կարող է վնասակար լինել հուզական և տագնապային խանգարումներ ունեցողների համար» («10th Special Report to the U.S. Congress on Alcohol and Health»)։ Նաև պետք է հաշվի առնել մարդու տարիքը, հիվանդության պատմությունը, մարմնի կազմվածքը և այլն (տե՛ս «Ինչպես նվազեցնել վտանգը» շրջանակը)։
Ինչպե՞ս օգնել ալկոհոլը չարաշահող մարդկանց։ Այս հարցի պատասխանը կտրվի հաջորդ հոդվածում։
[Ծանոթագրություններ]
a Ըստ Ֆրանսիայում անցկացված մի հետազոտության՝ լյարդաբորբ C–ի այն վիրուսակիրների մոտ, ովքեր չարաշահում են ալկոհոլը, լյարդի ցիռոզ ձեռք բերելու հավանականությունը կրկնակի անգամ մեծ է, քան նույն հիվանդությունն ունեցող այն անհատների մոտ, ովքեր խմիչքը չափավոր են օգտագործում։ Ուստի լյարդաբորբ C–ի վիրուսակիրներին խորհուրդ է տրվում շատ քիչ քանակությամբ ալկոհոլ ընդունել կամ ընդհանրապես չընդունել այն։
b Եթե ոգելից խմիչք է ընդունում կրծքով կերակրող մայրը, ալկոհոլը կուտակվում է նրա կրծքի կաթի մեջ։ Իսկ այնտեղ ալկոհոլի կոնցենտրացիան ավելի բարձր է, քան արյան մեջ, որովհետև կաթն ավելի շատ ջուր է պարունակում, որը ալկոհոլը կլանելու հատկություն ունի։
c Քանի որ բաժակի «ստանդարտ չափ» հասկացությունը երկրեերկիր տարբեր է, ոգելից խմիչքները մատուցվում են տվյալ երկրում ընդունված քանակությամբ, և այդ հանգամանքը հարկավոր է հաշվի առնել դրանք խմելուց առաջ։
[Շրջանակ/նկարազարդումներ 5–րդ էջի վրա]
ՄԻ ԲԱԺԱԿ՝ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ԱՌԱ՞Ջ
Հայտնի է, որ հարբած վիճակում արգելված է ավտոմեքենա վարել։ Այդ արգելքը գոյություն ունի գրեթե նույնքան ժամանակ, որքան մեքենաները։ Առաջին երկիրը, որ 1903 թ.–ին այդպիսի օրենք ընդունեց, Դանիան էր։
Եթե դատարկ ստամոքսով ոգելից խմիչք օգտագործեք, ապա ընդամենը կես ժամ անց ալկոհոլի կոնցենտրացիան արյան մեջ կհասնի առավելագույնի։ Եվ հակառակ ընդունված տեսակետի՝ սուրճը, մաքուր օդը ու ֆիզիկական վարժությունները չեն սթափեցնի ձեզ։ Միակ միջոցը, որի օգնությամբ ձեր օրգանիզմը կարող է ազատվել ալկոհոլի ազդեցությունից, ժամանակն է։ Հիշենք նաև, որ ինչ էլ խմելու լինենք՝ համապատասխան բաժակներով գարեջուր, գինի թե որևէ ոգելից խմիչք՝ դրանց պարունակության մեջ ալկոհոլի քանակությունը նույնն է։d
Ավտոմեքենա վարելիս ձեզ վրա բացասաբար կարող է անդրադառնալ անգամ քիչ քանակությամբ ալկոհոլը։ Քանի որ այն ազդում է տեսողության վրա, ճանապարհային նշանները սկսում են փոքր թվալ։ Բացի այդ, նվազում է ծայրամասային տեսողությունը, ինչպես նաև հեռավորությունը որոշելու և հեռվում գտնվող առարկաների վրա ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունը։ Ինֆորմացիայի ընկալումը, ռեֆլեքսները նույնպես դանդաղում են։ Մարդը դժվարությամբ է պահում հավասարակշռությունը։
Եթե հարբած վիճակում վթարի եք ենթարկվել, ապա ձեր վնասվածքները ամենայն հավանականությամբ ավելի ծանր կլինեն։ Իսկ եթե անհետաձգելի վիրահատության կարիք առաջանա, ապա կենդանի մնալու հավանականությունը կփոքրանա սրտի և արյան շրջանառության վրա ալկոհոլի ազդեցության պատճառով։ Ինչպես նշվում է Ֆրանսիայի՝ Առողջապահության և բժկական հետազոտությունների ազգային ինստիտուտի հաղորդագրություններից մեկում, «հակառակ լայնորեն տարածված տեսակետի՝ ալկոհոլը գլխավորապես խլում է հենց հարբած վարորդների կյանքը»։ Նույն աղբյուրը լուրջ հետևանքներից խուսափելու համար խորհուրդ է տալիս հետևյալը.
◼ ալկոհոլ օգտագործելուց հետո մեքենա մի վարեք։
◼ Եթե վարորդը ալկոհոլ է խմել, մեքենա մի նստեք։
◼ Թույլ մի տվեք, որ ձեր ընկերները կամ ծնողները մեքենա վարեն ալկոհոլի ազդեցության տակ։
[Ծանոթագրություն]
d Ընդհանուր առմամբ, մեկ ժամում օրգանիզմից հեռացվում է մոտ 7 գրամ ալկոհոլ։ Ու թեև ոգելից խմիչքների ստանդարտ բաժակաչափերը երկրեերկիր տարբեր են, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանել է, որ մեկ բաժակ ոգելից խմիչքը պետք է պարունակի 10 գրամ մաքուր ալկոհոլ։ Մոտավորապես այդ քանակությամբ ալկոհոլ են պարունակում 250 մլ գարեջուրը, 100 մլ գինին և 30 մլ ոգելից խմիչքը։
[Նկարներ]
Գրեթե նույն քանակությամբ ալկոհոլ են պարունակում
մի շիշ սովորական գարեջուրը (5% ալկոհոլ 330 մլ–ում)
մի բաժակ ոգելից խմիչքը (վիսկի, կոնյակ, օղի) (40% ալկոհոլ պարունակող ըմպելիքի 40 մլ–ը)
մի բաժակ գինին (12% ալկոհոլ պարունակող գինու 140 մլ–ը)
փոքր բաժակով լիկյորը (25% ալկոհոլ պարունակող լիկյորի 70 մլ–ը)
[Շրջանակ 6–րդ էջի վրա]
ԳԵՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԴԵՐ ԽԱՂՈ՞ՒՄ ԵՆ
Ձգտելով գտնել ալկոհոլիզմի բուժումը՝ գիտնականները փորձել են պարզել, թե ինչ դեր են խաղում գեները ալկոհոլամության առաջացման և զարգացման հարցում։ Առ այսօր նրանք հայտնաբերել են մի քանի գեներ, որոնք թվում է որոշակի դեր են խաղում այն բանում, թե ինչպես է ալկոհոլը ներգործում օրգանիզմի վրա։ Սակայն գեները ալկոհոլիզմի միակ պատճառը չեն։ Նույնիսկ եթե որոշ մարդիկ ժառանգական նախատրամադրվածություն ունեն ալկոհոլից կախվածություն ձեռք բերելու, պարտադիր չէ, որ նրանք դառնան մոլի հարբեցող։ Այս հարցում կարևոր դեր է խաղում նաև այն միջավայրը, որում ապրում է մարդը։ Պարզվել է, որ ալկոհոլամոլ դառնալու հավանականությունը մեծ է, եթե անհատը սխալ դաստիարակություն է ստացել, մեծացել է ալկոհոլիկի ընտանիքում կամ հարբեցողների շրջապատում։ Դրան կարող են նպաստել նաև վեճերն ու տարաձայնությունները, էմոցիոնալ խնդիրները, դեպրեսիան, ագրեսիվությունը, հաճույքներ ստանալու ձգտումը, ալկոհոլի նկատմամբ բարձր դիմադրողականությունը, կամ որևէ այլ թմրանյութի հանդեպ հակվածությունը։ Փաստորեն, ալկոհոլամոլությունը առաջ է գալիս բոլոր այս, ինչպես նաև ուրիշ գործոններից։
[Շրջանակ/նկար 6–րդ էջի վրա]
ՖՐԱՆՍԻԱ
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ալկոհոլը չարաշահող մարդկանց թիվը մոտավորապես հավասար է 5 միլիոնի, որոնցից 2–3 միլիոնը մոլի հարբեցող է։
ՆԻԳԵՐԻԱ
Լագոսում լույս տեսնող մի օրաթերթի համաձայն՝ «ավելի քան 15 միլիոն նիգերիացիներ»՝ բնակչության մոտ 12 տոկոսը, «ալկոհոլիկներ են» («Daily Champion»)։
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ
Միջին հաշվով՝ այս երկրում յուրաքանչյուր անձ այնքան ալկոհոլ է ընդունում, որ դա ամենաբարձր ցուցանիշներից մեկն է աշխարհում։ Լիսաբոնում լույս տեսնող մի պարբերաթերթում նշվում է, որ այդ երկրի բնակչության 10 տոկոսը «ալկոհոլի պատճառով լուրջ առողջական խնդիրներ է ձեռք բերել» («Público»)։
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Ըստ մի հաղորդագրության՝ «հարբեցողի կամ ալկոհոլամոլի ախտորոշում կարելի է տալ մոտավորապես 14 միլիոն ամերիկացու՝բնակչության 7,4 տոկոսին» («10th Special Report to the U.S. Congress on Alcohol and Health»)։
[Շրջանակ 8–րդ էջի վրա]
ԻՆՉՊԵՍ ՆՎԱԶԵՑՆԵԼ ՎՏԱՆԳԸ
Ստորև ներկայացված խորհուրդները, որոնք օգնում են նվազեցնել ալկոհոլի չարաշահման հետ կապված վտանգները, հրապարակվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Հոգեբուժության և թմրաբանության բաժնի կողմից։ Պետք է նշել, որ վտանգը նվազեցնել, չի նշանակում ընդհանրապես վերացնել այն։ Ալկոհոլի հանդեպ դիմադրողականությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է։
◼ Օրական երկու ստանդարտ բաժակաչափից ավել մի խմեք։e
◼ Շաբաթվա մեջ առնվազն 2 օր մի խմեք։
Հետևյալ դեպքերում վնասակար կարող է լինել նույնիսկ 1 կամ 2 բաժակը՝
◼ որևէ մեխանիզմ աշխատեցնելիս կամ մեքենա վարելիս.
◼ կրծքով կերակրելիս կամ հղի ժամանակ.
◼ որոշակի դեղամիջոցներ ընդունելու դեպքում.
◼ որոշակի հիվանդությունների դեպքում.
◼ եթե չեք կարողանում զսպել ձեզ և շարունակում եք խմել։
[Ծանոթագրություն]
e Ալկոհոլի ստանդարտ չափը մեկ բաժակում հավասար է 10 գրամի։
[Թուլտվությամբ]
Source։ «Brief Intervention for Hazardous and Harmful Drinking»
[Շրջանակ/նկար 9–րդ էջի վրա]
ԱԼԿՈՀՈԼ. ՕԳՏԱԿԱ՞Ր Է ՍՐՏԻ ՀԱՄԱՐ
Գիտնականների կարծիքով՝ կարմիր գինին պարունակում է պոլիֆենոլներ, որոնք չեզոքացնում են արյան անոթների նեղացմանը նպաստող նյութերը։
Բացի դրանից, հայտնի է, որ ալկոհոլը բարձրացնում է այսպես կոչված օգտակար խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև նվազեցնում այն նյութերի քանակը, որոնք նպաստում են արյան մակարդուկների առաջացմանը։
Սակայն ալկոհոլը կարող է օգուտներ տալ միայն այն դեպքում, երբ օգտագործվում է քիչ քանակությամբ շաբաթվա ընթացքում, և ոչ թե շատ ու միանգամից՝ որևէ երեկույթի ժամանակ։ Օրը երկու բաժակից ավել խմելը կարող է բարձրացնել արյան ճնշումը, մեծացնել կաթվածի հավանականությունը, առաջ բերել ալկոհոլային կարդիոմիոպաթիա և անոթազարկի խախտումներ։ Ոգելից խմիչքների չարաշահումը կարող է նաև առողջական այլ խնդիրներ հարուցել։ Այս վնասների համեմատությամբ՝ սիրտանոթային համակարգին ալկոհոլի բերած օգուտներն ուղղակի աննշան են։ Որքան ճիշտ է, որ ամեն ինչ, նույնիսկ օգտակար բաները, պետք է օգտագործել չափի մեջ։
[Աղյուսակ/նկար 7–րդ էջի վրա]
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ՎՆԱՍԵԼ ՁԵԶ
Ուղեղ՝
բջիջների քայքայում, հիշողության կորուստ, դեպրեսիա, ագրեսիվություն
Տեսողության, խոսքի, կոորդինացիայի վատթարացում
Կոկորդի, բերանի, կրծքի և լյարդի քաղցկեղ
Սիրտ՝
մկանների թուլացում, սրտի անբավարարություն
Լյարդ՝
ճարպի կուտակում, չափերի մեծացում, սպիացում (ցիռոզ)
Այլ վտանգներ՝
իմուն համակարգի թուլացում, խոցեր, ենթաստամոքսային գեղձի բորբոքում
Հղի կանանց մոտ՝
մտավոր հետամնաց կամ խեղանդամ երեխա ունենալու վտանգ
[Նկար 8–րդ էջի վրա]
«Զարգացող պտղի համար ալկոհոլը շատ ավելի վնասակար է, քան դեղանյութերի չարաշահումը»