Երիտասարդները հարցնում Են...
Ինչպե՞ս կարող եմ խելամտորեն տնօրինել իմ գումարը
«Հաճախ ծրագրում եմ գնել մի բան, որի կարիքը իրականում չունեմ և հավանաբար հնարավորություն էլ չունեմ այլ գնելու, բայց ցանկանում եմ գնել, քանի որ զեղչեր կան» (Աննա,a Բրազիլիա)։
«Երբեմն ընկերներս հրավիրում են ինձ անելու այնպիսի բաներ, որ թանկ արժեն։ Ես ուզում եմ լինել ընկերներիս միջավայրում և զվարճանալ նրանց հետ։ Ոչ ոք չի ուզում ասել. «Կներես, հնարավորություն չունեմ»» (Ջոան, Ավստրալիա)։
ԱՐԴՅՈ՞Ք քեզ թվում է, որ դու երբեք բավականաչափ գումար չունես ծախսելու համար։ Եթե միայն ձեռքիդ գումարը մի փոքր շատ լիներ, դու կկարողանայիր գնել քո ուզած խաղը։ Եթե աշխատավարձդ մի քիչ բարձր լիներ, դու կկարողանայիր գնել այն կոշիկները, որոնց «կարիքն» ունես։ Սակայն բավականաչափ գումար չունենալու պատճառով վհատվելու փոխարեն՝ կարող ես սովորել խելամտորեն օգտագործել ձեռքիդ եղած գումարը։
Եթե դու երիտասարդ ես և ծնողներիդ հետ ես ապրում, գուցե որոշես սպասել մինչև ծնողներիցդ առանձնանաս և ինքդ սովորես, թե ինչպես ծախսես գումարը։ Բայց դա նման կլինի այն բանին, որ անհատը ինքնաթիռից թռչում է առանց նախապես սովորելու պարաշյուտից օգտվելու ձևը։ Ճիշտ է, նա գուցե կարողանա ինչ–որ բան մտածել մինչև գետինն ընկնելը։ Սակայն որքան ավելի լավ կլինի, եթե նա սովորի պարաշյուտն օգտագործելու հիմնական կանոնները նախքան ինքնաթիռից թռչելը։
Նմանապես, լավ կլինի, որ սովորես ճիշտ ձևով ծախսել քո գումարը, երբ դեռ ապրում ես ծնողներիդ հետ և չես բախվել ֆինանսական դառը իրողությունների։ «Փողը պաշտպանություն է»,— գրեց Սողոմոն թագավորը (Ժողովող 7։12, ՆԱ)։ Բայց գումարը կպաշտպանի քեզ միայն այն դեպքում, եթե սովորես տնօրինել այն։ Այդպես վարվելը քեզ վստահություն կհաղորդի և կարժանանաս ծնողներիդ հարգանքին։
Սովորիր հիմնական բաները
Երբևէ խնդրե՞լ ես ծնողներիդ բացատրել, թե ինչ է ներառում ընտանիքին հոգ տանելը։ Օրինակ՝ գիտե՞ս էլեկտրականության, ջեռուցման, ջրի ամսեկան գինը, և թե որքան գումար է անհրաժեշտ ավտոմեքենա պահելու, սնունդ գնելու և տան վարձը կամ հարկը տալու համար։ Գուցե մտածես, որ այդպիսի մանրամասները ձանձրալի են։ Սակայն հիշիր, որ դու էլ բաժին ունես այդ ծախսերի մեջ։ Բացի այդ, եթե առանձնանաս ծնողներիցդ, դու ինքդ պետք է վճարես այդ բոլոր ծախսերը։ Ուստի կարող ես պատկերացում կազմել դրանց մասին։ Հարցրու ծնողներիդ, թե կարող ես տեսնել կտրոններից մի քանիսը և ուշադրությամբ լսիր, երբ նրանք բացատրում են, թե ինչպես են իրենց բյուջեն տնօրինում մուծումները կատարելու համար։
«Թող լսէ իմաստունը եւ աւելացնէ ուսումը, եւ բանիմացը վարժութիւն ստանայ»,— ասվում է Աստվածաշնչում (Առակաց 1։5)։ Աննան, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում, նշում է. «Հայրս սովորեցրել է ինձ, թե ինչպես տնօրինեմ բյուջեն, նաև ասել է, թե որքան կարևոր է ընտանեկան բյուջեն տնօրինելու մեջ կազմակերպված լինել»։ Իսկ Աննայի մայրը սովորեցրել է նրան այլ գործնական դասեր։ Աննան ասում է. «Նա սովորեցրել է ինձ նախքան ինչ–որ բան գնելը համեմատել գները։ Մայրս կարող էր հրաշքներ գործել փոքր գումարով»։ Ի՞նչ օգուտներ է քաղել Աննան։ Նա ասում է. «Հիմա ինքս կարող եմ հոգալ իմ ֆինանսների մասին։ Ես խելամիտ ձևով եմ օգտագործում իմ գումարը և ունեմ մտքի խաղաղություն ու ազատություն, որ գալիս է անտեղի պարտքեր չունենալուց»։
Տես խոչընդոտները
Իհարկե, հեշտ է ասել՝ խնայիր գումարդ, սակայն գործնականում դժվար է տնօրինել այն, հատկապես եթե դու ապրում ես ծնողներիդ հետ և գրպանի գումար կամ աշխատավարձ ես ստանում։ Ինչո՞ւ։ Քանի որ մուծումների մեծ մասը հավանաբար կատարում են ծնողներդ։ Ուստի քո գումարի մեծ մասը դու ծախսում ես այնպես, ինչպես ուզում ես։ Դա կարող է զվարճալի լինել քեզ համար։ «Փող ծախսելը շատ հեշտ ու հաճելի է»,— ասում է Փարիշը՝ մի երիտասարդ Հնդկաստանից։ Ավստրալիացի Սարան նույն կարծիքին է։ Նա ասում է. «Գնումներ կատարելը ինձ մեծ հաճույք է պատճառում»։
Բացի այդ, քո հասակակիցները գուցե մղեն քեզ չափից ավելի շատ գումար ծախսել։ 21–ամյա Էլենան ասում է. «Հասակակիցներս գնումներ կատարելը զվարճանալու միջոց են համարում։ Երբ նրանց հետ եմ, թվում է թե չգրված օրենք կա այն մասին, որ եթե ուզում ես հաճույք ստանալ, պետք է փող ծախսես»։
Բնական է, որ դու ուզում ես ընդունված լինել ընկերներիդ կողմից։ Սակայն հարցրու ինքդ քեզ. «Արդյո՞ք ընկերներիս հետ գումար եմ ծախսում, քանի որ կարող եմ այդպես վարվել, թե՞ քանի որ պարտավորված եմ զգում ինձ»։ Շատերը գումար են ծախսում ընկերների և գործընկերների առաջ իրենց հեղինակությունը բարձրացնելու համար։ Այդպիսի հակվածությունը կարող է լուրջ ֆինանսական խնդիրներ առաջացնել, հատկապես եթե վարկաքարտ ունես։ Ֆինանսական խորհրդատու Սյուզ Օրմանը նախազգուշացնում է. «Եթե դու ուզում ես մարդկանց տպավորել քո ունեցվածքով և ոչ թե անհատականությամբ, մեծ վտանգ կա, որ պարտքերի մեջ կընկնես՝ վարկաքարտդ անխնա օգտագործելով»։
Վարկաքարտդ ամբողջությամբ օգտագործելու կամ ամբողջ աշխատավարձը մի ակնթարթում ծախսելու փոխարեն՝ կարող ես փորձել Էլենայի առաջարկը. «Երբ գնում եմ ընկերներիս հետ ժամանակ անցկացնելու, նախապես պլանավորում եմ, թե որքան եմ ծախսելու։ Իմ աշխատավարձը փոխանցվում է բանկ, և ես հաշվի համարից հանում եմ միայն այնքան գումար, որքան անհրաժեշտ է այդ օրվա համար։ Նաև զգացել եմ, որ խելամիտ է գնալ գնումների այն ընկերների հետ, որոնք զգուշորեն են օգտագործում իրենց գումարը և քաջալերում են ինձ համեմատել տարբեր խանութների գները և ոչ թե գնել առաջին պատահած բանը» (Առակաց 13։20)։
Եթե ծնողներդ ասում են՝ ոչ
Նույնիսկ եթե գրպանի գումար կամ աշխատավարձ չես ստանում, կարող ես արժեքավոր դասեր սովորել, մինչ ապրում ես ծնողներիդ հետ։ Օրինակ՝ երբ ծնողներիցդ գումար ես ուզում կամ խնդրում ես նրանց ինչ–որ բան գնել քեզ համար, նրանք գուցե ասեն՝ ոչ։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ քո ուզած իրը ավելին արժե, քան թույլ են տալիս ընտանիքի հնարավորությունները։ Մերժելով քո խնդրանքը (թեև նրանք գուցե նախընտրեին ասել՝ այո)՝ ծնողներդ ինքնատիրապետում դրսևորելու լավ օրինակ են թողնում քեզ։ Իսկ ինքնատիրապետումն անհրաժեշտ է գումարը լավ տնօրինելու համար։
Ենթադրենք՝ ծնողներդ կարող են կատարել քո խնդրանքները, սակայն ասում են՝ ոչ։ Միգուցե մտածես, որ նրանք ժլատ են։ Սակայն խորհիր. թերևս նրանք ուզում են քեզ սովորեցնել, որ երջանկությունը կախված չէ ուզածդ բոլոր իրերն ունենալուց։ Այս առումով Աստվածաշունչն ասում է. «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանալ, եւ ոչ էլ հարստութիւն սիրողը՝ եկամուտից» (Ժողովող 5։10)։
Այս խոսքերի ճշմարտացիությունը երևում է շատ երիտասարդների օրինակից, որոնց ծնողները գնում են նրանց համար այն ամենը, ինչ նրանք ցանկանում են։ Կարճ ժամանակ անց նրանք բացահայտում են, որ երբեք բավարարվածություն չեն ունենում։ Անկախ այն բանից, թե որքան ունեցվածք են կուտակում՝ նրանք միշտ զգում են, որ ինչ–որ բան դեռ պակասում է։ Ժամանակի ընթացքում այն երիտասարդները, որոնք ակնկալում են, որ իրենց բոլոր խնդրանքները բավարարվեն, հնարավոր է դառնան անշնորհակալ։ «Ով որ իր ծառային մանկութիւնիցը փափուկ պահէ, այն ծառան յետոյ որդի կ’դառնայ [«անշնորհակալ կդառնա», ՆԱ]» (Առակաց 29։21)։
Փողը ժամանակ է
Որոշ մշակույթներում ասում են. «Ժամանակը փող է»։ Սա նշանակում է, որ մարդիկ ժամանակ պետք է ծախսեն փող վաստակելու համար, և ժամանակ կորցնելը նշանակում է փող կորցնել։ Ճշմարիտ է նաև հակառակը՝ փողը ժամանակ է։ Եթե դու փող ես վատնում, ուրեմն վատնում ես այն ժամանակը, որը պահանջվել է այդ փողը վաստակելու համար։ Սովորիր խելամտորեն օգտագործել գումարդ և արդյունքում կխնայես ժամանակդ։ Ինչպե՞ս։
Ահա թե ինչ է ասում Էլենան. «Երբ ես խելամտորեն եմ օգտագործում իմ գումարը, դրանով որոշում եմ նաև, թե որքան պետք է աշխատեմ։ Պրակտիկ բյուջե ունենալու և դրան հավատարիմ մնալու շնորհիվ ես ստիպված չեմ լինում երկար ժամեր աշխատել մեծ պարտքեր փակելու համար։ Այդպիսով ես եմ վերահսկում իմ ժամանակն ու կյանքը»։ Չէի՞ր ուզենա դու նույնպես վերահսկել քո կյանքը։
[Ծանոթագրություն]
a Անունները փոխված են։
ՄՏԱԾԻՐ
◼ Դժվա՞ր է քեզ համար խելամտորեն տնօրինել քո գումարը։ Ինչո՞ւ։
◼ Ինչո՞ւ պետք է փողասեր չլինես (Ա Տիմոթէոս 6։9, 10)։
[Շրջանակ 20–րդ էջի վրա]
ԱՐԴՅՈ՞Ք ԼՈՒԾՈՒՄԸ ՇԱՏ ՓՈՂ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԵՋ Է
Արդյո՞ք շատ փող ունենալը կլուծի ծախսերդ կատարելու խնդիրը։ Ֆինանսական խորհրդատու Սյուզ Օրմանը ասում է. «Բոլորս էլ այն կարծիքին ենք, թե ավելի մեծ աշխատավարձ ունենալը կլուծի մեր ֆինանսական խնդիրները, սակայն հազվադեպ է այդպես պատահում»։
Բերենք օրինակ. եթե դու ավտոմեքենա վարեիր և չղեկավարեիր այն կամ աչքերդ փակ պտտեցնեիր ղեկը, արդյո՞ք բենզաբաքում ավելի շատ վառելանյութ ունենալը ավելի ապահով կդարձներ քո երթևեկությունը։ Մի՞թե հավանականությունը մեծ է, որ դու ապահով կհասնեիր քո ուզած վայրը։ Նմանապես, եթե դու չգիտես, թե ինչպես տնօրինես քո ծախսերը, ապա շատ գումար վաստակելը չի բարելավի քո իրավիճակը։
[Շրջանակ/աղյուսակ 21–րդ էջի վրա]
ՎԵՐԱՀՍԿԻՐ ԾԱԽՍԵՐԴ
Որքա՞ն գումար ես ծախսել անցած ամիս։ Ինչի՞ վրա ես ծախսել այն։ Դժվարանո՞ւմ ես պատասխանել։ Ահա թե ինչպես կարող ես վերահսկել ծախսերդ, որպեսզի դրանք չվերահսկեն քեզ։
◼ Նշումներ կատարիր։ Առնվազն մեկ ամիս գրի առ, թե որքան գումար ես ստացել, և թե երբ ես ստացել։ Նշիր, թե ինչ ես գնել և ինչ արժեր այն։ Ամսվա վերջում հաշվիր, թե որքան գումար ես ստացել և որքան ես ծախսել։
◼ Կազմիր բյուջե։ Մաքուր թղթի վրա երեք սյունակ գծիր։ Առաջին սյունակում նշիր, թե որքան գումար ես ակնկալում ստանալ այդ ամիս։ Երկրորդ սյունակում նշիր, թե ինչպես ես ծրագրում ծախսել այդ գումարը և առաջնորդվիր դրանով։ Ամսվա ընթացքում երրորդ սյունակում գրի առ, թե իրականում որքան գումար ես ծախսել յուրաքանչյուր բանի համար, որ նշել էիր։ Նաև նշիր չծրագրված ծախսերիդ մասին։
◼ Փոփոխություն կատարիր։ Եթե որոշ բաների վրա ծախսում ես ավելին, քան ակնկալում ես և պարտքի տակ ես ընկնում, փոփոխություն կատարիր։ Վճարիր պարտքերդ։ Վերահսկիր ծախսերդ։
[Աղյուսակ]
Կտրիր այս աղյուսակը և օգտագործիր այն
Իմ ամսեկան բյուջեն
Եկամուտը Բյուջե ծախսերի համար Որքան է ծախսվել իրականում
գրպանի գումարը սնունդ
կես դրույքով աշխատանք հագուստ
այլ բաներ հեռախոս
զվարճություններ
նվիրատվություններ
խնայողություններ
այլ բաներ
Ընդամենը Ընդամենը Ընդամենը
$ $ $
Հիշի՛ր, եթե դու վատնում ես փողերդ, ուրեմն վատնում ես այն ժամանակը, որ պահանջվել է այդ գումարը վաստակելու համար
[Նկարմ 19–րդ էջի վրա]
Խնդրիր ծնողներիդ, որ քեզ սովորեցնեն բյուջե կազմել