Աստվածաշնչի տեսակետը
Արդյո՞ք սերը արդարացնում է մինչամուսնական սեքսը
ՄԻ ՀԱՐՑՄԱՆ արդյունքում պարզվեց, որ պատանիների մոտ 90 տոկոսի կարծիքով՝ սխալ չէ, որ իրար սիրող մարդիկ սեքսով զբաղվեն նախքան ամուսնությունը։ Նման մտածելակերպը խրախուսվում է զանգվածային լրատվական միջոցներով։ Հեռուստացույցն ու ֆիլմերը հաճախ նկարագրում են սեքսը որպես ռոմանտիկ կապվածության բնական արտահայտում։
Իհարկե, նրանք, ովքեր ուզում են հաճեցնել Աստծուն, չեն առաջնորդվում աշխարհում տարածված տեսակետներով՝ հասկանալով, որ դրանք արտացոլում են Սատանայի՝ նրա իշխանի մտածելակերպը (Ա Յովհաննէս 5։19)։ Նրանք նաև չեն ուզում առաջնորդվել միայն իրենց զգացմունքներով՝ գիտակցելով, որ «խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած» (Երեմիա 17։9)։ Փոխարենը՝ այն անհատները, ովքեր իրոք իմաստուն են, առաջնորդության համար դիմում են Արարչին և նրա ներշնչված Խոսքին (Առակաց 3։5, 6; Բ Տիմոթէոս 3։16)։
Սեռական հարաբերությունները Աստծու պարգևն են
Յակոբոս 1։17–ում գրված է. «Ամեն բարի տուրք, եւ ամեն կատարեալ պարգեւ վերեւիցն է իջնում լոյսի Հօրիցը»։ Ամուսնության մեջ սեռական հարաբերությունը այդ պարգևներից է (Հռութ 1։9; Ա Կորնթացիս 7։2, 7)։ Այն հնարավորություն է տալիս մարդկանց երեխաներ ունենալ։ Բացի այդ, սեքսը օգնում է ամուսնուն ու կնոջը ֆիզիկական և էմոցիոնալ առումով ամուր կապ ստեղծել և իրենց սերը արտահայտել շատ նուրբ ու հաճելի ձևով։ Սողոմոն թագավորը գրեց. «Ուրախացիր քո երիտասարդութեան կնոջ հետ.... նորա ստինքները թող քեզ կշտացնեն ամեն ժամանակ» (Առակաց 5։18, 19)։
Բնականաբար, Եհովան ցանկանում է, որ մենք օգտվենք իր տված պարգևներից և ուրախություն ստանանք։ Այդ նպատակով նա մեզ տվել է լավագույն օրենքներն ու սկզբունքները (Սաղմոս 19։7, 8)։ Եհովան «սովորեցնում [է] օգտակար եղողը, .... քեզ առաջնորդում [է] քո գնալու ճանապարհումը» (Եսայիա 48։17)։ Արդյո՞ք մեր երկնային Հայրը, լինելով սիրո մարմնացում, կզրկեր մեզ իսկապես լավ բանից (Սաղմոս 34։10; 37։4; 84։11; Ա Յովհաննէս 4։8)։
Մինչամուսնական սեքսը սիրո դրսևորում չէ
Երբ տղամարդն ու կինը ամուսնանում են, նրանք ասես դառնում են «մէկ մարմին»։ Իսկ երբ սեռական հարաբերություն չամուսնացած մարդիկ են ունենում, որը պոռնկություն է համարվում, նրանք նույնպես «մէկ մարմին» են դառնում, բայց այնպիսին, որն անմաքուր է Աստծու աչքին։a Բացի այդ, այդպիսի միությունը սիրո դրսևորում չէ։ Ինչո՞ւ (Մարկոս 10։7–9; Ա Կորնթացիս 6։9, 10, 16)։
Պատճառներից մեկն այն է, որ պոռնկությունը երկու անհատների միություն է՝ առանց որևէ պարտավորության։ Ինքնահարգանքի զգացումը ոտնահարելուց բացի, այն կարող է հանգեցնել հիվանդության, անցանկալի հղիության և էմոցիոնալ ցավ պատճառել։ Սակայն պոռնկություն գործելով՝ անհատը արհամարհանք է ցույց տալիս նախևառաջ Աստծու արդար չափանիշների նկատմամբ։ Ուստի այդպես վարվելը ընդհանրապես հարգանք չի արտահայտում դիմացինի ներկա և ապագա բարօրության և երջանկության հանդեպ։
Իսկ երբ քրիստոնյան է պոռնկություն գործում, դրանով նա ոտնահարում է իր հոգևոր եղբոր կամ քրոջ իրավունքները (Ա Թեսաղոնիկեցիս 4։3–5, 6 ՆԱ)։ Օրինակ՝ Աստծու այն ծառան, որն ամուսնությունից դուրս սեռական հարաբերություն է ունենում, անմաքրություն է մտցնում քրիստոնեական ժողով (Եբրայեցիս 12։15, 16)։ Նա նաև զրկում է իր հետ սեռական հարաբերության մեջ մտած անհատին բարոյական մաքուր դիրք ունենալուց և հետագայում բարոյապես մաքուր վիճակով ամուսնանալուց, եթե այդ անհատը ամուրի է։ Նա բիծ է բերում իր ընտանիքի բարի անվան վրա, ինչպես նաև արատավորում է դիմացինի ընտանիքի անունը։ Ի վերջո, դրանով նրանք հարգանք չեն դրսևորում Աստծու հանդեպ, քանի որ վիրավորում են նրան՝ խախտելով նրա արդար օրենքներն ու սկզբունքները (Սաղմոս 78։40, 41)։ Իր հերթին, Եհովան «վրէժխնդիր» կլինի բոլոր այդպիսի վատ գործերի համար, որ կատարում են չզղջացող մեղավորները (Ա Թեսաղոնիկեցիս 4։6)։ Ուստի մի՞թե զարմանալի է, որ Աստվածաշունչը մեզ խորհուրդ է տալիս ‘փախչել պոռնկությունից’ (Ա Կորնթացիս 6։18)։
Սիրահարվա՞ծ ես, ամուսնանալու նպատա՞կ ունես։ Ուրեմն մտերմության շրջանի ընթացքում փոխադարձ վստահության և հարգանքի ամուր հիմք դիր։ Մտածիր. ինչպե՞ս կարող է կինը լիովին վստահել մի տղամարդու, որը բավականաչափ ինքնատիրապետում չունի։ Եվ արդյոք հեշտ կլինի՞ տղամարդու համար պատվել ու փայփայել մի կնոջ, որն արհամարհել է Աստծու օրենքը, որպեսզի բավարարի իր կրքերը կամ հաճեցնի տղամարդուն։
Հիշիր նաև, որ նրանք, ովքեր մերժում են Աստծու՝ սիրով տրված չափանիշները, կհնձեն այն, ինչ ցանում են (Գաղատացիս 6։7)։ Աստվածաշունչն ասում է. «Պոռնկութիւն անողն, իր մարմնի մէջ է մեղանչում» (Ա Կորնթացիս 6։18; Առակաց 7։5–27)։ Իհարկե, եթե մինչամուսնական սեռական հարաբերությունների մեջ մտած զույգը անկեղծորեն զղջում է, ամեն բան անում վերականգնելու համար Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունը և ամրացնում վստահությունը միմյանց հանդեպ, բացասական զգացմունքները կանհետանան։ Այնուամենայնիվ, անցյալում կատարված այդ արարքը երկուսի սրտում էլ սպի է թողնում։ Օրինակ՝ մի երիտասարդ զույգ, որն արդեն ամուսնացած է, խորապես զղջում է պոռնկություն գործելու համար։ Ամուսինը երբեմն մտածում է. «Գուցե մեր ամուսնական կյանքում եղած տարաձայնությունները ինչ–որ չափով առաջ են գալիս այն պատճառով, որ ամենասկզբում մեր հարաբերություններում անմաքրություն ենք թույլ տվել»։
Իսկական սերը եսակենտրոն չէ
Թեև իսկական սերը ռոմանտիկ զգացմունքներ է ներառում, սակայն այն «անպատշաճ վարմունք չի ունենում» կամ «իր սեփական շահերը չի փնտրում» (Ա Կորնթացիս 13։4, 5 ՆԱ)։ Ընդհակառակը՝ իսկական սերը մղում է մարդուն հաշվի առնելու անհատի բարօրությունը և հավիտենական ապագան։ Այսպիսի սերը մղում է տղամարդուն և կնոջը պատվել մեկը մյուսին և սեռական հարաբերություններ ունենալ միայն ամուսնությունից հետո, ինչպես Աստված է պատվիրում (Եբրայեցիս 13։4)։
Վստահության և ապահովության զգացում ունենալը, որոնք նպաստում են երջանիկ ամուսնությանը, հատկապես կարևոր են, երբ ընտանիքում երեխաներ են ծնվում, քանի որ Աստված նախատեսել է, որ երեխաները մեծանան սիրառատ, կայուն և ապահով միջավայրում (Եփեսացիս 6։1–4)։ Միայն ամուսնության մեջ է, որ երկու անձնավորություններ իսկապես նվիրվում են միմյանց։ Իրենց սրտում, նաև բարձրաձայն, նրանք երդում են տալիս հոգ տանել և աջակցել միմյանց մինչև իրենց կյանքի վերջը՝ թե՛ լավ և թե՛ վատ պահերին (Հռովմայեցիս 7։2, 3)։
Ամուսնու և կնոջ միջև սեռական հարաբերությունները կարող են ամրացնել նրանց կապը։ Երջանիկ ամուսնության մեջ կողակիցները ավելի մեծ հաճույք են ստանում սեքսով զբաղվելուց և չեն անում այնպիսի բաներ, որոնք տանջում են իրենց խիղճը կամ անհնազանդություն են արտահայտում Արարչի հանդեպ։
[Ծանոթագրություն]
a «Պոռնկություն» թարգմանված հունարեն բառը վերաբերում է ամուսնությունից դուրս բոլոր տեսակի սեռական գործողություններին, որոնց ժամանակ օգտագործվում են սեռական օրգանները։ Դրա մեջ է մտնում նաև օրալային սեքսը։ Տե՛ս «Արթնացե՛ք», հոկտեմբեր–դեկտեմբեր, 2004, էջ 28, և «Դիտարան» փետրվարի 15, 2004, էջ 13։ Հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
◼ Ի՞նչ տեսակետ ունի Աստված մինչամուսնական սեքսի վերաբերյալ (Ա Կորնթացիս 6։9, 10)
◼ Ինչո՞ւ է պոռնկությունը վնասակար (Ա Կորնթացիս 6։18)
◼ Ինչպե՞ս կարող են իրար սիրող երկու անհատներ իսկական սեր դրսևորել միմյանց հանդեպ (Ա Կորնթացիս 13։4, 5)