Իսկապե՞ս նրանք այդքան են ապրել
Ըստ Աստվածաշնչի՝ Ադամն ապրել է 930 տարի, Սեթը՝ 912, իսկ Մաթուսաղան՝ 969. ընդամենը 31 տարի էր պակասում, որ նա հազար տարի ապրած լիներ (Ծննդոց 5։5, 8, 27)։ Արդյո՞ք նրանց տարիները հավասար էին մեր տարիներին, թե՞ դրանք ավելի կարճ ժամանակահատվածներ էին. ասենք՝ մեկ տարին հավասար էր մեկ ամսվա, ինչպես կարծում են ոմանք։
Աստվածաշունչը խորապես ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ դրանք բառացի տարիներ էին և հավասար են մեր տարիներին։ Մտածեք հետևյալի մասին՝ եթե հնում մեկ տարին հավասար էր մեկ ամսվա, ուրեմն վերոհիշյալ մարդիկ հայր էին դարձել շատ վաղ տարիքում. Կայնանը վեց տարեկան էլ չկար, երբ հայր դարձավ, իսկ Մաղաղիելն ու Ենովքը մոտավորապես հինգ տարեկան էին (Ծննդոց 5։12, 15, 21)։
Հնում ապրած մարդիկ տարբերակում էին օրերը, ամիսներն ու տարիները (Ծննդոց 1։14–16; 8։13)։ Նոյի մանրամասն ժամանակագրական տվյալներն օգնում են մեզ իմանալ, թե որքան էր մեկ ամսվա տևողությունը։ Համեմատելով Ծննդոց 7։11, 24 և 8։3, 4 համարները՝ տեսնում ենք, որ հինգ ամիսը (երկրորդ ամսվա 17–րդ օրից մինչև յոթերորդ ամսվա 17–րդ օրը) հավասար էր 150 օրվա։ Փաստորեն, ակներևաբար, Նոյի համար մեկ ամիսը հավասար էր 30 օրվա, և 12 ամիսը կազմում էր մեկ տարի (Ծննդոց 8։5–13)։a
Բայց ինչպե՞ս կարող էին մարդիկ ապրել 900 և ավելի տարիներ։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված մարդկանց ստեղծել էր հավիտենական կյանքի հեռանկարով։ Սակայն Ադամի մեղքի պատճառով մարդիկ ժառանգեցին անկատարություն, հետևաբար և մահ (Ծննդոց 2։17; 3։17–19; Հռոմեացիներ 5։12)։ Ջրհեղեղից առաջ ապրած մարդիկ շատ ավելի մոտ էին կատարելությանը, քան մենք, և դա, անշուշտ, դեր է խաղացել երկարակեցության հարցում։ Օրինակ՝ Մաթուսաղան Ադամի յոթերորդ սերունդն էր (Ղուկաս 3։37, 38)։
Եհովա Աստված շուտով վերացնելու է ադամական մեղքի բոլոր հետևանքները։ Նրանք, ովքեր հավատ են դրսևորում նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի թափած արյան հանդեպ կազատվեն այդ կապանքներից։ «Մեղքի վճարած վարձը մահն է, բայց Աստծու տված պարգևը՝ հավիտենական կյանք մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռոմեացիներ 6։23)։ Այո՛, կգա այնպիսի ժամանակ, երբ անգամ Մաթուսաղայի կյանքի 969 տարիները շատ կարճ ժամանակամիջոց կթվան։
[Ծանոթագրություն]
a Տե՛ս «Գրությունների ըմբռնում» հանրագիտարան, 2–րդ հատոր, էջ 1214։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[Նկար 29–րդ էջի վրա]
1000
Մաթուսաղա
Ադամ
Սեթ
900
800
700
600
500
400
300
200
100
Մարդու կյանքի միջին տևողությունն այսօր