Առողջ մայրեր, առողջ երեխաներ
ՄԱՅՐԸ քնքշորեն գրկել է իր առողջ նորածնին։ Իսկ հայրը հպարտությամբ նայում է մանկիկին։ Ամեն տարի կարելի է այսպիսի միլիոնավոր տեսարաններ տեսնել։ Շատերի համար երեխայի ծնունդը սովորական և բնական բան է։ Սակայն մի՞շտ են առողջ երեխաներ ծնվում, կարիք կա՞ անհանգստանալու։
Ցավոք, միշտ չէ, որ հղիության ընթացքը և երեխայի ծնունդը նորմալ է լինում։ Այդ պատճառով ամուսինները, որ պատրաստվում են ծնող դառնալ, հնարավոր ամեն բան անում են անտեղի բարդություններից խուսափելու համար։ Օրինակ՝ նրանք տեղեկանում են, թե ինչ պատճառով են ծննդաբերության ժամանակ բարդություններ առաջանում, հղիության ընթացքում բժշկի հետ կոնսուլտացիաներ են անում և որոշակի քայլեր են ձեռնարկում երկունքի ու ծննդաբերության ժամանակ առաջ եկող բարդությունները նվազեցնելու համար։ Քննենք որոշ հարցեր մանրամասնորեն։
Ծննդաբերության բարդությունների պատճառները
Պատճառներից մեկն այն է, որ հղիության ընթացքում թե՛ մայրը, թե՛ երեխան անուշադրության են մատնվում։ Հոնկոնգի «Ուելսի իշխան» հիվանդանոցի մանկաբույժ Չանգ Կամլաուն ասում է, որ եթե հղի կինը կոնսուլտացիա չի անում բժշկի հետ, ապա հավանականությունը մեծ է, որ հղիության ընթացքում բարդություններ կունենա։ Նա նաև նշում է. «Հղի կանանց մեծ մասը չի դիմում բժշկի, սակայն ակնկալում է առողջ, թմբլիկ երեխա ունենալ, ինչը, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է»։
Իսկ կանանց բուժօգնություն տրամադրելու մասին մի պարբերագրում նշվում է, որ «ծննդաբերության ժամանակ մայրերի մահվան գլխավոր պատճառը» չափազանց շատ արյուն կորցնելն է, դժվար ու ձգձգվող ծննդաբերությունը, ինֆեկցիան և չափից ավելի բարձր արյան ճնշումը։ Սակայն գոյություն ունեն բուժման արդյունավետ միջոցներ և շատ դեպքերում, ինչպես նշվում է այս պարբերագրում, չեն պահանջվում բարդ պրոցեդուրաներ։
Նորածիններին նույնպես պետք է հոգ տանել։ ՄԱԿ–ի տարեգրությունը տեղեկացնում է, որ նորածինների մահացության երկու երրորդը կարելի է կանխել, եթե բոլոր մայրերն ու իրենց մանկիկները բժշկական օգնություն ստանան, որի ժամանակ բարդ սարքավորումներ չեն կիրառվում։ Ֆիլիպինների տեղեկատվական գործակալությունը նշում է, որ բավարար տեղեկություններ չունենալը և մայրերի անտարբերությունը հղիության ընթացքում, ցավոք, նորմալ է համարվում։
Կանանց կոնսուլտացիա
ՄԱԿ–ի տարեգրությունը նշում է. «Առողջ մայրերը առողջ երեխաներ են ունենում»։ Տեղեկացվում է նաև, որ երբ կինը հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և հետծննդյան շրջանում ոչ բավարար բժշկական օգնություն է ստանում կամ ընդհանրապես չի ստանում, նրա երեխան նույնպես ոչ լիարժեք բժշկական օգնություն է ստանում կամ էլ չի ստանում։
Որոշ երկրներում գուցե դժվար է համապատասխան բժշկական օգնություն ստանալ։ Միգուցե հղի կինը հիվանդանոցից շատ հեռու է ապրում կամ էլ ի վիճակի չէ վճարումներ կատարել։ Այդուհանդերձ, հնարավորության սահմաններում նա պետք է փորձի խորհրդակցել բժշկի հետ։ Սա հատկապես կարևոր է այն կնոջ համար, ով ապրում է Աստվածաշնչի ուսմունքների համաձայն, քանի որ Աստծու տեսակետից՝ մարդկային կյանքը, նույնիսկ չծնված երեխայի կյանքը սուրբ է (Ելից 21։22, 23a; Բ Օրինաց 22։8)։
Իսկ անհրաժե՞շտ է ամեն շաբաթ դիմել բժշկի։ Ո՛չ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հղիության և ծննդաբերության ժամանակ տեղի ունեցող որոշ բարդությունների վերաբերյալ նշում է. «Պարզվել է, որ այն կանայք, ովքեր իրենց հղիության ընթացքում միայն չորս անգամ են այցելել բժշկի, նույն արդյունքն են ստացել, ինչ նրանք, ովքեր տասներկու անգամ կամ ավելի շատ են դիմել բժշկի»։
Ինչ կարող են անել բժիշկները
Որպեսզի ամեն բան լավ ընթանա, բժիշկները, հատկապես մանկաբարձության ոլորտի մասնագետները հետևյալ քայլերն են ձեռք առնում։
◼ Նրանք ծանոթանում են հղի կնոջ հիվանդության պատմությանը, հետազոտում են ռիսկի հավանականությունը և կանխում են մոր կամ զարգացող պտղի հետ կապված բարդությունները։
◼ Նրանք գուցե արյան և մեզի անալիզ վերցնեն, որպեսզի ստուգեն, թե արդյոք կինը սակավարյունություն, ինֆեկցիա, ռեզուս–գործոնների անհամատեղելիություն և այլ տեսակի հիվանդություններ ունի, օրինակ, շաքարախտ, կարմրուկ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, երիկամների ֆունկցիայի խանգարում, ինչի հետևանքով կարող է բարձրանալ արյան ճնշումը։
◼ Եթե հղի կնոջ խիղճը թույլ է տալիս, ապա բժիշկները գրիպի, պրկախտի և ռեզուս–գործոնների անհամատեղելիության դեպքում կարող են կանխարգելիչ պատվաստումներ անել։
◼ Նրանք նաև առաջարկում են վիտամիններ օգտագործել, հատկապես ֆոլաթթու (B խմբի վիտամինների շարքից)։
Երբ բժիշկները նախազգուշական քայլեր են ձեռք առնում կամ օգնում են հղի կնոջը ինքնուրույն միջոցներ ձեռնարկել, նրանք նպաստում են մոր և չծնված երեխայի առողջությանը։
Նվազեցնել բարդությունները
Ջոյ Փումապեն՝ ԱՀԿ–ի «Ընտանիք և հասարակություն» բաժնի նախկին փոխտնօրենն ասում է. «Հղի կնոջ համար ամենավտանգավոր ժամանակը երկունքի և ծննդաբերության շրջանն է»։ Ի՞նչ կարելի է անել լուրջ բարդությունները, անգամ կյանքին սպառնացող վտանգը կանխելու համար։ Անհրաժեշտ է նախապես քայլեր ձեռնարկել, ինչը դժվար չէb։ Սա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր աստվածաշնչային սկզբունքների հիման վրա հրաժարվում են արյան փոխներարկումից, կամ ովքեր ուզում են հեռու մնալ արյունից, քանի որ վտանգավոր են համարում այն (Գործեր 15։20, 28, 29)։
Այսպիսի հիվանդները ողջամտության սահմաններում պետք է անեն հնարավոր ամեն բան, որպեսզի համոզված լինեն, որ բժիշկը բավականաչափ գիտելիքներ և փորձ ունի արյան փոխարինիչներ կիրառելու հարցում։ Նաև ամուսինները պետք է վստահ լինեն, որ տվյալ ծննդատունը պատրաստակամորեն կհամագործակցի իրենց հետ այս հարցումc։ Ահա երկու կարևոր հարց, որ լավ կլինի տալ բժշկին. 1) ինչպե՞ս կվարվեք, եթե մայրը կամ երեխան մեծ քանակությամբ արյուն կորցնի, կամ եթե այլ բարդություններ առաջ գան և 2) եթե դուք ծննդաբերության պահին հիվանդանոցում չլինեք, ապա կարո՞ղ եք վստահ լինել, որ մեր կարծիքը և ցանկությունները հաշվի կառնվեն։
Հեռատես կինը անպայման կհարցնի բժշկին, թե արդյոք իր արյան տոկոսը բավարար է նորմալ երեխա ունենալու համար։ Եթե բժիշկը տեսնում է, որ հարկավոր է բարձրացնել արյան տոկոսը, ապա խորհուրդ կտա, որ կինն օգտագործի ֆոլաթթու, B խմբի վիտամինների շարքին պատկանող այլ վիտամիններ և երկաթ պարունակող մթերք կամ հաբեր։ Հղի կնոջ հեմոգլոբինի քանակը արյան մեջ պետք է լինի 11,5–15 (կամ հեմատոկրիտը՝ 32–36,5 տոկոս)։
Բժիշկը պետք է հաշվի առնի մի շարք այլ գործոններ ևս։ Օրինակ՝ հիվանդի այցելությունները ցույց տալի՞ս են, որ առողջության հետ կապված որևէ լուրջ խնդիր կա։ Պե՞տք է արդյոք հղի կինը խուսափի երկար ժամանակ ոտքի վրա մնալուց։ Արդյոք անհրաժե՞շտ է, որ նա ավելի շատ հանգստանա։ Հարկավո՞ր է քաշ կորցնել և վարժություններ անել, թե՞ հակառակը՝ լավ կլինի քաշը ավելացնել։ Պե՞տք է արդյոք կինը ավելի շատ ուշադրություն դարձնի անձնական հիգիենային, ինչպես նաև բերանի խոռոչի մաքրությանը։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե հղի կինը լնդախտ ունի, ապա դա նախաէկլամպսիայի նշան է, որը լուրջ բարդություն է։ Այն ուղեկցվում է արյան ճնշման հանկարծակի բարձրացմամբ, ուժեղ գլխացավերով և ջրգողությամբ (հեղուկի ավելցուկային կուտակում օրգանիզմի հյուսվածքներում)d։ Նախաէկլամպսիան կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության։ Այն նաև պատճառ է դառնում պտղի և մոր մահացության, հատկապես զարգացող երկրներում։
Իրականում հոգատար բժիշկը ուշադրություն պետք է դարձնի ցանկացած նշանի, որը խոսում է ինֆեկցիայի առկայության մասին։ Իսկ եթե նկատի, որ կինը վաղաժամ ցավեր ունի, ապա արագ քայլեր կձեռնարկի նրան հիվանդանոց տեղափոխելու համար՝ վերջինիս կյանքը փրկելու նպատակով։
«Կանայք վտանգում են իրենց կյանքը, որպեսզի նոր կյանք լույս աշխարհ բերեն»,— ասում է բժիշկ Կազի Մոներուլ Իսլամը՝ ԱՀԿ–ի «Անվըտանգ հղիություն» բաժնի տնօրենը։ Փաստորեն, հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և հետծննդյան շրջանում բժշկական օգնությունը կարող է կանխել շատ բարդություններ, անգամ մահը։ Ուստի եթե ցանկանում ես առողջ երեխա ունենալ, պետք է քո առողջությանը հետևես։
[ծանոթագրություններ]
a «Վնաս լինի» արտահայտությունը բնագիր լեզվում վերաբերում է թե՛ մոր, թե՛ երեխայի մահվանը։
b Տե՛ս «Նախապատրաստվիր ծննդաբերությանը» շրջանակը։
c Նախքան երեխայի ծնվելը Եհովայի վկա ամուսինները կարող են խորհրդակցել տեղի Հիվանդանոցների հետ կապի կոմիտեի (ՀԿԿ) հետ։ Այս կոմիտեի անդամները այցելում են հիվանդանոցներ, զրուցում են բժիշկների հետ և նրանց բժշկական տեղեկություններ են հաղորդում՝ նշելով, որ Եհովայի վկաները կողմ են առանց արյան բուժման։ Ավելին, ՀԿԿ–ն ամենայն հավանականությամբ կարող է օգնել գտնելու այնպիսի բժշկի, ով կհարգի հիվանդի կրոնական համոզմունքները և ով փորձառու է անարյուն վիրաբուժության բնագավառում։
d Թեև անհրաժեշտ է հետազոտություններ անել որոշելու համար, թե արդյոք լնդախտը կհանգեցնի նախաէկլամպսիայի, այդուհանդերձ խելամիտ կլինի միշտ հոգ տանել լնդերի և ատամների մասին։
[նկար 23-րդ էջի վրա]
2007 թ. հոկտեմբերին տպագրված մի հաշվետվության համաձայն՝ հղիության բարդությունների պատճառով գրեթե ամեն րոպե մի կին է մահանում, այսինքն՝ 536 000 կին ամեն տարի (ՄԱԿ–ի երկրի բնակչության հիմնադրամ)
[մեջբերում 24-րդ էջի վրա]
«Ամեն տարի 3,3 միլիոն երեխա ծնվում է մահացած և ավելի քան 4 միլիոն նորածին մահանում է լույս աշխարհ գալուց հետո՝ 28 օրվա ընթացքում» (ՄԱԿ–ի տարեգրություն)
[շրջանակ 25-րդ էջի վրա]
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԻՐ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ
1. Նախապես որոշիր, թե որ հիվանդանոցում պետք է ծննդաբերես, ով է լինելու քո բժիշկը կամ մանկաբարձը։
2. Կանոնավորաբար այցելիր քո բժշկին և ձգտիր վստահելի, ընկերական փոխհարաբերություններ հաստատել նրա հետ։
3. Հետևիր առողջությանդ։ Օգտագործիր վիտամիններ, որոնք անհրաժեշտ են հղի կնոջը, սակայն մի օգտագործիր այնպիսի դեղորայք, որ բժիշկը չի նշանակել։ Խելամիտ կլինի խուսափել ալկոհոլից։ ԱՄՆ–ի Ալկոհոլի չարաշահման և ալկոհոլիզմի ազգային ինստիտուտը նշում է. «Թեև ամենամեծ վտանգը երեխային է սպառնում, սակայն պարզ չէ, թե արդյոք կինը առհասարակ կարող է հղիության ընթացքում ալկոհոլ օգտագործել»։
4. Եթե վաղաժամ ցավեր են սկսվում (37–րդ շաբաթից առաջ), անմիջապես կապ հաստատիր քո բժշկի կամ խնամակալի հետ։ Եթե շտապ քայլերի դիմես, հնարավոր կլինի կանխել վաղաժամ ծննդաբերությունը և այլ բարդություններ, որ առաջ կգանe։
5. Այս հարցին առնչվող քո որոշումների մասին գրավոր թուղթ ունեցիր։ Շատերը նախօրոք լրացնում են «Դիրքորոշում և լիազորագիր բժշկական միջամտության վերաբերյալ» բլանկը։ Պարզիր, թե քո երկրում որ փաստաթուղթն է օրինական համարվում։
6. Հիշիր, որ ծննդաբերությունից հետո նույնպես պետք է հետևես քո և երեխայի առողջությանը, հատկապես այն դեպքում, երբ երեխան վաղաժամ է ծնվել։ Եթե քեզ թվում է, թե ինչ–որ խնդիր կա, անմիջապես դիմիր մանկաբույժին։
[ծանոթագրություն]
e Սովորաբար վաղաժամ ծնված երեխաներին, որոնք նվազ են, արյան փոխներարկում են կատարում, քանի որ նրանց օրգանները դժվարությամբ են արտադրում բավարար չափի արյան կարմիր գնդիկներ։