Քայլ 4. պաշտպանիր առողջությունդ
«Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում» (Առակներ 22։3)։ Որոշ կանխարգելիչ միջոցների շնորհիվ դու կխուսափես շատ հիվանդություններից և առողջական խնդիրներից, ինչպես նաև կխնայես ժամանակդ ու փողերդ։
❍ Հետևիր քո մաքրությանը։ «Ձեռքերը լվանալը ամենակարևոր միջոցն է, որով կարող ես կանխել վարակի տարածումը և մնալ առողջ»,— տեղեկացնում են ԱՄՆ-ի համաճարակաբանության կենտրոնները։ Կարծիք կա, որ վարակների 80 տոկոսը փոխանցվում է կեղտոտ ձեռքերի միջոցով։ Ուստի օրվա ընթացքում հաճախ լվա ձեռքերդ, հատկապես ուտելուց, կերակուր պատրաստելուց, վերքը մշակելուց և նույնիսկ դրան ձեռք տալուց առաջ, ինչպես նաև կենդանիներին դիպչելուց, զուգարանից օգտվելուց և երեխայի տակաշորերը փոխելուց հետո։
Ձեռքերը օճառով և ջրով լվանալը ավելի արդյունավետ է, քան սպիրտային հիմքով հակամանրէային նյութեր օգտագործելը։ Երեխաները ավելի առողջ կլինեն, եթե ծնողները սովորեցնեն նրանց լվանալ ձեռքերը և անընդհատ մատները բերանը ու աչքերը չտանել։ Ամեն օր լողանալը, հագուստը և անկողնու սպիտակեղենը ժամանակին փոխելն ու մաքուր պահելը նույնպես նպաստում են լավ առողջությանը։
❍ Խուսափիր վարակներից։ Խուսափիր գրիպով կամ հարբուխով հիվանդ մարդու հետ սերտ շփումից և նրա հետ միևնույն սպասքից մի՛ օգտվիր։ Նրա հիվանդությունը կարող է քթի արտադրության և թքի միջոցով փոխանցվել քեզ։ Իսկ այնպիսի վարակիչ հիվանդությունները, ինչպիսիք են՝ հեպատիտ B-ն և C-ն, ինչպես նաև ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՀ-ը, փոխանցվում են հիմնականում սեռական ճանապարհով, թմրադեղերի ներերակային օգտագործման և արյան փոխներարկման միջոցով։ Ճիշտ է, պատվաստումները կարող են պաշտպանել որոշ վարակիչ հիվանդություններից, սակայն իմաստուն մարդը զգուշություն կպահպանի հիվանդ մարդկանց հետ շփվելիս։ Պաշտպանվիր միջատներից, որոնք կարող են խայթել քեզ։ Երբ մոծակները կամ հիվանդություն փոխանցող մյուս միջատները ակտիվ են, առանց պաշտպանիչ միջոցների մի՛ նստիր և մի՛ քնիր դրսում։ Քեզ և հատկապես երեխաներիդ պաշտպանելու համար մահճակալների շուրջը ցանց կախիր կամ միջատներին վանող նյութեր օգտագործիրa։
❍ Տունդ մաքուր պահիր։ Ամեն բան արա, որպեսզի քո տունը թե՛ ներսից, թե՛ դրսից մաքուր և կոկիկ լինի։ Աշխատիր որքան հնարավոր է հոգ տանել այն մասին, որ քո տան շրջապատում ջրափոսեր չգոյանան, քանի որ այդտեղ կարող են մոծակներ բազմանալ։ Չծածկված ուտելիքը, սննդի մնացորդները կամ աղբը գրավում են միջատներին ու մակաբույծներին, որոնք մանրէներ ու վարակներ են տարածում։ Եթե քո բնակավայրում կոյուղի չկա, ապա ավելի լավ է մի սովորական արտաքնոց շինես, քան կարիքներդ հոգաս բաց երկնքի տակ։ Հիշիր, որ հարկավոր է ծածկել արտաթորանքը, որպեսզի դրա վրա ճանճեր չնստեն, որոնք կարող են, օրինակ, աչքի ինֆեկցիաների և այլ վարակիչ հիվանդությունների փոխանցման պատճառ լինել։
❍ Խուսափիր վնասվածքներից։ Հետևիր անվտանգության կանոններին աշխատանքի ժամանակ, ինչպես նաև ավտոմեքենա, մոտոցիկլետ կամ հեծանիվ վարելիս՝ նախապես հավաստիացած լինելով, որ դրանք սարքին վիճակում են։ Կրիր աշխատանքիդ համապատասխան հագուստ և կոշիկներ, ինչպես նաև ունեցիր անհրաժեշտ իրեր, օրինակ՝ պաշտպանիչ ակնոց, սաղավարտ, ականջակալ, ամրագոտի և այլն։ Խուսափիր արևի տակ երկար մնալուց, քանի որ այն կարող է քաղցկեղի և մաշկի վաղաժամ ծերացման պատճառ լինել։ Եթե ծխում ես, լավ կլինի՝ թողնես ծխելը, դա զգալիորեն կնվազեցնի սրտի հիվանդությունների, թոքերի քաղցկեղի և կաթվածի հավանականությունըb։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս «Արթնացե՛ք»-ի 2003 թ. մայիսի 22 համարը, որի վերնագիրն է «Միջատներ. վարակ տարածողներ» (անգլ., ռուս.)։
b Տե՛ս «Արթնացե՛ք»-ի 2010 թ. հուլիս-սեպտեմբեր համարը, որի վերնագիրն է «Ինչպե՞ս թողնել ծխելը»։