Նամակներ ընթերցողներից
Ինչու հրաժարվեցի խոստումնալից կարիերայից (հունիս, 2010թ., անգլ., ռուս.)։ Խոսքեր չեմ գտնում արտահայտելու երախտագիտությունս այս հրաշալի հոդվածի համար։ Ես 39 տարեկան եմ և մենակ երեք երեխա եմ մեծացնում։ Ռուսաստանի այն քաղաքում, որտեղ ապրում եմ, շատ դժվար է աշխատանք գտնել։ Երբ կարդացի Մարթա Թերեզա Մարկեսի մասին, փոխեցի իմ տեսակետը։ Լիաժամ ծառայություն կատարելու և իր կարիքների մասին հոգալու համար նա տանը մեքսիկական թամալես կոչվող կարկանդակներ էր պատրաստում և վաճառում դրանք փողոցում։ Ես էլ որոշեցի հետևել նրա օրինակին ու պատրաստել ռուսական կարկանդակներ, որոնք կոչվում են «պիռոժկի»։ Եվ ստացվեց։ Այժմ դա մեր ընտանեկան բիզնեսն է դարձել։ Այդպիսով երեխաներս ձեռք են բերում կյանքի համար անհրաժեշտ հմտություններ և ավելի պատասխանատվությամբ են վերաբերվում աշխատանքին։
Գ. Մ., Ռուսաստան
Խորհուրդներ կակազող մարդկանց համար (մայիս, 2010թ., անգլ., ռուս.)։ Շնորհակալ ենք, որ ճշգրիտ տեղեկություններ եք ներկայացրել կակազելու մասին։ Մենք շատ ջանքեր ենք թափում, որպեսզի օգնենք կակազող մարդկանց հասկանալու, որ այդ բարդույթը հաղթահարելու համար գոյություն ունեն բազմաթիվ արդյունավետ միջոցներ։
Ջեյն Ֆրեյզեր, կակազողների հիմնադրամի նախագահ, ԱՄՆ
«Երիտասարդները հարցնում են» խորագրից՝ ինչպե՞ս կարող եմ բացատրել Աստվածաշնչի տեսակետը համասեռամոլության վերաբերյալ (դեկտեմբեր, 2010թ., անգլ., ռուս.)։ Արդեն տասը տարի է, ինչ ամուսնացած եմ և ունեմ մեկ երեխա։ Ամեն օր պայքարում եմ «մարմնիս փշի» դեմ։ Ես հոմոսեքսուալ ցանկություններ ունեմ։ Նույնիսկ ամուսնանալուց հետո դրանք չեն անցել։ Ես խորապես վհատված էի, ինձ թվում էր, որ անհույս վիճակում եմ ու չեմ կարող երբևէ հաղթանակած դուրս գալ ցանկություններիս դեմ պայքարում։ Սակայն այս հոդվածը ընթերցելուց հետո դադարեցի ինձ կործանված մարդ համարելուց։ Ինձ հաջողվեց հասնել իմ նպատակին՝ չտրվել այդ ցանկություններին (2 Կորնթացիներ 12։7)։
Անանուն նամակ, ԱՄՆ
Հինգ տարեկանից պայքարում եմ հոմոսեքսուալ ցանկությունների դեմ։ Այժմ 61 տարեկան եմ, իսկ այդ ցանկությունները դեռ ապրում են իմ մեջ։ Ինձ դուր եկավ հոդվածում հատկապես այն միտքը, որ նույնիսկ ոչ համասեռամոլները պետք է փախչեն պոռնկությունից, և «կան բազմաթիվ ամուրիներ, որոնց ամուսնանալու հնարավորությունները այդքան էլ մեծ չեն և կան ամուսնացածներ, որոնց կողակիցները ինչ-որ հիվանդության կամ այլ պատճառներով չեն կարող սեռական հարաբերություն ունենալ», բայց կարող են երջանիկ լինել, չնայած այն բանին, որ չեն կարող բավարարել իրենց սեռական ցանկությունները։ Հետևաբար, համասեռամոլները նույնպես կարող են այդպես վարվել, եթե իսկապես ուզում են հաճեցնել Աստծուն։ Շնորհակալ եմ, որ քաջալերում եք մեզ նման մարդկանց, ովքեր պայքարում են այսպիսի ցանկությունների դեմ։
Անանուն նամակ, ԱՄՆ