Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 3/13 էջ 4–7
  • Ինչպես լինել լավ հայր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես լինել լավ հայր
  • 2013 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպիսի՞ն պիտի լինի լավ հայրը
    2008 Դիտարան
  • Երեխաներին ցույց տվեք հարկ եղած ուշադրությունը
    2005 Արթնացե՛ք
  • Երեխային դաստիարակեք մանուկ հասակից
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Ո՞վ կարող է սովորեցնել երեխային Աստծու մասին
    2011 Դիտարան
Ավելին
2013 Արթնացե՛ք
g 3/13 էջ 4–7

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ինչպես լինել լավ հայր

«Ո՞րն էր իմ սխալը»։ Այս հարցը տանջում է Մայքլինa, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունում է ապրում։ Նա ցանկացել է լավ հայր լինել, բայց ամեն անգամ, երբ մտածում է իր 19-ամյա ըմբոստ որդու մասին, ուզում է հասկանալ, թե ինչպես կարող էր ավելի լավ ծնող լինել։

Իսկ Թերին, որն ապրում է Իսպանիայում, այս հարցում հաջողությունների է հասել։ Նրա որդին՝ Էնդրյուն, ասում է. «Հիշում եմ, որ երբ փոքր էի, հայրս միշտ կարդում էր ինձ համար, խաղում էր ինձ հետ ու ճամփորդելիս ինձ տանում էր իր հետ, և այդպես մենք միասին ժամանակ էինք անցկացնում։ Նա նաև օգնեց ինձ սովորելը հաճելի բան դարձնել իմ կյանքում»։

Ինչ խոսք, հեշտ չէ լավ հայր լինել։ Սակայն կան հիմնական սկզբունքներ, որոնք կարող են օգնել։ Բազմաթիվ հայրեր նկատել են, որ երբ իրենք և իրենց ընտանիքները առաջնորդվում են Աստվածաշնչի իմաստությամբ, մեծ օգուտներ են քաղում։ Քննենք մի քանի սուրբգրային սկզբունքներ, որոնք կարող են օգնել հայրերին։

1. Ժամանակ տրամադրիր ընտանիքիդ

Ինչպե՞ս ես ցույց տալիս երեխաներիդ, որ նրանք կարևոր են քեզ համար։ Անխոս, շատ բաներ ես անում զավակներիդ համար, ինչպես նաև զոհողությունների ես գնում, որ սննդով ու կացարանով ապահովես նրանց։ Դու չէիր անի դա, եթե նրանք կարևոր չլինեին քեզ համար։ Սակայն եթե բավականաչափ ժամանակ չտրամադրես երեխաներիդ, նրանք կարող են մտածել, թե քեզ համար ավելի շատ ուրիշ բաներն են կարևոր, օրինակ՝ աշխատանքդ, ընկերներդ, նախասիրություններդ։

Երբ հայրը պետք է սկսի ժամանակ տրամադրել երեխային։ Մայրը փոխհարաբերություններ է զարգացնում փոքրիկի հետ, երբ նա դեռ իր արգանդում է։ Բեղմնավորումից 16 շաբաթ հետո չծնված երեխան սկսում է լսել։ Այս փուլում հայրը նույնպես կարող է իր յուրահատուկ հարաբերությունները հաստատել նրա հետ։ Նա կարող է լսել երեխայի սրտի բաբախյունը, զգալ, թե ինչպես է տոտիկներով խփում մոր որովայնին, խոսել նրա հետ, երգել նրա համար։

Աստվածաշնչյան սկզբունք։ Աստվածաշնչյան ժամանակներում հայրերը նույնպես մեծ դեր ունեին երեխայի դաստիարակության մեջ։ Նրանց հորդոր էր տրվում կանոնավորաբար ժամանակ անցկացնել երեխաների հետ, ինչը երևում է 2 Օրենք 6։6, 7 համարներից. «Այս խոսքերը, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, պետք է քո սրտում լինեն, և արմատավորիր դրանք քո երեխաների մեջ ու խոսիր դրանց մասին, երբ նստած ես տանդ, քայլում ես ճանապարհով, պառկում ես ու վեր կենում»։

2. Լավ հայրը լավ լսող է

Լսիր հանգիստ՝ առանց քննադատելու

Որպեսզի արդյունավետորեն հաղորդակցվես երեխաներիդ հետ, պետք է ուշադիր լսող լինես։ Պետք է սովորես լսել՝ առանց սուր արձագանքելու։

Եթե երեխաներդ գիտեն, որ արագ կորցնում ես ինքնատիրապետումդ և քննադատող ես, դժվար թե մղվեն պատմելու քեզ իրենց զգացմունքների մասին։ Բայց եթե հանգիստ լսես, ցույց կտաս, որ անկեղծորեն հետաքրքրված ես նրանցով։ Նրանք էլ կասեն քեզ իրենց թանկ մտքերն ու նվիրական զգացումները։

Աստվածաշնչյան սկզբունք։ Սուրբ Գրքի իմաստությունը օգնում է առօրյա կյանքի տարբեր բնագավառներում։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է. «Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» (Հակոբոս 1։19)։ Այն հայրերը, որոնք կիրառում են այս սկզբունքը, ավելի լավ են կարողանում հաղորդակցվել իրենց երեխաների հետ։

3. Սիրով դաստիարակիր և գովիր

Նույնիսկ երբ հիասթափված ես կամ զայրացած, խրատիր սիրուց մղված, որպեսզի երեխադ հարատև օգուտներ ստանա։ Դու պետք է խորհուրդ տաս, ուղղես նրան, կրթես ու, երբ անհրաժեշտ է, պատժես։

Բացի այդ, խրատը շատ ավելի արդյունավետ է լինում, երբ հայրը կանոնավորաբար գովում է իր երեխային։ Հին մի առակ ասում է. «Ճիշտ ժամանակին ասված խոսքը նման է ոսկե խնձորների, որ փորագրված արծաթե անոթի մեջ են» (Առակներ 25։11)։ Գովասանքը նպաստում է, որ երեխայի մեջ լավ հատկություններ զարգանան։ Նրանք ասես փթթում են, երբ իրենց վստահում են, երբ զգում են, որ իրենց գնահատում են։ Այն հայրը, որը առիթներ է փնտրում գովելու, օգնում է երեխային, որ նրա մեջ ինքնավստահություն զարգանա, և մղում է նրան թևաթափ չլինելու, այլ ձգտելու անել այն, ինչ ճիշտ է։

Աստվածաշնչյան սկզբունք։ «Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, որ նրանք չվհատվեն» (Կողոսացիներ 3։21)։

4. Սիրիր ու հարգիր կնոջդ

Այն, թե ինչպես է հայրը վերաբերվում իր կնոջը, անդրադառնում է երեխաների վրա։ Երեխայի զարգացումն ուսումնասիրող փորձագետների մի խումբ բացատրում է. «Լավագույն բաներից մեկը, որ հայրը կարող է անել իր երեխաների համար, նրանց մորը հարգելն է.... Երբ հայրն ու մայրը հարգանքով են վերաբերվում իրար, ու երեխաները տեսնում են դա, նրանք իրենց երջանիկ ու սիրված են զգում» (The Importance of Fathers in the Healthy Development of Children)b։

Աստվածաշնչյան սկզբունք։ «Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց.... Ձեզանից ամեն մեկը թող այնպես սիրի իր կնոջը, ինչպես իր անձը» (Եփեսացիներ 5։25, 33)։

5. Սովորեցրու սիրել Աստծուն

Հայրը, որը անկեղծորեն սիրում է Աստծուն, կարող է իր երեխաներին ամենաթանկ ժառանգությունը տալ՝ մտերիմ հարաբերություններ իրենց երկնային Հոր հետ։

Անտոնիոն, որը Եհովայի վկա է և մեծացրել է վեց երեխաների, հետևյալ գրությունը ստացավ իր աղջիկներից մեկից. «Սիրելի՛ հայրիկ, ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ, որ սովորեցրել ես սիրել Եհովա Աստծուն, ինքս ինձ և մերձավորիս ու լինել հավասարակշռված մարդ։ Դու ցույց ես տվել, որ սիրում ես Եհովային ու հոգ ես տանում իմ մասին անհատապես։ Շնորհակալ եմ, որ Եհովային առաջին տեղում ես դրել քո կյանքում և երեխաներիդ համարել ես Աստծուց ստացած պարգև»։

Աստվածաշնչյան սկզբունք։ «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ ուժով։ Այս խոսքերը, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, պետք է քո սրտում լինեն» (2 Օրենք 6։5, 6)։

Անշուշտ, լավ հայր լինելու համար այս հինգ կետերին հետևելուց ավելին է հարկավոր անել։ Իրականում, եթե անգամ փորձում ես քո լավագույնն անել լավ հայր լինելու համար, չես կարող կատարյալ հայր լինել։ Բայց քանի դեռ սիրով ու հավասարակշռված կերպով ես կիրառում այս սկզբունքները, դու կարող ես լավ հայր լինելc։

a Որոշ անուններ այս հոդվածում փոխված են։

b Նույնիսկ եթե հայրը բաժանված է իր երեխաների մորից, մոր հետ երեխաների փոխհարաբերությունների վրա լավ կանդրադառնա հոր հարգալից և արժանապատիվ վերաբերմունքը նրա հանդեպ։

c Ընտանեկան կյանքի վերաբերյալ առաջնորդության համար տե՛ս «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը www.pr418.com կայքում։

Լավ հայրը միշտ ժամանակ ունի

Սիլվանը, որը ծագումով Բարբադոսից է, ավտոբուսի վարորդ է աշխատում Նյու Յորքում և ապրում է իր կնոջ ու երեք պատանի տղաների հետ։ Նա ծանրաբեռնված գրաֆիկ ունի։ Աշխատում է կեսօրից մինչև մյուս օրը առավոտ ժամը երեք-չորսը։ Նա հանգստանում է հինգշաբթի և ուրբաթ օրերին, իսկ շաբաթ ու կիրակի երեկոները աշխատում է։ Այդուհանդերձ, նա միշտ ժամանակ ունի իր երեխաների համար։

«Դժվար է, բայց փորձում եմ,— ասում է Սիլվանը։— Տղաներս կարիք ունեն առանձին-առանձին ինձ հետ ժամանակ անցկացնելու։ Հինգշաբթի կեսօրը տրամադրում եմ մեծ տղայիս, երբ դպրոցից տուն է գալիս։ Ուրբաթ օրը ժամանակ եմ հատկացնում միջնեկին։ Փոքր տղայիս հետ շփվում եմ կիրակի առավոտյան»։

Սիրված հայրեր

«Նա երեկոները խաղում է ինձ հետ և կարդում ինձ համար» (Սիերա, 5 տարեկան)։

«Մենք շատ ենք խաղում, ու հետո նա ասում է. «Հիմա հավաքելու ժամանակն է»։ Իսկ երբ իրար հետ մի գործ ենք անում, դադարեցնում է ու ասում. «Արի հիմա խաղանք»» (Մայքլ, 10 տարեկան)։

«Հայրս թույլ չէր տալիս, որ աշխատանքի կամ հոբբիի պատճառով չօգնի մորս տան գործերում։ Նույնիսկ հիմա՝ տարիներ անց, նա ճաշ է պատրաստում նույն հաճախականությամբ, ինչ մայրս, լվանում է ափսեները, օգնում է տան մաքրության հարցերում և նրան վերաբերվում սիրով ու ջերմությամբ» (Էնդրյու, 32 տարեկան)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը