Ո՞վ կարող է սովորեցնել երեխային Աստծու մասին
«Աշակերտն իր ուսուցչից բարձր չէ, բայց ամեն ոք, ով կատարելապես ուսուցանվում է, իր ուսուցչի նման կլինի» (ՂՈՒԿԱՍ 6։40)։
ՈՐՈՇ ծնողներ կարծում են, թե չեն կարող սովորեցնել իրենց երեխաներին Աստծու մասին։ Նրանք թերևս մտածում են, որ չունեն բավարար կրթություն կամ անհրաժեշտ կրոնական գիտելիքներ, այդ իսկ պատճառով գուցե հակված լինեն այս կարևոր պարտականությունը թողնելու իրենց հարազատին կամ որևէ հոգևորականի։
Այնուամենայնիվ, ո՞վ կարող է լավագույն կերպով երեխայի մեջ սերմանել հոգևոր ճշմարտություններ և բարոյական արժեքներ։ Քննենք, թե այս հարցի վերաբերյալ ինչ է ասում Աստվածաշունչը և ինչ եզրակացությունների են եկել մասնագետները։
Հոր դերը
Ինչ է ասում Աստվածաշունչը։ «Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, այլ դաստիարակեք նրանց Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփեսացիներ 6։4)։
Ինչ են ասում մասնագետները։ Կարևոր է, որ հայրը խոր կրոնական համոզմունքներ ունենա։ 2009թ.-ին հրապարակված մի հոդվածում նշվում է. «Հոգևոր գործունեությամբ զբաղվելը կարող է օգնել տղամարդուն դառնալու ավելի լավ հայր։ Կրոնը սոցիալական պաշտպանություն է տալիս անհատին և իրականացնում է վարքի վերահսկողություն։ Կրոնական ուսմունքներն ու չափանիշները դրական ազդեցություն են թողնում» (Fathers’ Religious Involvement and Early Childhood Behavior)։
Աստվածաշունչը երեխայի դաստիարակության հարցում կարևորում է հոր դերը (Առակներ 4։1; Կողոսացիներ 3։21; Եբրայեցիներ 12։9)։ Տեղի՞ն է արդյոք Եփեսացիներ 6։4 համարում նշված խորհուրդն այսօր։ 2009թ.-ին Ֆլորիդայի համալսարանը հրապարակեց մի հոդված, որտեղ խոսվում էր հոր ազդեցության մասին։ Հետազոտողները կարծում են, որ այն երեխան, որի հայրը ակտիվորեն զբաղվում է նրա դաստիարակությամբ, ավելի կարեկից է և ունի արժանապատվության ավելի մեծ զգացում։ Տղա երեխաները ավելի լավ են իրենց պահում, իսկ աղջիկները կայուն հոգեկան առողջություն են ունենում։ Այո՛, աստվածաշնչյան խորհուրդները շարունակում են արդիական մնալ։
Մոր դերը
Ինչ է ասում Աստվածաշունչը։ «Լսի՛ր, որդի՛ս, քո հոր խրատը և մի՛ թող քո մոր օրենքը» (Առակներ 1։8)։
Ինչ են ասում մասնագետները։ «Բազմաթիվ երկրներում մայրերը միջին հաշվով 65–80%-ով ավելի շատ ժամանակ են անցկացնում իրենց երեխաներից յուրաքանչյուրի հետ, քան հայրերը» (Handbook of Child Psychology, 2006թ.)։ Այդքան ժամանակ տրամադրելու շնորհիվ մայրը իր զրույցներով, վարվելակերպով ու վերաբերմունքով մեծ ազդեցություն է թողնում երեխայի զարգացման վրա։
Երբ հայրն ու մայրը միասին սովորեցնում են երեխային Աստծու մասին ճշմարտությունը, նրանք առնվազն երկու շատ կարևոր բան են անում նրա համար։ Առաջին՝ երեխան հնարավորություն է ունենում մտերմանալու իր երկնային Հոր հետ, մտերմություն, որը նրա օգտին կծառայի ողջ կյանքում։ Երկրորդ՝ երեխան ծնողների օրինակից սովորում է, թե ինչպես պետք է ամուսինն ու կինը համագործակցեն կարևոր նպատակի հասնելու համար (Կողոսացիներ 3։18–20)։ Ճիշտ է, ուրիշները կարող են աջակցել երեխայի դաստիարակության հարցում, սակայն ծնողների՛ պատասխանատվությունն է սովորեցնել երեխային Աստծու մասին և այն մասին, թե ըստ Նրա՝ ինչպես պետք է ընտանիքի անդամները վերաբերվեն միմյանց։
Իսկ ինչպե՞ս պետք է ծնողը կրթի իր զավակին։ Ո՞րն է լավագույն մեթոդը։