Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 6/15 էջ 10–11
  • Գալիլեո

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գալիլեո
  • 2015 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՐՈՆԸ
  • Կրոն և գիտություն. հակամարտության սկիզբը
    2005 Դիտարան
  • Սխալ ներկայացված գիրքը
    Գիրք բոլորի համար
  • Գիտություն և Աստվածաշունչ. իրո՞ք հակասում են
    2005 Դիտարան
  • Բովանդակություն
    2015 Արթնացե՛ք
2015 Արթնացե՛ք
g 6/15 էջ 10–11
Գալիլեո

ԱՆՑՅԱԼԻ ԷՋԵՐԻՑ

Գալիլեո

14–16-րդ դարերում եվրոպացի գիտնականներն ու փիլիսոփաները տիեզերքի մասին նոր բացահայտումներ արեցին։ Դրանք սակայն հակասում էին նրան, ինչ սովորեցնում էր կաթոլիկ եկեղեցին։ Երկնքին նոր աչքերով նայող այդ մարդկանցից մեկը Գալիլեո Գալիլեյն էր։

ԳԱԼԻԼԵՈՅԻ ժամանակներից առաջ շատ մարդիկ հավատում էին, որ արևը և բոլոր աստղերն ու մոլորակները պտտվում են Երկրի շուրջ։ Այս գաղափարը նաև կաթոլիկ եկեղեցու կողմից պաշտոնապես հաստատված ուսմունք էր։

Սակայն իր աստղադիտակով Գալիլեոն նկատեց փաստեր, որ ժխտում էին լայնորեն ընդունված գիտական ուսմունքները։ Օրինակ՝ նա տեսավ, որ արևի վրա եղող բծերի դիրքը փոխվում է, ինչից հասկացավ, որ այն պտտվում է իր առանցքի շուրջը։ Այսպիսի դիտարկումները զգալիորեն հարստացրին տիեզերքի մասին մարդկության պատկերացումները։ Սակայն դրանց համար Գալիլեոն պետք է պատասխան տար կաթոլիկ եկեղեցուն։

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՐՈՆԸ

Գալիլեոն հրապարակեց իր հայտնագործությունները

Դրանից դեռևս տասնամյակներ առաջ լեհ աստղագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը առաջ էր քաշել այն տեսությունը, որ Երկիրը պտտվում է արևի շուրջը։ Գալիլեոն ուսումնասիրեց Կոպեռնիկոսի աշխատությունը երկնային մարմինների շարժման վերաբերյալ և հավաքեց փաստեր, որոնք թիկունք էին կանգնում դրան։ Սկզբում Գալիլեոն չէր համարձակվում հրապարակել իր դիտարկումներից մի քանիսը՝ վախենալով, որ դրանք կդառնան դատապարտության և ծաղրի առարկա։ Այնուհանդերձ, չկարողանալով զսպել իր խանդավառությունը հեռադիտակով տեսածի նկատմամբ՝ նա իր հայտնագործությունները ներկայացրեց հանրությանը։ Որոշ գիտնականներ նրա փաստարկները համարեցին վիճարկելի, և շուտով քահանաները իրենց ամբիոններից սկսեցին վարկաբեկել Գալիլեոյին։

1616-ին կարդինալ Բելարմինը՝ «այդ ժամանակների առաջադեմ աստվածաբանը», Գալիլեոյին տեղեկացրեց Կոպեռնիկոսի գաղափարների դեմ ուղղված կաթոլիկ եկեղեցու նոր հրապարակած արգելման դեկրետի մասին և խստորեն զգուշացրեց հաշվի նստել դրա հետ։ Դրանից հետո Գալիլեոն տարիներ շարունակ հրապարակայնորեն չէր խոսում այն մասին, որ Երկիրը պտտվում է արևի շուրջը։

1623-ին պապի աթոռին նստեց Ուրբան VIII-ը, ով Գալիլեոյի մտերիմն էր։ 1624-ին Գալիլեոն խնդրեց պապին չեղյալ համարել 1616-ի դեկրետը։ Սակայն պապը նրան հորդորեց մեկնաբանել Արիստոտելի և Կոպեռնիկոսի՝ իրար հակասող թեորիաները՝ առանց նրանցից որևէ մեկի կողմը դիրք բռնելու։

Գալիլեոն հետագայում գրեց մի գիրք, որը վերնագրեց «Զրույց մեծ աշխարհի համակարգերի շուրջ»։ Թեև պապը կարգադրել էր նրան լինել չեզոք, սակայն գրքում հավանությամբ էր խոսվում Կոպեռնիկոսի եզրահանգումների մասին։ Շուտով Գալիլեոյի թշնամիները սկսեցին պնդել, որ նա իր գրքով ծաղրում է պապին։ Գալիլեոյին մեղադրեցին հերետիկոսության մեջ և սպառնացին տանջանքների ենթարկել, ինչի պատճառով նա ստիպված եղավ հերքել Կոպեռնիկոսի ուսմունքները։ 1633-ին Հռոմի ինկվիզիցիան դատապարտեց նրան ցմահ տնային կալանքի և արգելեց նրա աշխատությունները։ 1642-ի հունվարի 8-ին Գալիլեոն մահացավ իր տանը՝ Ֆլորենցիայի Արչետրի գյուղում։

Հովհաննես Պողոս II պապը ընդունեց, որ կաթոլիկ եկեղեցին սխալ է վարվել Գալիլեոյի հանդեպ

Հարյուրավոր տարիներ Գալիլեոյի աշխատություններից որոշները մնացին կաթոլիկ եկեղեցու արգելված գրքերի ցուցակում։ Բայց 1979-ին եկեղեցին վերանայեց դեռևս 300 տարի առաջ Հռոմի ինկվիզիցիայի կողմից արված քայլերը։ Ի վերջո 1992-ին Հովհաննես Պողոս II պապը ընդունեց, որ կաթոլիկ եկեղեցին սխալ է վարվել Գալիլեոյի հանդեպ։

ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Գալիլեո Գալիլեյը ծնվել է 1564-ին Պիզայում (Իտալիա), որը հայտնի է իր թեք աշտարակով։ Նա դասավանդել է Պադուայի համալսարանում, իսկ հետագայում ապրել ու աշխատել է Ֆլորենցիայում։

  • Թեև աստղադիտակը Գալիլեոն չի ստեղծել, սակայն նա զգալիորեն բարելավել է նրա խոշորացնելու հնարավորությունը, ինչով էլ ավելի արդյունավետ է դարձրել այն։

  • Տիեզերքի մասին իր պատկերացումների համար Գալիլեոն երկու անգամ կանգնել է ինկվիզիցիայի՝ կաթոլիկ եկեղեցու հատուկ դատական ատյանի առաջ, որի պատասխանատվությունն էր պատժել եկեղեցու ուսմունքներից շեղվողներին։

Ինկվիզիցիան տանջե՞լ է Գալիլեոյին

Որոշ պատմաբաններ ենթադրում են, որ ինկվիզիցիան ֆիզիկական տանջանքների է ենթարկել Գալիլեոյին։ Նրա դեմ ուղղված դատավճռում ասվում էր, որ Գալիլեոյի իրական միտքը բացահայտելու համար անհրաժեշտ է նրա հանդեպ իրականացնել «խստագույն քննություն»։ Ինկվիզիտորական բառապաշարում դա հաճախ վերաբերում է «տանջելուն», ինչը կարող է նշանակել նվազագույնը «սպառնալ ֆիզիկական տանջանքներով»։

Մասնագետներն ընդգծում են, որ կային մարդուն տանջելու տարբեր փուլեր և աստիճաններ։ Դրա մեջ կարող էին մտնել տարբեր բաներ՝ սկսած զոհին տանջանքի գործիքները ցույց տալուց մինչև մերկացնելն ու կապելը, մինչև անգամ ֆիզիկական ցավ պատճառելը՝ աստիճանաբար ուժգնացնելով այն։ Թե ինչպես են Գալիլեոյին ենթարկել «խստագույն քննության», առայսօր առեղծված է։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը