Սխալ ներկայացված գիրքը
«Իր առանցքի և արևի շուրջը երկրի կրկնակի պտույտի տեսությունը սխալ է և լիովին հակասում է Սուրբ գրություններին»։ Այսպես հայտարարեց Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ինդեքսի հաստատությունը 1616թ.–ի հրամանագրում։1 Արդյո՞ք Աստվածաշունչն իսկապես հակասում է գիտությանը։ Թե՞ այն փորձել են աղավաղել։
ԳԱԼԻԼԵՈ ԳԱԼԻԼԵՅԸ 1609—1610–ի ձմռանը, իր նորաստեղծ աստղադիտակն ուղղելով դեպի երկինք, հայտնաբերեց Յուպիտեր մոլորակի շուրջը պտտվող չորս լուսին–արբանյակներ։ Նրա տեսածը խորտակեց տիրող համընդհանուր կարծիքը, թե բոլոր երկնային մարմինները Երկրի շուրջն են պտտվում։ Ավելի վաղ, 1543–ին, լեհ աստղագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը տեսաբանեց, որ մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը։ Գալիլեոն հաստատեց վերջինիս գիտական ճշմարտություն լինելը։
Կաթոլիկ աստվածաբանների համար, այնուամենայնիվ, սա հերետիկոսություն էր։ Եկեղեցին երկար ժամանակ գտնում էր, որ Երկիրը տիեզերքի կենտրոնն է։2 Այս տեսակետը հիմնված էր գրությունների այն բառացի մեկնաբանության վրա, որ Երկիրն ամրացված է «իր հիմունքի վերայ, որ տեղիցը չ’շարժուի բնաւ եւ յաւիտեան» (Սաղմոս 104։5)։ Կանչվելով Հռոմ՝ Գալիլեոն կանգնեց ինկվիզիցիայի առջև։ Դաժան հարցաքննության ենթարկվելով՝ նա ստիպված էր հրաժարվել իր հայտնագործումներից և կյանքի մնացյալ տարիներն անցկացրեց տնային կալանքի տակ։
Գալիլեոյի մահից շուրջ 350 տարի անց, 1992թ.–ին, Կաթոլիկ եկեղեցին ի վերջո ընդունեց, որ նա, այնուամենայնիվ, իրավացի էր։3 Սակայն, եթե Գալիլեոն իրավացի էր, արդյո՞ք այդ դեպքում սխալ էր Աստվածաշունչը։
Պարզաբանել Աստվածաշնչի հատվածների իրական իմաստը
Գալիլեոն հավատում էր, որ Աստվածաշունչը ճշմարիտ է։ Երբ իր գիտական հայտնագործությունները հակասեցին Աստվածաշնչի որոշակի համարների համատարած մեկնաբանությանը, նա եզրակացրեց, որ աստվածաբանները շեղվում են տվյալ հատվածի իրական իմաստից։ Ի վերջո, «Երկու ճշմարտություններ չեն կարող հակասել միմյանց»,— գրեց նա։4 Նա ակնարկում էր, որ գիտական որոշակի տերմինները չեն հակասում Աստվածաշնչի պարզ խոսքերին։ Սակայն աստվածաբանները թույլ չէին տա իրենց տարհամոզելու։ Նրանք պնդում էին, որ Երկրի վերաբերյալ Աստվածաշնչի բոլոր հաղորդագրությունները պետք է ընդունել բառացի։ Որպես արդյունք, նրանք ոչ միայն մերժեցին Գալիլեոյի հայտնագործումները, այլ նաև շեղվեցին աստվածաշնչային այդպիսի արտահայտությունների իրական իմաստից։
Իսկապես, առողջ դատողությունը պետք է մեզ հուշի, որ Աստվածաշունչը, խոսելով «երկրի չորս անկիւնների» մասին, նկատի չունի, թե գրողները երկիրը բառացիորեն քառանկյուն էին պատկերացնում (Յայտնութիւն 7։1)։ Աստվածաշունչը գրվել է հասարակ ժողովրդի լեզվով, որը իր խոսակցական լեզվում հաճախ էր պատկերավոր արտահայտություններ գործածում։ Ուստի, նկարագրելով Երկիրը «չորս անկիւններով», ամուր «հիմերով», «խարիսխներով» և «անկիւնաքարով»՝ Աստվածաշունչը չի տալիս նրա գիտական նկարագրությունը. ակնհայտորեն, նա փոխաբերական իմաստով է արտահայտվում, ինչպես մենք՝ մեր առօրյա խոսքումa (Եսայիա 51։13, Արևմտահայերեն Աստվածաշունչ; Յոբ 38։6)։
Իր «Գալիլեո Գալիլեյ» գրքում կենսագիր Լ. Գեյմոնաթը նշում է. «Նեղ մտածելակերպով այն աստվածաբանները, որոնք ցանկացան սահմանափակում դնել գիտության վրա՝ հիմք ընդունելով աստվածաշնչային մեկնաբանությունները, պարզապես վարկաբեկեցին Աստվածաշունչը»։5 Այո՛, հենց այդպես էլ վարվեցին։ Իհարկե, դրանք ոչ թե Աստվածաշնչի մեկնաբանություններն էին, այլ՝ աստվածաբանների, որոնք անխոհեմ ճնշումներ գործադրեցին գիտության վրա։
Նմանապես, կրոնական ֆունդամենտալիստներն այսօր աղավաղում են Աստվածաշունչը՝ պնդելով, թե երկիրը ստեղծվել է քսանչորսժամյա վեց օրերի ընթացքում (Ծննդոց 1։3—31)։ Այսպիսի տեսակետը չի համապատասխանում ո՛չ գիտությանը և ո՛չ էլ Աստվածաշնչին։ Աստվածաշնչում, ինչպես առօրյա խոսքում, «օր» բառը ճկուն տերմին է, որը տարբեր տևողություններով ժամանակահատվածներ է ներկայացնում։ Ծննդոց 2։4–ում ստեղծագործական բոլոր վեց օրերը ներկայացված են որպես մեկ ամբողջական «օր»։ Աստվածաշնչում «օր» թարգմանված եբրայերեն բառը կարող է պարզապես նշանակել «երկար ժամանակ»։6 Հետևապես աստվածաշնչային ոչ մի հիմք չկա պնդելու, թե ստեղծագործական օրերը քսանչորսժամյա տևողություն ունեին։ Այլ տեսակետներ առաջ քաշելով՝ ֆունդամենտալիստները սխալ են ներկայացնում Աստվածաշունչը (տեսե՛ք նաև Բ Պետրոս 3։8)։
Պատմության ընթացքում աստվածաբանները հաճախ են աղավաղել Սուրբ գիրքը։ Նկատի առնենք այլ դեպքեր, որտեղ Քրիստոնեական աշխարհի կղերները սխալ են ներկայացրել Աստվածաշնչի խոսքերը։
Աղավաղվել է կրոնի կողմից
Հաճախ ոմանք, ովքեր ասում են, թե հետևում են Աստվածաշնչին, իրենց վարքով վարկաբեկում են այդ գրքի հեղինակությունը, որին՝ պնդում են, թե իբր ակնածանքով են մոտենում։ Այսպես կոչված քրիստոնյաներն Աստծո անվամբ մեկը մյուսի արյուն են թափել։ Սակայն Աստվածաշունչը Քրիստոսի հետևորդներին հորդորում է ‘սիրել միմյանց’ (Յովհաննէս 13։34, 35; Մատթէոս 26։52)։
Որոշ քահանաներ կողոպտում են իրենց հոտերը՝ նրանցից շորթելով ծանր աշխատանքով վաստակած դրամը, ինչը բոլորովին չի համապատասխանում Գրությունների հրահանգին՝ «ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք» (Մատթէոս 10։8; Ա Պետրոս 5։2, 3)։
Հստակ է ուրեմն, որ Աստվածաշնչի մասին պետք չէ դատել այն անձանց խոսքերի հիման վրա, որոնք պարզապես վկայակոչում են գիրքը կամ հայտարարում են, թե ապրում են ըստ նրա։ Հետևաբար, լայն մտահորիզոնի տեր անհատը կցանկանա իր համար պարզել, թե ինչի՛ մասին է Աստվածաշունչը և ինչո՛ւ է այսքան ուշագրավ գիրք հանդիսանում։
[Ծանոթագրություն]
a Օրինակ, նույնիսկ մանրախնդիր աստղագետներն այսօր խոսում են արևի, աստղերի և համաստեղությունների «ծագի» ու «մուտքի» մասին, չնայած, իրականում, այդ թվացյալ տեղաշարժի պատճառը երկրի պտույտն է։
Գալիլեոյի աստղադիտակներից երկուսը
Գալիլեոն ինկվիզիտորների առջև