Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 11/15 էջ 7–9
  • Ապրում են առանց տեսողության

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ապրում են առանց տեսողության
  • 2015 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Օգնենք կույրերին ճանաչելու Եհովային
    2015 Մեր թագավորական ծառայությունը
  • Կետեր, որոնք կյանքեր են փոխում
    Ինչպես են օգտագործվում ձեր նվիրատվությունները
  • Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. վկայություն տանք կույր մարդկանց
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
  • Կույր կնոջ աղոթքներն անպատասխան չմնացին
    Դեպքեր ծառայությունից
Ավելին
2015 Արթնացե՛ք
g 11/15 էջ 7–9
Պակին և նրա ամուսինը

Ապրում են առանց տեսողության

«Տեսողությունս լրջորեն վնասվեց, երբ իմ ծնվելուց հետո աչքերիս մեջ կաթեցրին ուժեղ ազդեցության կաթիլներ։ Պատանեկության տարիներին ամբողջությամբ կորցրի տեսողությունս և ընկա խոր դեպրեսիայի մեջ» (Պակի, միջին տարիքի մի կին, որի ամուսինը նույնպես կույր է)։

ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆԸ կամ տեսողության խանգարումները կարող են առաջանալ տարբեր պատճառներով, այդ թվում վնասվածքների և հիվանդությունների պատճառով, որոնք կարող են ազդել աչքերի, տեսողական նյարդերի կամ ուղեղի վրա։ Այն մարդիկ, ովքեր ամբողջությամբ կամ մասամբ կորցնում են իրենց տեսողությունը, հաճախ չեն կարողանում համակերպվել իրականությանը, վախով են համակվում և ընկճվում են։ Սակայն շատերը սովորում են հաղթահարել նման զգացումները և շարունակում են ապրել բավարարված կյանքով։

Աչքերը մեզ շրջապատող աշխարհն ընկալելու և տեղեկություններ ձեռք բերելու հիմնական միջոցն են։ Այդ պատճառով, երբ ինչ-որ մեկը կորցնում է իր տեսողությունը, սկսում է ավելի շատ ապավինել մյուս զգայարաններին՝ լսողության, հոտառության, շոշափելիքի և համի։

Համաձայն մի գիտական պարբերագրի՝ նեյրոնային ճկունության հետ կապված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուղեղը ունակ է «հարմարվելու տեղի ունեցող փոփոխություններին»։ Հոդվածում նաև նշվում է. «Երբ ուղեղը այլևս ազդակներ չի ստանում որևիցե զգայարանից, այն կարողանում է ինքնակարգավորվել այնպես, որ սկսում է խթանել և զարգացնել մյուս զգայարանները» (Scientific American)։ Նկատի առնենք հետևյալը։

Լսողություն։ Տարբեր հնչյուններ, օրինակ՝ ձայները կամ ոտնաձայները օգնում են, որ մարդու գիտակցության մեջ մտապատկերներ ստեղծվեն։ Ֆերնանդո անունով մի կույր մարդ ասում է. «Ես սովորել եմ հիշել ու ճանաչել մարդկանց իրենց ձայների և անգամ ոտնաձայների միջոցով»։ Խուանը, որը նույնպես կույր է, ասում է. «Կույր անհատը մարդուն ճանաչում է նրա ձայնով»։ Բացի այդ, ինչպես բոլոր մարդիկ, այնպես էլ կույրերը մեծ ուշադրություն են դարձնում խոսողի ձայնի տոնին, որն արտահայտում է տարբեր զգացմունքներ։

Իսկ կույր մարդուն, որն ունի սուր լսողություն, ձայները նաև շատ բան են հայտնում շրջապատող միջավայրի մասին, օրինակ՝ երթևեկության ուղղության, սենյակի մեծության և որոշ առարկաների դիրքի մասին։

Հոտառություն։ Անհատը տարբեր տեղեկություններ է ձեռք բերում նաև հոտառության զգայարանի միջոցով։ Օրինակ՝ նա ոչ միայն իմանում է, թե ինչից է գալիս հոտը, այլև տարբեր հոտեր զգալով՝ կարողանում է իր մտքում տեղանքի «քարտեզ» գծագրել և պատկերացնել, թե որտեղ ինչ կա՝ սրճարաններ, ռեստորաններ, շուկաներ և այլ բաներ։ Տեղանքը ավելի լավ պատկերացնելու հարցում նրան օգնում են նաև ծանոթ ձայները, ինչպես նաև շոշափելիքի զգայարանի միջոցով ձեռք բերած տեղեկությունները։

Շոշափելիքի զգայարան։ «Իմ մատները իմ աչքերն են»,— ասում է Ֆրանցիսկոն։ Այդ «աչքերի տեսադաշտը» հնարավոր է ընդլայնել ձեռնափայտի միջոցով։ Մանասեսը, որը կույր է ծնվել և մանկուց ձեռնափայտ է օգտագործել, ասում է. «Իմ մյուս զգայարանների և հիշողության շնորհիվ ես կարողանում եմ կողմնորոշվել, թե որտեղ եմ գտնվում, իսկ ձեռնափայտիս օգնությամբ կարողանում եմ իմանալ, օրինակ, թե ինչ անհարթություններ և խոչընդոտներ կան մայթի վրա»։

Մի մարդ կարդում է «Դիտարան» ամսագիրը Բրայլի գրատիպով

Մի մարդ կարդում է «Դիտարան» ամսագիրը Բրայլի գրատիպով

Շոշափելիքի զգայարանի շնորհիվ շատ կույր մարդիկ կարողանում են Բրայլի գրատիպով հրատարակված գրականություն կարդալ։ Այսօր կույր մարդիկ հնարավորություն ունեն օգտվելու մի շարք միջոցներից, որոնք հարստացնում և բազմազան են դարձնում նրանց կյանքը։ Բացի Բրայլի գրատիպով հրատարակություններից, կան նաև ձայնագրություններ և տարբեր համակարգչային ծրագրեր ու սարքավորումներ։ Այս ամենի օգնությամբ կույրերը կարող են կարդալ Աստվածաշունչը և Աստվածաշնչի ուսումնասիրության տարբեր ձեռնարկներ։a

Այդ հոգևոր միջոցները մխիթարության աղբյուր են Պակիի ու նրա ամուսնու համար, որոնց մասին նշվեց հոդվածի սկզբում։ Նրանք նաև հոգևոր աջակցություն են ստանում իրենց մեծ հոգևոր ընտանիքի՝ Եհովայի վկաների տեղի ժողովի կողմից։ Պակին ասում է. «Այժմ մենք կարողանում ենք ապրել իմաստալից և որոշ չափով ինքնուրույն կյանքով»։

Իսկապես, կույրերը բազում դժվարություններ են կրում։ Բայց այն, որ նրանք կարողանում են հաղթահարել այդ ամենը և ուրախություն ստանալ կյանքից, վկայում է այն մասին, որ մարդ արարածը ունակ է հարմարվելու փոփոխություններին և տոկունություն դրսևորելու։

a Եհովայի վկաները հրատարակում են Աստվածաշնչի ուսումնասիրության ձեռնարկներ Բրայլի գրատիպով ավելի քան 25 լեզուներով։

Թեև կույր եմ, բայց ապրում եմ լիարժեք կյանքով

Մարկո Անտոնիոն և նրա շունը՝ Դանթեն

Մարկո Անտոնիոն ունի կին ու երեխաներ, նաև մի բիզնեսի բաժնետեր է։ Նա ի ծնե կույր է։ «Արթնացե՛ք» ամսագիրը հարցազրույց է անցկացրել նրա հետ այն մասին, թե ինչ դժվարությունների է նա դիմագրավում և ինչ ուրախություններ է վայելում իր կյանքում։

— Դուք բիզնես եք վարում։ Ինչպե՞ս եք կարողանում դա անել։

— Ես կատարում և ընդունում եմ հեռախոսազանգեր, հանդիպում եմ հաճախորդների և մատակարարների հետ, նաև անում եմ բանկային գործարքներ։

— Իսկ ի՞նչ եք անում հանգստանալու և զվարճանալու համար։

— Ես սիրում եմ երաժշտություն։ Այն ինձ հանգստություն ու թարմություն է տալիս։ Ես դաշնամուր եմ նվագում, թեև դա ինձ համար դժվար է, որովհետև չեմ կարող միաժամանակ և՛ կարդալ Բրայլի գրատիպով նոտաները, և՛ նվագել երկու ձեռքով։ Առաջին անգամ որևէ երաժշտություն նվագելու համար աջ ձեռքով կարդում եմ նոտաները, իսկ ձախով ստեղներն եմ սեղմում։ Հետո կրկնում եմ նույն գործընթացը՝ այս անգամ փոխելով ձեռքերս։ Երբ նոտաներն անգիր եմ սովորում, արդեն նվագում եմ երկու ձեռքով։

— Ունեցե՞լ եք ինչ-որ առանձնահատուկ դժվարություններ։

— Իմ մանկության տարիներին ծնողներս և եղբայրներս սիրով հոգ էին տանում իմ մասին և ինձ վերաբերվում էին այնպես, ասես բոլորովին էլ կույր չեմ։ Ինչ խոսք, ես, մյուս երեխաների նման, հաճախ էի ընկնում կամ տարբեր վնասվածքներ ստանում, բայց աստիճանաբար սովորեցի անել գրեթե այն ամենը, ինչ անում են տեսողություն ունեցող մարդիկ։ Երբ դարձա չափահաս, միակ բանը, որ ինձ շատ էր վշտացնում այն էր, որ չէի կարող մեքենա վարել։

Այժմ ես ամուսնացած եմ և ունեմ երեխաներ։ Ես հոգ եմ տանում իմ ընտանիքի մասին և նրանցից ստանում եմ սեր ու աջակցություն։ Ցավոք, իմ սիրելի որդին՝ Դեյվիդը, ժառանգել է իմ հիվանդությունը՝ տեսողական նյարդի ատրոֆիա։ Բայց ես ամեն ջանք թափում եմ, որ լավ օրինակ լինեմ նրա համար։ Ուզում եմ, որ նա սովորի, որ համբերատարություն և հաստատակամություն դրսևորելով՝ շատ բան կարող է անել։

— Դուք ուղեկցող շուն ունեք։ Ինչո՞ւ որոշեցիք այդպիսի շուն պահել։

— Իմ շան՝ Դանթեի օգնությամբ ես կարողանում եմ ավելի արագ ու ապահով քայլել։ Երբ առաջին անգամ եմ մի տեղ գնում, կինս՝ Լոլին, որը կույր չէ, ուղեկցում է ինձ ու Դանթեին, որպեսզի մենք սովորենք ճանապարհը։ Պետք է խոստովանեմ, որ սկզբում դժվարանում էի իմ անվտանգությունը վստահել շանը։ Բայց Դանթեն շահեց իմ լիակատար վստահությունը։ Անկախ նրանից, թե մեր շուրջը ինչ է կատարվում, նա կենտրոնացած է իր գործի վրա։ Բայց երբ հանում եմ նրա վզակապը, նա իրեն պահում է մյուս բոլոր շների պես։

— Դուք Եհովայի վկա եք և ուսումնասիրում եք Աստվածաշունչը։ Ինչպե՞ս եք անում դա։

— Երբ դեռևս չկային շատ միջոցներ կույրերի համար, Լոլին էր ինձ համար կարդում Աստվածաշունչը և Աստվածաշնչի ուսումնասիրության համար նախատեսված հրատարակությունները։ Նա ինձ շատ էր օգնում։ Նրա ցուցաբերած օգնության շնորհիվ ես նույնիսկ կարողանում էի ելույթներ ներկայացնել ժողովի հանդիպումների ժամանակ։ Այժմ ես կարողանում եմ ինքնուրույն կարդալ, քանի որ ունեմ Բրայլի գրատիպով հրատարակված Աստվածաշունչ և աստվածաշնչյան գրականություն։ Նաև կարողանում եմ օգտվել Եհովայի վկաների՝ jw.org վեբ կայքից և տարբեր ձայնագրություններ եմ բեռնում այնտեղից։ Բացի այդ, ունեմ Բրայլի գրատիպով համակարգչային ցուցասարք, որի օգնությամբ կարողանում եմ կարդալ իմ համակարգչի էկրանի վրա եղած նյութը։ Այդ ցուցասարքը ունի փոքր գնդասեղներ, որոնք խումբ-խումբ դուրս են ցցվում՝ կազմելով Բրայլի գրատիպի տառերը։ Դա ուղղակի ապշեցուցիչ է։

Ես նաև առանձնաշնորհում եմ ունեցել աջակցելու նյութերը Բրայլի գրատիպով տառադարձելու գործին Եհովայի վկաների՝ Իսպանիայի մասնաճյուղում, որը գտնվում է Մադրիդ քաղաքում։ Բրայլի գրատիպով լույս տեսնող հրատարակությունների որակը բարելավելու համար այդ գործով զբաղվողները շատ կարևոր ու օգտակար են համարում կույր մարդկանցից ստացած առաջարկները։ Այնպես որ կարող եմ անկեղծորեն ասել, որ հոգևոր եղբայրներիս ու քույրերիս կողմից իսկապես սիրված ու գնահատված եմ զգում ինձ։

— Սիրո՞ւմ եք շփվել մարդկանց հետ։

— Իհա՛րկե։ Հատկապես հաճույքով եմ շփվում իմ ընտանիքի անդամների և հավատակիցների հետ, որոնց հետ նաև մասնակցում եմ տնից տուն քարոզելու գործին։ Իմ հոգևոր եղբայրներն ու քույրերը ինձ վերաբերվում են այնպես, ինչպես մյուս բոլոր մարդկանց։ Նրանք երբեմն նույնիսկ մոռանում են, որ ես կույր եմ։

Բացի այդ, քարոզչական ծառայությանը մասնակցելով՝ ես կարողանում եմ ուրիշներին հայտնել այն հիանալի հույսի մասին, որն իմացել եմ Աստվածաշնչից։ Օրինակ՝ Եսայիա 35:5-ում ասվում է, որ «կույրերի աչքերը կբացվեն»։ Երբ Հիսուս Քրիստոսը ծառայում էր երկրի վրա, նա բուժեց կույրերին և դրանով ցույց տվեց, որ ապագայում էլ նույնը կանի (Մատթեոս 15:30, 31)։ Հետևաբար կուրությունը և մյուս բոլոր տկարություններն ու հիվանդությունները պարզապես ժամանակավոր երևույթ են։ Երբ երկրի վրա հաստատվի Աստծու խոստացած դրախտը, այլևս ոչ ոք չի ասի՝ «ես հիվանդ եմ» (Եսայիա 33:24; Ղուկաս 23:43)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը