Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g16 № 2 էջ 3–7
  • Աստվածաշունչը պարզապես լավ գի՞րք է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշունչը պարզապես լավ գի՞րք է
  • 2016 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշունչը բարոյական և հոգևոր արժեքներ է ձևավորում
  • Աստվածաշունչը բացատրում է մարդկության տառապանքի և կոնֆլիկտների պատճառը
  • Աստվածաշունչը հույս է տալիս
  • Ճի՞շտ, թե՞ սխալ. Աստվածաշունչ՝ վստահելի ուղեցույց
    2024 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ինչի՞ մասին է Աստվածաշունչը
    2008 Արթնացե՛ք
  • Աստծուն հաճելի կրոնական ճշմարտություն
    2005 Դիտարան
  • Գիտությունն ու Աստվածաշունչը հակասո՞ւմ են իրար
    2011 Արթնացե՛ք
Ավելին
2016 Արթնացե՛ք
g16 № 2 էջ 3–7
Մի մարդ Աստվածաշունչ է կարդում

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Աստվածաշունչը պարզապես լավ գի՞րք է

Աստվածաշնչի գրությունն ավարտվել է մոտ երկու հազար տարի առաջ։ Դրանից հետո անթիվ-անհամար գրքեր են գրվել ու մոռացվել։ Բայց Աստվածաշունչը չի մոռացվել։ Նկատի առնենք հետևյալ փաստերը.

  • Աստվածաշունչը բազմիցս ենթարկվել է ազդեցիկ մարդկանց կատաղի հարձակումներին, բայց պահպանվել է մինչ օրս։ Օրինակ՝ մի գրքում ասվում է, որ միջին դարերում որոշ «քրիստոնեական» երկրներում «մայրենի [հասարակ ժողովրդի] լեզվով Աստվածաշունչ ունենալը և կարդալը գնալով ավելի շատ էր կապվում հերետիկոսության և աղանդավորության հետ»։ Այն գիտնականները, ովքեր թարգմանում էին Աստվածաշունչը կամ խրախուսում էին մարդկանց ուսումնասիրել այն, վտանգի էին ենթարկում իրենց կյանքը։ Ոմանք նույնիսկ սպանվել են (An Introduction to the Medieval Bible)։

  • Չնայած որ Աստվածաշունչը շատ թշնամիներ է ունեցել, սակայն միշտ եղել է բոլոր ժամանակների ամենատարածված գիրքը։ Միջին հաշվով այն մասամբ կամ ամբողջությամբ տպագրվել է 5 միլիարդ օրինակով ավելի քան 2800 լեզուներով։ Դրանով այն լիովին տարբերվում է փիլիսոփայության և գիտության տարբեր բնագավառներին առնչվող գրքերից, որոնց տպաքանակը այդքան էլ մեծ չէ, և որոնք շատ արագ ժամանակավրեպ են դառնում։

  • Աստվածաշնչի շնորհիվ պահպանվել ու զարգացել են այն լեզուներից մի քանիսը, որոնցով թարգմանվել է այդ գիրքը։ Օրինակ՝ գերմաներեն թարգմանություններից մեկը, որի հեղինակը Մարտին Լյութերն էր, մեծ ազդեցություն է թողել այդ լեզվի վրա։ Իսկ «Ջեյմս թագավորի թարգմանության» առաջին հրատարակության մասին ասվել է, որ այն «թերևս ամենաազդեցիկ գիրքն է, որ հրատարակվել է» անգլերենով։

  • «Աստվածաշնչի գրքերի մասին Օքսֆորդի հանրագիտարանում» ասվում է. «[Աստվածաշունչը] մեծ դեր է ունեցել արևմտյան մշակույթում և շատ մեծ ազդեցություն է թողել ոչ միայն կրոնական հավատալիքների և սովորությունների, այլև արվեստի, գրականության, օրենքների, քաղաքականության և այլ ոլորտների վրա, որոնք բոլորը թվարկել հնարավոր չէ» (The Oxford Encyclopedia of the Books of the Bible)։

Սրանք միայն մի քանիսն են այն փաստարկներից, որոնք առանձնացնում են Աստվածաշունչը մյուս բոլոր գրքերից։ Իսկ ինչո՞ւ է այն այդքան տարածված։ Ինչո՞ւ են մարդիկ իրենց կյանքը վտանգել հանուն այս գրքի։ Բազմաթիվ պատճառներից մի քանիսը սրանք են. Աստվածաշունչը պարունակում է բարոյական և հոգևոր անգին գանձեր, որոնք բացառիկ իմաստություն են արտացոլում։ Այն օգնում է մեզ հասկանալու մարդկանց տառապանքի և կոնֆլիկտների բուն պատճառը։ Ավելին, այս գիրքը խոստանում է, որ բոլոր խնդիրներին վերջ է դրվելու և նույնիսկ հայտնում է, թե ինչպես։

ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաց Աստվածաշունչ

Աստվածաշունչը բաղկացած է 66 գրքերից։ Այն գրվել է մոտ 1600 տարիների ընթացքում։

Աստվածաշունչը գրվել է մոտ 40 գրագիրների, կամ՝ քարտուղարների միջոցով, որոնց մեջ կային հողագործներ, ձկնորսներ, դատավորներ, թագավորներ ու երաժիշտներ։

Աստվածաշնչի գլխավոր թեման Աստծու Թագավորությունն է՝ երկնային մի կառավարություն, որը ղեկավարելու է երկիրը (Դանիել 2։44; 7։13, 14)։ Այն վերացնելու է չարությունը, տառապանքը և մահը՝ մարդկանց միավորելով մեր օրինական Գերիշխանի և Ստեղծչի՝ Եհովա Աստծու իշխանության ներքո (1 Կորնթացիներ 15։24–26)։

Աստվածաշունչը բարոյական և հոգևոր արժեքներ է ձևավորում

Կրթությունը, ինչ խոսք, կարևոր է։ Սակայն, ինչպես ասել է կանադական «Օտտավա սիթիզեն» թերթի մի խմբագիր, «գուցե կրթության շնորհիվ.... ձեր անվան կողքին կոչումներ ավելանան.... բայց դա դեռ երաշխիք չէ, որ կկարողանաք բարոյական հարցերում էլ խելամիտ վարվել» (Ottawa Citizen)։ Իրոք, բարձրագույն կրթություն ունեցող մարդկանցից շատերը, այդ թվում բիզնեսի և կառավարման ոլորտի առաջավոր մարդիկ, ստում են, կեղծիքի ու խարդախության դիմում և գողանում։ Արդյունքում, ինչպես նշվում է «Էդելմեն» հասարակական կազմակերպության հրապարակած համաշխարհային մի ուսումնասիրության մեջ, առաջացել է «վստահության սուր ճգնաժամ»։

Աստվածաշունչը կենտրոնանում է բարոյական և հոգևոր կրթության վրա։ Այն մեզ օգնում է հասկանալ, թե «ինչ է արդարությունը, արդարադատությունը և ուղղամտությունը՝ բարեգործության ամբողջ ընթացքը» (Առակներ 2։9)։ Լեհաստանում 23-ամյա մի երիտասարդ, ում կանվանենք Ստեֆեն, գտնվում էր բանտում։ Այդ ընթացքում նա սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը և հասկացավ, թե որքան գործնական խորհուրդներ կան այնտեղ։ «Հիմա հասկանում եմ, թե ինչ են նշանակում «պատվիր քո հորն ու մորը» խոսքերը,— գրեց նա։ Նաև սովորել եմ վերահսկել էմոցիաներս, հատկապես զայրույթս» (Եփեսացիներ 4։31; 6։2)։

Սկզբունքներից մեկը, որ խոր ազդեցություն թողեց Ստեֆենի վրա, գրված է Առակներ 19։11-ում. «Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը, և նրա գեղեցկությունը հանցանքին ուշադրություն չդարձնելն է»։ Այժմ, երբ նա հայտնվում է լարված իրավիճակում, փորձում է հանդարտությամբ վերլուծել հանգամանքները և կիրառել համապատասխան աստվածաշնչային սկզբունքները։ «Ես համոզվել եմ, որ Աստվածաշունչը լավագույն առաջնորդությունն է տալիս»,— ասաց նա։

Եհովայի վկաների հանդեպ կանխակալ տրամադրվածություն ունեցող մի կին հանրորեն անպատվեց Մարիա անունով մի Վկայի և մեծ աղմուկ բարձրացրեց։ Սակայն Մարիան նույն ձևով չպատասխանեց այդ կնոջը, այլ լուռ շարունակեց ճանապարհը։ Կինը վատ զգաց իր պահվածքի համար և սկսեց փնտրել Վկաներին։ Մոտ մեկ ամիս հետո, երբ վերջապես հանդիպեց Մարիային, գրկեց նրան ու ներողություն խնդրեց։ Նա հասկացել էր, որ Մարիայի դրսևորած մեղմությունն ու ինքնատիրապետումը նրա կրոնական համոզմունքների արդյունքն էին։ Ժամանակին կանխակալ տրամադրվածություն ունեցող այդ կինը և նրա ընտանիքի հինգ անդամները որոշեցին Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։

Հիսուս Քրիստոսն ասաց, որ իմաստությունը արդարացվում է իր գործերով (Մատթեոս 11։19)։ Բազմաթիվ մարդկանց օրինակներ վկայում են, որ Աստվածաշնչի սկզբունքները գործնականում դրական արդյունքներ են բերում։ Դրանք մղում են մեզ դրսևորելու մեր լավ կողմերը։ Բարոյական և հոգևոր հարցերի վերաբերյալ հստակ հասկացողություն տալով՝ «իմաստուն են դարձնում անփորձին», «ուրախացնում են սիրտը» և «լույս են տալիս աչքերին» (Սաղմոս 19։7, 8)։

Աստվածաշունչը բացատրում է մարդկության տառապանքի և կոնֆլիկտների պատճառը

Երբ համաճարակ է սկսվում, մասնագետները փորձում են գտնել դրա առաջացման պատճառը։ Նույնն է պարագան մարդկության տառապանքի և կոնֆլիկտների դեպքում։ Այս հարցում կրկին անգնահատելի օգնություն ենք ստանում Աստվածաշնչից, քանի որ այնտեղ գրված է մարդկության պատմության սկզբի մասին, այն ժամանակի, երբ սկսվեցին մեր խնդիրները։

«Ծննդոց» գրքից իմանում ենք, որ մարդկության ցավերը սկսվեցին այն ժամանակ, երբ առաջին մարդիկ ըմբոստացան Աստծու դեմ։ Նրանք որոշեցին ինքնուրույն սահմանել, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, մի բան, ինչի իրավունքը միայն Ստեղծիչն ունի (Ծննդոց 3։1–7)։ Ցավոք, այդ ժամանակից սկսած՝ մարդիկ ընդհանուր առմամբ դրսևորել են նույն անկախ մտածելակերպը։ Հետևա՞նքը։ Մարդկության պատմությունը ոչ թե ազատության և երջանկության մասին արձանագրություն է, այլ կոնֆլիկտների, ճնշումների և բարոյական ու հոգևոր անհամաձայնությունների ողբերգական մատյան (Ժողովող 8։9)։ Աստվածաշունչը տեղին է նշում. «Մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23)։ Սակայն Սուրբ Գիրքը նաև լավ լուր է հայտնում. շուտով վերջ կդրվի բարոյապես անկախ ապրելու մարդկանց աղետաբեր փորձին։

Աստվածաշունչը հույս է տալիս

Աստվածաշունչը հավաստիացնում է, որ Աստված, իր իշխանությունն ու չափանիշները հարգող մարդկանց հանդեպ սիրուց մղված, հավիտյան չի հանդուրժելու չարությունն ու տառապանքը։ Չար մարդիկ «իրենց ճանապարհի պտղից պիտի ուտեն» (Առակներ 1։30, 31)։ Սակայն «հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։11)։

Բաց Աստվածաշունչը դրված է սուրճով բաժակի կողքին

«[Աստծու] կամքն է, որ ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթեոս 2։3, 4)

Խաղաղ երկրի հետ կապված Աստծու նպատակը կիրագործվի «Աստծու թագավորության» միջոցով (Ղուկաս 4։43)։ Այն մի համաշխարհային կառավարություն է, որի միջոցով Աստված՝ որպես լիիրավ Գերիշխան, ղեկավարելու է մարդկանց։ Տիպար աղոթքում Հիսուսն ընդգծեց այս միտքը՝ ասելով. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը.... երկրի վրա» (Մատթեոս 6։10)։

Այո՛, Աստծու Թագավորության հպատակները կատարելու են Աստծու կամքը և այդպիսով ցույց են տալու, որ նրան են ընդունում որպես օրինական Ղեկավար, ոչ թե որևէ մարդու։ Շուտով վերջ կդրվի կաշառակերությանը, ագահությանը, տնտեսական անհավասարությանը, ռասայական խտրականությանն ու պատերազմներին։ Բառի բուն իմաստով կլինի մեկ հասարակություն մեկ կառավարության ներքո, և բոլոր մարդիկ կառաջնորդվեն միևնույն հոգևոր ու բարոյական չափանիշներով (Հայտնություն 11։15)։

Այս նոր աշխարհը տեսնելու համար հարկավոր է կրթություն ստանալ։ 1 Տիմոթեոս 2։3, 4-ում ասվում է. «[Աստծու] կամքն է, որ ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն»։ Այդ ճշմարտությունը ներառում է այն ամենը, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը, այսպես ասած, Թագավորության սահմանադրության մասին, այսինքն՝ այն օրենքներն ու սկզբունքները, որոնցով կառավարելու է այդ Թագավորությունը։ Նման սկզբունքներ կարելի է գտնել Հիսուս Քրիստոսի Լեռան քարոզում (Մատթեոս 5–7-րդ գլուխներ)։ Այս երեք գլուխները ընթերցելիս փորձիր պատկերացնել, թե ինչպիսին կլիներ կյանքը, եթե բոլորը վարվեին Հիսուսի իմաստուն խոսքերի համաձայն։

Պե՞տք է արդյոք զարմանանք, որ Աստվածաշունչը աշխարհի ամենից տարածված գիրքն է։ Միանշանակ ոչ։ Բազմաթիվ փաստեր կան, որ Աստվածաշունչը ներշնչված է Աստծուց։ Այն, որ այդ գիրքը այդքան տարածված է, ցույց է տալիս, որ Աստված իսկապես ցանկանում է, որ բոլոր ազգերի և լեզուների մարդիկ սովորեն իր մասին և օգուտներ քաղեն այն օրհնություններից, որ բերելու է իր Թագավորությունը (Գործեր 10։34, 35)։

Տիեզերք

Աստվածաշունչն ասում է, որ տիեզերքը ղեկավարվում է ֆիզիկական օրենքներով

ՍՆՈՏԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԿԱՑՆՈՂ ԳԻՐՔ

Գիտության ու կրոնի մասին մի հանրագիտարանում ասվում է, որ հնում մարդկանց «պատկերացմամբ տիեզերքը ղեկավարում էին քմահաճ աստվածները» (Encyclopedia of Science and Religion)։ Բայց Աստվածաշունչն ասում է, որ տիեզերքը ղեկավարվում է ֆիզիկական օրենքներով։ Օրինակ՝ մոտ 3500 տարի առաջ Աստվածաշնչի Հոբ գրքում գրվել է «երկնքի կանոնների» մասին (Հոբ 38։33)։ Իսկ Երեմիա 31։35-ում նշվում է «լուսնի ու աստղերի կանոնների» մասին։ Մարդիկ, ովքեր ընդունում էին ճշմարտությունը լուսաբանող այս տեղեկությունը, պաշտպանված էին լինում կեղծ երկրպագությունից և սնոտիապաշտությունից (Հոբ 31։26–28; Եսայիա 47։1, 13)։

ԱՆԿԵՂԾՈՐԵՆ ԳՐՎԱԾ ԳԻՐՔ

Աստվածաշունչը գրողների ամենից գրավիչ հատկությունը նրանց անկեղծությունն է։ Նրանք գրել են նույնիսկ սեփական թերացումների ու սխալների մասին։ Օրինակ՝ Դավիթ թագավորը, որը անբարոյություն գործեց Բերսաբե անունով մի կնոջ հետ, ազնվորեն ընդունեց իր մեղքը՝ ասելով. «Արեցի այն, ինչը որ չար է [Աստծու] աչքում» (Սաղմոս 51։4)։ Իսկ Հովհաննես առաքյալը գրեց, որ փորձել է երկու անգամ երկրպագել հրեշտակի։ Բայց հրեշտակն ասել է. «Զգո՛ւյշ եղիր։ Մի՛ արա այդ բանը.... Աստծո՛ւն երկրպագիր» (Հայտնություն 19։10; 22։8, 9)։ Ցավոք, այդպիսի անկեղծությունը բացակայում է հին գրողների գրքերում։

ԳԻՐՔ, ՈՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՄՏԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Աստվածաշունչը հորդորում է զարգացնել այնպիսի հատկություններ, որոնք նպաստում են մտային առողջությանը, օրինակ՝ կարեկցանք և ներողամտություն։ Եփեսացիներ 4։32-ում ասվում է. «Բայց դուք իրար հանդեպ եղեք բարի և կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար»։

Միացյալ Նահանգների Մեյո կլինիկայի հրատարակություններից մեկում ասվում է, որ «եթե չես ներում, ինքդ քեզ ես վնասում»։ Հոդվածում բացատրվում է, որ ներողամտությունը կարող է նպաստել «առողջ փոխհարաբերություններին, հոգևոր և հոգեկան բարեկեցությանը, կարգավորել արյան ճնշումը, ինչպես նաև նվազեցնել անհանգստությունը, սթրեսը, լարվածությունը, դեպրեսիայի ախտանիշները, ալկոհոլի և թմրադեղերի չարաշահման հավանականությունը»։

ԳԻՐՔ, ՈՐԸ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԿՅԱՆՔԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐՑԵՐԻՆ

Մարդկային սաղմ

Մարդկային սաղմ

Գիտությունը պատասխան ունի ամեն տեսակ հարցի համար։ Ճիշտ է, այն լուսավորում է մարդուն, սակայն ունի սահմաններ։ Բիոտեխնոլոգիայի մասին մի գրքում ասվում է. «Շատ գիտնականներ, բժիշկներ և փիլիսոփաներ ընդունում են, որ գիտությունը չի կարող պատասխանել էթիկային, բարոյականությանը և կրոնին առնչվող հարցերին» (Biotechnology — Changing Life Through Science)։

  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է տիեզերքը ղեկավարող օրենքների մաթեմատիկական բանաձևեր տալ, բայց չի կարող ասել, թե ինչու տիեզերքը գոյություն ունի, կամ թե ինչու է այն ղեկավարվում կոնկրետ օրենքներով։

  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է բացատրել վերարտադրողական օրգանների ֆունկցիան, բայց չի կարող սահմանել սեռական կյանքի հետ կապված բարոյական նորմեր։

  • ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է նկարագրել մարդու սաղմի զարգացումը, բայց չի կարող օգնել մեզ ճիշտ որոշումներ կայացնելու սաղմի կյանքը պահպանելու կամ ընդհատելու վերաբերյալ։

Աստվածաշունչը անդրադառնում է այս և նմանատիպ մի շարք կարևոր հարցերի՝ օգնելով մեզ «հասկանալու, թե ինչ է արդարությունը, արդարադատությունը և ուղղամտությունը՝ բարեգործության ամբողջ ընթացքը» (Առակներ 2։9)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը