Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • si էջ 193–199
  • Աստվածաշնչի գիրք համար 40. Մատթեոս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշնչի գիրք համար 40. Մատթեոս
  • «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
  • ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
  • Աստվածաշնչի գիրք համար 42. Ղուկաս
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Աստվածաշնչի գիրք համար 41. Մարկոս
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Աստվածաշնչի գիրք համար 43. Հովհաննես
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
si էջ 193–199

Աստվածաշնչի գիրք համար 40. Մատթեոս

Գրողը՝ Մատթեոս

Գրվելու վայրը՝ Պաղեստին

Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 41թ.

Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ.ա. 2թ.–մ.թ. 33թ.

1. ա) Ի՞նչ խոստում տվեց Եհովան մարդկանց Եդեմի պարտեզի տեղի ունեցած ըմբոստությունից հետո։ բ) Ի՞նչ հիմքեր ունեին հրեաները մեծ հույսով սպասելու Մեսիային։

ԵԴԵՄԻ պարտեզում տեղի ունեցած ըմբոստությունից հետո Եհովան մարդկանց մխիթարական մի խոստում տվեց այն մասին, որ բոլոր արդարություն սիրողներին փրկելու էր իր «կնոջ» սերնդի միջոցով։ Աստված նպատակադրել էր, որ այս Սերունդը, կամ՝ Մեսիան առաջ գար Իսրայել ազգից։ Դարերի ընթացքում նա ներշնչել է եբրայեցի տղամարդկանց բազմաթիվ մարգարեություններ արձանագրել, որոնք ցույց էին տալիս, որ Սերունդը լինելու էր Աստծու Թագավորության Թագավորը, քայլեր էր ձեռնարկելու Եհովայի անունը սրբացնելու համար և այն հավիտյան մաքրելու էր անարգանքից։ Մարգարեները բազմաթիվ մանրամասներ են արձանագրել այն մասին, թե ով էր լինելու Եհովայի գերիշխանությունը արդարացնողը, և ով էր մարդկանց ազատագրելու վախից, զրկանքներից, մեղքից ու մահից։ Երբ ավարտվեցին Եբրայերեն Գրությունները, հրեաներն արդեն մեծ հույսով սպասում էին Մեսիային։

2. Ինչպե՞ս էին հանգամանքները նպաստել բարի լուրի տարածման համար, երբ Մեսիան եկավ։

2 Իսկ այս ընթացքում աշխարհում շատ փոփոխություններ տեղի ունեցան։ Աստված պատրաստեց ազգերին Մեսիայի գալստին։ Այդ իրադարձության մասին լուրը ամենուրեք տարածելու համար իդեալական պայմաններ ստեղծվեցին։ Օրինակ՝ հինգերորդ աշխարհակալ ուժը՝ Հունաստանը, միավորեց տարբեր ազգի մարդկանց մեկ ընդհանուր լեզվով՝ հունարենով։ Հռոմը՝ վեցերորդ աշխարհակալ ուժը, իրեն հպատակեցրեց տարբեր ազգերի՝ միավորելով նրանց մեկ կայսրության մեջ, և ճանապարհներ կառուցեց, որ հնարավոր լիներ հասնել կայսրության տարբեր մասերը։ Շատ հրեաներ ցրված էին ողջ կայսրությունում, ուստի այլ ազգերից մարդիկ իմացել էին, որ նրանք սպասում են Մեսիայի գալստին։ Եվ ահա Եդեմի պարտեզում տրված խոստումից ավելի քան 4000 տարի անց Մեսիան հայտնվեց։ Երկար սպասված Սերունդը եկավ։ Մինչ Մեսիան երկրի վրա հավատարմորեն կատարում էր իր Հոր կամքը, մարդկության պատմության մեջ շատ կարևոր իրադարձություններ էին տեղի ունենում։

3. ա) Ի՞նչ արեց Եհովան, որ Հիսուսի կյանքի մանրամասները գրի առնվեն։ բ) Ի՞նչ առանձնահատկություններ ունի Ավետարաններից յուրաքանչյուրը, և ինչո՞ւ են չորսն էլ անհրաժեշտ։

3 Որպեսզի այդ հիշարժան դեպքերը մոռացության չմատնվեին, հարկավոր էր նորից ներշնչված գրվածքներ կազմել։ Եհովայի սուրբ ոգով ներշնչված՝ չորս հավատարիմ տղամարդիկ իրարից անկախ չորս պատմություն գրի առան։ Այդպիսով չորս տարբեր մարդկանց կողմից վկայություն տրվեց, որ Հիսուսը խոստացված Սերունդն ու Թագավորն է։ Նրանք մանրամասնորեն նկարագրեցին նրա կյանքը, ծառայությունը, մահը և հարությունը։ Այդ արձանագրությունները կոչվում են Ավետարաններ։ «Ավետարան» բառը նշանակում է «բարի լուր»։ Թեև չորսն էլ զուգահեռ արձանագրություններ են և հաճախ այնտեղ նկարագրվում են նույն դեպքերը, սակայն չենք կարող ասել, որ դրանք պարզապես արտագրված են իրարից։ Առաջին երեք Ավետարանները հաճախ կոչվում են «համատես», այսինքն՝ իրար նման, քանի որ նրանք նույն ձևով են նկարագրում Հիսուսի երկրային կյանքը։ Սակայն չորս գրողներից՝ Մատթեոսից, Մարկոսից, Ղուկասից և Հովհաննեսից յուրաքանչյուրն էլ յուրօրինակ կերպով է շարադրում Քրիստոսի կյանքի պատմությունը։ Ամեն մեկն ունի իր թեման, նպատակը և գրելաոճը, բացի այդ, գրողը հաշվի է առել, թե ովքեր են լինելու ընթերցողները։ Նրանց գրվածքները իրարից անկախ, բայց իրար լրացնող պատմություններ են Հիսուսի Քրիստոսի կյանքի վերաբերյալ։ Որքան շատ քննենք Աստծու կողմից ներշնչված այդ գրքերը, այնքան ավելի կգնահատենք յուրաքանչյուրի առանձնահատկությունները։

4. Ի՞նչ է հայտնի առաջին Ավետարանը գրողի մասին։

4 Քրիստոսի մասին բարի լուրը առաջինը գրի է առել Մատթեոսը։ Հավանաբար, նրա անունը եբրայերեն «Մատիթիահ» անվան կարճ տարբերակն է, որը նշանակում է «Եհովայի պարգև»։ Նա Հիսուսի ընտրած 12 առաքյալներից մեկն էր։ Այն ամբողջ ժամանակահատվածում, երբ Տերը ճանապարհորդում էր Պաղեստինով մեկ՝ քարոզելով և սովորեցնելով Աստծու Թագավորության մասին, Մատթեոսը մտերմացավ նրա հետ։ Նախքան Հիսուսի աշակերտ դառնալը Մատթեոսը հարկահավաք էր։ Այդ գործը նողկանք էր առաջացնում հրեաների մեջ, քանի որ անընդհատ հիշեցնում էր նրանց, որ իրենք ազատ չեն, այլ Հռոմեական կայսրության իշխանության տակ են։ Մատթեոսը հայտնի է նաև Ղևի անվամբ ու որպես Ալփեոսի որդի։ Նա պատրաստակամորեն արձագանքեց Հիսուսի՝ իրեն հետևելու հրավերին (Մատթ. 9։9; Մարկ. 2։14; Ղուկ. 5։27–32)։

5. Ի՞նչ փաստեր կան, որ Մատթեոսն է գրել առաջին Ավետարանը։

5 Թեև այս Ավետարանում, որը վերագրվում է Մատթեոսին, չի հիշատակվում գրողի անունը, սակայն եկեղեցու վաղ պատմագիրների անհամար վկայությունները ցրում են բոլոր կասկածները։ Հնում գրված գրքի ոչ մի հեղինակի թերևս այնքան հեշտությամբ և միաձայն չեն բնորոշել, որքան Մատթեոսին։ Սկսած Պապիաս Հիերապոլիսցուց (մ.թ. երկրորդ դարի սկիզբ)՝ մի շարք այլ մարդիկ վկայել են, որ այս Ավետարանը գրել է Մատթեոսը, և որ այն Աստծու Խոսքի վավերական մասն է։ Մի հանրագիտարանում ասվում է. «Մատթեոսի Ավետարանից մեջբերումներ է կատարում Հուստինոս Վկան՝ Դիոնետոսին ուղղված նամակի հեղինակը (տե՛ս Օտտոյի «Հուստինոս վկա» աշխատությունը, հատ. ii (անգլ.)), Հեգեսիպոսը, Իրենեոսը, Տատիանոսը, Ափինագորասը, Թեոփիլեսը, Կղեմեսը, Տերտուլիանոսը և Օրիգենեսը։ Ոչ միայն մեջբերում անելու փաստը, այլև մեջբերումներ անելու նրանց ձևը, նրանց համոզվածությունը այս Ավետարանի վավերականության հանդեպ, կասկածի նշույլների լիակատար բացակայությունը փաստում են, որ մեզ հասած գիրքը չի ենթարկվել որևէ անսպասելի փոփոխության»a։ Քանի որ Մատթեոսը առաքյալ էր և ուներ Աստծու ոգին, կարող ենք վստահ լինել, որ նրա արձանագրությունը ճշմարիտ է։

6, 7. ա) Ե՞րբ և ո՞ր լեզվով է գրվել Մատթեոսի Ավետարանը։ բ) Ի՞նչն է մատնանշում, որ այն գրվել է գլխավորապես հրեաների համար։ գ) «Նոր աշխարհ թարգմանության» մեջ այս Ավետարանում քանի՞ անգամ է օգտագործված Եհովա անունը և ինչո՞ւ։

6 Մատթեոսը իր Ավետարանը գրել է Պաղեստինում։ Գրվելու ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ, բայց որոշ ձեռագրերի վերջում դրված մակագրությունները (բոլորն էլ գրվել են մ.թ. տասներորդ դարից հետո) մատնացույց են անում մ.թ. 41թ.։ Ապացույցներ կան այն մասին, որ Մատթեոսը իր Ավետարանը գրել է իր ժամանակների եբրայերենով և հետո այն թարգմանել հունարեն։ «Հանրաճանաչ մարդկանց մասին» գրքի 3-րդ գլխում Հերոնիմոսը գրել է. «Մատթեոսը՝ նույն ինքը Ղևին, որը հարկահավաքից դարձավ առաքյալ, առաջինն էր Հրեաստանում, որ թլփատվածներից հավատացողների համար գրեց Քրիստոսի Ավետարանը եբրայերեն տառերով ու եբրայերեն բառերով» (De viris inlustribus)b։ Հերոնիմոսը նաև գրել է, որ այս Ավետարանի եբրայերեն տեքստը պահպանվել է մինչև իր օրերը (մ.թ. չորրորդ-հինգերորդ դարեր) Պամփիլոսի հավաքած գրադարանում, որը գտնվում էր Կեսարիայում։

7 Երրորդ դարի սկզբին Եվսեբիոսը մեջբերեց Օրիգենեսի խոսքերը, որը Ավետարանների մասին խոսելիս ասել է. «Առաջինը գրվել է Մատթեոսի կողմից.... հուդայականության հետևորդներից քրիստոնյա դարձածների համար եբրայերեն լեզվով»c։ Այն, որ Ավետարանը գրվել էր գլխավորապես հրեաների համար, փաստվում է տոհմաբանական արձանագրությամբ, որը ցույց է տալիս Հիսուսի օրինական ծագումը՝ սկսած Աբրահամից։ Բացի այդ, դա երևում է Եբրայերեն Գրություններին արված բազում հղումներից, որոնցում կանխագուշակվում էր Մեսիայի գալուստը։ Տրամաբանական է եզրակացնել, որ Մատթեոսը օգտագործել է Աստծու Եհովա անունը քառագրի տեսքով, երբ մեջբերել է Եբրայերեն Գրությունների այն հատվածներից, որտեղ եղել է Աստծու անունը։ Ահա թե ինչու «Նոր աշխարհ թարգմանության» մեջ Մատթեոսի գրքում 18 անգամ նշվում է Եհովա անունը, ինչպես որ 19-րդ դարում Ֆ. Դելիչի եբրայերեն լեզվով հրատարակած Մատթեոսի Ավետարանի մեջ։ Մատթեոսը Աստծու անվան նկատմամբ այն նույն վերաբերմունքն ուներ, ինչ Հիսուսը, և չէր խուսափում այդ անունն օգտագործելուց այն պատճառով, որ սնոտիապաշտ հրեաները չէին գործածում դա (Մատթ. 6։9; Հովհ. 17։6, 26)։

8. Այն փաստը, որ Մատթեոսը հարկահավաք է եղել, ինչպե՞ս է անդրադառնում Ավետարանի բովանդակության վրա։

8 Քանի որ Մատթեոսը հարկահավաք է եղել, տրամաբանական է, որ նա իր արձանագրության մեջ ճշգրտորեն կնշեր փողի, թվերի և գների մասին (Մատթ. 17։27; 26։15; 27։3)։ Նա խորապես գնահատում էր Աստծու ողորմությունը, որը թույլ էր տալիս իրեն՝ արհամարհված հարկահավաքին, դառնալ բարի լուրի քարոզիչ և լինել Հիսուսի մտերիմ ընկերը։ Դա է պատճառը, որ չորս ավետարանագիրներից միայն Մատթեոսն է գրել, որ Հիսուսը մի քանի անգամ շեշտել է ոչ միայն զոհերի, այլև ողորմության կարևորությունը (9։9–13; 12։7; 18։21–35)։ Մատթեոսը մինչև սրտի խորքը տպավորված է եղել Եհովայի անզուգական բարությամբ և մղվել է գրելու Հիսուսի ամենամխիթարական խոսքերից մեկը. «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես կթարմացնեմ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և սովորեք ինձանից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար։ Որովհետև իմ լուծը հարմար է, և իմ բեռը՝ թեթև» (11։28–30)։ Որքա՜ն թարմացնող են եղել այս ջերմ խոսքերը նախկին հարկահավաքի համար, որը իր հայրենակիցների կողմից միայն վիրավորանքների է արժանացել։

9. Ո՞ր թեման է ընդգծում Մատթեոսը և ի՞նչ ոճով է գրում։

9 Մատթեոսը հատկապես ընդգծել է, որ Հիսուսը հիմնականում սովորեցրել է «երկնքի թագավորության» մասին (4։17)։ Նրա համար Հիսուսը Քարոզիչ-Թագավոր էր։ Նա այնքան հաճախ է օգտագործել «թագավորություն» բառը (ավելի քան 50 անգամ), որ նրա Ավետարանը կարելի է անվանել Թագավորության Ավետարան։ Մատթեոսը ավելի կարևորել է Հիսուսի հանրային ելույթների և քարոզների տրամաբանական շարադրանքը, քան ճշգրիտ ժամանակագրական հերթականությունը։ Առաջին 18 գլուխներում Մատթեոսը ընդգծել է Թագավորության թեման և չի կենտրոնացել ժամանակագրության վրա։ Սակայն վերջին տասը գլուխներում (19–28) իրադարձությունները նկարագրված են ժամանակագրական հերթականությամբ, բայց միևնույն ժամանակ նորից ընդգծվում է Թագավորության թեման։

10. Մատթեոսի Ավետարանում արձանագրված տեղեկության քանի՞ տոկոսը չի կրկնվում մյուս Ավետարաններում, և ի՞նչ ժամանակահատված է այն ընդգրկում։

10 Մատթեոսի Ավետարանում արձանագրված դեպքերի քառասուներկու տոկոսը չկա մյուս երեք Ավետարաններումd։ Դրանց թվում են առնվազն տասը առակներ կամ պատկերավոր օրինակներ՝ արտի որոմները (13։24–30), թաքցված գանձը (13։44), թանկարժեք մարգարիտը (13։45, 46), ուռկանը (13։47–50), անխիղճ ծառան (18։23–35), աշխատողները և դինարը (20։1–16), հայրը և երկու որդիները (21։28–32), թագավորի որդու հարսանիքը (22։1–14), տասը կույսերը (25։1–13) և տաղանդները (25։14–30)։ Ընդհանուր առմամբ գրքում շարադրվում են դեպքեր՝ սկսած մ.թ.ա. 2-րդ թվականից՝ Հիսուսի ծննդից մինչև աշակերտների հետ նրա հանդիպումը նախքան մ.թ. 33թ.-ին երկինք համբարձվելը։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

11. ա) Ի՞նչ տրամաբանական շարադրանքով է սկսվում Ավետարանը, և ի՞նչ դեպքերի մասին է պատմվում առաջին գլուխներում։ բ) Ո՞ր մարգարեությունների կատարման վրա է Մատթեոսը հրավիրում մեր ուշադրությունը։

11 Ներկայացնում է Հիսուսին ու «երկնքի թագավորության» լուրը (1։1–4։25)։ Տրամաբանական է, որ Մատթեոսը սկսում է Հիսուսի տոհմաբանությունից՝ ապացուցելով, որ նա Աբրահամի ու Դավթի օրինական ժառանգն է։ Դա գրավում է հրեա ընթերցողի ուշադրությունը։ Հետո կարդում ենք Հիսուսի՝ հրաշքով բեղմնավորվելու, Բեթլեհեմում ծնվելու, աստղագուշակների այցի մասին, նաև թե ինչպես Հերովդեսը բարկացած սպանեց մինչև երկու տարեկան բոլոր տղաներին, ինչպես Հովսեփն ու Մարիամը փոքրիկի հետ փախան Եգիպտոս և ավելի ուշ վերադարձան Նազարեթ։ Մատթեոսը նաև հատուկ ուշադրություն է դարձնում այն մարգարեությունների կատարմանը, որոնք Հիսուսին բնորոշում են որպես Մեսիա (Մատթ. 1։23 — Ես. 7։14; Մատթ. 2։1–6 — Միք. 5։2; Մատթ. 2։13–18 — Օս. 11։1 և Երեմ. 31։15)։

12. Ի՞նչ է տեղի ունենում Հիսուսի մկրտության ժամանակ և դրանից անմիջապես հետո։

12 Հետո Մատթեոսը սկսում է նկարագրել 30 տարի անց տեղի ունեցած իրադարձությունները։ Հովհաննես Մկրտիչը քարոզում է Հրեաստանի անապատում. «Զղջացե՛ք, քանի որ մոտեցել է երկնքի թագավորությունը» (Մատթ. 3։2)։ Նա զղջացող հրեաներին մկրտում է Հորդանան գետում և զգուշացնում է փարիսեցիներին ու սադուկեցիներին գալիք զայրույթի մասին։ Հիսուսը գալիս է Գալիլեայից և մկրտվում։ Անմիջապես Աստծու ոգին իջնում է նրա վրա, և մի ձայն է լսվում երկնքից. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» (3։17)։ Հետո Հիսուսը տարվում է անապատ, այնտեղ 40 օր ծոմ է պահում, իսկ այնուհետև փորձության է ենթարկվում Բանսարկու Սատանայի կողմից։ Երեք անգամ նա մերժում է Սատանայի առաջարկները՝ մեջբերելով Աստծու Խոսքից։ Իսկ վերջում ասում է. «Հեռացի՛ր, Սատանա՛, քանի որ գրված է. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սուրբ ծառայություն մատուցես»» (4։10)։

13. Ի՞նչ սթափեցնող լուր է հնչում Գալիլեայում։

13 «Զղջացե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը»։ Այս սթափեցնող խոսքերը օծված Հիսուսը հռչակում է Գալիլեայում։ Նա կանչում է չորս ձկնորսների, որ թողնեն իրենց ձկնորսական ցանցը, հետևեն իրեն ու դառնան «մարդկանց որսորդներ»։ Հիսուսը շրջում է աշակերտների հետ «ողջ Գալիլեայով մեկ՝ սովորեցնելով նրանց ժողովարաններում, քարոզելով թագավորության բարի լուրը և բուժելով ամեն տեսակ տկարություն ու հիվանդություն, որ մարդիկ ունեն» (4։17, 19, 23)։

14. Երջանիկ լինելու ի՞նչ պատճառներ է թվարկում Հիսուսը Լեռան քարոզում և ի՞նչ է ասում արդարության մասին։

14 Լեռան քարոզ (5։1–7։29)։ Երբ ամբոխը գնում է Հիսուսի հետևից, նա բարձրանում է լեռը, նստում է և սկսում սովորեցնել իր աշակերտներին։ Իր ազդեցիկ քարոզը նա սկսում է՝ թվարկելով ինը պատճառ երջանիկ լինելու համար։ Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, ովքեր սգում են, ովքեր հեզ են, քաղցած ու ծարավ են արդարության, ովքեր ողորմած են, սրտով մաքուր են, խաղաղարար, ովքեր հալածվում են արդարության համար, նախատվում են և ում դեմ սուտ բաներ են խոսում։ «Ուրախացե՛ք և ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձատրությունը մեծ է երկնքում»։ Հիսուսն իր աշակերտներին կոչում է «երկրի աղ» և «աշխարհի լույս» ու բացատրում է, թե ինչ է արդարությունը, որը արմատապես տարբերվում է դպիրների ու փարիսեցիների ձևամոլությունից. արդարությունը պահանջ է երկնքի Թագավորություն մտնելու համար։ «Ուստի կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնային Հայրն է կատարյալ» (5։12-14, 48)։

15. Ի՞նչ է ասում Հիսուսը աղոթքի և Թագավորության մասին։

15 Հիսուսը զգուշացնում է, որ չի կարելի նվերներ տալ մարդկանց կողմից նկատվելու համար և ցուցադրական աղոթել, ինչպես որ անում են կեղծավորները։ Նա իր աշակերտներին սովորեցնում է աղոթել Հոր անվան սրբացման, Թագավորության գալստի և ամենօրյա հացի համար։ Ողջ քարոզի ընթացքում Հիսուսը շեշտը դնում է Թագավորության վրա։ Նա իր հետևորդներին հորդորում է չանհանգստանալ և չաշխատել միայն հարստություն ձեռքբերելու համար։ Չէ՞ որ նրանց Հայրը գիտի, թե իրականում ինչի կարիք նրանք ունեն։ Հիսուսն ասում է. «Շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ»,— ասում է նա (6։33)։

16. ա) Ի՞նչ խորհուրդ է տալիս Հիսուսը մարդկային փոխհարաբերությունների առնչությամբ և ի՞նչ է ասում Աստծու կամքը կատարողների ու չկատարողների մասին։ բ) Ի՞նչ ազդեցություն է թողնում նրա քարոզը մարդկանց վրա։

16 Տերը խորհուրդ է տալիս նաև մարդկային փոխհարաբերությունների առնչությամբ՝ ասելով. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց»։ Իր Հոր կամքը կատարողները կլինեն այն քչերը, ովքեր կգտնեն դեպի կյանք տանող ճանապարհը։ Անօրենություն գործողները ճանաչվելու են իրենց պտուղներից և մերժվելու են։ Հիսուսը իր խոսքերը կատարողին նմանեցնում է «խոհեմ մարդու, որն իր տունը վեմի վրա կառուցեց»։ Ի՞նչ ազդեցություն է ունենում այս քարոզը ունկնդիրների վրա։ Ժողովուրդը «ապշած է նրա սովորեցնելու կերպի վրա, որովհետև հեղինակությամբ է սովորեցնում և ոչ թե իրենց դպիրների նման» (7։12, 24–29)։

17. Ինչպե՞ս է Հիսուսը ցույց տալիս իր իշխանությունը որպես Մեսիա և ի՞նչ հոգատարություն է դրսևորում։

17 Թագավորության լուրի քարոզչությունը տարածվում է (8։1–11։30)։ Հիսուսը բազմաթիվ հրաշքներ է անում՝ բուժում է բորոտներին, հաշմանդամներին և դիվահարներին։ Նա նույնիսկ ցույց է տալիս, որ իշխանություն ունի քամու և ալիքների վրա՝ սաստելով փոթորկին, և հարություն է տալիս մի աղջկա։ Հիսուսը խղճահարվում է, երբ տեսնում է, որ մարդիկ ցիրուցան են եղած, «ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն»։ Նա ասում է իր աշակերտներին. «Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ։ Ուստի աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար» (9։36–38)։

18. ա) Ի՞նչ հրահանգներ և հորդոր է տալիս Հիսուսն իր առաքյալներին։ բ) Ինչո՞ւ է «այս սերնդին» վա՜յ լինելու։

18 Հիսուսն ընտրում է 12 առաքյալներին և հանձնարարություն տալիս նրանց։ Նա հստակ հրահանգներ է տալիս, թե ինչպես կատարեն իրենց գործը, և ցույց է տալիս, թե առաջին հերթին նրանք ինչ պետք է սովորեցնեն. «Երբ գնաք, քարոզեք ու ասացեք. «Երկնքի թագավորությունը մոտեցել է»»։ Նա իմաստուն և սիրառատ հորդոր է տալիս նրանց. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք»։ «Զգույշ եղեք օձերի պես և աննենգ՝ աղավնիների պես»։ Նրանք պետք է ատվեն ու հալածվեն, նույնիսկ հարազատների կողմից, բայց Հիսուսը հիշեցնում է. «Ով գտնում է իր հոգին, կկորցնի այն, և ով կորցնում է իր հոգին ինձ համար, կգտնի այն» (10։7, 8, 16, 39)։ Աշակերտները գնում են սովորեցնելու և քարոզելու իրենց նշանակված քաղաքներում։ Հիսուսն ասում է, որ Հովհաննես Մկրտիչը՝ որպես իր առջևից ուղարկված պատգամաբեր, խոստացված «Եղիան» է, իսկ «այս սերունդը» չի ընդունում ո՛չ Հովհաննեսին, ո՛չ իրեն՝ մարդու Որդուն (11։14, 16)։ Ուստի վա՜յ այս սերնդին և քաղաքներին, որոնք չեն զղջում՝ տեսնելով նրա զորավոր գործերը։ Բայց նրանք, ովքեր դառնում են իր աշակերտները, իրենց հոգիների համար թարմություն են գտնելու։

19. Երբ փարիսեցիները մեղադրում են Հիսուսին շաբաթը խախտելու համար, ինչպե՞ս է վերջինս դատապարտում նրանց։

19 Փարիսեցիները մերժվում և դատապարտվում են (12։1-50)։ Փարիսեցիները փորձում են մեղադրել Հիսուսին շաբաթը խախտելու համար, բայց նա հերքում է նրանց մեղադրանքը և դատապարտում նրանց կեղծավորությունը՝ ասելով. «Իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ դուք ինքներդ չար եք։ Չէ՞ որ սրտի լիությունից է բերանը խոսում» (12։34)։ Ոչ մի նշան չի տրվելու նրանց, բացի Հովնան մարգարեի նշանից. մարդու Որդին պետք է երեք օր ու գիշեր լինի երկրի սրտում։

20. ա) Ինչո՞ւ է Հիսուսը առակներով խոսում։ բ) Թագավորության մասին ի՞նչ առակներ է նա պատմում։

20 Թագավորության մասին յոթ առակներ (13։1-58)։ Ինչո՞ւ է Հիսուսը առակներով խոսում։ Իր աշակերտներին նա բացատրում է. «Ձեզ տրված է հասկանալ երկնքի թագավորության սրբազան գաղտնիքները, բայց նրանց տրված չէ»։ Նա իր աշակերտներին երջանիկ է կոչում իրենց լսած ու տեսած բաների համար։ Ի՜նչ թարմացնող են նրա խոսքերը։ Սերմնացանի առակը բացատրելուց հետո Հիսուսը պատմում է արտի որոմների, մանանեխի, թթխմորի, թաքցված գանձի, թանկարժեք մարգարտի և ուռկանի մասին առակները. բոլորն էլ «երկնքի թագավորության» հետ կապված ինչ-որ բան են խորհրդանշում։ Սակայն մարդիկ գայթակղվում են, ուստի Հիսուսն ասում է. «Մարգարեն ոչ մի տեղ անարգված չէ, այլ միայն իր հայրենի վայրերում և իր սեփական տանը» (13։11, 57)։

21. ա) Ի՞նչ հրաշքներ է անում Հիսուսը, և ինչի՞ մասին են դրանք վկայում։ բ) Ի՞նչ տեսիլք է տրվում մարդու Որդու Թագավորության գալստի հետ կապված։

21 «Քրիստոսի» հետագա ծառայությունը և հրաշքները (14։1–17։27)։ Հիսուսը մեծ ցավ է ապրում, երբ իմանում է, որ Հերովդես Անտիպասը հրաման է արձակել գլխատել Հովհաննես Մկրտչին։ Նա հրաշքով կերակրում է 5000 հոգուց ավելի մարդու, քայլում է ծովի վրայով, ենթարկվում է փարիսեցիների քննադատությանը, որոնք, ինչպես ինքն է ասում, Աստծու պատվիրանը խախտում են իրենց ավանդույթի պատճառով, բուժում է դիվահարի, կաղերի, խեղանդամների, կույրերի, համրերի և ուրիշ շատ հիվանդների։ Դարձյալ կերակրում է ավելի քան 4000 մարդու յոթ հացով և մի քանի փոքր ձկով (15։3, 30)։ Պատասխանելով Հիսուսի հարցին՝ Պետրոսն ասում է. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին»։ Հիսուսը գովում է Պետրոսին և հայտարարում. «Ես այս ժայռի վրա կկառուցեմ իմ ժողովը» (16։16, 18)։ Հետո խոսում է այն մասին, որ շուտով մահանալու է և երրորդ օրը հարություն է առնելու։ Բայց նաև խոստանում է իր առաքյալներին, որ «մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն մարդու Որդուն իր թագավորությամբ գալիս» (16։28)։ Վեց օր հետո Հիսուսը Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ գնում է մի բարձր լեռ, որ նրանք տեսնեն նրա այլակերպությունը։ Տեսիլքում նրանք տեսնում են, թե ինչպես են Մովսեսն ու Եղիան խոսում Հիսուսի հետ, և լսում են մի ձայն երկնքից, որ ասում է. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ, նրա՛ն լսեք»։ Լեռից իջնելուց հետո Հիսուսը ասում է նրանց, որ խոստացված «Եղիան» արդեն եկել է, և նրանք հասկանում են, որ խոսքը Հովհաննես Մկրտչի մասին է (17։5, 12)։

22. Ներողամտության վերաբերյալ ի՞նչ խորհուրդներ է տալիս Հիսուսը։

22 Հիսուսը խորհուրդներ է տալիս իր աշակերտներին (18։1-35)։ Կափառնայում քաղաքում Հիսուսը աշակերտների հետ խոսում է խոնարհության և այն ուրախության մասին, որ հովիվն ունենում է կորած ոչխարին գտնելիս, նաև այն մասին, թե ինչպես հարթել եղբայրների միջև ծագած տարաձայնությունները։ Պետրոսը հարցնում է. «Քանի՞ անգամ պետք է ներեմ [եղբորս]»։ Հիսուսը պատասխանում է. «Ասում եմ քեզ, ոչ թե մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասունյոթ անգամ»։ Այս միտքը ավելի շատ ընդգծելու համար Հիսուսը մի առակ է պատմում ծառայի մասին, որի տերը ներել է նրան 60 միլիոն դինարի պարտքը։ Այս ծառան հետո բանտ է գցում իր ծառայակիցներից մեկին, որը ընդամենը 100 դինար է պարտք։ Արդյունքում անխիղճ ծառային բանտ են նետումe։ Հիսուսը ասում է առակի նշանակությունը. «Նույն ձևով էլ իմ երկնային Հայրը կվարվի ձեզ հետ, եթե ձեզանից ամեն մեկն իր եղբորը սրտանց չների» (18։21, 22, 35)։

23. Ի՞նչ է բացատրում Հիսուսը ամուսնալուծության և կյանքի ճանապարհի մասին։

23 Հիսուսի ծառայության վերջին օրերը (19։1– 22։46)։ Իրադարձությունները գնալով ավելի արագորեն են զարգանում, և լարվածությունը մեծանում է, քանի որ Հիսուսի ծառայությունը շատ է բարկացնում դպիրներին ու փարիսեցիներին։ Նրանք գալիս են նրա մոտ ամուսնալուծության հարցով՝ ցանկանալով փորձել, բայց դա նրանց չի հաջողվում։ Հիսուսը ցույց է տալիս, որ ամուսնալուծվելու համար սուրբգրային միակ պատճառը պոռնկությունն է։ Հարուստ մի երիտասարդ գալիս է Հիսուսի մոտ և հարցնում, թե ինչ պետք է անի հավիտենական կյանք ստանալու համար, բայց տրտմած հեռանում է, երբ իմանում է, որ պետք է վաճառի իր ողջ ունեցվածքը ու դառնա Հիսուսի հետևորդը։ Աշխատողների և դինարի մասին առակը պատմելուց հետո Հիսուսը նորից խոսում է իր մահվան ու հարության մասին և ասում. «Մարդու Որդին եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (20։28)։

24. Իր երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում ի՞նչ է Հիսուսը խոսում կրոնական հակառակորդների հետ և ինչպե՞ս է պատասխանում նրանց հարցերին։

24 Հիսուսի երկրային կյանքի վերջին շաբաթն է։ Որպես Թագավոր՝ նա կատարում է իր հաղթական մուտքը Երուսաղեմ՝ էշի քուռակի վրա նստած (21։4, 5)։ Նա դուրս է վռնդում տաճարից դրամափոխներին և առուծախ անողներին։ Թշնամիների ատելությունը ավելի է մեծանում, երբ նա ասում է. «Հարկահավաքներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծու թագավորություն» (21։31)։ Խաղողի այգու և հարսանեկան խնջույքի մասին դիպուկ առակները իրենց նպատակին են հասնում։ Նա հմտորեն պատասխանում է հարկի հետ կապված փարիսեցիների հարցին՝ ասելով. «Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» (22։21)։ Նույն կերպ էլ պատասխանում է սադուկեցիների խորամանկ հարցին և թիկունք կանգնում հարության հույսին։ Փարիսեցիները կրկին Հիսուսին հարց են ուղղում Օրենքի հետ կապված, և նա ասում է, որ ամենամեծ պատվիրանը Եհովային ամբողջությամբ սիրելն է և երկրորդը՝ մերձավորին իր անձի պես սիրելը։ Հետո Հիսուսը հարցնում է նրանց, թե ինչպես կարող է Քրիստոսը լինել թե՛ Դավթի որդի, թե՛ նրա Տերը։ Ոչ ոք չի կարողանում նրան մի բառ անգամ պատասխանել, և այդ օրվանից ոչ մեկը այլևս չի համարձակվում որևէ բան հարցնել նրան (22։45, 46)։

25. Ինչպե՞ս է Հիսուսը դատապարտում դպիրներին ու փարիսեցիներին։

25 «Վա՜յ ձեզ.... կեղծավորնե՛ր» (23։1–24։2)։ Տաճարում ժողովրդի հետ խոսելիս Հիսուսը նորից խստորեն դատապարտում է դպիրներին ու փարիսեցիներին։ Ոչ միայն իրենք չեն մտնում Թագավորություն, այլև մտնողներին էլ թույլ չեն տալիս, որ մտնեն։ Նրանք նման են սպիտակեցրած գերեզմանների, որոնք թեև դրսից գեղեցիկ են երևում, բայց ներսից հոգևորապես լիովին քայքայված ու փտած են։ Վերջում Հիսուսը դատապարտում է Երուսաղեմին՝ ասելով. «Ձեր տունը լքված է թողնվում ձեզ» (23։38)։ Երբ Հիսուսը տաճարից դուրս է գալիս, մարգարեանում է դրա կործանման մասին։

26. Ի՞նչ մարգարեական նշան է Հիսուսը տալիս իր ներկայության մասին։

26 Հիսուսը տալիս է իր «ներկայության նշանը» (24։3–25։46)։ Ձիթենյաց լեռան վրա նրա աշակերտները հարցնում են նրա «ներկայության և աշխարհի վախճանի նշանի» մասին։ Պատասխանելով նրանց հարցին՝ Հիսուսը խոսում է այն ժամանակի մասին, երբ պատերազմներ կլինեն, «ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ, և տեղ-տեղ սովեր ու երկրաշարժեր կլինեն», անօրենությունը կշատանա, Թագավորության «բարի լուրը» կքարոզվի ամբողջ երկրով մեկ, ու «հավատարիմ և իմաստուն ծառա» կնշանակվի։ Հիսուսը նաև նշանի շատ այլ երեսակներ է նշում (24։3, 7, 14, 45–47)։ Նա եզրափակում է այս կարևոր մարգարեությունը՝ պատմելով տասը կույսերի և տաղանդների առակները, որոնք ցույց են տալիս, որ արթուն մնացողները և հավատարիմները վարձատրվում են, ինչպես նաև այծերի ու ոչխարների առակը, որը ցույց է տալիս, որ այծանման մարդիկ կգնան «հավիտենական մահ, իսկ արդարները՝ հավիտենական կյանք» (25։46)։

27. Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունենում Հիսուսի երկրային կյանքի վերջին օրը։

27 Հիսուսի կյանքի վերջին օրը (26։1–27։66)։ Պասեքը նշելուց հետո Հիսուսը Հիշատակի երեկոն է հաստատում՝ հրավիրելով իր հավատարիմ առաքյալներին ուտել անթթխմոր հացը և խմել գինին՝ որպես խորհրդանիշ իր մարմնի և արյան։ Հետո նրանք գնում են Գեթսեմանիի պարտեզ, որտեղ Հիսուսը աղոթում է։ Այդտեղ է գալիս Հուդան զինված ամբոխի հետ և մատնում է նրան կեղծ համբույրով։ Հիսուսին տանում են քահանայապետի մոտ և ավագ քահանաները ու ողջ Սինեդրիոնը կեղծ վկաներ են բերում նրա դեմ։ Ինչպես մարգարեացել էր Հիսուսը, Պետրոսը ուրանում է նրան, երբ փորձության մեջ է ընկնում։ Հուդան, խղճի խայթ զգալով, արծաթե դրամները շպրտում է տաճարի մեջ, հեռանում է այնտեղից և իրեն կախում։ Առավոտյան Հիսուսին տանում են հռոմեացի կուսակալ Պիղատոսի առաջ։ Քահանաների կողմից գրգռված ամբոխը աղաղակում է. «Նրա արյունը մեզ ու մեր երեխաների վրա թող լինի»։ Ժողովրդի ճնշման ներքո Պիղատոսը հանձնում է Հիսուսին նրանց ձեռքը, որ ցցին գամեն։ Կուսակալի զինվորները ծաղրում են նրան և հետո տանում Գողգոթա, որտեղ ցցին են գամում երկու ավազակների մեջտեղը ու գլխավերևում նրա դեմ ուղղված մեղադրանքն են փակցնում, որտեղ գրված է. «Սա է Հիսուսը՝ հրեաների Թագավորը» (27։25, 37)։ Ցցի վրա մի քանի ժամ մնալուց հետո Հիսուսը մահանում է ցերեկվա մոտ ժամը երեքին, և նրան դնում են մի նոր գերեզմանում, որը պատկանում է արիմաթեացի Հովսեփին։ Այսպես է վերջանում մարդկային պատմության մեջ եղած ամենակարևոր օրը։

28. Ի՞նչ ուրախալի լուրով է Մատթեոսը ավարտում իր արձանագրությունը, և ի՞նչ հանձնարարությամբ է վերջանում Ավետարանը։

28 Հիսուսի հարությունն ու վերջին հրահանգները (28։1–20)։ Մատթեոսը ավարտում է իր արձանագրությունը ուրախալի լուրով. մահացած Հիսուսը հարություն է առել, նա նորից կենդանի է։ Շաբաթվա առաջին օրվա լուսաբացին Մարիամ Մագդաղենացին և «մյուս Մարիամը» գալիս են գերեզման, և հրեշտակը հայտնում է այս ուրախ լուրը (28։1)։ Դա հաստատելու համար Հիսուսը անձամբ երևում է նրանց։ Թշնամիները փորձում են հերքել, որ նա հարություն է առել. նրանք կաշառում են այն զինվորներին, որոնք պահպանում են գերեզմանը, և պատվիրում նրանց ասել. «Նրա աշակերտները գիշերով եկան, և մինչ քնած էինք, գողացան նրան»։ Հետո Գալիլեայում Հիսուսը մի ուրիշ հանդիպում է ունենում իր աշակերտների հետ։ Ո՞րն էր վերջին հրահանգը, որ տվեց նրանց։ «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով»։ Որևէ մեկը առաջնորդելո՞ւ էր նրանց այս քարոզչական գործում։ Հիսուսի վերջին խոսքերը, որ արձանագրել է Մատթեոսը, հետևյալ հավաստիացումն են տալիս. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (28։13, 19, 20)։

ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ

29. ա) Ի՞նչ առումով է Մատթեոսի Ավետարանը կամուրջ Եբրայերեն և Հունարեն Գրությունների միջև։ բ) Ի՞նչ պատվի արժանացավ Հիսուսը, և նրա պես՝ ի՞նչ պատիվ ունեն քրիստոնյաներն այսօր։

29 Մատթեոսի գիրքը՝ չորս Ավետարաններից առաջինը, մի կամուրջ դարձավ Եբրայերեն և Հունարեն Գրությունների միջև։ Այն միանշանակ բնորոշում է Մեսիային և Աստծու խոստացված Թագավորության Թագավորին, հայտնում է նրա հետևորդը դառնալու պահանջները և նշում, թե ինչ աշխատանք նրանք պետք է կատարեն երկրի վրա։ Սկզբում Հովհաննես Մկրտիչը, հետագայում Հիսուսը, իսկ հետո նրա աշակերտները սկսեցին քարոզել, որ «երկնքի թագավորությունը մոտեցել է»։ Ավելին, Հիսուսի պատվերը կատարվելու էր մինչև աշխարհի վախճանը։ Նա ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ բնակեցված երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը»։ Ի՜նչ մեծ պատիվ է, ընդօրինակելով Տիրոջը, մասնակցել Թագավորության գործին, այդ թվում նաև բոլոր ազգերի մարդկանցից աշակերտներ պատրաստել (3։2; 4։17; 10։7; 24։14; 28։19)։

30. Մատթեոսի Ավետարանի ո՞ր հատվածն է շատ հայտնի իր գործնական արժեքով։

30 Մատթեոսի Ավետարանը իսկապես որ «բարի լուր» է։ Նրա ներշնչված տեղեկությունը «բարի լուր» էր նրանց համար, ովքեր ուշադրություն դարձրին դրան առաջին դարում։ Եհովա Աստված հոգ տարավ, որ այն պահպանվի որպես «բարի լուր» մինչև մեր օրերը։ Նույնիսկ ոչ քրիստոնյա մարդիկ են ընդունում, որ այս Ավետարանը մեծ զորություն ունի։ Օրինակ՝ հնդիկ ժողովրդի առաջնորդ Մոհանդաս (Մահատմա) Գանդին ասել է. «Անպայման խմեք այն ջրերից, որ առատորեն բխում են Լեռան Քարոզից.... Քանի որ այդ քարոզում նշված սկզբունքները յուրաքանչյուրիս համար են»f։

31. Ովքե՞ր են իսկապես բարձր գնահատում Մատթեոսի Ավետարանում գրի առնված խորհուրդները, և ինչո՞ւ է օգտակար կրկին ու կրկին ուսումնասիրել այն։

31 Ինչևէ, ամբողջ աշխարհը, այդ թվում նաև իրենց քրիստոնյա համարող մարդիկ շարունակում են խնդիրների բախվել։ Միայն փոքրամասնություն կազմող ճշմարիտ քրիստոնյաներն են, որ բարձր են գնահատում, ուսումնասիրում և կիրառում են Լեռան քարոզը և մյուս բոլոր իմաստուն խորհուրդները, որոնք կան Մատթեոսի Ավետարանում։ Այդպիսով նրանք մեծ օգուտներ են քաղում։ Օգտակար է կրկին ու կրկին ուսումնասիրել Հիսուսի հորդորները իրական երջանկություն գտնելու, բարոյականության, ամուսնության, սիրո ուժի, Աստծուն ընդունելի աղոթքների, հոգևոր արժեքների նյութական արժեքների հանդեպ առավելության, Թագավորությունն առաջին տեղում դնելու, սուրբ բաները գնահատելու, զգոն և հնազանդ լինելու մասին։ Մատթեոս 10-րդ գլխում Հիսուսը «երկնքի թագավորության» բարի լուրը քարոզողներին հրահանգներ է տալիս։ Հիսուսի բազմաթիվ առակներում կարևոր դասեր կան նրանց համար, ովքեր «լսելու ականջ ունեն»։ Ավելին, նրա մարգարեությունները, օրինակ՝ «նրա ներկայության նշանի» մանրամասն կանխագուշակումը, ամրացնում են մեր հույսն ու վստահությունը ապագայի հանդեպ (5։1–7։29; 10։5–42; 13։1–58; 18։1–20։16; 21։28–22։40; 24։3–25։46)։

32. ա) Բացատրի՛ր, թե կատարված մարգարեություններն ինչպես են փաստում Հիսուսի Մեսիա լինելը։ բ) Ի՞նչ հավաստիացում է տալիս մարգարեությունների կատարումը մեզ։

32 Այս Ավետարանում խոսվում է բազմաթիվ մարգարեությունների կատարման մասին։ Մատթեոսը հաճախ է մեջբերումներ արել Եբրայերեն Գրություններից, որպեսզի ցույց տա, որ դրանք իսկապես կատարվել են։ Կատարված մարգարեությունները անհերքելի ապացույցն են այն բանի, որ Հիսուսը Մեսիան է, քանի որ անհնար կլիներ նախապես այդքան մանրամասնորեն կազմել դրանք։ Համեմատիր, օրինակ, Մատթեոս 13։14, 15-ը Եսայիա 6։9, 10-ի հետ, Մատթեոս 21։42-ը Սաղմոս 118։22, 23-ի հետ և Մատթեոս 26։31, 56-ը Զաքարիա 13։7-ի հետ։ Այդ մարգարեությունների կատարումը մեզ հավաստիացնում է, որ ճիշտ ժամանակին, երբ Եհովայի փառահեղ նպատակը «երկնքի թագավորության» առնչությամբ իրագործվի, Հիսուսի մարգարեական կանխագուշակումները, որ արձանագրված են Մատթեոսի կողմից, նույնպես անպայման կիրականանան։

33. Ի՞նչ գիտելիքներով ու ինչպիսի՞ հույսով կարող են ցնծալ արդարություն սիրողները։

33 Որքա՜ն ճշգրտորեն՝ ամենաչնչին մանրամասնություններով է Աստված կանխագուշակել Թագավորության Թագավորի կյանքը։ Եվ որքա՜ն ճշգրտորեն է Մատթեոսը սուրբ ոգու ներշնչմամբ գրի առել այդ մարգարեությունների կատարումը։ Երբ արդարություն սիրողները խորհում են «Մատթեոս» գրքում արձանագրված մարգարեությունների կատարումների և խոստումների շուրջ, իսկապես ցնծում են, քանի որ սպասում են «երկնքի թագավորությանը» ու գիտեն, որ դրա միջոցով Եհովան կսրբացնի իր անունը։ Այդ Թագավորությունն է, որ Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ անվերջ օրհնություններ կբերի հեզերին, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները։ Դա կլինի «վերաստեղծման ժամանակ, երբ մարդու Որդին նստի իր փառքի գահին» (Մատթ. 19։28)։ Այս ամենի մասին գրված է Մատթեոսի Ավետարանում։

[ծանոթագրություններ]

a «McClintock and Strong’s Cyclopedia of Biblical, Theological, and Ecclesiastical Literature», 1981թ. վերահրատարակություն, հատ. V, էջ 895 (անգլ.)։

b Թարգմանություն լատիներեն տեքստից՝ խմբագրված Ի. Ք. Ռիչարդսոնի կողմից և հրատարակված «Geschichte der altchristlichen Literatur» շարքում, Լեյպցիգ, 1896, հատ. 14, էջ 8, 9։

c «Եկեղեցական պատմություն» VI, XXV, էջ 3–6 (անգլ.)։

d «Introduction to the Study of the Gospels», 1896, Բ. Ֆ. Վեստկոտ, էջ 201։

e Հիսուսի օրերում մեկ դինարը հավասար էր մեկ օրվա աշխատավարձին։ Ուստի 100 դինարը հավասար է մոտավորապես տարեկան աշխատավարձի մեկ երրորդին։ 60 միլիոն դինար վաստակելու համար անհատը պետք է մի քանի հազար տարի աշխատեր («Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 614, (անգլ.))։

f «Mahatma Gandhi’s Ideas», 1930, Ք. Ֆ. Էնդրյուս, էջ 96։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը