Աստվածաշնչի գիրք համար 41. Մարկոս
Գրողը՝ Մարկոս
Գրվելու վայրը՝ Հռոմ
Գրության ավարտը՝ մ.թ. մոտ 60–65թթ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ. 29–33թթ.
1. Ի՞նչ է հայտնի Մարկոսի և նրա ընտանիքի մասին։
ԵՐԲ Հիսուսը ձերբակալվեց Գեթսեմանի պարտեզում, և առաքյալները փախան, նրա հետևից գնում էր «մի երիտասարդ, որը մերկ մարմնի վրա բարձրորակ կտավից հագուստ էր հագել»։ Երբ ամբոխը փորձեց նրան նույնպես բռնել, «նա թողեց իր կտավե հագուստը և մերկ փախավ»։ Ակներևաբար, այդ երիտասարդը Մարկոսն էր։ «Գործեր» գրքում ասվում է, որ նա «Մարկոս կոչվող Հովհաննեսն» է։ Հնարավոր է՝ նա նյութապես ապահովված ընտանիքից էր, որն ապրում էր Երուսաղեմում, քանի որ նրանք սեփական տուն և ծառաներ ունեին։ Նրա մայրը՝ Մարիամը, նույնպես քրիստոնյա էր, և առաջին քրիստոնյաները իրենց հանդիպումներն անցկացնում էին նրա տանը։ Մի անգամ, երբ Պետրոսը հրեշտակի օգնությամբ ազատվեց բանտից, գնաց հենց այդ տունը, որտեղ հավաքվել էին եղբայրները (Մարկ. 14։51, 52; Գործ. 12։12, 13)։
2, 3. ա) Ի՞նչը մղեց Մարկոսին միսիոներ դառնալու։ բ) Ինչպե՞ս նա օգնեց մյուս միսիոներներին, հատկապես Պետրոսին ու Պողոսին։
2 Միսիոներ Բառնաբասը, որը ղևտացի էր և ծագումով Կիպրոսից, Մարկոսի զարմիկն էր (Գործ. 4։36; Կող. 4։10)։ Երբ Բառնաբասը Պողոսի հետ եկավ Երուսաղեմ՝ սովի ժամանակ եղբայրներին օգնություն հասցնելու, Մարկոսը ծանոթացավ նաև Պողոսի հետ։ Անկասկած, ժողովի եղբայրների ու եռանդուն շրջագայող ծառայողների հետ ընկերակցությունը Մարկոսի մեջ ցանկություն առաջացրին միսիոներական ծառայություն սկսել։ Նա դարձավ Պողոսի և Բառնաբասի ուղեկիցը և սպասավորը նրանց առաջին միսիոներական շրջագայության ժամանակ։ Սակայն ինչ-ինչ պատճառներով Մարկոսը թողեց նրանց Պամփիլիայի Պերգե քաղաքում և վերադարձավ Երուսաղեմ (Գործ. 11։29, 30; 12։25; 13։5, 13)։ Ուստի Պողոսը հրաժարվեց երկրորդ միսիոներական ճանապարհորդության ժամանակ Մարկոսին իր հետ վերցնելուց, ինչի արդյունքում նրա ու Բառնաբասի միջև վեճ ծագեց, ու նրանք իրարից բաժանվեցին։ Պողոսը վերցրեց Շիղային, իսկ Բառնաբասը՝ իր զարմիկ Մարկոսին, ու նրանք նավով գնացին Կիպրոս (Գործ. 15։36–41)։
3 Մարկոսը լավ կատարեց իր ծառայությունը և արժեքավոր օգնություն ցույց տվեց ոչ միայն Բառնաբասին, այլև հետագայում Պետրոս և Պողոս առաքյալներին։ Մարկոսը Պողոսի հետ (մ.թ. մոտ 60–61թթ.) Հռոմում էր նրա առաջին բանտարկության ժամանակ (Փիլիմ. 1, 24)։ Այնուհետև Պետրոսի հետ Բաբելոնում էր մ.թ. 62 և 64թթ. միջև ընկած ժամանակահատվածում (1 Պետ. 5։13)։ Հավանաբար, մ.թ. 65-ին Պողոսը դարձյալ բանտարկված էր Հռոմում և նամակով խնդրեց Տիմոթեոսին իր հետ վերցնել Մարկոսին՝ ասելով. «Նա պետք է ինձ ծառայության համար» (2 Տիմոթ. 1։8; 4։11)։ Աստվածաշնչի արձանագրության մեջ Մարկոսի մասին սա վերջին հիշատակումն է։
4–6. ա) Որտեղի՞ց Մարկոսը կարող էր իմանալ այն մանրամասները, որոնք նշել է իր Ավետարանում։ բ) Որտեղի՞ց գիտենք, որ Մարկոսը սերտ շփում է ունեցել Պետրոսի հետ։ գ) Բեր օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ Մարկոսի ոճի մեջ արտացոլված են Պետրոսին բնորոշ գծերը։
4 Ամենակարճ Ավետարանի գրությունը վերագրվում է հենց այդ Մարկոսին։ Նա Հիսուսի առաքյալների համագործակիցն էր և իր կյանքը նվիրեց բարի լուրի քարոզչությանը։ Մարկոսը Հիսուսի 12 առաքյալներից չէր և ոչ էլ Հիսուսի անմիջական ուղեկիցն էր եղել։ Ուրեմն որտեղի՞ց է նա իմացել այնպիսի մանրամասներ, որոնք կենդանություն են հաղորդում Հիսուսի ծառայության մասին նրա ողջ արձանագրությանը։ Վաղ եկեղեցու պատմագիրներ Պապիասի, Օրիգենեսի և Տերտուլիանոսի կարծիքով՝ այս տեղեկությունները Մարկոսը ստացել է Պետրոսից, ում հետ սերտ համագործակցել էa։ Չէ՞ որ Պետրոսը նրան կոչեց «իմ որդին» (1 Պետ. 5։13)։ Իսկ Պետրոսը ականատեսն էր այն ամենի, ինչ արձանագրել է Մարկոսը։ Ուստի Մարկոսը կարող էր նրանից իմանալ բազմաթիվ մանրամասներ, որոնք բացակայում են մյուս Ավետարաններում։ Օրինակ՝ նա խոսում է «վարձու աշխատողների» մասին, որոնք աշխատում էին Զեբեդեոսի համար, բորոտի մասին, որը «ծնկի եկած» աղաչում էր Հիսուսին մաքրել իրեն, դիվահար մարդու մասին, որը «ինքն իրեն քարերով ճղոտում» էր, նաև նշում է, որ Հիսուսը նստել էր Ձիթենյաց լեռան վրա, «որտեղից երևում էր տաճարը», երբ մարգարեացավ, որ «մարդու Որդուն կտեսնեն ամպերի մեջ մեծ զորությամբ ու փառքով գալիս» (Մարկ. 1։20, 40; 5։5; 13։3, 26)։
5 Պետրոսը խոր զգացմունքների տեր մարդ էր, ուստի կարող էր հասկանալ ու պատմել Հիսուսի հույզերի ու ապրումների մասին։ Դա է պատճառը, որ Մարկոսը հաճախ է գրում, թե ինչ էր զգում Հիսուսը և ինչպես էր արձագանքում։ Օրինակ՝ նա գրում է, որ Հիսուսը «իր շուրջը եղողներին բարկացած նայելով՝ խորապես տրտմեց», «խոր հոգոց հանեց» և «խոր հառաչեց» (3։5; 7։34; 8։12)։ Մարկոսն է, որ պատմում է մեզ, թե ինչ զգաց Հիսուսը հարուստ երիտասարդ իշխանի նկատմամբ՝ «նրա հանդեպ սիրով լցվեց» (10։21)։ Եվ ի՜նչ ջերմությամբ են լցված Մարկոսի խոսքերն այն մասին, որ Հիսուսը մի փոքր երեխա կանգնեցրեց իր աշակերտների մեջտեղը և «նրան գրկեց», իսկ մեկ ուրիշ առիթով նորից «գրկեց երեխաներին» (9։36; 10։13–16)։
6 Մարկոսի ոճի մեջ, որին հատուկ է իմպուլսիվությունը, կենդանությունը, աշխուժությունը, վառ և արտահայտիչ նկարագրությունները, կարելի է նկատել Պետրոսի բնավորությանը բնորոշ գծեր։ Թվում է, թե Մարկոսը միշտ շտապելով է արտահայտում իր մտքերը՝ ջանալով գրի առնել այն ամենը, ինչ գիտի։ Օրինակ՝ նա անընդհատ օգտագործում է «անմիջապես», «իսկույն», «հենց այդ պահին» արտահայտությունները, որոնք կենդանություն են հաղորդում իր պատմությանը։
7. Ի՞նչ տարբերություն կա Մարկոսի և Մատթեոսի Ավետարանների միջև։
7 Թեև Մարկոսը հնարավորություն ուներ կարդալու Մատթեոսի Ավետարանը, և նրա Ավետարանը ընդամենը 7 տոկոսով ավելի քիչ տեղեկություններ է պարունակում, քան մյուս Ավետարանները, սխալ կլինի եզրակացնել, որ նա պարզապես խտացված ձևով է ներկայացրել Մատթեոսի Ավետարանը և մի քանի առանձնահատուկ մանրամասներ ավելացրել։ Մատթեոսը Հիսուսին նկարագրում է որպես խոստացված Մեսիայի և Թագավորի, իսկ Մարկոսը նրա կյանքի ու գործերի մասին խոսում է մեկ ուրիշ տեսանկյունից։ Նա Հիսուսին նկարագրում է որպես Աստծու հրաշագործ Որդի, հաղթանակող Փրկիչ։ Մարկոսը շեշտում է Հիսուսի գործերը և ոչ թե քարոզներն ու ուսմունքները։ Նա արձանագրել է Հիսուսի առակներից ընդամենը մի քանիսը, երկար քարոզներից մեկը ու բաց է թողել Լեռան քարոզը։ Դա է պատճառը, որ Մարկոսի Ավետարանը մյուս Ավետարաններից ավելի կարճ է, թեև դրանում ոչ պակաս իրադարձություններ են հիշատակվում։ Նրա Ավետարանում նշվում են առնվազն 19 հրաշքներ։
8. Ի՞նչն է ցույց տալիս, որ Մարկոսի Ավետարանը ամենայն հավանականությամբ գրվել է հռոմեացիների համար։
8 Եթե Մատթեոսը իր Ավետարանը գրել է հրեաների համար, ապա Մարկոսը, ամենայն հավանականությամբ, գրել է հռոմեացիների համար։ Որտեղի՞ց գիտենք։ Մարկոսը Մովսիսական օրենքը հիշատակում է միայն այն ժամանակ, երբ հարկ է լինում խոսել այդ մասին։ Հիսուսի տոհմաբանությունը բաց է թողել։ Քրիստոսի մասին բարի լուրը ներկայացրել է որպես մի լուր, որը մեծ նշանակություն ունի բոլորի համար։ Նա բացատրում է հրեական սովորույթներն ու ուսմունքները, որոնք կարող էին անծանոթ լինել ոչ հրեաներին (2։18; 7։3, 4; 14։12; 15։42)։ Թարգմանում է արամերեն արտահայտությունները (3։17; 5։41; 7։11, 34; 14։36; 15։22, 34)։ Պարզաբանում է պաղեստինյան աշխարհագրական անունները և որոշ բույսերի վերաբերյալ մանրամասներ նշում (1։5, 13; 11։13; 13։3)։ Հրեական դրամների արժեքը ներկայացնում է հռոմեական փողի արժեքով (12։42, ծնթ., անգլ.)։ Լատիներեն բառեր ավելի շատ է օգտագործում, քան մյուս ավետարանագիրները, օրինակ՝ սպեկուլյատոր (թիկնապահ), պրետորիում (կուսակալի պալատ), սենտուրիո (հարյուրապետ) (6։27; 15։16, 39)։
9. Որտե՞ղ և ե՞րբ է գրվել Մարկոսի Ավետարանը, ու ի՞նչն է հաստատում, որ այդ գիրքը վավերական է։
9 Քանի որ Մարկոսը Ավետարանը գրել է գլխավորապես հռոմեացիների համար, հավանաբար այն գրի է առել Հռոմում։ Ե՛վ վաղ եկեղեցու պատմագիրների ավանդությունից, և՛ հենց գրքից կարող ենք եզրակացնել, որ այն գրվել է Հռոմում Պողոս առաքյալի կա՛մ առաջին, կա՛մ երկրորդ բանտարկության ժամանակ, հետևաբար՝ մ.թ. 60–65թթ. միջև ընկած ժամանակահատվածում։ Այդ տարիներին Մարկոսը Հռոմում եղել է առնվազն մեկ կամ գուցե երկու անգամ։ Երկրորդ և երրորդ դարերի բոլոր հեղինակավոր աղբյուրները հաստատում են, որ Ավետարանը գրել է Մարկոսը։ Երկրորդ դարի կեսին այն արդեն տարածված էր քրիստոնյաների մեջ։ Մարկոսի Ավետարանը տեղ է գտել Քրիստոնեական Հունարեն Գրությունների բոլոր վաղ ցուցակներում, ինչը փաստում է նրա վավերականությունը։
10. Ինչպե՞ս պետք է վերաբերվել երկար ու կարճ եզրափակումներին և ինչո՞ւ։
10 Այնուամենայնիվ, այն երկար և կարճ եզրափակումները, որոնք երբեմն ավելացվում են 16-րդ գլխի 8-րդ համարից հետո, չպետք է համարել վավերական։ Դրանք բացակայում են ամենահին ձեռագրերի մեծ մասում, որոնցից են, օրինակ, Սինայական ձեռագիրը և Վատիկանյան № 1209 ձեռագիրը։ Չորրորդ դարի աստվածաշնչագետներ Եվսեբիոսն ու Հերոնիմոսը համամիտ են, որ արձանագրությունը ավարտվում է հետևյալ խոսքերով՝ «վախով էին լցվել»։ Եզրափակումները հավանաբար ավելացվել են՝ մեղմացնելու Ավետարանի կտրուկ ավարտը։
11. ա) Ինչպե՞ս է հաստատվում Մարկոսի Ավետարանի ճշգրտությունը, և ի՞նչ իշխանության մասին է խոսվում։ բ) Ինչո՞ւ է Մարկոսի Ավետարանը «բարի լուր» համարվում, և ի՞նչ ժամանակահատված է այն ընդգրկում։
11 Մարկոսի արձանագրության ճշգրտությունը երևում է ոչ միայն այն բանից, որ գիրքը ամբողջովին ներդաշնակ է մյուս Ավետարաններին, այլև ողջ Աստվածաշնչին՝ «Ծննդոց» գրքից մինչև «Հայտնություն»։ Բացի այդ, Հիսուսը կրկին ու կրկին ներկայացվում է որպես մի անձնավորություն, որը ոչ միայն զորեղ է խոսքերով, այլև իշխանություն ունի բնության ուժերի, Սատանայի ու դևերի, հիվանդությունների և ֆիզիկական արատների, նույնիսկ մահվան վրա։ Մարկոսն իր պատմությունը սկսում է տպավորիչ նախաբանով. «Հիսուս Քրիստոսի մասին բարի լուրի սկիզբը»։ Նրա գալուստն ու ծառայությունը իրոք «բարի լուր» էին, ուստի այս Ավետարանն ուսումնասիրելը օգտակար է ընթերցողների համար։ Մարկոսը նկարագրում է մ.թ. 29–33թթ. գարնանը կատարված իրադարձությունները։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
12. Ինչի՞ մասին է գրում Մարկոսը առաջին 13 համարներում։
12 Հիսուսի մկրտությունն ու փորձությունը (1։1–13)։ Մարկոսը բարի լուրի մասին իր պատմությունը սկսում է Հովհաննես Մկրտչից։ Նա կանխագուշակված պատգամաբերն է՝ ուղարկված հռչակելու. «Պատրաստե՛ք ճանապարհը Եհովայի համար, ուղղե՛ք նրա շավիղները»։ Նրա մասին, ով պետք է շուտով գա, Հովհաննեսն ասում է. «[Նա] ինձանից ավելի զորավոր է»։ Այո՛, նա կմկրտի ոչ թե ջրով, այլ սուրբ ոգով։ Այդ օրերին Հիսուսը գալիս է Գալիլեայի Նազարեթից, և Հովհաննեսը մկրտում է նրան։ Ոգին աղավնու նման նրա վրա է իջնում, և մի ձայն է լսվում երկնքից. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ» (1։3, 7, 11)։ Այնուհետև Հիսուսը Սատանայի կողմից անապատում փորձության է ենթարկվում, և հրեշտակները ծառայում են նրան։ Բոլոր այս հետաքրքիր դեպքերը Մարկոսը համառոտ շարադրում է առաջին 13 համարներում։
13. Ինչպե՞ս է Հիսուսը՝ «Աստծու Սուրբը», ցույց տալիս իր իշխանությունը ծառայության սկզբում։
13 Հիսուսը սկսում է իր ծառայությունը Գալիլեայում (1։14–6։6)։ Հովհաննեսի ձերբակալությունից հետո Հիսուսը գնում է Գալիլեա ու քարոզում Աստծու մասին բարի լուրը։ Այս լուրը իսկապես ցնցող է։ «Մոտեցել է Աստծու թագավորությունը։ Զղջացե՛ք ու հավատացե՛ք բարի լուրին» (1։15)։ Հետո նա հրավիրում է Սիմոնին ու Անդրեասին և Հակոբոսին ու Հովհաննեսին թողնելու ձկնորսական ցանցերը և դառնալու իր աշակերտները։ Շաբաթ օրը նա սկսում է ուսուցանել Կափառնայումի ժողովարանում։ Մարդիկ զարմանում են, որովհետև նրանց սովորեցնում է «ինչպես իշխանություն ունեցող մեկը և ոչ թե ինչպես դպիրները»։ Հիսուսը իր իշխանությունը ի ցույց է դնում որպես «Աստծու Սուրբը»՝ անմաքուր ոգին դուրս հանելով մի հիվանդ մարդու միջից և բուժելով Սիմոնի զոքանչին, որը ջերմության մեջ պառկած է։ Այդ լուրը կայծակնային արագությամբ տարածվում է, և երեկոյան «ամբողջ քաղաքը» հավաքվում է Սիմոնի տան առաջ։ Հիսուսը տարբեր հիվանդություններով տառապող բազում մարդկանց է բուժում և շատ դևեր հանում (1։22, 24, 33)։
14. Ինչպե՞ս է Հիսուսը ցույց տալիս, որ մեղքերը ներելու իշխանություն ունի։
14 Հիսուսը նշում է երկիր գալու իր նպատակը. «Որպեսզի.... քարոզեմ» (1։38)։ Նա քարոզում է ողջ Գալիլեայում։ Ուր էլ գնում է, դևեր է հանում, հիվանդների բուժում, այդ թվում նաև բորոտներին և այն անդամալույծին, որին ասաց. «Քո մեղքերը ներված են»։ Դպիրներից ոմանք իրենց սրտերում խորհում են. «Նա հայհոյում է։ Աստծուց բացի ո՞վ կարող է մեղքեր ներել»։ Բայց Հիսուսը անմիջապես հասկանում է նրանց մտքերը և փաստում, որ «մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի մեղքեր ներելու»՝ անդամալույծին պատվիրելով վեր կենալ ու տուն գնալ։ Մարդիկ փառավորում են Աստծուն։ Երբ հարկահավաք Ղևին (Մատթեոսը) դառնում է Հիսուսի հետևորդը, վերջինս ասում է դպիրներին. «Ես եկա ոչ թե արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։ Հիսուսը ցույց է տալիս, որ նա նաև «շաբաթի Տերն է» (2։5, 7, 10, 17, 28)։
15. Ի՞նչ է Հիսուսն ասում նրանց մասին, ովքեր հերքում են իր հրաշքները և ի՞նչ է ասում ընտանեկան կապերի վերաբերյալ։
15 Հիսուսը այժմ ընտրում է 12 առաքյալներին։ Նրա ազգականները հակառակություն են ցույց տալիս։ Որոշ դպիրներ, որ իջել են Երուսաղեմից, մեղադրում են նրան, որ դևեր է հանում դևերի իշխանի միջոցով։ Հիսուսը հարցնում է նրանց. «Ինչպե՞ս կարող է Սատանան Սատանային հանել»։ Հետո զգուշացնում է. «Ով սուրբ ոգու դեմ է հայհոյում, հավիտյան ներում չունի, այլ հանցավոր է հավիտենական մեղքով»։ Այդ ժամանակ գալիս են նրա մայրն ու եղբայրները, որոնք փնտրում են նրան, և Հիսուսը հետևյալ խոսքերն է ասում. «Ով կատարում է Աստծու կամքը, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը» (3։23, 29, 35)։
16. Ի՞նչ է Հիսուսը առակներով սովորեցնում «Աստծու թագավորության» մասին։
16 Հիսուսը սկսում է սովորեցնել «Աստծու թագավորության սրբազան գաղտնիքը»։ Նա պատմում է մի սերմնացանի մասին, որի սերմերը ցանքի ժամանակ տարբեր տեսակի հողերի մեջ են ընկնում (ինչը ցույց է տալիս, որ խոսքը տարբեր տեսակի մարդիկ են լսում), նաև խոսում է ճրագի մասին, որը դնում են ճրագակալի վրա։ Հետո մեկ ուրիշ առակ է պատմում՝ ասելով, որ Աստծու Թագավորությունը կարելի է համեմատել այն բանի հետ, երբ մի մարդ հողի մեջ սերմ է ցանում. «Հողը ինքնիրեն պտուղ է տալիս. դուրս է գալիս նախ ցողունը, հետո հասկը, ապա հասած ցորենը՝ հասկի մեջ» (4։11, 28)։ Նա նաև մանանեխի հատիկի մասին է առակ պատմում, որը թեև սերմերի մեջ ամենափոքրն է, բայց աճում է և մեծ ճյուղեր է արձակում, այնպես որ նրա ստվերի տակ թռչունները բնակվելու տեղ են գտնում։
17. Ինչպե՞ս են Հիսուսի հրաշքները ցույց տալիս, թե նա ինչ իշխանություն ունի։
17 Երբ անցնում են Գալիլեայի ծովի մյուս ափը, Հիսուսը հրաշքով սաստում է ուժգին քամուն, և փոթորկոտ ծովը հանդարտվում է նրա խոսքերից հետո. «Լռի՛ր։ Հանդարտվի՛ր» (4։39)։ Գերասացիների երկրում Հիսուսը մի մարդու միջից դևերի լեգեոն է հանում։ Նա թույլ է տալիս, որ դրանք մտնեն խոզերի երամակի մեջ, և ողջ երամակը՝ մոտ 2000 խոզ, գահավեժ տեղից ցած է նետվում ծովը ու խեղդվում (5։8–13)։ Դրանից հետո Հիսուսը նորից դիմացի ափ է գնում։ Մի կին, որը 12 տարի տառապում է արյունահոսությունից, բուժվում է՝ պարզապես դիպչելով Հիսուսի վերնահագուստին, երբ նա գնում է Հայրոսի 12-ամյա աղջկան հարություն տալու։ Այո՛, մարդու Որդին իշխանություն ունի թե՛ կյանքի, թե՛ մահվան վրա։ Սակայն Հիսուսի հայրենի վայրերում ապրող մարդիկ կասկածի են ենթարկում նրա իշխանությունը։ Հիսուսը զարմանում է նրանց անհավատության վրա, բայց շարունակում է «շրջել մոտակա գյուղերում ու սովորեցնել» (6։6)։
18. ա) Ինչպե՞ս է Հիսուսի ծառայությունը ընդլայնվում։ բ) Ի՞նչն է մղում Հիսուսին սովորեցնելու և հրաշքներ անելու։
18 Ընդլայնում է ծառայությունը Գալիլեայում (6։7– 9։50)։ Հիսուսը 12 առաքյալներին երկու-երկու ուղարկում է՝ տալով հրահանգներ և իշխանություն՝ քարոզելու, սովորեցնելու, բուժումներ անելու և դևերին հանելու։ Հիսուսի անունը արդեն հայտնի է դարձել։ Ոմանք մտածում են, թե նա հարություն առած Հովհաննես Մկրտիչն է։ Այս լուրերը անհանգստացնում են Հերովդեսին, քանի որ վերջինիս ծննդյան տարեդարձի օրը Հովհաննեսը գլխատվել էր։ Առաքյալները վերադառնում են ծառայությունից և Հիսուսին պատմում այն ամենը, ինչ արել են։ Մի մեծ բազմություն հետևում է Հիսուսին ողջ Գալիլեայի ափով, և դա տեսնելով՝ նա «խղճում է նրանց, որովհետև հովիվ չունեցող ոչխարների են նման»։ Ուստի սկսում է շատ բաներ սովորեցնել (6։34)։ Նա սիրով այդ մարդկանց համար սնունդ է հայթայթում՝ կերակրելով 5000 տղամարդու ընդամենը հինգ հացով և երկու ձկով։ Շատ չանցած՝ երբ աշակերտները իրենց նավակով Բեթսայիդայի կողմն են գնում, ուժեղ քամի է բարձրանում, և նրանք դժվարությամբ են թիավարում։ Ծովի վրայով քայլելով՝ Հիսուսը նրանց մոտ է գալիս ու հանդարտեցնում քամին։ Զարմանալի չէ, որ նույնիսկ իր աշակերտները «շատ են զարմանում» (6։51)։
19, 20. ա) Ինչպե՞ս է Հիսուսը հանդիմանում դպիրներին ու փարիսեցիներին։ բ) Ինչո՞ւ է Հիսուսը նախատում Պետրոսին։
19 Գեննեսարեթի շրջանում Հիսուսը զրույցի է բռնվում Երուսաղեմից եկած դպիրների և փարիսեցիների հետ անլվա ձեռքերով հաց ուտելու մասին և հանդիմանում է նրանց, որ «Աստծու պատվիրանը թողած՝ մարդկանց ավանդույթից են կառչում»։ Նա ասում է, որ ոչ թե մարդու մեջ մտածն է պղծում նրան, այլ ինչ որ դուրս է գալիս նրա միջից՝ սրտից, այսինքն՝ «վնասակար մտքերը» (7։8, 21)։ Գնալով Տյուրոսի և Սիդոնի կողմերը՝ Հիսուսը հրաշք է անում մի այլազգի ասորափյունիկեցի կնոջ համար՝ նրա աղջկա միջից դև հանելով։
20 Վերադառնալով Գալիլեա՝ Հիսուսը կրկին խղճում է ժողովրդին, որը հետևում է իրեն, և 4000 տղամարդու կերակրում է յոթ հացով ու մի քանի փոքր ձկներով։ Իր աշակերտներին նա զգուշացնում է, որ հեռու մնան փարիսեցիների թթխմորից և Հերովդեսի թթխմորից, սակայն նրանք չեն հասկանում այդ խոսքերի իմաստը։ Հետո մեկ ուրիշ հրաշք է գործում. կույր մարդու է բուժում Բեթսայիդայում։ Փիլիպոսի Կեսարիայի գյուղ գնալու ճանապարհին Պետրոսը համոզվածությամբ ասում է, որ Հիսուսը «Քրիստոսն» է։ Սակայն շատ չանցած՝ երբ Հիսուսն ասում է մարդու Որդու մոտալուտ չարչարանքների ու մահվան մասին, նա սկսում է սաստել նրան։ Այդ պատճառով Հիսուսը նախատում է նրան. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛, որովհետև դու ոչ թե Աստծու մտքերն ես խորհում, այլ մարդկանց» (8։29, 33)։ Հիսուսը հորդորում է աշակերտներին շարունակ իրեն հետևել հանուն բարի լուրի։ Եթե նրանք ամաչեն ասել, որ իր աշակերտն են, նա էլ կամաչի ասել, որ նրանք իր աշակերտներն են, երբ գա իր Հոր փառքով։
21. ա) Ովքե՞ր են տեսնում «Աստծու թագավորությունը զորությամբ եկած» և ինչպե՞ս։ բ) Ինչպե՞ս է Հիսուսը շեշտում, որ պետք է Թագավորությունը առաջին տեղում դնել։
21 Վեց օր հետո, երբ Հիսուսը մի բարձր լեռ է գնում, Պետրոսը, Հակոբոսը ու Հովհաննեսը պատիվ են ունենում տեսնելու «Աստծու թագավորությունը զորությամբ եկած»՝ ականատես լինելով Հիսուսի փառահեղ այլակերպությանը (9։1)։ Հետո նա կրկին ցույց է տալիս իր իշխանությունը՝ մի տղայի միջից համր ոգի հանելով։ Դրանից հետո երկրորդ անգամ է սկսում խոսել իր չարչարանքների ու մահվան մասին։ Նաև խորհուրդ է տալիս աշակերտներին թույլ չտալ, որ որևէ բան հետ պահի իրենց կյանք մտնելուց։ Ձեռքդ գայթակղեցնո՞ւմ է քեզ։ Կտրի՛ր այն։ Ո՞տքդ է գայթակղեցնում։ Կտրի՛ր այն։ Ա՞չքդ։ Դեն գցի՛ր այն։ Ավելի լավ է Աստծու թագավորություն մտնել հաշմանդամ, քան առողջ գեհենը գցվել։
22. Ի՞նչ խրատներ է տալիս Հիսուսը Պիրեայում։
22 Ծառայություն Պիրեայում (10։1–52)։ Հիսուսը գալիս է Հրեաստանի սահմանները՝ «Հորդանանի մյուս կողմը» (Պիրեա)։ Այժմ փարիսեցիները հարցաքննում են նրան ամուսնալուծության թեմայով, և Հիսուսը, օգտվելով առիթից, ամուսնության վերաբերյալ սուրբգրային սկզբունքներ է նշում։ Հետո մի հարուստ երիտասարդ հարցնում է նրան, թե ինչպես կարող է հավիտենական կյանք ժառանգել։ Բայց իմանալով, որ երկնքում գանձեր ունենալու համար պետք է վաճառի իր ողջ ունեցվածքը և դառնա Հիսուսի հետևորդը՝ տրտմած հեռանում է։ Հիսուսը իր աշակերտներին ասում է. «Ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի անցքով անցնի, քան հարուստ մարդը Աստծու թագավորություն մտնի»։ Նա քաջալերում է նրանց, ովքեր ամեն բան թողել են բարի լուրի համար՝ խոստանալով այժմ «հարյուրապատիկը.... հալածանքների հետ մեկտեղ, իսկ գալիք աշխարհում՝ հավիտենական կյանք» (10։1, 25, 30)։
23. Երուսաղեմ գնալիս ի՞նչ զրույց է լինում, և ի՞նչ հրաշք է կատարվում։
23 Հիսուսը և 12 առաքյալները գնում են Երուսաղեմ։ Երրորդ անգամ նա ասում է նրանց իր չարչարանքների, ինչպես նաև հարության մասին։ Հետո հարցնում է, թե արդյոք կարող են խմել այն բաժակից, որից ինքն է խմում, և ասում է. «Ով ուզում է առաջինը լինել ձեր մեջ, պիտի բոլորի ծառան լինի»։ Երիքով գնալիս մի կույր մուրացկան, որ նստած է ճանապարհի եզրին, բղավում է. «Դավթի՛ Որդի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»։ Հիսուսն էլ բացում է նրա աչքերը. սա վերջին հրաշքն է, որ արձանագրել է Մարկոսը (10։44, 47, 48)։
24, 25. ա) Ի՞նչ գործերով է Հիսուսը փաստում, որ իշխանություն ունի։ բ) Ի՞նչ փաստարկներ է նա բերում իր հակառակորդներին։ գ) Ի՞նչ զգուշացում է տալիս Հիսուսը բազմությանը և աշակերտների մոտ ո՞ւմ է գովում։
24 Հիսուսը Երուսաղեմում և դրա շրջակայքում (11։1–15։47)։ Դեպքերը զարգանում են շատ արագ։ Էշի քուռակի վրա նստած՝ Հիսուսը մտնում է քաղաք, և մարդիկ դիմավորում են նրան որպես թագավորի։ Հաջորդ օրը նա մաքրում է տաճարը։ Ավագ քահանաներն ու դպիրները սկսում են վախենալ նրանից և ուզում են սպանել։ Նրանք հարցնում են. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները» (11։28)։ Սակայն Հիսուսը հմտորեն հարցին հարցով է պատասխանում և մի առակ է պատմում մշակների մասին, ովքեր սպանեցին խաղողի այգու ժառանգին։ Նրանք հասկանում են ակնարկը ու հեռանում։
25 Հետո փարիսեցիներից մի քանիսին ուղարկում են նրա մոտ, որպեսզի նրան իր իսկ խոսքերով բռնեն։ Նրանք հարկի հետ կապված հարց են ուղղում նրան։ Վերջինս էլ խնդրում է մի դինար բերել ու հարցնում է. «Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ գիրն է սա»։ Նրանք պատասխանում են՝ կայսրինը։ Այդ ժամանակ Հիսուսն ասում է. «Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ Զարմանալի չէ, որ նրանք շատ են տպավորվում նրա խոսքերից (12։16, 17)։ Որոշ ժամանակ անց սադուկեցիները, որոնք հարությանը չեն հավատում, փորձում են շփոթության մեջ գցել Հիսուսին՝ հարցնելով, թե հարության ժամանակ, որ մեկի կինը կլինի, նա ով յոթ ամուսին է ունեցել։ Հիսուսը անմիջապես պատասխանում է, որ հարություն առնողները կլինեն «երկնքի հրեշտակների նման», որոնք չեն ամուսնանում (12։19–23, 25)։ Դպիրներից մեկը հարցնում է. «Ո՞րն է բոլոր պատվիրաններից առաջինը»։ Հիսուսը պատասխանում է. «Առաջինը սա է. «Լսի՛ր, ո՛վ Իսրայել, մեր Աստված Եհովան մեկ Եհովա է։ Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով»։ Իսկ երկրորդը սա է. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»» (12։28–31)։ Դրանից հետո ոչ ոք չի համարձակվում նրան հարց տալ։ Հիսուսի իշխանությունը որպես կատարյալ ուսուցիչ անհերքելի է։ Մարդկանց բազմությունը հաճույքով լսում է նրան, և Հիսուսը զգուշացնում է նրանց հեռու մնալ ինքնագոհ դպիրներից։ Այնուհետև նա իր մոտ է կանչում աշակերտներին և նրանց ուշադրությունը հրավիրում այրի կնոջ վրա։ Նա գովում է այդ կնոջը այն բանի համար, որ տաճարի գանձանակի մեջ գցում է ավելին, քան մյուս բոլորը, քանի որ նրա երկու փոքր մետաղադրամը «այն ամենն է, ինչ ունի՝ իր ողջ ապրուստը» (12։44)։
26. Ո՞րն է Մարկոսի կողմից արձանագրված միակ երկար զրույցը, և ի՞նչ խոսքերով է այն ավարտվում։
26 Ձիթենյաց լեռան վրա նստած, որտեղից երևում է տաճարը՝ Հիսուսն իր աշակերտներից չորսին առանձին ասում է, թե «որն է լինելու այս բոլոր բաների վախճանի նշանը»։ (Սա Մարկոսի կողմից արձանագրված միակ երկար զրույցն է։ Այն նաև գրված է Մատթեոսի Ավետարանի 24-րդ և 25-րդ գլուխներում)։ Վերջում Հիսուսն ասում է. «Այդ օրվա կամ ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները երկնքում, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։ Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք» (13։4, 32, 37)։
27. Նշիր, թե ինչ է լինում նախքան Հիսուսին մատնելը Գեթսեմանիում։
27 Բեթանիայում մի կին Հիսուսին օծում է շատ թանկ անուշահոտ յուղով։ Ոմանք առարկում են՝ մտածելով, որ դա վատնում է, բայց Հիսուսն ասում է, որ դա բարի գործ է, և դրանով կինը նախապես պատրաստում է իր մարմինը թաղման համար։ Ճիշտ ժամանակին Հիսուսը և նրա 12 առաքյալները հավաքվում են քաղաքում՝ Պասեքը նշելու համար։ Հիսուսը խոսում է իրեն մատնողի մասին և հաստատում է Հիշատակի երեկոն իր հավատարիմ աշակերտների համար, հետո նրանք գնում են Ձիթենյաց լեռը։ Ճանապարհին Հիսուսը ասում է, որ բոլորը գայթակղվելու են։ Բայց Պետրոսը ասում է. «Ես չեմ գայթակղվի»։ Իսկ Հիսուսը ասում է նրան. «Հենց այս գիշեր, աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած, նույնիսկ դու երեք անգամ կուրանաս ինձ»։ Հասնելով Գեթսեմանի կոչվող վայրը՝ նա աշակերտներին հորդորում է արթուն մնալ, իսկ ինքը առանձնանում է աղոթելու։ Իր աղոթքում ասում է. «Ա՛բբա, Հա՛յր, քեզ համար ամեն բան հնարավոր է. հեռացրու այս բաժակը ինձանից, սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում»։ Երեք անգամ Հիսուսը հետ է գալիս աշակերտների մոտ և երեք անգամն էլ տեսնում է, որ նրանք քնած են, անգամ «այսպիսի ժամանակ» (14։29, 30, 36, 41)։ Բայց ժամը եկել է։ Ահա՛ մոտեցել է մատնողը։
28. Ի՞նչ հանգամանքներում են Հիսուսին ձերբակալում, և ի՞նչ է լինում, երբ նրան տանում են քահանայապետի մոտ։
28 Հուդան մոտենում է Հիսուսին ու համբուրում նրան։ Սա նշան է ավագ քահանաների զինված պահակների համար, որ ձերբակալեն նրան։ Հիսուսին տանում են քահանայապետի մոտ՝ դատի։ Շատերն են սուտ վկայություն տալիս նրա դեմ, սակայն նրանց վկայությունները չեն համընկնում։ Հիսուսը շարունակում է լուռ մնալ։ Ի վերջո քահանայապետը հարցնում է. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ Օրհնյալի Որդին»։ Հիսուսը պատասխանում է. «Ես եմ»։ Քահանայապետը բղավում է. «Լսեցի՛ք հայհոյանքը»։ Բոլորը դատապարտում են նրան՝ ասելով, թե մահապարտ է (14։61–64)։ Իսկ բակում Պետրոսը երեք անգամ ուրանում է Հիսուսին։ Աքաղաղը երկրորդ անգամ է կանչում, և Պետրոսը, հիշելով Հիսուսի խոսքերը, չի դիմանում ու սկսում է լաց լինել։
29. Ի՞նչ է նշում Մարկոսը Հիսուսի դատի ու մահապատժի մասին, և ինչպե՞ս է Թագավորության հարցը շոշափվում։
29 Լուսաբացին ամբողջ Սինեդրիոնը խորհրդի է նստում, հետո որոշում է Հիսուսին ուղարկել Պիղատոսի մոտ։ Վերջինս հասկանում է, որ Հիսուսը հանցագործ չէ, և փորձում է ազատ արձակել նրան։ Բայց ամբոխի ճնշման ներքո, որին ավագ քահանաները գրգռել են, Պիղատոսը ի վերջո Հիսուսին հանձնում է նրանց ձեռքը, որ ցցին գամեն։ Նրան տանում են Գողգոթա կոչվող վայրը (նշանակում է «Գանգի վայր») և ցցին գամում, իսկ գլխավերևում գրում են նրա դեմ ուղղված մեղադրանքը՝ «Հրեաների Թագավորը»։ Ավագ քահանաներն ու դպիրները ծաղրում են նրան ու ասում. «Ուրիշներին փրկեց, իսկ իրեն չի կարողանում փրկել»։ Կեսօրին (վեցերորդ ժամին) խավար է իջնում ամբողջ երկրի վրա մինչև ժամը երեքը։ Հիսուսը բարձր ձայնով աղաղակում է. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր»։ Եվ շունչը տալիս է։ Տեսնելով պատահածը՝ հարյուրապետը ասում է. «Իսկապես որ այս մարդը Աստծու Որդի էր»։ Արիմաթեացի Հովսեփը, որը Սինեդրիոնի անդամ է և հավատում է Աստծու Թագավորությանը, Պիղատոսից խնդրում է Հիսուսի մարմինը և դնում ժայռի մեջ փորված մի գերեզմանում (15։22, 26, 31, 34, 39)։
30. Շաբաթվա առաջին օրը ի՞նչ է տեղի ունենում գերեզմանում։
30 Դեպքեր Հիսուսի մահից հետո (16։1–8)։ Շաբաթվա առաջին օրը վաղ առավոտյան երեք կին գնում են գերեզման։ Ի զարմանս նրանց՝ մեծ քարը մի կողմ է գլորված։ Գերեզմանի մեջ նստած «մի երիտասարդ» նրանց ասում է, որ Հիսուսը հարություն է առել (16։5)։ Նա այնտեղ չէ. նրանցից առաջ Գալիլեա է գնում։ Դուրս գալով՝ նրանք փախչում են գերեզմանից, որովհետև դողով են բռնվել ու խիստ հուզված են։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
31. ա) Ինչպե՞ս է Մարկոսը փաստում, որ Հիսուսը Մեսիան է։ բ) Ինչպե՞ս է ապացուցվում, որ Հիսուսը իշխանություն ունի որպես Աստծու Որդի, և ի՞նչ է նա շեշտել։
31 Մարկոսի Ավետարանից կարդալով Հիսուս Քրիստոսի մասին այս վառ ու կենդանի պատմությունը՝ բոլոր ընթերցողները վաղ քրիստոնեական ժամանակներից մինչև հիմա պարզ տեսնում են Մեսիայի վերաբերյալ Եբրայերեն Գրություններում արձանագրված բազմաթիվ մարգարեությունների կատարումը։ Առաջին մեջբերումից՝ «ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին քո երեսի առաջ», մինչև տանջանքի ցցի վրա Հիսուսի արտաբերած վերջին խոսքերը՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր», ինչպես նաև Հիսուսի՝ նախանձախնդրաբար կատարած ծառայության ամբողջ պատմությունը ներդաշնակ են Եբրայերեն Գրություններում կանխագուշակվածին (Մարկ. 1։2; 15։34; Մաղ. 3։1; Սաղ. 22։1)։ Ավելին, նրա հրաշքներն ու գործերը, օգտակար ուսմունքները, կեղծիքը քողազերծելիս անթերի դատողությունը, Եհովայի Խոսքին ու ոգուն ամբողջովին ապավինելը և մեղմորեն «գառներին» հովվելը փաստում են, որ նա Աստծու Որդին էր և իշխանություն ուներ որպես այդպիսին։ Հիսուսը «սովորեցնում էր ինչպես իշխանություն ունեցող մեկը», իշխանություն, որը ստացել էր Եհովայից։ Նա շեշտում էր, որ երկիր գալու իր հիմնական նպատակը «Աստծու բարի լուրը քարոզելն է», այն է՝ «մոտեցել է Աստծու թագավորությունը»։ Նրա ուսմունքները աննկարագրելի օգուտներ են բերում նրանց, ովքեր հետևում են դրանց (Մարկ. 1։22, 14, 15)։
32. Քանի՞ անգամ է Մարկոսը օգտագործում «Աստծու թագավորություն» արտահայտությունը, և ի՞նչ սկզբունքներ է նա նշում Թագավորության միջոցով կյանք ստանալու համար։
32 Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Ձեզ տրված է հասկանալ Աստծու թագավորության սրբազան գաղտնիքը»։ Մարկոսը 14 անգամ օգտագործում է «Աստծու Թագավորություն» արտահայտությունը և բազմաթիվ սկզբունքներ է նշում նրանց համար, ովքեր ուզում են ժառանգել կյանքը այդ Թագավորության միջոցով։ Հիսուսն ասաց. «Ով որ կորցնի իր հոգին ինձ համար և բարի լուրի համար, կփրկի այն»։ Հարկավոր է հրաժարվել յուրաքանչյուր բանից, որ խոչընդոտում է այդ կյանքը ստանալուն։ Նա ասաց. «Ավելի լավ է, որ մեկ աչքով մտնես Աստծու թագավորությունը, քան թե երկու աչքով գցվես գեհենը»։ Հիսուս նաև շեշտեց. «Ով Աստծու թագավորությունը չընդունի երեխայի պես, բնավ չի մտնի այնտեղ»։ «Որքա՜ն դժվար կլինի հարուստների համար Աստծու թագավորություն մտնել»։ Նա ասաց նաև, որ եթե մարդը հասկանում է, որ երկու մեծագույն պատվիրանները պահելը ավելի կարևոր է, քան ողջակեզներ ու զոհաբերություններ մատուցելը, ապա «հեռու չէ Աստծու Թագավորությունից»։ Թագավորության վերաբերյալ այս և ուրիշ ուսմունքներ, որ արձանագրված են Մարկոսի Ավետարանում, պարունակում են արժեքավոր խորհուրդներ, որոնք կարող ենք կիրառել մեր առօրյա կյանքում (4։11; 8։35; 9։43–48; 10։13–15, 23–25; 12։28–34)։
33. ա) Ի՞նչ օգուտներ կարող ենք ստանալ Մարկոսի Ավետարանից։ բ) Ինչի՞ է մղում մեզ այս Ավետարանը և ինչո՞ւ։
33 Մարկոսի Ավետարանը՝ Հիսուսի ծառայության մասին այդ տպավորիչ, դինամիկ և իրադարձություններով լի պատմությունը, կարելի է ընթերցել ընդամենը մեկ կամ երկու ժամում։ Անկախ նրանից՝ մի շնչով ենք կարդում այդ Ավետարանը, թե մանրազնին ուսումնասիրում ենք այն և խորհրդածում դրա շուրջ, երկուսն էլ օգուտ կտան մեզ։ Մեր օրերում Մարկոսի Ավետարանը նույնքան օգտակար է հալածվող քրիստոնյաների համար, որքան որ օգտակար էր առաջին դարի քրիստոնյաների համար։ Չէ՞ որ նրանք այսօր ապրում են «չափազանց դժվար ժամանակներում» և Աստծու առաջնորդության կարիքն ունեն, որը կարող են ստանալ Հիսուս Քրիստոսի՝ մեր Օրինակի մասին այս արձանագրությունից նույնպես։ Կարդա այս Ավետարանը, մտովի պատկերացրու նկարագրված ոգևորիչ դեպքերը, և թող որ այն քաջալերի քեզ հետևել մեր հավատի «Գլխավոր Առաջնորդին և Կատարելագործողին՝ Հիսուսին», այն նույն անանց ուրախությամբ, ինչպիսին որ նա ուներ (2 Տիմոթ. 3։1; Եբր. 12։2)։ Տե՛ս, թե որքան գործունյա էր Հիսուսը, ինչպիսի եռանդ ուներ, և ընդօրինակիր նրա անկոտրում անարատությունն ու քաջությունը, որ դրսևորեց փորձությունների և հակառակության ժամանակ։ Մխիթարություն գտիր այս ներշնչված գրքից։ Թող որ Մարկոսի Ավետարանը՝ Սուրբ Գրքի այս անգին հատվածը, օգնի քեզ ստանալու հավիտենական կյանք։
[ծանոթագրություն]
a «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 337 (անգլ.)։