Գլուխ 2
Դեռ չծնված՝ պատվի է արժանանում
ԵՐԲ Գաբրիել հրեշտակն ասում է երիտասարդ Մարիամին, որ նա պետք է որդի ունենա, որը հավիտենական թագավոր է դառնալու, Մարիամը հարցնում է.
— Դա ինչպե՞ս կպատահի, քանի որ ես տղամարդու հետ հարաբերություն չեմ ունենում։
— Սուրբ ոգին կգա քեզ վրա,— բացատրում է Գաբրիելը,— և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ։ Դրա համար էլ ծնվածը կկոչվի սուրբ, Աստծու Որդի։
Որպեսզի Մարիամին օգնի հավատալ իր հայտնած պատգամին, Գաբրիելը շարունակում է. «Ահա քո ազգական Եղիսաբեթը նույնպես որդիով հղի է իր ծերության մեջ, և արդեն վեցերորդ ամիսն է նրա, որն ամուլ է կոչվում, որովհետև Աստծու մոտ չկա մի խոսք, որ չիրականանա»։
Մարիամը հավատում է Գաբրիելի խոսքերին։ Իսկ ի՞նչ է նա պատասխանում։ «Ահա՛ Եհովայի աղախինը,— բացականչում է Մարիամը,— թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։
Այս դեպքից շատ չանցած՝ Մարիամը պատրաստվում է Եղիսաբեթին այցելել, որն իր ամուսնու՝ Զաքարիայի հետ ապրում է Հրեաստանի լեռնային շրջանում։ Նազարեթից մինչև այդ վայրը հասնելու համար Մարիամը պետք է բավականին երկար՝ մոտավորապես երեք կամ չորս օրվա ճանապարհ անցնի։
Երբ Մարիամը վերջապես տեղ է հասնում, մտնում է Զաքարիայի տուն և ողջունում է Եղիսաբեթին։ Այդ պահին Եղիսաբեթը լցվում է սուրբ ոգով և ասում նրան. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո արգանդի պտուղը։ Ինչի՞ համար ինձ այս պատիվը եղավ, որ իմ Տիրոջ մայրը եկավ ինձ մոտ։ Որովհետև ահա երբ քո ողջույնի ձայնը իմ ականջին հասավ, մանուկը մեծ ուրախությամբ խաղաց իմ արգանդի մեջ»։
Ի պատասխան՝ Մարիամը երախտագիտության սրտաբուխ խոսքեր է ասում. «Հոգիս մեծարում է Եհովային, և ոգիս չի կարող չցնծալ իմ Փրկիչ Աստծով, որովհետև նա ուշադրություն դարձրեց իր աղախնի խոնարհ վիճակին։ Ահա այսուհետև բոլոր սերունդները ինձ երջանիկ պիտի կոչեն, որովհետև Հզորը մեծ գործեր արեց ինձ համար»։ Չնայած իր նկատմամբ ցույց տրված բարեհաճությանը՝ Մարիամը ողջ պատիվը Աստծուն է վերագրում։ «Նրա անունը սուրբ է,— ասում է նա,— և նրա ողորմությունը սերնդից սերունդ իրենից վախեցողների վրա է»։
Մարիամը շարունակում է գովերգել Աստծուն մարգարեական մի ներշնչյալ երգով. «Նա զորավոր կերպով գործեց իր բազուկով, նա ցրիվ տվեց նրանց, ովքեր գոռոզ են իրենց սրտի մտադրություններում։ Նա զորավորներին վայր գցեց իրենց աթոռներից և ցածրերին բարձրացրեց, նա քաղցածներին լիովին կշտացրեց բարի բաներով և հարստություն ունեցողներին դատարկաձեռն ուղարկեց։ Նա օգնության հասավ իր Իսրայել ծառային, որպեսզի հիշի ողորմությունը, ինչպես որ ասել էր մեր նախահայրերին՝ Աբրահամին ու նրա սերնդին հավիտյան»։
Մարիամը մոտ երեք ամիս մնում է Եղիսաբեթի մոտ։ Ինչ խոսք, նա մեծ օգնություն է Եղիսաբեթի համար նրա հղիության վերջին շաբաթների ընթացքում։ Ի՜նչ հրաշալի է, որ այս երկու հավատարիմ կանայք, որոնք հղիացել են Աստծու միջամտությամբ, կարող են միասին լինել իրենց կյանքի այդ հիշարժան օրերին։
Նկատեցի՞ր, թե ինչ պատիվ տրվեց Հիսուսին, երբ նա դեռ նույնիսկ չէր ծնվել։ Եղիսաբեթը նրան անվանեց «իմ Տեր», և երբ Մարիամը ներս մտավ, նրա արգանդում երեխան ուրախությունից խաղաց։ Սակայն ինչպես դեռ կտեսնենք, հետագայում ուրիշները հարգանքով չվերաբերվեցին Մարիամին ու նրա զավակին։ Ղուկաս 1։26–56։
▪ Ի՞նչ է ասում Գաբրիելը Մարիամին, որպեսզի օգնի նրան հասկանալ, թե ինչպես է նա հղիանալու։
▪ Դեռ չծնված՝ Հիսուսն ինչպե՞ս պատվի արժանացավ։
▪ Մարգարեական երգով Մարիամն ինչպե՞ս է գովաբանում Աստծուն։
▪ Որքա՞ն ժամանակ է Մարիամը մնում Եղիսաբեթի մոտ, և ինչո՞ւ է տեղին, որ նա այդ ընթացքում լինի նրա կողքին։