Գլուխ 3
Ծնվում է ճանապարհ պատրաստողը
ՄՈՏԵՆՈՒՄ են Եղիսաբեթի ծննդաբերելու օրերը։ Վերջին երեք ամիսների ընթացքում Մարիամը նրա մոտ է մնացել։ Բայց հիմա ժամանակն է, որ նա հրաժեշտ տա Եղիսաբեթին և երկար ճանապարհ անցնելով՝ վերադառնա տուն՝ Նազարեթ։ Մոտավորապես վեց ամիս հետո նա նույնպես երեխա է ունենալու։
Մարիամի մեկնելուց կարճ ժամանակ անց Եղիսաբեթը ծնընդաբերում է։ Ի՜նչ ուրախություն։ Ծննդաբերությունը հաջող է անցնում, և Եղիսաբեթն ու երեխան ողջ–առողջ են։ Երբ Եղիսաբեթը փոքրիկին ցույց է տալիս իր հարևաններին ու բարեկամներին, բոլորը նրա հետ միասին ուրախանում են։
Համաձայն Աստծու Օրենքի՝ երբ Իսրայելում տղա երեխա էր ծնվում, ութերորդ օրը պետք է թլփատվեր։ Այս առիթով նրանց այցելում են ընկերներն ու բարեկամները։ Նրանք պընդում են, որ տղան պետք է կրի իր հոր՝ Զաքարիայի անունը։ Բայց Եղիսաբեթն ասում է. «Ո՛չ, այլ նա Հովհաննես պիտի կոչվի»։ Հիշո՞ւմ ես՝ Գաբրիել հրեշտակը հայտնել էր, որ երեխան այս անունով պիտի կոչվեր։
Սակայն նրանց ընկերներն առարկում են՝ ասելով. «Քո ազգականների մեջ չկա մեկը, որ այդ անունով կոչվի»։ Ապա նշաններով հարցնում են, թե հայրը ինչ անուն է ուզում տալ երեխային։ Մի տախտակ խնդրելով՝ Զաքարիան, ի զարմանս բոլորի, գրում է. «Նրա անունը Հովհաննես է»։
Այդ պահին Զաքարիայի լեզուն հրաշքով բացվում է։ Թերևս հիշում ես, որ նա կորցրել էր խոսելու ունակությունը, երբ չէր հավատացել հրեշտակի այն խոսքերին, որ Եղիսաբեթը երեխա է ունենալու։ Ուստի երբ Զաքարիան սկսում է խոսել, շրջապատի բոլոր մարդիկ զարմանում են և սկսում են իրար ասել. «Այս երեխան ի՞նչ պիտի լինի»։
Սուրբ ոգով լցված՝ Զաքարիան ցնծագին բացականչում է. «Օրհնյա՜լ լինի Եհովան՝ Իսրայելի Աստվածը, որովհետև նա իր ուշադրությունը դարձրեց իր ժողովրդի վրա և ազատագրում բերեց նրան։ Եվ նա փրկության եղջյուր վեր կացրեց մեզ համար իր ծառա Դավթի տանը»։ Այդ «փրկության եղջյուրը», ինչ խոսք, Տեր Հիսուսն է, որը դեռ պետք է ծնվի։ Զաքարիան ասում է, որ «երբ ազատվենք թշնամիների ձեռքից», նրա միջոցով Աստված «մեզ կշնորհի իրեն անվախորեն սրբազան ծառայություն մատուցելու առանձնաշնորհումը՝ նվիրվածությամբ և արդարությամբ նրա առջև մեր բոլոր օրերում»։
Ապա Զաքարիան մարգարեանում է իր որդու՝ Հովհաննեսի մասին. «Իսկ դո՛ւ, ո՛վ մանուկ, Բարձրյալի մարգարե կկոչվես, որովհետև դու Եհովայի առջևից կքայլես, որպեսզի նրա ճանապարհները պատրաստես, նրա ժողովրդին փրկության գիտությունը տաս՝ նրանց մեղքերի ներման միջոցով մեր Աստծու ջերմ կարեկցանքի շնորհիվ։ Այս կարեկցանքով լուսաբացը կայցելի մեզ բարձունքից, որպեսզի լույս տա նրանց, ովքեր նստած են խավարում և մահվան ստվերում, և բարեհաջող կերպով մեր քայլերն ուղղի խաղաղության ճանապարհում»։
Այս ընթացքում Մարիամը, որ դեռ ամուսնացած չէ, հասնում է տուն՝ Նազարեթ։ Ի՞նչ կլինի նրա հետ, երբ հայտնի դառնա, որ նա հղի է։ Ղուկաս 1։56–80; Ղեւտացոց 12։2, 3։
▪ Հովհաննեսը որքանո՞վ է մեծ Հիսուսից։
▪ Ի՞նչ է տեղի ունենում, երբ Հովհաննեսը ութ օրական է դառնում։
▪ Ի՞նչ կերպով Աստված ուշադրություն դարձրեց իր ժողովրդին։
▪ Ըստ մարգարեության՝ ի՞նչ պետք է անի Հովհաննեսը։