Գլուխ 7
Հիսուսը և աստղագուշակները
ԱՐԵՎԵԼՔԻՑ մի քանի մարդիկ են գալիս։ Նրանք աստղագուշակներ են՝ մարդիկ, որոնք պնդում են, թե աստղերի դիրքից ելնելով՝ կարող են գուշակություններ անել։ Դեռևս արևելքում՝ իրենց տանը եղած ժամանակ, նրանք մի նոր աստղ էին տեսել և հետևելով նրան՝ հարյուրավոր կիլոմետրեր էին կտրել–անցել ու եկել Երուսաղեմ։
Հասնելով Երուսաղեմ՝ աստղագուշակները հարցնում են. «Որտե՞ղ է հրեաների թագավորը, որ ծնվել է։ Որովհետև երբ արևելքում էինք, նրա աստղը տեսանք և եկել ենք խոնարհվելու նրա առաջ»։
Երբ Հերովդես թագավորը Երուսաղեմում իմանում է այդ մասին, շատ է վրդովվում։ Նա կանչում է ավագ քահանաներին և հարցնում, թե որտեղ պետք է ծնվի Քրիստոսը։ Հիմնվելով Գրությունների վրա՝ նրանք պատասխանում են՝ Բեթլեհեմում։ Դա լսելով՝ Հերովդեսն աստղագուշակներին իր մոտ է կանչում և ասում. «Գնացե՛ք, ուշադրությամբ որոնե՛ք երեխային, և երբ գտնեք, հայտնե՛ք ինձ, որ ես էլ գնամ ու խոնարհվեմ նրա առաջ»։ Բայց իրականում Հերովդեսն ուզում է գտնել երեխային, որպեսզի սպանի նրան։
Աստղագուշակների հեռանալուց հետո զարմանալի բան է տեղի ունենում։ Արևելքում եղած ժամանակ նրանց տեսած աստղը գնում է նրանց առջևից։ Ակնհայտ է, որ սա սովորական աստղ չէ, այլ հատուկ աստղ է՝ նրանց առաջնորդելու համար։ Աստղագուշակները շարունակում են հետևել նրան, մինչև որ աստղը կանգ է առնում այն տան վերևում, որտեղ Հովսեփն ու Մարիամն են մնում։
Մտնելով տուն՝ աստղագուշակները տեսնում են Մարիամին իր երեխայի՝ Հիսուսի հետ։ Նրանք խոնարհվում են երեխայի առաջ, ապա պարկերից հանում են իրենց հետ բերած նվերները՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։ Ավելի ուշ, երբ պատրաստվում են վերադառնալ և տեղեկացնել Հերովդեսին, թե որտեղ է Հիսուսը, Աստված երազի միջոցով զգուշացնում է նրանց ետ չդառնալ Երուսաղեմ։ Ուստի նրանք մեկ այլ ճանապարհով են վերադառնում իրենց երկիր։
Քո կարծիքով՝ ո՞վ էր այդ աստղի միջոցով աստղագուշակներին առաջնորդում։ Հիշիր, որ աստղը նրանց չբերեց անմիջապես Հիսուսի մոտ՝ Բեթլեհեմ։ Փոխարենը՝ առաջնորդեց Երուսաղեմ, որտեղ նրանք հանդիպեցին Հերովդեսին, որն ուզում էր սպանել Հիսուսին։ Եվ նա այդպես էլ կաներ, եթե Աստված չմիջամտեր և չզգուշացներ աստղագուշակներին ոչինչ չասել Հերովդեսին Հիսուսի գտնվելու վայրի մասին։ Իրականում, Աստծու թշնամին՝ Բանսարկու Սատանան էր, որ ուզում էր սպանել Հիսուսին, և այդ աստղի միջոցով փորձում էր իրականացնել իր նպատակը։ Մատթեոս 2։1–12; Միքիա 5։2։
▪ Ի՞նչն է ցույց տալիս, որ աստղագուշակների տեսած աստղը սովորական աստղ չէր։
▪ Աստղագուշակները որտե՞ղ են գտնում Հիսուսին։
▪ Որտեղի՞ց գիտենք, որ Սատանան էր աստղի միջոցով առաջնորդում աստղագուշակներին։