Գլուխ 8
Փախուստ բռնակալից
ՀՈՎՍԵՓՆ արթնացնում է Մարիամին, որպեսզի հրատապ լուր հայտնի։ Քիչ առաջ Եհովայի հրեշտակը երևացել է նրան և ասել. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ երեխային ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս ու մնա այնտեղ, մինչև որ քեզ ասեմ, քանի որ Հերովդեսը մտադիր է փնտրել երեխային, որ սպանի նրան»։
Նրանք երեքով շտապ փախուստի են դիմում։ Եվ դա անում են ճիշտ ժամանակին, քանի որ Հերովդեսն իմանում է, որ աստղագուշակները խաբել են իրեն ու հեռացել երկրից։ Երևի հիշում ես՝ նա սպասում էր, որ աստղագուշակները տեղեկություն կբերեին Հիսուսի մասին, երբ գտնեին նրան։ Հերովդեսը սաստիկ զայրացած է։ Ուստի Հիսուսին սպանելու ցանկությունից մոլեգնած՝ նա սպանել է տալիս Բեթլեհեմում և նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր տղա երեխաներին։ Այս տարիքը նա որոշում է՝ հիմնվելով արևելքից եկած աստղագուշակների տեղեկության վրա։
Սոսկալի է տեսնել այդքան երեխաների կոտորածը... Հերովդեսի զինվորները մի տնից մյուսն են խուժում և երբ տղա երեխա են գտնում, մոր ձեռքերից խլում են նրան։ Հայտնի չէ, թե այդ օրերին որքան մանուկ է սպանվում, սակայն նրանց մայրերի ողբն ու լացը Աստծու մարգարե Երեմիայի գրած մարգարեության կատարումն է։
Այդ ընթացքում Հովսեփն իր ընտանիքի հետ ապահով հասնում է Եգիպտոս և բնակություն է հաստատում այնտեղ։ Սակայն մի գիշեր Եհովայի հրեշտակը երազում նորից է հայտնվում Հովսեփին։ «Վե՛ր կաց, վերցրո՛ւ երեխային ու նրա մորը,— ասում է հրեշտակը,— և գնա՛ Իսրայելի երկիրը, քանի որ նրանք, ովքեր փնտրում էին երեխայի հոգին, մահացել են»։ Ուստի ընտանիքը Եգիպտոսից վերադառնում է հայրենիք, և այդպես կատարվում է Աստվածաշնչի մեկ այլ մարգարեություն, ըստ որի՝ Աստծու Որդին Եգիպտոսից պիտի կանչվեր։
Հավանաբար, Հովսեփը պատրաստվում է բնակվել Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում, որտեղ նրանք ապրում էին մինչև Եգիպտոս փախչելը։ Սակայն նա տեղեկանում է, որ Հրեաստանում թագավորում է Արքեղայոսը՝ Հերովդեսի չար որդին։ Մեկ ուրիշ երազի միջոցով Եհովան նախազգուշացնում է նրան այդ վտանգի մասին։ Ուստի Հովսեփն իր ընտանիքով շարժվում է դեպի հյուսիս և բնակություն հաստատում Գալիլեայի Նազարեթ քաղաքում։ Եվ հենց այստեղ էլ՝ հրեական կրոնական կենտրոնից հեռու, մեծանում է Հիսուսը։ Մատթեոս 2։13–23; Երեմիա 31։15; Ովսէէ 11։1։
▪ Տեսնելով, որ աստղագուշակները չեն վերադառնում՝ ի՞նչ դաժան հրաման է արձակում Հերովդեսը, սակայն ինչպե՞ս է փրկվում Հիսուսը։
▪ Վերադառնալով Եգիպտոսից՝ Հովսեփն ինչո՞ւ նորից բնակություն չի հաստատում Բեթլեհեմում։
▪ Աստվածաշնչի ո՞ր մարգարեություններն են կատարվում այս ժամանակահատվածում։