Գլուխ 10
Ուղևորություններ դեպի Երուսաղեմ
ԳԱՐՈՒՆ է։ Ժամանակն է, որ Հովսեփն իր ընտանիքի, ընկերների և բարեկամների հետ կատարի տարեկան ուղևորությունը դեպի Երուսաղեմ՝ Պասեքը տոնելու։ Երուսաղեմը գտնվում է Նազարեթից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա, և սովորաբար մինչև ճանապարհ ընկնելը ժողովրդի մեջ ընդհանուր աշխուժություն է տիրում։ Հիսուսն այժմ 12 տարեկան է։ Նա մեծ ոգևորվածությամբ սպասում է այդ տոնին։
Հիսուսի և իր ընտանիքի համար Պասեքը չի տևում ընդամենը մեկ օր։ Նրանք Երուսաղեմում են մնում՝ մասնակցելու նաև դրան հաջորդող յոթնօրյա Անթթխմոր հացի տոնին, որը Պասեքի մի մասն է համարվում։ Ընդհանուր առմամբ, իրենց տնից՝ Նազարեթից կատարած ամբողջ ճանապարհորդությունը, այդ թվում նաև Երուսաղեմում մնալը տևում է մոտավորապես երկու շաբաթ։ Բայց այս տարի Հիսուսի պատճառով նրանց ուղևորությունն ավելի երկար է տևում։
Երուսաղեմից վերադառնալու ճանապարհին Հովսեփն ու Մարիամը նկատում են, որ Հիսուսն իրենց հետ չէ։ Նրանք կարծում են, թե նա իրենց հետ ճամփորդող բարեկամների ու ընկերների մոտ է։ Բայց երբ կանգ են առնում գիշերելու, նրան չեն գտնում, ուստի սկսում են որոնել մյուս ճանապարհորդների մեջ։ Ոչ մի տեղ չգտնելով Հիսուսին՝ Հովսեփն ու Մարիամը ետ են դառնում Երուսաղեմ՝ նրան փնտրելու։
Նրանք ամբողջ օրը փնտրում են, բայց ապարդյուն։ Երկրորդ օրը նույնպես նրան չեն գտնում։ Վերջապես երրորդ օրը գնում են տաճար։ Այնտեղ՝ սրահներից մեկում, նրանք տեսնում են Հիսուսին՝ հրեա ուսուցիչների հետ նստած։ Նա լսում է նրանց ու հարցեր տալիս։
— Զավա՛կս, ինչո՞ւ մեզ հետ այսպես վարվեցիր,— հարցնում է Մարիամը։— Ահա հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում։
Հիսուսը զարմանում է՝ լսելով, որ նրանք չգիտեին, թե որտեղ պետք է իրեն փնտրեին։
— Ինչո՞ւ էիք ինձ փնտրում,— հարցնում է նա։— Չգիտեի՞ք, որ ես իմ Հոր տանը պետք է լինեմ։
Հիսուսը չի կարողանում հասկանալ, թե իր ծնողներն ինչու չգիտեն այդ մասին։ Այնուհետև նա Հովսեփի ու Մարիամի հետ վերադառնում է տուն և շարունակում է ենթարկվել նրանց։ Հիսուսը մեծանում է ու զարգանում իմաստությամբ՝ արժանանալով Աստծու և մարդկանց հավանությանը։ Այո՛, դեռ մանուկ հասակից Հիսուսը հիանալի օրինակ է թողնում ոչ միայն այն հարցում, որ մեծ հետաքըրքրություն է ցույց տալիս հոգևորի հանդեպ, այլև նրանում, որ հարգում է իր ծնողներին։ Ղուկաս 2։40–52; 22։7։
▪ Ամեն տարի գարնանը Հիսուսն իր ընտանիքի հետ ի՞նչ ճամփորդություն է կատարում, և որքա՞ն է այն տևում։
▪ Ի՞նչ է պատահում ճամփորդության ժամանակ 12–ամյա Հիսուսին։
▪ Ի՞նչ օրինակ է թողել Հիսուսը մեր օրերի երեխաների համար։