Գլուխ 17
Հիսուսն ուսուցանում է Նիկոդեմոսին
ՄԵՐ թվարկության երեսուն թվականին Պասեքի տոնի ընթացքում Հիսուսը արտասովոր նշաններ է անում, կամ՝ հրաշքներ գործում։ Արդյունքում՝ ականատեսներից շատերը սկսում են հավատալ նրան։ Նիկոդեմոսը, որ Սինեդրիոնի՝ հրեական գերագույն ատյանի անդամ է, իր տեսածից խիստ տպավորված՝ ցանկանում է ավելին իմանալ։ Ուստի նա Հիսուսի մոտ է գալիս, բայց դա անում է մութ գիշերով՝ հավանաբար վախենալով, որ եթե մարդիկ տեսնեն իրեն, հրեա առաջնորդների առջև նա կկորցնի իր հեղինակությունը։
«Ռաբբի՛,— ասում է նա Հիսուսին,— մենք գիտենք, որ դու՝ որպես ուսուցիչ, Աստծու կողմից ես եկել, որովհետև այն նշանները, որ դու ես անում, ոչ ոք չի կարող անել, եթե Աստված նրա հետ չլինի»։ Ի պատասխան՝ Հիսուսն ասում է Նիկոդեմոսին, որ ոչ ոք չի կարող Աստծու Թագավորությունը մտնել, եթե «դարձյալ չծնվի»։
Սակայն ինչպե՞ս կարող է անհատը դարձյալ ծնվել։ «Մի՞թե նա կարող է երկրորդ անգամ իր մոր արգանդը մտնել ու ծնվել»,— հարցնում է Նիկոդեմոսը։
Ոչ, դարձյալ ծընվելը այլ բան է նշանակում։ «Մինչև որ մարդ ջրից և ոգուց չծնվի,— բացատրում է Հիսուսը,— նա չի կարող մտնել Աստծու թագավորությունը»։ Երբ Հիսուսը մկրտվեց, և սուրբ ոգին իջավ նրա վրա, նա ծնվեց «ջրից և ոգուց»։ Երկնքից հայտարարելով, թե՝ «սա՛ է իմ Որդին, որին ես հավանել եմ»՝ Աստված հայտնեց, որ ծնունդ է տվել մի հոգևոր որդու, որը մտնելու էր երկնային Թագավորությունը։ Հետագայում՝ մ. թ. 33–ի Պենտեկոստեին, ուրիշ մկրտվողներ էլ պիտի սուրբ ոգին ստանան և այդպիսով դարձյալ ծնվեն որպես Աստծու հոգևոր որդիներ։
Բայց Հիսուսն Աստծու առանձնահատուկ որդին է, և նրան շատ կարևոր դեր է տրվել։ «Ինչպես որ Մովսեսը օձը բարձրացրեց անապատում,— ասում է Հիսուսը Նիկոդեմոսին,— այնպես էլ մարդու Որդին պետք է բարձրացվի, որպեսզի ամեն ոք, ով հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա»։ Ինչպես թունավոր օձերից խայթված իսրայելացիները պետք է նայեին պղնձե օձին, որ կենդանի մնային, այնպես էլ բոլոր մարդիկ պետք է հավատան Աստծու Որդուն, որ փրկվեն իրենց մահկանացու վիճակից։
Այնուհետև Հիսուսը ցույց է տալիս, թե այդ փրկարար գործում ինչ կարևոր դեր է խաղում Եհովայի սերը. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Այսպիսով, այստեղ՝ Երուսաղեմում, իր ծառայությունը սկսելուց ընդամենը վեց ամիս հետո Հիսուսը պարզ ցույց է տալիս, որ ինքն է հանդիսանում այն միջոցը, որով Եհովա Աստված փրկելու է մարդկությանը։
Հիսուսը շարունակում է բացատրել Նիկոդեմոսին, որ Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց նրա համար, որ նա «դատի աշխարհը», այսինքն՝ դաժանաբար դատի, կամ՝ դատապարտի աշխարհը՝ մարդկությանը կործանման տանելով։ Հակառակը՝ ինչպես Հիսուսն է ասում, ինքը ուղարկվել է, «որ աշխարհը նրա միջոցով փրկվի»։
Վախենալով Հիսուսի մոտ գալ ցերեկով՝ Նիկոդեմոսը մթության քողի տակ է եկել։ Ուստի հետաքրքիր է, որ Հիսուսն ավարտում է իր զրույցը նրա հետ՝ ասելով. «Սա է դատաստան անելու հիմքը, որ լույսը [ինչը անձնավորվեց Հիսուսի կյանքի և ուսմունքների մեջ] աշխարհ եկավ, բայց մարդիկ սիրեցին խավարը և ոչ թե լույսը, քանզի նրանց գործերը չար էին, որովհետև նա, ով նողկալի բաներ է անում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը չհանդիմանվեն։ Բայց նա, ով անում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի դառնան, որ Աստծու կամքի համաձայն են կատարվել»։ Հովհաննես 2։23–3։21; Մատթեոս 3։16, 17; Գործեր 2։1–4; Թուոց 21։9։
▪ Ի՞նչն է մղում Նիկոդեմոսին գնալ Հիսուսի մոտ, և ինչո՞ւ է նա գիշերով գնում։
▪ Ի՞նչ է նշանակում «դարձյալ ծնվել»։
▪ Ինչպե՞ս է Հիսուսը պարզաբանում մեր փրկության մեջ ունեցած իր դերը։
▪ Ի՞նչ է նշանակում այն, որ Հիսուսը չի եկել աշխարհը դատելու։