Վերստին ծնվել. փրկությա՞ն ուղի
ԻՆՉՊԵ՞Ս կպատասխանեիք, եթե ձեզ հարցնեին. «Դուք վերստին ծնվե՞լ եք»։ Միլիոնավոր հավատացյալներ կասեին՝ այո՛։ Նրանք կարծում են, որ ճշմարիտ քրիստոնյա դառնալու համար անհատը պետք է նորից ծնվի, որպեսզի փրկություն ստանա։ Այդպիսի մարդիկ համամիտ են կրոնական առաջնորդների, օրինակ՝ աստվածաբան Ռոբերտ Սպրաուլի խոսքերին, որը գրել է. «Եթե անհատը նորից չի ծնվում...., ապա նա քրիստոնյա չէ»։
Իսկ ըստ ձեզ՝ վերստին ծնվելը փրկությա՞ն ուղի է։ Եթե այո, ապա անկասկած կցանկանաք օգնել ձեր բարեկամներին և ընկերներին գտնելու այդ ուղին և քայլելու դրանով։ Սակայն նախ պետք է հասկանալ, թե ինչ տարբերություն կա վերստին ծնված մարդկանց և վերստին չծնված մարդկանց միջև։
Շատերն այն կարծիքին են, թե վերստին ծնվել նշանակում է Աստծուն և Քրիստոսին ծառայելու հանդիսավոր երդում տալ ու հոգևորապես մեռած վիճակից կենդանանալ։
Սակայն գուցե զարմանաք, երբ իմանաք, որ վերոնշյալ մեկնաբանությունը չի համապատասխանում Աստվածաշնչին։ Այս մասին ճշմարտությունը, որը պարփակված է Աստծու Խոսքում, կօգնի ձեզ ապագային ուրիշ աչքերով նայել։
Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը
Ամբողջ Աստվածաշնչում վերստին ծնվելու մասին խոսվում է միայն Հովհաննես 3։1–12 համարներում, որտեղ արձանագրված է Հիսուսի զրույցը Երուսաղեմի կրոնական առաջնորդներից մեկի հետ։ Այս հատվածը կարդացեք շրջանակում։
Իր խոսքում Հիսուսը նշում է մի շարք կարևոր մանրամասներa։ Ուստի եկեք քննենք այդ արձանագրությունը, որպեսզի իմանանք հետևյալ հարցերի պատասխանները.
◼ որքանո՞վ է կարևոր վերստին ծնվելը
◼ դա անձնակա՞ն որոշում է
◼ ո՞րն է դրա նպատակը
◼ ինչպե՞ս է անհատը նորից ծնվում
◼ անդրադառնո՞ւմ է այն Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունների վրա
[ծանոթագրություն]
a 1 Պետրոս 1։3, 23–ում հանդիպում ենք «նոր ծնունդ» արտահայտությունը։ Սա նույնպես վերաբերում է վերստին ծնվելուն։ Այս երկու արտահայտություններն էլ թարգմանվել են հունարեն յեննա՛ո բայից։
[շրջանակ/ նկար 4–րդ էջի վրա]
«Դուք դարձյալ պետք է ծնվեք»
«Փարիսեցիների մեջ մի մարդ կար Նիկոդեմոս անունով, որը հրեաների իշխաններից մեկն էր։ Նա գիշերով նրա մոտ եկավ ու ասաց. «Ռաբբի՛, մենք գիտենք, որ դու՝ որպես ուսուցիչ, Աստծու կողմից ես եկել, որովհետև այն նշանները, որ դու ես անում, ոչ ոք չի կարող անել, եթե Աստված նրա հետ չլինի»։ Հիսուսը պատասխանելով ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. մինչև որ մարդ դարձյալ չծնվի, չի կարող տեսնել Աստծու թագավորությունը»։ Իսկ Նիկոդեմոսն ասաց. «Մարդ ինչպե՞ս կարող է ծնվել, եթե ծեր է։ Մի՞թե նա կարող է երկրորդ անգամ իր մոր արգանդը մտնել ու ծնվել»։ Հիսուսն էլ պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. մինչև որ մարդ ջրից և ոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու թագավորությունը։ Մարմնից ծնվածը մարմին է, իսկ ոգուց ծնվածը՝ ոգի։ Մի՛ զարմացիր, որ քեզ ասացի, թե դուք դարձյալ պետք է ծնվեք։ Քամին փչում է այնտեղ, որտեղ ուզում է, և դու լսում ես նրա ձայնը, բայց չգիտես, թե նա որտեղից է գալիս և ուր է գնում։ Այդպես է յուրաքանչյուր մարդ, որ ոգուց է ծնվել»։ Իսկ Նիկոդեմոսը պատասխանեց ու ասաց նրան. «Այդ ինչպե՞ս կարող է լինել»։ Հիսուսն էլ պատասխանեց. «Դու Իսրայելի ուսուցիչ ես ու չգիտե՞ս այդ բաները։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. ինչ որ գիտենք, այն ենք խոսում, և ինչ որ տեսանք, դրա մասին ենք վկայում, բայց դուք չեք ընդունում մեր տված վկայությունը։ Եթե ես երկրային բաների մասին խոսեցի, և դուք չեք հավատում, ապա ինչպե՞ս կհավատաք, եթե երկնային բաների մասին խոսեմ»» (Հովհաննես 3։1–12)։