Գլուխ 59
Իրականում ո՞վ է Հիսուսը
ԵՐԲ Հիսուսն իր աշակերտների հետ նավակով գալիս է Բեթսայիդա, նրա մոտ մի կույր մարդ են բերում և աղաչում են, որ դիպչի նրան ու բուժի։ Հիսուսը բռնում է կույրի ձեռքը և գյուղից դուրս տանում նրան, ապա թքելով նրա աչքերին՝ հարցնում է.
— Ինչ–որ բան տեսնո՞ւմ ես։
— Մարդիկ եմ տեսնում. որովհետև բաներ եմ տեսնում, որ ասես ծառեր լինեն, բայց նրանք քայլում են,— պատասխանում է նա։
Ձեռքերը դնելով կույրի աչքերին՝ Հիսուսը վերականգնում է նրա տեսողությունը, և վերջինս կարողանում է հստակ տեսնել։ Այնուհետև Հիսուսը նրան տուն է ուղարկում՝ պատվիրելով, որ գյուղ չմտնի։
Այժմ Հիսուսն իր աշակերտների հետ մեկնում է Փիլիպպոսի Կեսարիայի գյուղերը՝ Պաղեստինի հյուսիսային շրջանները։ Փիլիպպոսի Կեսարիան ծովի մակարդակից 350 մետր բարձրության վրա գտնվող մի գեղեցիկ քաղաք է։ Այն Բեթսայիդայից մոտ 50 կիլոմետր հեռու է։ Ուստի ճանապարհորդությունը դեպի այս քաղաք հավանաբար մի քանի օր է տևում։
Ճանապարհին Հիսուսն առանձնանում է, որ աղոթի։ Ընդամենը ինը կամ տասը ամիս է մնացել մինչև իր մահանալը, ուստի նա մտահոգվում է իր աշակերտների մասին։ Շատերն այլևս իրեն չեն հետևում։ Ոմանք էլ, ըստ երևույթին, շփոթված ու հուսախաբ վիճակում են, քանի որ Հիսուսը թույլ չտվեց, որ ժողովուրդն իրեն թագավոր դարձնի, և որպես իր իշխանության ապացույց՝ երկընքից նշան ցույց չտվեց, երբ իր թշնամիները պահանջեցին դա։ Իսկ առաքյալնե՞րն ինչ են մտածում իր ով լինելու մասին։ Երբ նրանք մոտենում են Հիսուսին, նա հարցնում է.
— Ժողովուրդն ի՞նչ է ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես։
— Ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչը, մյուսները, թե՝ Եղիան, իսկ ուրիշներն էլ ասում են, թե՝ Երեմիան կամ մարգարեներից որևէ մեկը,— պատասխանում են նրանք։
Այո, մարդիկ մտածում են, թե Հիսուսը այս մարդկանցից որևէ մեկն է, որ հարություն է առել մահացածների միջից։
— Իսկ դո՞ւք ինչ եք ասում՝ ո՞վ եմ ես,— հարցնում է Հիսուսը։
— Դու Քրիստո՛սն ես՝ կենդանի Աստծու Որդին,— անմիջապես պատասխանում է Պետրոսը։
Հիսուսը գովում է Պետրոսին և ապա ասում.
— Ասում եմ քեզ. դու Պետրոս ես, և ես այս ժայռի վրա կկառուցեմ իմ ժողովը, և գերեզմանի դռները չեն կարողանա հաղթել նըրան։
Այստեղ Հիսուսն առաջին անգամ խոսում է այն մասին, որ ժողով է կառուցելու և որ նույնիսկ մահը չի կարողանալու այդ ժողովի անդամներին գերության մեջ պահել, երբ նրանք ավարտեն իրենց հավատարիմ ծառայությունը երկրի վրա։ Հետո ասում է Պետրոսին. «Ես երկնքի թագավորության բանալիները կտամ քեզ»։
Այսպիսով՝ Հիսուսը հայտնում է, որ Պետրոսին հատուկ առանձնաշնորհումներ են տրվելու։ Սակայն դա չի նշանակում, որ Պետրոսն առաջինն է լինելու առաքյալների մեջ կամ դառնալու է ժողովի հիմքը։ Հիսուսն ինքն է այն Վեմը, որի վրա կառուցվելու է ժողովը։ Բայց Պետրոսին երեք բանալիներ էին տրվելու, որոնցով նա պետք է տարբեր խմբերի մարդկանց համար հնարավորության դռներ բաց աներ երկնային Թագավորություն մտնելու։
Առաջին բանալին Պետրոսը պետք է օգտագործեր մ.թ. 33–ի Պենտեկոստեին, որպեսզի զղջացող հրեաներին բացատրեր, թե նրանք ինչ պետք է անեին փրկվելու համար։ Դրանից շատ չանցած՝ նա օգտագործելու էր երկրորդ բանալին՝ Աստծու Թագավորություն մտնելու հնարավորություն բացելով հավատացյալ սամարացիների համար։ Իսկ 36 թ.–ին նա օգտագործելու էր երրորդ բանալին և այդ նույն հնարավորության դուռը բացելու էր անթլփատ այլազգիների՝ Կոռնելիոսի և նրա ընկերների համար։
Հիսուսը շարունակում է զրուցել իր առաքյալների հետ։ Նա ասում է, որ շուտով Երուսաղեմում իրեն պետք է տանջանքների ենթարկեն ու մահվան դատապարտեն։ Այդ լուրը հուսախաբ է անում նրանց։ Չհասկանալով, որ Հիսուսը հարություն է առնելու երկնային կյանքի՝ Պետրոսը նրան մի կողմ է տանում և ասում. «Բարի՛ եղիր քո հանդեպ, Տե՛ր, այդ բանը քեզ հետ չի՛ պատահի»։ Մի կողմ շրջվելով՝ Հիսուսը պատասխանում է. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛։ Դու գայթակղության քա՛ր ես ինձ համար, որովհետև դու ոչ թե Աստծու մտքերն ես խորհում, այլ մարդկանց»։
Ակներևաբար, բացի առաքյալներից, ուրիշներն էլ են ճանապարհորդում Հիսուսի հետ։ Նա այդ աշակերտներին իր մոտ է կանչում և բացատրում, որ հեշտ չէ իր հետևորդը լինել։ «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ,— ասում է նա,— թող իր անձը ուրանա, վերցնի իր տանջանքի ցիցը ու շարունակ ինձ հետևի։ Որովհետև ով որ ուզում է փրկել իր հոգին, կկորցնի այն, բայց ով որ կորցնի իր հոգին ինձ համար և բարի լուրի համար, կփրկի այն»։
Այո, Հիսուսի բարեհաճությանը արժանանալու համար նրա հետևորդները պետք է համարձակ և անձնուրաց լինեն։ Նա բացատրում է. «Որովհետև ով որ ամաչի ինձ և իմ խոսքերի համար այս շնացող և մեղավոր սերնդի մեջ, մարդու Որդին էլ նրա համար կամաչի, երբ գա իր Հոր փառքով սուրբ հրեշտակների հետ»։ Մարկոս 8։22–38; Մատթեոս 16։13–28; Ղուկաս 9։18–27։
▪ Հիսուսն ինչո՞ւ է մտահոգվում իր աշակերտների մասին։
▪ Հիսուսի ով լինելու մասին ի՞նչ են մտածում մարդիկ։
▪ Ի՞նչ բանալիներ են տրվում Պետրոսին, և ինչպե՞ս նա պետք է օգտագործի դրանք։
▪ Ինչպե՞ս է Հիսուսը ուղղում Պետրոսին և ինչո՞ւ։