Գլուխ 81
Դարձյալ փորձում են սպանել Հիսուսին
ՔԱՆԻ որ ձմեռ է, Հիսուսը քայլում է Սողոմոնի սյունաշար կոչվող փակ հատվածով, որը գտնվում է տաճարի մոտ։ Այստեղ հրեաները շրջապատում են նրան ու ասում.
— Մինչև ե՞րբ ես մեր հոգիները անորոշության մեջ պահելու։ Եթե դու ես Քրիստոսը, պարզ ասա մեզ։
— Ես ասացի ձեզ, բայց դուք չեք հավատում,— պատասխանում է Հիսուսը։
Հիսուսը բացահայտորեն չէր ասել նրանց, որ ինքը Քրիստոսն է, ինչպես որ մի անգամ սամարացի կնոջն էր ասել ջրհորի մոտ։ Սակայն նա հայտնել էր իր ինքնության մասին, երբ նրանց բացատրել էր, որ ինքը վերևից է և Աբրահամից առաջ է եղել։
Հիսուսը ցանկանում է, որ մարդիկ իրենք գան այն եզրակացության, որ ինքը Քրիստոսն է՝ համեմատելով իր գործերը այն ամենի հետ, ինչը որ ըստ աստվածաշնչյան մարգարեությունների՝ Քրիստոսը պետք է իրագործեր։ Ահա թե ինչու նա իր աշակերտներին ասել էր, որ ոչ ոքի չասեն, թե ինքն է Քրիստոսը։ Եվ դա է պատճառը, որ այժմ թշնամաբար տրամադրված հրեաներին նա ասում է. «Այն գործերը, որ ես անում եմ իմ Հոր անունով, դրանք են իմ մասին վկայում։ Բայց դուք չեք հավատում»։
Ինչո՞ւ նրանք չեն հավատում։ Գուցե քի՞չ ապացույցներ կան, որ Հիսուսն է Քրիստոսը։ Ո՛չ։ Հիսուսն ասում է, թե որն է պատճառը. «Իմ ոչխարներից չեք։ Իմ ոչխարները լսում են իմ ձայնը, և ես ճանաչում եմ նրանց, և նրանք հետևում են ինձ։ Ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, և նրանք երբեք չեն կործանվի, ու ոչ ոք իմ ձեռքից չի հափշտակի նրանց։ Ինչ որ իմ Հայրը տվեց ինձ, ավելի մեծ է, քան մնացած բոլոր բաները, ու ոչ ոք չի կարող հափշտակել նրանց Հոր ձեռքից»։
Այնուհետև Հիսուսը նկարագրում է իր մտերիմ փոխհարաբերությունները Հոր հետ՝ ասելով. «Ես և Հայրը մի ենք»։ Քանի որ Հիսուսը երկրի վրա է, իսկ իր Հայրը՝ երկնքում, պարզ է, որ նա չի ուզում ասել, թե ինքն ու իր Հայրը բառի բուն իմաստով, կամ՝ ֆիզիկապես մեկ են։ Նա ցանկանում է ասել, որ իրենք միության մեջ են՝ մի են իրենց նպատակների մեջ։
Բարկանալով Հիսուսի վրա՝ հրեաները քարեր են վերցնում, որպեսզի սպանեն նրան, ինչպես արեցին Տաղավարների տոնի ժամանակ։ Խիզախորեն նայելով իրեն սպանել ցանկացող մարդկանց՝ Հիսուսն ասում է.
— Ես ձեզ բազում բարի գործեր ցույց տվեցի Հորից։ Այդ գործերից ո՞ր մեկի համար եք ինձ քարկոծում։
— Մենք քեզ քարկոծում ենք ոչ թե բարի գործի համար,— պատասխանում են նրանք,— այլ հայհոյություն անելու, որովհետև դու, մարդ լինելով, քեզ աստված ես դարձնում։
Ինչո՞ւ են հրեաներն այդպես պատասխանում, եթե Հիսուսը երբեք չի պնդել, թե ինքն աստված է։
Ակներևաբար պատճառն այն է, որ Հիսուսը իրեն վերագրում է այն զորությունը, որը հրեաների կարծիքով՝ միմիայն Աստծուն է պատկանում։ Օրինակ՝ քիչ առաջ խոսելով «ոչխարների» մասին՝ նա ասաց. «Ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս»։ Իսկ դա ոչ մի մարդ չի կարող անել։ Հրեաները, սակայն, մոռանում են այն փաստը, որ Հիսուսն ընդունում է, որ իր իշխանությունը Հորից է ստացել։
Այնուհետև ցույց տալու համար, որ ինքը փոքր է Աստծուց, Հիսուսը հարցնում է. «Չէ՞ որ ձեր Օրենքում [Սաղմոս 82։6–ում] գրված է. «Ես ասացի՝ դուք աստվածներ եք»։ Եթե նա «աստվածներ» է անվանում նրանց, որոնց դեմ էր ուղղված Աստծու խոսքը,.... դուք ի՞նձ եք ասում (որին Հայրը սրբացրեց և ուղարկեց աշխարհ), թե՝ հայհոյում ես, քանի որ ասացի, թե Աստծու Որդի եմ»։
Եթե Գրություններում նույնիսկ անարդար դատավորներն են «աստվածներ» կոչվում, այդ դեպքում ինչպե՞ս կարող են հրեաները մեղադրել Հիսուսին «Աստծու Որդի եմ» ասելու համար։ Հիսուսն ավելացնում է. «Եթե ես իմ Հոր գործերը չեմ անում, մի՛ հավատացեք ինձ։ Բայց եթե անում եմ այդ գործերը, թեպետև ինձ չեք հավատում, այդ գործերի՛ն հավատացեք, որպեսզի իմանաք և ավելի հստակ հասկանաք, որ Հայրը միության մեջ է ինձ հետ, և ես էլ միության մեջ եմ Հոր հետ»։
Երբ Հիսուսն ասում է այս խոսքերը, հրեաները ուզում են բռնել նրան։ Սակայն նա փախչում է, ինչպես որ Տաղավարների տոնի ժամանակ էր փախչել։ Նա հեռանում է Երուսաղեմից և անցնում է Հորդանան գետի մյուս կողմը, որտեղ մոտ չորս տարի առաջ Հովհաննեսը սկսել էր մկրտել մարդկանց։ Այս տեղանքը հեռու չէ Գալիլեայի ծովի հարավային ափից՝ Երուսաղեմից մոտ երկու օրվա ճանապարհ։
Այստեղ շատերը գալիս են Հիսուսի մոտ և ասում. «Հովհաննեսը որևէ նշան չգործեց, բայց այն ամենը, որ Հովհաննեսն ասել էր այս մարդու մասին, ճշմարիտ էր»։ Եվ այս տեղանքում շատերը հավատում են Հիսուսին։ Հովհաննես 10։22–42; 4։26; 8։23, 58; Մատթեոս 16։20։
▪ Ըստ Հիսուսի՝ ի՞նչը պետք է մարդկանց համոզեր, որ ինքն է Քրիստոսը։
▪ Ի՞նչ առումով են Հիսուսն ու իր Հայրը մի։
▪ Ակներևաբար ինչո՞ւ են հրեաներն ասում, թե Հիսուսը իրեն աստված է դարձնում։
▪ Սաղմոսներից մեջբերում անելով՝ Հիսուսն ինչպե՞ս է ցույց տալիս, որ իրեն չի հավասարեցնում Աստծուն։