Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gt գլ. 130
  • Գալիլեայի ծովի մոտ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գալիլեայի ծովի մոտ
  • Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նմանատիպ նյութեր
  • Գալիլեայի ծովի ափին
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսը հայտնվում է ձկնորսներին
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Պայքար վախի ու կասկածների դեմ
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա իր Ուսուցչից ներողամտություն սովորեց
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
Երբևէ ապրած մեծագույն մարդը
gt գլ. 130

Գլուխ 130

Գալիլեայի ծովի մոտ

ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ այժմ վերադառնում են Գալիլեա, ինչպես որ Հիսուսը նախապես պատվիրել էր նրանց։ Բայց նրանք չգիտեն, թե ինչ պետք է անեն այնտեղ։ Մի որոշ ժամանակ հետո Պետրոսը Թովմասին, Նաթանայելին, Հակոբոսին և նրա եղբայր Հովհաննեսին, նաև առաքյալներից ուրիշ երկուսի ասում է.

— Ես գնում եմ ձուկ բռնելու։

— Մենք էլ ենք գալիս քեզ հետ,— պատասխանում են նրանք։

Ամբողջ գիշեր նրանք ոչինչ չեն կարողանում բռնել։ Երբ սկսում է լուսանալ, Հիսուսը հայտնվում է ծովափին, բայց առաքյալները չեն իմանում, որ դա Հիսուսն է։ Նա բարձրաձայն հարցնում է.

— Տղանե՛ր, ուտելու բան չունե՞ք։

— Ո՛չ,— գոչում են նրանք ծովի վրայից։

— Ցանցը նավակի աջ կողմը գցեք և կգտնեք,— ասում է նա։

Երբ այդպես են անում, ձկների շատության պատճառով չեն կարողանում ցանցը դուրս քաշել։

— Տե՛րն է,— բացականչում է Հովհաննեսը։

Լսելով, որ Տերն է՝ Պետրոսն իր վրա է գցում վերնազգեստը, քանի որ հանել էր հանդերձները, և ծովն է նետվում։ Մոտ 90 մետր լողալով՝ նա հասնում է ափ։ Մյուս առաքյալները ափ են գալիս փոքր նավակով՝ քաշելով ձկներով լի ցանցը։

Երբ նրանք ցամաք են դուրս գալիս, տեսնում են ածխի կրակ՝ վրան ձկներ, իսկ կողքը՝ հաց։ «Բերեք ինձ այն ձկներից, որ նոր բռնեցիք»,— ասում է Հիսուսը։ Պետրոսը մտնում է նավակ և ցանցը դեպի ցամաք է քաշում։ Ցանցի մեջ 153 մեծ ձկներ կան։

— Եկե՛ք և կերե՛ք նախաճաշը,— հրավիրում է Հիսուսը։

Առաքյալներից ոչ մեկը քաջություն չունի հարցնելու, թե՝ «դու ո՞վ ես», որովհետև բոլորն էլ գիտեն, որ Հիսուսն է։ Սա յոթերորդ անգամ է, որ հարություն առնելուց հետո Հիսուսը հայտնվում է, և արդեն երրորդ անգամ է, որ հայտնվում է առաքյալների խմբին։ Նա մատուցում է նախաճաշը՝ տալով ամեն մեկին հաց և ձուկ։

Երբ ուտում վերջացնում են, Հիսուսը, հավանաբար նայելով ձկների մեծ որսին, Պետրոսին հարցնում է. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ սրանցից առավել»։ Անկասկած, նա հետևյալը նկատի ունի. «Ո՞ր գործին ես ավելի նվիրված, ձկնորսությա՞նը, թե՞ այն մեկին, որին ես քեզ պատրաստեցի»։

— Տե՛ր, դու գիտես, որ սիրում եմ քեզ,— պատասխանում է Պետրոսը։

— Կերակրի՛ր իմ գառներին,— ասում է Հիսուսը։ Դարձյալ՝ երկրորդ անգամ, նա հարցնում է.

— Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ։

— Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ սիրում եմ քեզ,— անկեղծորեն պատասխանում է Պետրոսը։

— Հովվի՛ր իմ գառնուկներին,— նորից պատվիրում է Հիսուսը։ Այնուհետև երրորդ անգամ է հարցնում.

— Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ։

Պետրոսը տրտմում է։ Նա մտածում է, որ գուցե Հիսուսը իր նվիրվածության վերաբերյալ կասկածներ ունի։ Չէ՞ որ վերջերս, երբ Հիսուսի կյանքին վտանգ էր սպառնում, Պետրոսը երեք անգամ հերքեց, որ ճանաչում է նրան։ Ուստի ասում է.

— Տե՛ր, դու ամեն բան գիտես, դու գիտես, որ սիրում եմ քեզ։

— Կերակրի՛ր իմ գառնուկներին,— Հիսուսը երրորդ անգամ է պատվիրում։

Այսպիսով՝ Հիսուսը Պետրոսի միջոցով տպավորում է մյուս առաքյալների մտքում, թե ինչ աշխատանք է նա ցանկանում, որ նրանք անեն։ Շուտով Հիսուսը հեռանալու է երկրից, և նա ուզում է, որ նրանք առաջնորդություն վերցնեն՝ ծառայելով այն մարդկանց, որոնց Աստված կձգի դեպի իր ոչխարների փարախը։

Հիսուսը բացատրում է, որ ինչպես իրեն կապանքների մեջ վերցրեցին ու մահվան դատապարտեցին Աստծու հանձնարարած գործը կատարելու համար, այնպես էլ Պետրոսը պետք է նման հալածանքներ կրի։ «Երբ երիտասարդ էիր,— ասում է նրան,— ինքդ էիր գոտիդ կապում և գնում, ուր որ ուզում էիր։ Բայց երբ ծերանաս, ձեռքերդ առաջ կպարզես, և մեկ ուրիշը կկապի քո գոտին ու կտանի քեզ այնտեղ, ուր որ դու չես կամենա»։ Չնայած որ Պետրոսը պետք է նահատակվի, Հիսուսը հորդորում է նրան.

— Շարունակի՛ր հետևել ինձ։

Շրջվելով՝ Պետրոսը տեսնում է Հովհաննեսին ու հարցնում.

— Տե՛ր, իսկ նա՞։

— Եթե ես կամենում եմ, որ նա մնա, մինչև ես գամ, քե՞զ ինչ,— պատասխանում է Հիսուսը։— Դու շարունակի՛ր ինձ հետևել։

Աշակերտներից շատերը Հիսուսի այս խոսքերից հասկացան, թե Հովհաննեսը երբեք չի մահանալու։ Սակայն ինչպես Հովհաննես առաքյալը հետագայում բացատրեց, Հիսուսը չէր ասում, թե նա չի մահանալու, այլ պարզապես սա էր ուզում ասել. «Եթե ես կամենում եմ, որ նա մնա, մինչև ես գամ, քե՞զ ինչ»։

Հովհաննեսը հետագայում նաև այս կարևոր միտքը նշեց. «Իրականում ուրիշ շատ բաներ էլ կան, որոնք Հիսուսն արեց, և որոնք եթե ամենայն մանրամասնությամբ երբևէ գրի առնվեին, կարծում եմ, որ աշխարհն իսկ չէր կարողանա այդ գրված գրքերը պարունակել»։ Հովհաննես 21։1–25; Մատթեոս 26։32; 28։7, 10։

▪ Ինչի՞ց է երևում, որ առաքյալները չգիտեն, թե ինչ պետք է անեն Գալիլեայում։

▪ Գալիլեայի ծովի մոտ առաքյալներն ինչպե՞ս են ճանաչում Հիսուսին։

▪ Հիսուսը հարություն առնելուց հետո արդեն քանի՞ անգամ է հայտնվել իր աշակերտներին։

▪ Հիսուսն ինչպե՞ս է ընդգծում, թե ինչ է կամենում, որ առաքյալներն անեն։

▪ Ինչպե՞ս է Հիսուսը ցույց տալիս, թե ինչպես է մահանալու Պետրոսը։

▪ Հովհաննեսի վերաբերյալ Հիսուսի ո՞ր խոսքերն են սխալ հասկանում աշակերտներից շատերը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը