Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jv գլ. 20 էջ 318–էջ 339 պարբ. 6
  • Կառուցում են միասին ամբողջ աշխարհում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կառուցում են միասին ամբողջ աշխարհում
  • Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Թագավորության սրահներ
  • Զանազան մեթոդներ
  • Շինարարության արագացված մեթոդներ
  • Արագացված շինարարություն այլ երկրներում
  • Տարածաշրջանային շինարարական կոմիտեներ
  • Կառուցում են համաժողովների սրահներ
  • Բեթելի բնակելի շենքեր, գրասենյակներ և տպարաններ ամբողջ աշխարհում
  • Արագ ընդլայնում ամբողջ աշխարհում
  • Հազարավորներ պատրաստակամորեն օգնում են
  • Գլխավոր վարչության շարունակական աճը
  • Միջազգային կամավորներ
  • Եհովային փառք բերող շինարարություն
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • Ուշագրավ աճ՝ լայնածավալ շինարարություն
    2002 Դիտարան
  • Երկրպագության վայրեր
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Թագավորության սրահների շինարարությունը՝ սուրբ ծառայության կարևոր մաս
    2006 Մեր թագավորական ծառայությունը
Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
jv գլ. 20 էջ 318–էջ 339 պարբ. 6

Գլուխ 20

Կառուցում են միասին ամբողջ աշխարհում

ԻՍԿԱԿԱՆ եղբայրությունը Եհովայի վկաների մեջ դրսևորվում է տարբեր ձևերով։ Դա նկատվում է նրանց հանդիպումների ժամանակ։ Իսկ նրանց համաժողովների ժամանակ այն դրսևորվում է ավելի մեծ մասշտաբով։ Այդ եղբայրությունը հստակորեն երևում է նաև, երբ նրանք միասնաբար կառուցում են հանդիպումների անցկացման վայրեր։

1980-ականների ընթացքում ամեն տարի միջին հաշվով 1759 նոր ժողովներ են կազմավորել։ Իսկ 1990-ականների սկզբին այդ ցուցանիշը հասավ 3000-ի։ Այդ տարիներին ամբողջ աշխարհում կային Եհովայի վկաների ավելի քան 60000 ժողովներ։ Որպեսզի բոլոր ժողովները հանդիպումների անցկացման պատշաճ վայրեր ունենային, հարկավոր էր հսկայածավալ աշխատանք իրականացնել։

Թագավորության սրահներ

Առաջին դարի քրիստոնյաների նման՝ Եհովայի վկաները սկզբնական շրջանում իրենց հանդիպումները մեծամասամբ անցկացնում էին տներում։ Ստոկհոլմում (Շվեդիա) մի քանի հոգուց բաղկացած Աստվածաշունչ ուսումնասիրողների խումբը իր առաջին հանդիպումներն անցկացնում էր աշխատանքային օրվա վերջում վարձով վերցված ատաղձագործական արհեստանոցում։ Իսկ Իսպանիայի Լա Կորունյա նահանգում փոքրաթիվ խումբը հալածանքի պատճառով իր առաջին հանդիպումներն անցկացնում էր մի փոքր պահեստում։

Երբ ավելի մեծ տեղի կարիք էր լինում, այն երկրներում, որտեղ հնարավորություն կար, Եհովայի վկաները վարձում էին սրահներ՝ հանդիպումներն անցկացնելու համար։ Սակայն եթե սրահից օգտվում էին նաև այլ կազմակերպություններ, ամեն հանդիպման համար անհրաժեշտ էր լինում փոխադրել և տեղադրել սարքավորումները, և հաճախ երկար ժամանակ սրահից ծխախոտի հոտ էր գալիս։ Հնարավորության դեպքում եղբայրները վարձում էին չօգտագործվող խանութներ կամ վերնասենյակներ, որոնցից միայն ժողովն էր օգտվում։ Բայց ժամանակի ընթացքում շատ վայրերում վարձակալման գները բարձրացան, և հարմար տեղեր դժվար էր գտնել, ուստի այլ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն առաջացավ։ Որոշ տարածքներում եղբայրները գնեցին շինություններ և վերանորոգեցին դրանք։

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ եղել են ժողովներ, որոնք իրենց հանդիպումների համար հարմար շինություններ են կառուցել։ Նույնիսկ դեռևս 1890-ին Աստվածաշունչ ուսումնասիրողների մի խումբ Մաունթ Լուքաութում (Արևմտյան Վիրջինիա, Միացյալ Նահանգներ) հանդիպումների համար մի շենք կառուցեցa։ Սակայն Թագավորության սրահների լայնամասշտաբ շինարարությունը սկսվեց միայն 1950-ականներին։

1935-ին Ջ. Ֆ. Ռադերֆորդը, որն այն ժամանակ «Դիտարան ընկերության» նախագահն էր, առաջարկեց օգտագործել Թագավորության սրահ անվանումը։ Երբ Հոնոլուլուում (Հավայի) Ընկերության մասնաճյուղի ընդլայնման աշխատանքներ էին տարվում, եղբայր Ռադերֆորդը հոգ տարավ, որ եղբայրները կառուցեն նաև մի սրահ՝ հանդիպումներն այնտեղ անցկացնելու համար։ Երբ Ջեյմս Հարաբը հարցրեց եղբայր Ռադերֆորդին, թե ինչպես է կոչելու այդ շենքը, վերջինս պատասխանեց. «Չե՞ս կարծում, որ պետք է այն կոչենք «Թագավորության սրահ», քանի որ մենք հենց Թագավորության մասին բարի լուրն են քարոզում»։ Դրանից հետո հնարավորության դեպքում այն սրահների վրա, որտեղ Եհովայի վկաները կանոնավորաբար հանդիպումներ էին անցկացնում, սկսեցին գրել «Թագավորության սրահ» անվանումը։ Այսպիսով՝ երբ 1937–1938թթ.-ին «Լոնդոնյան խորանը» վերանորոգվեց, այն վերանվանվեց Թագավորության սրահ։ Ժամանակի ընթացքում ամբողջ աշխարհում ժողովների հանդիպումների հիմնական վայրերը սկսեցին կոչվել Եհովայի վկաների Թագավորության սրահներ։

Զանազան մեթոդներ

Ժողովներն իրենք են որոշում վարձել, թե կառուցել Թագավորության սրահ, և իրենք են հոգում շինարարության և սպասարկման ծախսերը։ Դրամական միջոցները խնայելու համար ժողովների մեծամասնությունը ջանում է հնարավորության սահմաններում շինարարական աշխատանքները անել՝ առանց աշխատողներ վարձելու։

Սրահները կառուցում են տարբեր շինանյութից՝ աղյուսից, քարից, փայտից կամ այլ նյութերից՝ կախված այն բանից, թե դրանք ինչ արժողություն ունեն և թե մատչելի են արդյոք տվյալ տարածքում։ Կատիմա Մուլիլոյում (Նամիբիա) տանիքը պատրաստելու համար օգտագործեցին երկար խոտեր, իսկ պատերը և հատակը կառուցելիս օգտագործեցին մրջնաբների ցեխը (որը չորանալուց հետո շատ ամուր է դառնում)։ Սեգովիայում (Կոլումբիա) Վկաները իրենք պատրաստեցին ցեմենտե աղյուսները։ Իսկ Քոլֆաքսում (Կալիֆորնիա) օգտագործեցին Լասեն լեռից բերած չտաշած կարծրացած լավա։

1972-ին Մասերուի (Լեսոթո) ժողովում հանդիպումների ներկաների թիվը հաճախ անցնում էր 200-ից, ուստի եղբայրները հասկանում էին, որ պատշաճ Թագավորության սրահ կառուցելու կարիք կա։ Այդ գործին թիկունք կանգնեցին բոլորը։ Տարեց եղբայրները ավելի քան 32 կմ անցնում էին ոտքով՝ շինարարությանը մասնակցելու համար։ Երեխաները գլորելով ջրով լի տակառիկներ էին բերում շինհրապարակ։ Քույրերը պատրաստում էին կերակուրը։ Նրանք նաև ոտքերով պնդացնում էին հողը և այն նախապատրաստում բետոնը լցնելու համար՝ այդ ողջ ընթացքում երգելով Թագավորության երգերը և դոփելով երգի ռիթմին ներդաշնակ։ Պատերը կառուցելու համար մոտակա լեռներից բերում էին ավազաքար, որն անվճար էր, միայն հարկավոր էր հոգ տանել փոխադրման մասին։ Եղբայրների և քույրերի միահամուռ ջանքերի շնորհիվ կառուցվեց 250 տեղանոց Թագավորության սրահ։

Երբեմն շինարարական աշխատանքներին մասնակցում էին նաև մոտակա վայրերի ժողովների Վկաները։ Օրինակ՝ 1985-ին, երբ Իմբալիում (սևամորթների փոքր քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետությունում) Եհովայի վկաները կառուցում էին 400 տեղանոց Թագավորության սրահ, մոտակա Պիտերմարիցբուրգ և Դուրբան քաղաքներից նրանց օգնելու եկան իրենց հավատակիցները։ Կարելի է պատկերացնել, թե որքան զարմացան հարևանները, երբ տեսան, որ բազմաթիվ սպիտակամորթ, մետիս և հնդիկ Վկաներ ուս ուսի աշխատում են իրենց աֆրիկացի եղբայրների հետ։ Դա ապշեցուցիչ էր, քանի որ այդ օրերին Հարավաֆրիկյան Հանրապետությունում ռասայական խտրականության պատճառով լարված իրավիճակ էր տիրում։ Քաղաքապետը ասաց. «Այսպիսի գործ հնարավոր էր անել միայն սիրո շնորհիվ»։

Որքան էլ եղբայրները պատրաստակամ լինեին, հասկանում էին, որ տեղի հանգամանքները սահմանափակում են իրենց հնարավորությունները։ Քանի որ տղամարդիկ հոգում էին իրենց ընտանիքի կարիքները, հաճախ շինարարությանը մասնակցում էին միայն շաբաթ-կիրակի օրերին, երբեմն էլ երեկոյան ժամերին։ Շատ ժողովներում շինարարական հմտություններ ունեցող անհատներ շատ քիչ կային կամ գրեթե չկային։ Այդուհանդերձ, մի քանի օրում կամ գուցե մի քանի շաբաթում հնարավոր էր լինում կառուցել համեմատաբար պարզ, մասամբ բաց սրահներ, որոնք հարմար էին արևադարձային երկրների համար։ Իսկ հարևան շրջանների Վկաների օգնությամբ հինգ կամ վեց ամսում հնարավոր էր կառուցել ավելի ամուր շինություններ։ Որոշ դեպքերում դա կարող էր տևել մեկ կամ երկու տարի։

1970-ականների սկզբին ամբողջ աշխարհում Եհովայի վկաների թիվը արագորեն ավելանում էր, և ամեն օր երկու կամ երեք նոր ժողով էր կազմվում։ Իսկ 1990-ականներին ամեն օր հիմնվում էր ինը ժողով։ Նոր Թագավորության սրահների կարիքը մեծանում էր օր օրի։ Հնարավո՞ր էր արդյոք բավարարել այդ կարիքը։

Շինարարության արագացված մեթոդներ

1970-ականների սկզբին Քարթերվիլում (Միսուրի, Միացյալ Նահանգներ) կառուցվում էր նոր Թագավորության սրահ մի խմբի համար, որն իր հանդիպումներն անցկացնում էր հարևան Ուեբ Սիթի քաղաքում։ Մոտակա տարածքների ժողովներից ավելի քան 50 Վկաներ եկան օգնելու։ Ընդամենը երկու օրվա ընթացքում՝ շաբաթ և կիրակի օրերին, կանգնեցրին շենքի հիմնակմախքը և բավական աշխատանքներ արեցին տանիքի վրա։ Դեռ շատ գործ կար անելու, և ամբողջությամբ սրահը կառուցելու համար պահանջվեցին ամիսներ, բայց շենքի հիմնական մասը կառուցվեց շատ կարճ ժամանակում։

Հաջորդ տասը տարիների ընթացքում եղբայրները միասին կառուցեցին մոտ 60 սրահ։ Նրանք հաղթահարեցին բազմաթիվ խոչընդոտներ և ավելի արդյունավետ մեթոդներ մշակեցին։ Ժամանակի ընթացքում նրանք հասկացան, որ հիմքը գցելուց հետո հնարավոր է ընդամենը երկու օրում գրեթե ամբողջությամբ կառուցել Թագավորության սրահը։

Մի քանի ժողովների վերակացուներ՝ բոլորն էլ Միացյալ Նահանգների միջինարևմտյան հատվածից, սկսեցին պլաններ մշակել այդ նպատակին հասնելու համար։ Երբ որևէ ժողով օգնություն էր խնդրում Թագավորության սրահ կառուցելու համար, այդ վերակացուներից մեկը կամ մի քանիսը քննարկում էին նախագիծը տվյալ ժողովի եղբայրների հետ, և մանրամասն տեղեկություններ էին տալիս այն մասին, թե ինչ պատրաստություններ պետք է տեսնեին նախքան շենքի շինարարությունը սկսելը։ Հարկավոր էր մի շարք քայլեր ձեռնարկել, այդ թվում շինարարության թույլտվություն ստանալ, գցել շենքի հիմքը, լցնել բետոնը, անցկացնել էլեկտրականությունը, ստորգետնյա խողովակաշարերը, ինչպես նաև շինանյութերի մատակարարման հուսալի միջոցներ ձեռնարկել։ Այնուհետև հարկավոր էր ամսաթիվ սահմանել սրահի շինարարությունը սկսելու համար։ Նախօրոք պատրաստված կոնստրուկցիաներ չէին օգտագործվելու. Սրահը կառուցվելու էր հիմքից։

Իսկ ովքե՞ր էին կատարելու շինարարական աշխատանքները։ Հնարավորության դեպքում այդ աշխատանքը կատարում էին կամավորները՝ առանց որևէ վճարի։ Հաճախ շինարարությանը մասնակցում էին ամբողջ ընտանիքներ։ Շինարարության կազմակերպիչները կապ էին հաստատում այն Վկաների հետ, որոնք հմուտ արհեստավորներ էին և ցանկություն էին հայտնել մասնակցելու շինարարական աշխատանքներին։ Նրանցից շատերը անհամբերությամբ սպասում էին ամեն մի նոր նախագծի։ Մյուս Վկաները, ովքեր լսում էին շինարարական ծրագրերի մասին, նույնպես ցանկանում էին մասնակցել. շրջակա տարածքներից և նույնիսկ հեռավոր վայրերից հարյուրավորներ գալիս էին շինհրապարակ և ցանկություն էին հայտնում օգնել, ինչով որ կարող էին։ Նրանցից շատերը շինարարական հմտություններ չունեին, բայց նրանց պատրաստակամությունն արտացոլում էր այն ոգին, որի մասին խոսվում է Սաղմոս 110։3-ում, որտեղ Եհովայի Մեսիական Թագավորին աջակցողների մասին ասվում է. «Քո ժողովուրդը հոժար կամքով կտրամադրի իրեն»։

Հինգշաբթի երեկոյան՝ նախքան հիմնական գործը սկսելը, նախագծի վերակացուները հանդիպում էին վերջին մանրամասները ծրագրելու համար։ Ուրբաթ երեկոյան աշխատողներին ցուցադրում էին սլայդներ աշխատանքի ընթացքի վերաբերյալ, որպեսզի նրանք պատկերացնեին, թե ինչպես պետք է կատարվեր գործը։ Ընդգծվում էր, որ կարևոր է դրսևորել աստվածահաճո հատկություններ։ Աշխատողներին քաջալերում էին համագործակցել սիրով, լինել բարի, դրսևորել համբերություն ու նրբանկատություն։ Բոլորին հորդորում էին աշխատել նորմալ տեմպով, չշտապել և իրենց ազատ զգալ ու երբեմն մի քանի րոպե դադար տալ որևէ մեկի հետ կերտիչ մտքեր փոխանակելու համար։ Շաբաթ օրը՝ վաղ առավոտյան, սկսվում էր շինարարությունը։

Շաբաթ օրը՝ նշանակված ժամին, բոլորը լսում էին օրվա խոսքի քննարկումը։ Մատուցվում էր աղոթք, քանի որ բոլորն էլ լավ հասկանում էին, որ գործի հաջողությունը կախված է Եհովայի օրհնությունից (Սաղ. 127։1)։

Գործը սկսվելուն պես՝ այն արագորեն առաջ էր ընթանում։ Մեկ ժամում կանգնեցվում էր պատերի հիմնակմախքը։ Ապա տեղադրում էին տանիքի հիմնակմախքը և երեսպատում պատերը։ Անցկացվում էին հոսանքալարերը, օդափոխության ու ջեռուցման խողովակները։ Պատրաստվում էին պահարաններ և տեղադրվում։ Երբեմն և՛ շաբաթ, և՛ կիրակի օրը անձրև էր գալիս, երբեմն էլ եղանակը չափազանց ցուրտ կամ շոգ էր լինում, բայց աշխատանքը կանգ չէր առնում։ Հմուտ արհեստավորների միջև մրցակցություն չկար։

Հաճախ կիրակի օրը մինչև արևամուտ Թագավորության սրահը պատրաստ էր լինում և արդեն ճաշակով զարդարված էր լինում ներսից, երբեմն էլ հասցնում էին լանդշաֆտային որոշ աշխատանքներ կատարել։ Եթե հարմար էր լինում, աշխատանքները ծրագրում էին կատարել երեք օրում կամ երկու շաբաթ-կիրակի օրերի ընթացքում։ Շինարարության վերջում աշխատողներից շատերը, որոնք հոգնած էին, բայց շատ ուրախ, մնում էին Թագավորության սրահում, որպեսզի մասնակցեին ժողովի առաջին հանդիպմանը՝ «Դիտարանի» ուսումնասիրությանը։

Գայմոնում (Օկլահոմա, ԱՄՆ) որոշ մարդիկ, կասկածելով, որ հնարավոր էր այդքան արագ որակյալ գործ կատարել, կանչեցին շինարարության որակի հսկողության տեսուչին։ Հետագայում, երբ տեսուչը Վկաներին պատմում էր այդ դեպքի մասին, ասաց. «Ես նրանց ասացի, որ եթե ցանկանում են ճիշտ ձևով կատարված գործ տեսնել, թող այցելեն սրահ։ Դուք որակով եք անում նույնիսկ այն, ինչը շինարարությունից հետո չի երևալու»։

Երբ ավելի շատ Թագավորության սրահների կարիք առաջացավ, այն եղբայրները, որոնք մշակել էին շինարարության արագացված մեթոդներից շատերը, կրթում էին մյուսներին։ Կատարվող աշխատանքների մասին տեղեկացան նաև այլ երկրներում։ Հնարավո՞ր էր արդյոք նման շինարարական մեթոդներ կիրառել նաև այդ տարածքներում։

Արագացված շինարարություն այլ երկրներում

Կանադայում հանդիպումների անցկացման վայրերի կարիքը գնալով մեծանում էր, և եղբայրները չէին հասցնում անհրաժեշտ քանակությամբ սրահներ կառուցել։ Ուստի Կանադայի Վկաները Միացյալ Նահանգներից հրավիրեցին այն եղբայրներին, որոնք կազմակերպել էին արագացված շինարարության նախագծեր, որպեսզի վերջիններս բացատրեին, թե ինչպես աշխատել այդ մեթոդով։ Սկզբում Կանադայի եղբայրները կասկածում էին, որ հնարավոր է այդպիսի շինարարություն իրականացնել իրենց երկրում, բայց որոշեցին փորձել։ 1982-ին Էլմայրայում (Օնտարիո) այդ մեթոդով կառուցվեց առաջին Թագավորության սրահը։ Իսկ 1992-ին Կանադայում արդեն կար այդ եղանակով կառուցված 306 Թագավորության սրահ։

Նորթհեմպտոնում (Անգլիա) ապրող Վկաները մտածում էին, որ իրենք էլ կարող էին կիրառել այդ մեթոդը։ Նրանց շինարարական նախագիծը, որն իրականացվեց 1983-ին, առաջինն էր Եվրոպայում։ Շինարարական աշխատանքները վերահսկելու և տեղի Վկաներին սովորեցնելու համար Միացյալ Նահանգներից և Կանադայից եկան եղբայրներ, որոնք շինարարության արագացված մեթոդով աշխատելու փորձ ունեին։ Եկել էին նաև Վկաներ այլ երկրներից՝ Ճապոնիայից, Հնդկաստանից, Ֆրանսիայից և Գերմանիայից։ Նրանք կամավորներ էին և իրենց աշխատանքի դիմաց վճար չէին ստանում։ Ինչպե՞ս էր այս ամենը հնարավոր։ Այդպիսի շինարարության մասնակցած իռլանդացի Վկաներից բաղկացած մի շինարարական խմբի վերակացու ասաց. «Այս գործը հաջողությամբ է իրականացվում, քանի որ բոլոր եղբայրներն ու քույրերը ուս ուսի աշխատում են Եհովայի ոգու ազդեցության ներքո»։

Նույնիսկ երբ թվում է, թե որևէ տարածքի շինարարական նորմերը թույլ չեն տալիս այդպիսի նախագծեր իրականացնել, Վկաները հասկացել են, որ հաճախ տեղի պաշտոնյաները սիրով ընդառաջում են, երբ նրանց բացատրում են բոլոր մանրամասները։

Երբ Նորվեգիայում (Հյուսիսային բևեռային շրջագծից հյուսիս ընկած տարածքում) արագացված շինարարության նախագիծ իրականացվեց, մի թերթում հետևյալը գրվեց. «Պարզապես աներևակայելի բան է։ Միայն այսպես կարող ենք նկարագրել այն, ինչ արեցին Եհովայի վկաները անցած շաբաթ և կիրակի օրերին» (Finnmarken)։ Իսկ երբ Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում երկուսուկես օրում կառուցվեց մի գեղեցիկ Թագավորության սրահ, տեղական մի թերթի առաջին էջում հայտնվեց հետևյալ վերնագիրը՝ «Նախագիծ, որը կարելի է հրաշք համարել»։ Հոդվածում գրված էր. «Այդ նախագծում ամենաապշեցուցիչն այն էր, որ աշխատանքը կատարվում էր կազմակերպված ձևով և կատարյալ հանդարտությամբ»։

Անհաղթահարելի խոչընդոտ չէ նաև բավականին հեռու տարածքում Թագավորության սրահ կառուցելը։ Օրինակ՝ մի երկրում՝ Բելիզում, արագացված շինարարության նախագիծ իրականացվեց, թեև դրա համար հարկ եղավ բոլոր շինանյութերը Բելիզ քաղաքից փոխադրել 60 կիլոմետր հեռու գտնվող մի կղզի։ Իսկ Փորտ Հեդլենդում (Արևմտյան Ավստրալիա) երկու օրում կառուցվեց Թագավորության սրահ՝ օդորակման համակարգով, թեև գրեթե բոլոր աշխատողները այնտեղ հասնելու համար անցել էին 1600 և ավելի կիլոմետր, ու գրեթե բոլոր շինանյութերը բերվել էին հեռու վայրից։ Աշխատողները իրենք էին հոգացել իրենց ճանապարհածախսը։ Այդ նախագծին մասնակցած Վկաներից շատերը անհատապես չէին ճանաչում Փորտ Հեդլենդի ժողովի հավատակիցներին, և նրանցից շատերը գուցե երբեք ներկա չլինեին այնտեղ անցկացվող հանդիպումներին։ Բայց դա նրանց հետ չպահեց, որ այդ կերպով դրսևորեն իրենց սերը։

Նույնիսկ եթե որևէ տարածքում Վկաները թվով քիչ են, դա չի խանգարում սրահ կառուցել շինարարության արագացված մեթոդով։ 1985-ին Տրինիդադից 800 Վկաներ մեկնեցին Տոբագո կղզու Սքարբորո քաղաք՝ օգնելու իրենց 84 հավատակիցներին այնտեղ սրահ կառուցել։ Իսկ Գուս Բեյում (Լաբրադոր) ապրող 17 Վկաները (մեծ մասը կանայք ու երեխաներ էին) առանց կողմնակի օգնության չէին կարող իրենց համար Թագավորության սրահ կառուցել։ Ուստի 1985-ին Կանադայի մյուս մասերում ապրող Վկաները երեք ինքնաթիռ պատվիրեցին, որպեսզի 450 կամավորներ կարողանային հասնել Գուս Բեյ։ Երկու օրվա ծանր աշխատանքից հետո սրահը պատրաստ էր, և կիրակի երեկոյան այնտեղ անցկացվեց նվիրման ծրագիրը։

Իհարկե չի կարելի ասել, որ այժմ բոլոր Թագավորության սրահները կառուցվում են շինարարության արագացված մեթոդով, բայց գնալով ավելի շատ սրահներ են կառուցվում այդ եղանակով։

Տարածաշրջանային շինարարական կոմիտեներ

1986-ի կեսերին նոր Թագավորության սրահների կարիքը ավելի էր մեծացել։ Նախորդ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում 2461 նոր ժողովներ էին կազմավորվել, որոնցից 207-ը՝ Միացյալ Նահանգներում։ Որոշ Թագավորության սրահներից օգտվում էին երեք, չորս և նույնիսկ հինգ ժողովներ։ Ինչպես նախագուշակված էր Աստվածաշնչում, Եհովան իսկապես արագացնում էր անկեղծ սրտով մարդկանց հավաքելու գործը (Ես. 60։22)։

Որպեսզի կամավորների ջանքերը լավագույնս օգտագործվեին, և արդեն իսկ ձեռք բերված փորձը օգուտներ բերեր նոր Թագավորության սրահների շինարարությանը, Ընկերությունը սկսեց համակարգել շինարարական գործունեությունը։ Առաջին քայլը եղավ այն, որ 1987-ին Միացյալ Նահանգների տարածքը բաժանվեց 60 տարածաշրջանային շինարարական կոմիտեների միջև։ Բոլոր կոմիտեներն էլ շատ գործ ունեին անելու. նրանցից մի քանիսը մեկ կամ մի քանի տարվա համար ծրագրված նախագծեր ունեին։ Այդ կոմիտեներում նշանակված եղբայրները նախևառաջ հոգևորապես հասուն քրիստոնյաներ էին, ժողովում ծառայում էին որպես երեցներ և օրինակելի էին Աստծու ոգու պտղի հատկությունները դրսևորելու հարցում (Գաղ. 5։22, 23)։ Նրանցից շատերը նաև աշխատանքի փորձ ունեին անշարժ գույքի, ինժեներության, շինարարության, բիզնեսի կառավարման և անվտանգության ու դրանց հետ կապված այլ բնագավառներում։

Ժողովներին հորդոր էր տրվում, որ նախքան նոր Թագավորության սրահի շինարարության համար տեղ ընտրելը խորհրդակցեին տարածաշրջանային շինարարական կոմիտեի հետ։ Եթե որևէ քաղաքում կային մեկից ավելի ժողովներ, նրանց հորդոր էր տրվում խորհրդակցել նաև շրջանային վերակացու(ներ)ի, քաղաքային վերակացուի և հարևան ժողովների երեցների հետ։ Խորհուրդ էր տրվում, որ այն ժողովները, որոնք ծրագրում էին հիմնովին վերանորոգել իրենց սրահը կամ նորը կառուցել, օգտվեն իրենց տարածքի տարածաշրջանային շինարարական կոմիտեի եղբայրների հարուստ փորձից, ինչպես նաև Ընկերության կողմից ստացված հրահանգներից։ Այդ կոմիտեի օգնությամբ միջոցներ էին ձեռնարկվում հավաքելու մոտ 65 տարբեր մասնագիտություններ ունեցող եղբայրների ու քույրերի, որոնք արդեն իսկ ցանկություն էին հայտնել մասնակցելու այդպիսի նախագծերի։

Երբ աշխատանքների իրականացման ընթացակարգը կատարելագործվեց, հնարավոր եղավ կրճատել մեկ նախագծին մասնակցող կամավորների թիվը։ Նախկինում հազարավոր անհատներ գալիս էին շինհրապարակ պարզապես դիտելու կամ իրենց օգնությունն առաջարկելու, իսկ փոփոխությունից հետո հազվադեպ էր պատահում, որ շինհրապարակում 200-ից ավելի մարդ լիներ։ Բացի այդ, փոխանակ ամբողջ շաբաթ-կիրակի օրը շինարարության տարածքում անցկացնելու՝ կամավորները գալիս էին միայն այն ժամանակ, երբ իրենց մասնագիտական օգնության կարիքն էր զգացվում։ Այդպիսով նրանք կարող էին ավելի շատ ժամանակ անցկացնել իրենց ընտանիքների հետ և մասնակցել ժողովի գործունեությանը։ Երբ տեղի եղբայրները կարողանում էին որոշակի աշխատանքներ կատարել ողջամիտ ժամկետներում, հաճախ ավելի նպատակահարմար էր լինում արագացված շինարարության խմբին հրավիրել կատարելու միայն այն աշխատանքները, որոնցում անհապաղ օգնության կարիք էր զգացվում։

Թեև ընդհանուր առմամբ շինարարությունը զարմանալիորեն արագ էր կատարվում, սակայն գլխավոր նպատակը արագությունը չէր։ Ավելի կարևոր էր որակով կառուցել համեստ Թագավորության սրահ, որը կհամապատասխաներ տեղի կարիքներին։ Մանրակրկիտ պլանավորման շնորհիվ հնարավոր էր լինում հասնել այդ նպատակին նվազագույն ծախսերով։ Լուրջ ուշադրություն էր դարձվում անվտանգության կանոններին, որի շնորհիվ անվտանգություն էր ապահովվում աշխատողների, հարևանների, անցորդների և այն անհատների համար, ովքեր ապագայում օգտվելու էին Թագավորության սրահից։

Երբ Թագավորության սրահների շինարարության հետ կապված այս միջոցառման մասին տեղեկացան նաև այլ երկրներում, մանրամասն ինֆորմացիա տրվեց Ընկերության այն մասնաճյուղերին, որոնք կարծում էին, որ իրենց տարածքում նույնպես արդյունավետ կլինի հետևել այդ կարգին։ 1992-ին Ավստրալիայում, Արգենտինայում, Գերմանիայում, Իսպանիայում, Կանադայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Մեքսիկայում և Ֆրանսիայում արդեն գործում էին Ընկերության կողմից նշանակված տարածաշրջանային շինարարական կոմիտեներ։ Շինարարական մեթոդները հարմարեցվում էին տեղի պայմաններին։ Երբ Թագավորության սրահ կառուցելու համար այլ մասնաճյուղից օգնություն ստանալու կարիք էր առաջանում, այդ մասին հոգ էր տանում Ընկերության գլխավոր վարչությունը։ Աշխարհի որոշ մասերում նոր սրահները կառուցվում էին մի քանի օրում, իսկ որոշ վայրերում մի քանի շաբաթում, երբեմն էլ մի քանի ամսում։ Մանրակրկիտ պլանավորման և կազմակերպված ջանքերի շնորհիվ նոր Թագավորության սրահ կառուցելու ժամանակը զգալիորեն կրճատվում էր։

Եհովայի վկաները միայն Թագավորության սրահներ չեն կառուցում։ Երբ ամեն տարի շրջանային և մեկօրյա հատուկ համաժողովների ժամանակ հավաքվում են շատ ժողովներ, ավելի մեծ սրահների կարիք է զգացվում։

Կառուցում են համաժողովների սրահներ

Տարիներ շարունակ շրջանային համաժողովների համար տարբեր շինություններ են օգտագործվել։ Եհովայի վկաները վարձել են դահլիճներ, դպրոցներ, թատրոններ, մարզադաշտեր և տոնավաճառների տարածքներ։ Որոշ վայրերում հնարավոր էր լինում մատչելի գնով վարձել հարմարավետ շինություններ։ Շատ հաճախ բավականին ժամանակ և ջանքեր էին պահանջվում տարածքը մաքրելու, սարքավորումները տեղադրելու, բեմը պատրաստելու և աթոռները փոխադրելու համար։ Պատահում էր, որ վերջին րոպեին պայմանավորվածությունը չեղյալ էր համարվում։ Երբ ժողովների թիվը ավելացավ, ավելի դժվարացավ հարմար վայրեր գտնելը։ Ինչպե՞ս կարելի էր լուծել այդ խնդիրը։

Այս անգամ ևս Եհովայի վկաները հասկացան, որ խնդրի լուծումը կլինի սեփական շինություն ունենալը։ Նրանք կամ պետք է վերանորոգեին հարմար շինությունները, կամ նորերը կառուցեին։ Միացյալ Նահանգներում առաջին համաժողովների սրահը Նյու Յորքի Լոնգ Այլենդ քաղաքում գտնվող մի թատրոնի շենք էր, որը Եհովայի վկաները վերանորոգեցին և սկսեցին շահագործել 1965-ի վերջերին։

Գրեթե նույն ժամանակ Կարիբյան ծովի կղզիներից մեկում՝ Գվադելուպայում, եղբայրները նախագիծ էին կազմում իրենց կարիքներին համապատասխան համաժողովների սրահ կառուցելու համար։ Նրանք կարծում էին, որ արդյունավետ կլիներ, եթե իրենց շրջանային համաժողովները անցկացվեին տարբեր վայրերում։ Բայց քաղաքների մեծ մասում չկային բավական մեծ շինություններ։ Ուստի Վկաները պատրաստեցին մի շարժական կառույց, որը կազմված էր պողպատե խողովակներից և ալյումինե առաստաղից ու կարող էր տեղավորել 700 մարդ։ Այդ կառույցը հնարավոր էր հավաքել ցանկացած տեղում, որտեղ համեմատաբար հարթ հողակտոր կար։ Ժամանակի ընթացքում եղբայրները ստիպված եղան կրկին ու կրկին մեծացնել այդ կառույցը, այնպես որ այն արդեն 5000 հոգու էր տեղավորում։ Կարելի է պատկերացնել, թե ինչ հսկայական աշխատանք էր տարվում ամեն համաժողովի համար, երբ այդ կառույցի մասերը, որոնք կշռում էին 30 տոննա, տեղափոխում էին, տեղադրում, իսկ հետո քանդում։ 13 տարի շարունակ այդ սրահը տարին մի քանի անգամ հավաքում էին ու քանդում, բայց շուտով դրա համար տեղ գտնելը դժվարացավ, ուստի անհրաժեշտ եղավ գնել մի հողակտոր ու կառուցել համաժողովների համար մշտական սրահ, որտեղ այժմ անցկացվում են շրջանային և մարզային համաժողովներ։

Շատ վայրերում համաժողովների սրահների համար վերակառուցում և օգտագործում էին արդեն գոյություն ունեցող շինություններ։ Օրինակ՝ Հեյս Բրիդջում (Սառի, Անգլիա) եղբայրները գնեցին և վերանորոգեցին ուսումնական մի համալիր, որը կառուցվել էր 50 տարի առաջ։ Այն ուներ 11 հեկտար մեծության գեղեցիկ տարածք։ Համաժողովի սրահ ունենալու համար Իսպանիայում ձեռք բերեցին և ձևափոխեցին մի քանի կինոթատրոններ և մի արդյունաբերական պահեստ, Ավստրալիայում՝ չգործող տեքստիլ գործարան, Քվեբեկում (Կանադա)՝ մի պարասրահ, Ճապոնիայում՝ բոուլինգի սրահ, Կորեայի Հանրապետությունում՝ մի պահեստ։ Այդ բոլոր շինությունները վերանորոգումից հետո դարձան համաժողովների գեղեցիկ սրահներ և ծառայեցին որպես Աստվածաշնչի կրթական մեծ կենտրոններ։

Շատ համաժողովների սրահներ էլ կառուցվել են հիմքից։ Հելաբիում (Հարավային Յորքշիր, Անգլիա) կառուցվեց ութանկյան յուրահատուկ ձև ունեցող համաժողովների մի սրահ, որի շինարարությունը մեծամասամբ կամավորների ուժերով էր կատարվել։ Դա այնքան տպավորիչ էր, որ Ինժեներաշինարարական ինստիտուտի մի պարբերականում այդ մասին հոդված գրվեց։ Սասկատուն քաղաքի (Սասկաչևան, Կանադա) համաժողովների սրահը նախատեսված էր 1200 հոգու համար, բայց երբ տեղադրվում էին շարժական միջնապատերը, այն վերածվում էր միմյանց կից չորս Թագավորության սրահների։ Իսկ Հայիթիի համաժողովների սրահը (բաղկացած էր առանձին կոնստրուկցիաներից, որոնք պատրաստվել և բերվել էին Միացյալ Նահանգներից) երկու կողմից բաց էր, և մշտական քամիները զովացնում էին նստածներին՝ մեղմելով հաիթյան տապը։ Փորտ Մորսբիում (Պապուա Նոր Գվինեա) գտնվող սրահը այնպես էր կառուցված, որ պատերի որոշ հատվածներ հնարավոր էր դռների նման բացել։ Բաց վիճակում սրահը կարող էր ավելի շատ մարդ տեղավորվել, քան փակ վիճակում։

Համաժողովների սրահ կառուցելու որոշումը չի կայացվում պարզապես մի քանի վերակացուների կողմից, որոնք այնուհետև ակնկալում են, որ բոլորը կաջակցեն իրենց այդ հարցում։ Մինչ համաժողովների սրահ կառուցելու որոշում կայացնելը Ընկերությունը հոգ է տանում, որ մանրամասնորեն քննվի, թե որքանով է անհրաժեշտ կառուցել այդպիսի սրահ և թե որքան հաճախ այն կօգտագործվի։ Ոչ միայն հաշվի է առնվում ժողովների ցանկությունը, այլև դաշտի կարիքներն ընդհանուր առմամբ։ Այդ հարցը քննարկվում է բոլոր ժողովների հետ, որոնք օգտվելու են սրահից, հավաստիանալու համար, որ եղբայրները ցանկանում են և ի վիճակի են աջակցելու։

Այսպիսով՝ երբ սկսվում է շինարարությունը տեղի Եհովայի վկաները սրտանց պատրաստ են լինում օգնելու։ Բոլոր նախագծերը ֆինանսավորվում են Վկաների կողմից։ Տեղեկացվում է, թե որքան դրամական միջոցների կարիք կա, բայց նվիրաբերություններն արվում են կամավոր ձևով, և անուններ չեն նշվում։ Նախօրոք ամեն բան մանրամասնորեն պլանավորվում է, և կիրառվում է այն փորձը, որ ձեռք է բերվել այլ վայրերում Թագավորության սրահներ և հաճախ նաև համաժողովների սրահներ կառուցելու ժամանակ։ Անհրաժեշտության դեպքում շինարարական որոշ աշխատանքներ գուցե կատարեն վարձու աշխատողները, բայց մեծամասամբ շինարարությունը արվում է Վկաների ուժերով։ Դրա շնորհիվ հաճախ ծախսերը կիսով չափ կրճատվում են։

Շինարարությունը սովորաբար արագ է ընթանում, քանի որ հիմնական գործն անում են հմուտ մասնագետները և այլ կամավորներ, որոնք պատրաստ են իրենց ժամանակն և ունակությունները ներդնել այդ գործի մեջ։ Որոշ նախագծերի իրականացման համար գուցե պահանջվի ավելի քան մեկ տարի։ Բայց, օրինակ, 1985-ին Կանադայի Վանկուվեր կղզում մոտ 4500 կամավորներ ընդամենը ինը օրում ավարտեցին 2300 քառակուսի-մետր տարածք զբաղեցնող համաժողովների սրահի շինարարությունը։ Այդ սրահը նաև ներառում է 200-տեղանոց Թագավորության սրահ տեղի ժողովների համար։ 1984-ին Նոր Կալեդոնիայում քաղաքական խռովությունների պատճառով կառավարությունը պարետային ժամ սահմանեց, սակայն գրեթե միշտ շինարարության տարածքում միաժամանակ աշխատում էին մինչև 400 կամավորներ։ Սրահը կառուցվեց ընդամենը չորս ամսում։ Իսկ Ստոկհոլմի (Շվեդիա) մոտակայքում յոթ ամսում կառուցվեց համաժողովների մի գեղեցիկ հարմարավետ սրահ՝ 900 փափուկ աթոռներով՝ պատրաստված կաղնու փայտից։

Երբեմն համաժողովների սրահ կառուցելու թույլտվություն ստանալու համար հարկ է եղել շարունակական պայքար մղել դատարաններում։ Այդպես եղավ Սառիում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)։ Երբ եղբայրները հողատարածք գնեցին, տեղանքի գոտիավորման պահանջներով՝ թույլ էր տրվում շինություն կառուցել երկրպագություն մատուցելու համար։ Սակայն երբ 1974-ին քաղաքի իշխանություններին ներկայացվեց շինարարության նախագիծը, Սառիի Մարզային խորհուրդը որոշում ընդունեց, համաձայն որի՝ եկեղեցիներ և համաժողովների սրահներ կարելի էր կառուցել միայն P-3 գոտում, մինչդեռ այդպիսի գոտի իրականում գոյություն չուներ։ Իսկ մինչ այդ քաղաքային համայնքում 79 եկեղեցի էր կառուցվել՝ առանց որևէ խոչընդոտի։ Գործը հանձնվեց դատարանի քննությանը։ Բազմաթիվ վճիռներ կայացվեցին հօգուտ Եհովայի վկաների։ Երբ նախատրամադրված պաշտոնյաների հարուցած խոչընդոտները վերացան, կամավորները այնպիսի եռանդով սկսեցին շինարարական աշխատանքները, որ սրահը կառուցեցին մոտ յոթ ամսում։ Նրանք ունեին նույն զգացումը, ինչ որ Նեեմիան, որը հին Իսրայելի պարիսպները վերակառուցելիս զգում էր, որ «Աստծու ձեռքը իր վրա է» (Նեեմ. 2։18)։

Երբ Միացյալ Նահանգներում Եհովայի վկաները գնեցին Ջերսի Սիթիում (Նյու Ջերսի) գտնվող Սթենլի թատրոնի շենքը, այն գրանցված էր պատմական հուշարձանների պետական ցուցակում։ Թեև շենքը խղճուկ ու ավերակ վիճակում էր գտնվում, այն կարող էր դառնալ համաժողովների հիանալի սրահ։ Սակայն երբ Վկաները ցանկացան վերանորոգման աշխատանքներ իրականցնել շենքում, նրանց չհաջողվեց քաղաքի իշխանությունների կողմից թույլտվություն ստանալ։ Քաղաքապետը չէր ուզում, որ Վկաներն այդ տարածքում գործունեություն ծավալեին, բացի այդ, նա ուրիշ պլաններ ուներ՝ այդ շինության հետ կապված։ Հարկ եղավ դիմել դատարան, որպեսզի պաշտոնյաները չչարաշահեին իրենց իշխանությունը։ Դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Վկաների։ Իսկ առաջիկա ընտրությունների ժամանակ տեղի բնակիչները այդ քաղաքապետին չընտրեցին։ Այդ ընթացքում սրահի վերանորոգման աշխատանքները արագ առաջ էին ընթանում։ Եվ շուտով պատրաստ էր համաժողովների մի գեղեցիկ սրահ, որը կարող էր տեղավորել ավելի քան 4000 հոգու։ Այժմ դա մի վայր է, որով հպարտանում են թե՛ գործարար մարդիկ, թե՛ քաղաքի բնակիչները։

Վերջին 27 տարիների ընթացքում աշխարհի տարբեր մասերում Եհովայի վկաները կառուցել են համաժողովների գեղեցիկ և հարմարավետ սրահներ, որոնք ծառայում են որպես Աստվածաշնչի կրթական կենտրոններ։ Այդպիսի սրահների թիվն ավելանում է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում և Արևելքի երկրներում, ինչպես նաև բազմաթիվ կղզիներում։ Որոշ երկրներում, օրինակ՝ Նիգերիայում, Իտալիայում և Դանիայում, Եհովայի վկաները կառուցել են նույնիսկ ավելի մեծ, ամուր, բացօթյա սրահներ, որոնք օգտագործվում են մարզային համաժողովների համար։

Աստծու Թագավորությունը հռչակելու գործը առաջ տանելու նպատակով Եհովայի վկաները համաժողովների սրահներից և Թագավորության սրահներից բացի, կառուցում են նաև այլ շինություններ։

Բեթելի բնակելի շենքեր, գրասենյակներ և տպարաններ ամբողջ աշխարհում

1992-ին ամբողջ աշխարհում կար «Դիտարան ընկերության» 99 մասնաճյուղ, որոնցից յուրաքանչյուրը վերահսկում էր Եհովայի վկաների գործունեությունը իր հոգածության տակ գտնվող տարածքում։ Այդ մասնաճյուղերի կեսից ավելին ուներ տպարաններ, որոնցում տպագրվում էին տարբեր հրատարակություններ՝ Աստվածաշնչի կրթական գործը առաջ տանելու նպատակով։ Մասնաճյուղերում աշխատողների մեծամասնությունը որպես մի մեծ ընտանիք ապրում է Բեթելում։ Բեթել նշանակում է «Աստծու տուն»։ Քանի որ Եհովայի վկաների թիվը գնալով ավելանում է, և նրանց գործունեությունն ընդլայնվում է, անհրաժեշտություն է առաջանում մեծացնելու գոյություն ունեցող շենքերը և կառուցելու նորերը։

Կազմակերպության աճն այնքան արագ է տեղի ունեցել, որ հաճախ ընդլայնման աշխատանքներ են տարվել միաժամանակ 20–40 մասնաճյուղերում։ Դրա համար հարկ է եղել հսկայածավալ միջազգային շինարարական ծրագիր ձեռնարկել։

Քանի որ ամբողջ աշխարհում բազմաթիվ շինարարական նախագծեր են իրականացվում, Ընկերությունը Նյու Յորքի գլխավոր վարչությունում հիմնել է ինժեներանախագծային բաժին։ Տարիների փորձ ունեցող շատ ինժեներներ թողել են իրենց աշխատանքը և սկսել են լիաժամ մասնակցել շինարարական նախագծերին, որոնք անմիջականորեն կապված են Թագավորության հռչակման գործի հետ։ Բացի այդ, նրանք, ովքեր փորձառու են, մյուս քույրերին ու եղբայրներին սովորեցրել են նախագծման, ձևավորման և գծագրման աշխատանքներ կատարել։ Աշխատանքը այդ բաժնի միջոցով վերահսկելու շնորհիվ աշխարհի տարբեր մասերում մասնաճյուղերի շինարարության ժամանակ ձեռք բերված փորձը հնարավոր է օգտագործել մյուս երկրներում իրականացվող նախագծերի ժամանակ։

Քանի որ ամենուրեք մեծամասշտաբ շինարարական աշխատանքներ էին տարվում, ժամանակի ընթացքում հարկ եղավ հիմնել տարածաշրջանային նախագծային բաժիններ։ Այդպիսի բաժին հիմնվեց Ճապոնիայում։ Այն օգնում էր գծագրեր կազմել Արևելքի երկրներում իրականացվող նախագծերի համար։ Եվրոպայում և Ավստրալիայում նույնպես հիմնվեցին այդպիսի բաժիններ, որտեղ ծառայում էին տարբեր երկրներից եկած կամավորներ։ Այդ բաժինները սերտորեն համագործակցում են գլխավոր վարչության հետ և նրանց կատարած ծառայության, ինչպես նաև համակարգչային տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ նվազել է այն ծառայողների թիվը, ովքեր գծագրեր են կազմում շինարարական նախագծերի համար։

Որոշ նախագծեր համեմատաբար փոքր են լինում։ Այդպիսի մի նախագիծ էր 1983-ին Թաիթիի մասնաճյուղի շինարարությունը։ Այդ նախագծով նախատեսվում էր կառուցել գրասենյակներ, պահեստներ և բնակելի սենյակներ ութ կամավորների համար։ Փոքր էր նաև 1982–1984 թվականներին Կարիբյան ծովի Մարտինիկ կղզում կառուցված մասնաճյուղը, որը չորսհարկանի շենք էր։ Այդպիսի շինությունները գուցե այդքան էլ տպավորիչ չլինեին այլ երկրների մեծ քաղաքների բնակիչների համար, բայց դրանք գրավում էին այդ տարածքի հանրության ուշադրությունը։ Մի թերթում գրվեց, որ Մարտինիկում կառուցված մասնաճյուղի շենքը «ճարտարապետական գլուխգործոց» է, որն արտացոլում է «մեծ սեր բարձրորակ աշխատանքի հանդեպ» (France-Antilles)։

Կառուցվեցին նաև մեծ մասնաճյուղեր։ Օրինակ՝ 1981-ին ավարտվեց Կանադայի մասնաճյուղի շինարարությունը։ Այն ընդգրկում էր մի տպարան, որը զբաղեցնում էր 9300 քառակուսի-մետր տարածք, ինչպես նաև մի բնակելի շենք 250 կամավորների համար։ Նույն տարի ավարտվեց Սեզարիո Լանժեի (Բրազիլիա) մասնաճյուղի շինարարությունը։ Այս մասնաճյուղը բաղկացած է ութ մասնաշենքից, որոնք ընդհանուր հաշվով՝ զբաղեցնում են 46000 քառակուսի-մետր տարածք։ Այն կառուցելու համար օգտագործվել է 10000 բեռնատարի տարողության ցեմենտ, քար և ավազ, ինչպես նաև երկաթբետոնե այնքան սյուներ, որ դրանց ընդհանուր երկարությունը երկու անգամ կգերազանցեր Էվերեստի բարձրությունը։ 1991-ին, երբ Ֆիլիպիններում ավարտվեց նոր մեծ տպարանի շինարարությունը, հարկ եղավ նաև կառուցել 11 հարկանի մի բնակելի շենք։

Նիգերիայում Թագավորության քարոզիչների թիվը գնալով աճում էր, և նրանց կարիքները հոգալու համար 1984-ին Իգեյդումայում սկսեց իրականացվել մի մեծ շինարարական նախագիծ։ Նախատեսվում էր կառուցել տպարան, գրասենյակային ընդարձակ շենք, միմյանց հետ կապված չորս բնակելի շենքեր և այլ անհրաժեշտ շինություններ։ Ըստ նախագծի՝ տպարանը պետք է ամբողջությամբ կառուցվեր հավաքովի կոնստրուկցիաներով, որոնք պետք է պատրաստվեին և առաքվեին Միացյալ Նահանգներից։ Բայց եղբայրներին թվում էր, թե անհնարին կլիներ այդ կոնստրուկցիաները տեղ հասցնել սահմանված ժամանակին։ Սակայն ամեն բան ճիշտ ժամանակին ապահով տեղ հասավ։ Եղբայրները այդ ամենի համար փառքն իրենց չվերագրեցին, այլ շնորհակալություն հայտնեցին Եհովային նրա տված օրհնության համար։

Արագ ընդլայնում ամբողջ աշխարհում

Թագավորության քարոզչության գործը այնքան արագ է ընթանում, որ տարբեր երկրներում մասնաճյուղերը զգալիորեն ընդլայնելուց հետո հաճախ կարճ ժամանակ անց կրկին կարիք է առաջանում նոր շինարարական աշխատանքներ ծավալելու։ Ահա մի քանի օրինակ։

1984-ի վերջին Պերուում (Հարավային Ամերիկա) ավարտվեց գեղեցիկ նոր մասնաճյուղի շինարարությունը։ Այն ընդգրկում էր գրասենյակներ, 22 ննջասենյակներ, Բեթելի ընտանիքի անդամների համար նախատեսված այլ շինություններ և մի Թագավորության սրահ։ Մինչդեռ այդ երկրում Թագավորության լուրին արձագանքում էին ավելի շատ մարդիկ, քան ակնկալվում էր։ Ուստի չորս տարի անց հարկ եղավ երկու անգամ մեծացնել մասնաճյուղը՝ այս անգամ օգտագործելով սեյսմակայուն կոնստրուկցիաներ։

1979-ին Կոլումբիայում ավարտվեց ընդարձակ նոր մասնաճյուղի շինարարությունը։ Թվում էր, որ այնտեղ բավականաչափ տեղ կա հետագա մի քանի տարիների գործունեության համար։ Բայց յոթ տարվա ընթացքում Կոլումբիայում Վկաների թիվը գրեթե կրկնապատկվեց, բացի այդ մասնաճյուղը այդ ժամանակ տպագրում էր La Atalaya («Դիտարան») և ¡Despertad! («Արթնացե՛ք») պարբերագրերը ոչ միայն Կոլումբիայի համար, այլև հարևան չորս երկրների։ Ուստի 1987-ին հարկ եղավ սկսել նոր շինարարություն, այս անգամ այնպիսի տարածքում, որտեղ հետագա ընդլայնման համար բավականաչափ տեղ կար։

1980-ի ընթացքում Բրազիլիայում Եհովայի վկաները Թագավորության բարի լուրը քարոզելու գործին տրամադրել են 14000000 ժամ։ 1989-ին այդ թիվը հասավ գրեթե 50000000-ի։ Ավելի ու ավելի շատ մարդիկ էին ցանկանում բավարարել իրենց հոգևոր քաղցը։ Մասնաճյուղի ընդարձակ շինությունները, որոնց նվիրումը տեղի էր ունեցել 1981-ին, այլևս չէին բավականացնում։ Ուստի 1988-ի սեպտեմբերին նոր տպարանի համար հիմքը փորելու աշխատանքներ էին կատարվում։ Այս շինությունը 80 տոկոսով ավելի մեծ տարածք էր ունենալու, քան գոյություն ունեցող տպարանը, և իհարկե կառուցվելու էին բավականաչափ բնակելի շենքեր Բեթելի ընտանիքի համար, որի անդամների թիվը զգալիորեն ավելացել էր։

1984-ին Զելտերսում (Տաունուս, Գերմանիա) տեղի ունեցավ Ընկերության՝ մեծությամբ երկրորդ մասնաճյուղի նոր տպարանի և նոր մասնաշենքերի նվիրումը։ Քանի որ Գերմանիայում քարոզիչների թիվը ավելացել էր, ինչպես նաև մեծ աճի հեռանկար կար այն երկրներում, որոնց համար մասնաճյուղը գրականություն էր տպագրում, ուստի հինգ տարի անց միջոցներ ձեռնարկվեցին 85 տոկոսով ընդլայնելու տպարանը և ավելացնելու այլ մասնաշենքեր։

1972-ին Ճապոնիայի մասնաճյուղը Տոկիոյից տեղափոխվեց Նումաձու, որտեղ նոր ընդարձակ շենքեր էին կառուցվել։ 1975-ին մասնաճյուղը ավելի ընդլայնվեց։ 1978-ին Էբինայում ձեռք բերվեց նոր տարածք, և անմիջապես սկսվեց կառուցվել նոր տպարան, որը երեք անգամ ավելի մեծ էր, քան Նումաձուի տպարանը։ Այդ շինարարությունը ավարտվեց 1982-ին։ Սակայն եղած շինությունները բավական չեղան, ուստի 1989-ին նորերն ավելացվեցին։ Արդյոք հնարավոր չէ՞ր հենց սկզբից կառուցել բավականին մեծ մասնաճյուղ։ Ո՛չ։ Ճապոնիայում Թագավորության քարոզիչների թիվը կրկնապատկվում էր կրկին ու կրկին, ինչը ոչ մի մարդ չէր կարող կանխատեսել։ 1972-ին քարոզիչների թիվը 14199 էր, իսկ 1989-ին այդ թիվը հասավ 137941-ի, և նրանց մեծ մասը ծառայում էր լիաժամ։

Նույն բանը տեղի է ունենում աշխարհի այլ մասերում։ Տպարաններ ունեցող մեծ մասնաճյուղեր կառուցելուց հետո չէր անցնում նույնիսկ տասը տարի, երբեմն էլ ավելի քիչ, երբ անհրաժեշտություն էր առաջանում դրանք զգալիորեն ընդլայնելու։ Այդպես եղավ Մեքսիկայում, Կանադայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Կորեայի Հանրապետությունում և այլ երկրներում։

Ինչպե՞ս են իրականացվում այդ նախագծերը։ Ովքե՞ր են կատարում շինարարությունը։

Հազարավորներ պատրաստակամորեն օգնում են

Արբուգայում (Շվեդիա) մասնաճյուղի շինարարության ժամանակ երկրում կային 17000 Վկաներ, որոնցից 5000-ը ցանկություն հայտնեց մասնակցելու շինարարական աշխատանքներին։ Կամավորների մեծ մասը պատրաստ էր կատարելու տարբեր գործեր, սակայն կային նաև բավականաչափ թվով հմուտ մասնագետներ, որոնք հոգ էին տանում, որ գործը որակով արվի։ Ի՞նչն էր նրանց մղում այդ գործը անելու։ Սերը Եհովայի հանդեպ։

Դանիայում տեղագրական վարչության մի ներկայացուցիչ իր մտահոգությունն արտահայտեց, երբ լսեց, որ Հոլբեկում նոր մասնաճյուղի բոլոր շինարարական աշխատանքները կատարելու են միայն Եհովայի վկաները։ Ճիշտ է, կամավորների թվում կային անհրաժեշտ բոլոր մասնագիտությունները ունեցող անհատներ, բայց ավելի լավ չէ՞ր լինի, եթե գործը անեին վարձու աշխատողները։ Շինարարության ավարտից հետո շինարարական վարչության փորձագետները զննեցին արված գործը և ասացին, որ ամեն բան բարձր որակով է արված, մի բան, որ նրանք հազվադեպ են տեսնում վարձու աշխատողների կողմից կատարված գործերում։ Իսկ այն ներկայացուցիչը, որը մինչ այդ իր մտահոգությունն էր հայտնել, ժպտաց և ասաց. «Ճիշտն ասած՝ այն ժամանակ ես չգիտեի, թե ինչպիսի կազմակերպություն ունեք դուք»։

Ավստրալիայում բնակավայրերը իրարից հեռու են գտնվում։ Այդ պատճառով 1978-ից 1983 թվականների ընթացքում Ինգլբերնի մասնաճյուղը կառուցելիս 3000 կամավորների մեծ մասը ստիպված էր անցնել 1600 կմ՝ շինարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Միջոցներ ձեռնարկվեցին, որպեսզի կամավորները կարողանան ճամփորդել ավտուբուսով, և այն վայրերում, որտեղ նրանք կանգ էին առնում՝ հանգստանալու, ջերմ ընկերակցություն էին վայելում այդ վայրերի ժողովների հետ, որոնք նրանց սիրով ապահովում էին սննդով։ Եղբայրներից ոմանք վաճառեցին իրենց տները, փակեցին իրենց բիզնեսը, արձակուրդ վերցրին և այլ զոհողություններ արեցին այդ շինարարական նախագծին մասնակցելու համար։ Փորձառու արհեստավորների տարբեր խմբեր էին գալիս (որոշ խմբեր նույնիսկ մի քանի անգամ) բետոնը լցնելու, առաստաղները հավաքելու, ցանկապատերը տեղադրելու համար։ Ուրիշներն էլ շինանյութ էին նվիրաբերում։

Այս նախագծերին մասնակցող կամավորների մեծ մասը մասնագետ չէր, բայց մի փոքր մարզում ստանալուց հետո նրանցից ոմանք լուրջ պատասխանատվություններ էին ստանձնում և հիանալի գործ էին կատարում։ Նրանք սովորել էին պատուհաններ հավաքել և տեղադրել, տրակտոր վարել, բետոն խառնել և աղյուս շարել։ Ի տարբերություն ոչ Վկա մասնագետների, որոնք նման աշխատանքներ անում են վարձի դիմաց՝ փորձառու կամավորները պատրաստակամորեն իրենց գիտելիքները փոխանցում էին մյուսներին։ Ոչ ոք չէր վախենում, որ ուրիշը կխլի իր գործը. բոլորի համար էլ բավականաչափ բան կար անելու։ Բոլորն էլ մղված էին բարձրորակ աշխատանք կատարելու, քանի որ նրանք այդպիսով դրսևորում էին Աստծու հանդեպ իրենց սերը։ Եվ այս ամենի շնորհիվ ակնհայտորեն ավելի որակյալ գործ էր արվում։

Բոլոր շինարարական նախագծերում կա հիմնական աշխատողների խումբ։ 1979–1984 թվականներին Զելտերսի (Տաունուս, Գերմանիա) մասնաճյուղի շինարարության ժամանակ այդ խումբը բաղկացած էր մի քանի հարյուր հոգուց։ Հազարավոր այլ կամավորներ միանում էին շինարարներին երկար կամ կարճ ժամանակով, շատերը՝ շաբաթ-կիրակի օրերին։ Աշխատանքն այնպես էր պլանավորվում, որ երբ կամավորները գալիս էին, նրանք միշտ գործ էին ունենում անելու։

Քանի դեռ մարդիկ անկատար են, խնդիրներ միշտ էլ կլինեն, սակայն շինարարական նախագծերին մասնակցող կամավորները ջանում են լուծել դրանք Աստվածաշնչի սկզբունքների հիման վրա։ Նրանք հասկանում են, որ քրիստոնեավայել վարվելակերպը ավելի կարևոր է, քան արդյունավետությունը։ Այդ մասին միշտ հիշելու համար Ճապոնիայի Էբինա քաղաքի շինհրապարակում մեծ ցուցանակներ էին դրված, որոնց վրա պատկերված էին շինարարներ, և նրանցից յուրաքանչյուրի սաղավարտի վրա ճապոներենով գրված էր Աստծու ոգու պտղի հատկություններից մեկը՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարություն, առաքինություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում (Գաղ. 5։22, 23)։ Նրանք, ովքեր այցելում են տարբեր շինհրապարակներ, կարող էին հստակ տեսնել, որ Վկա շինարարները տարբերվում են մյուսներից։ Մի լրագրող, որն այցելեց Բրազիլիայի մասնաճյուղի շինհրապարակ, ասաց. «Այստեղ կարգուկանոն է տիրում, բոլորը սիրով համագործակցում են.... Այստեղ տիրող մթնոլորտը շատ է տարբերվում այն մթնոլորտից, որ սովորաբար տիրում է Բրազիլիայի շինարարական այլ նախագծերի ժամանակ»։

Գլխավոր վարչության շարունակական աճը

Մինչ Ընկերության մասնաճյուղերն ավելանում էին և ընդարձակվում, հարկ եղավ ընդլայնել նաև գլխավոր վարչությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ընդլայնման ավելի քան տասը տարբեր նախագծեր են իրականացվել Բրուքլինի տպարանում և գրասենյակային շենքերում, ինչպես նաև Նյու Յորք նահանգի տարբեր շրջաններում։ Բեթելի ծառայողներին կացարանով ապահովելու համար հարկ է եղել կառուցել կամ գնել և վերանորոգել բազմաթիվ մեծ ու փոքր շինություններ։ Բրուքլինի հետագա մեծ ընդլայնումների մասին հայտարարվեց 1990-ի օգոստոսին և 1991-ի հունվարին։ Այդ ընթացքում Նյու Յորքի հյուսիսային շրջանում շարունակվում էր «Դիտարանի» կրթական մեծ կենտրոնի շինարարությունը, որը սկսվել էր 1989-ին։ Այդ կենտրոնը նախատեսված էր 1200 հոգու համար՝ մշտական աշխատակազմի և սովորողների։

1972-ից ի վեր շինարարական աշխատանքները չեն դադարել Բրուքլինի գլխավոր վարչությունում և դրա այլ մասնաշենքերում, որոնք գտնվում են Նյու Յորքի տարբեր շրջաններում և Նյու Ջերսիում։ Ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ թեև շինարարական աշխատանքները կատարում էին հարյուրավոր հիմնական աշխատողները, սակայն նրանք ի վիճակի չէին միայն իրենց ուժերով անել ողջ գործը։ Ուստի 1984-ին սկսեց գործել ժամանակավոր ծառայողների ծրագիրը։ Միացյալ Նահանգներում այն ժամանակ գործող 8000 ժողովներին նամակներ ուղարկվեցին, որոնցում հմուտ եղբայրներին հրավեր էր տրվում շինարարությանը մասնակցելու մեկ շաբաթով կամ ավելի երկար ժամանակով։ (Նման ծրագիր արդեն հաջողությամբ գործել էր որոշ մասնաճյուղերում, ինչպես, օրինակ, Ավստրալիայում, որտեղ հրավիրում էին այնպիսի կամավորների, որոնք կարող էին աշխատանքներին մասնակցել երկու շաբաթ։) Աշխատողներին տրամադրվելու էր կացարան և սնունդ, իսկ ճանապարհածախսը անձամբ էին հոգալու և աշխատավարձ չէին ստանալու։ Արդյոք արձագանքողներ եղա՞ն։

1992-ին արդեն ավելի քան 24000 դիմումներ էին ներկայացվել։ Դրանցից առնվազն 3900-ը լրացրել էին նրանք, ովքեր մասնակցում էին շինարարությանը 2-րդ, 3-րդ, նույնիսկ 10-րդ կամ 20-րդ անգամ։ Այդ կամավորների մեծամասնությունը երեցներ, ծառայող օգնականներ կամ ռահվիրաներ էին՝ հոգևորապես հասուն անհատներ։ Բոլորը պատրաստ էին անելու ցանկացած աշխատանք, որ անհրաժեշտ էր, անկախ նրանից՝ դա կապ ուներ իրենց մասնագիտության հետ, թե ոչ։ Հաճախ աշխատանքը լինում էր ծանր և փոշոտ։ Սակայն նրանց համար մեծ առանձնաշնորհում էր այդ կերպով աջակցել Թագավորության շահերն առաջ տանելու գործին։ Կամավորներից ոմանց դա օգնել է ավելի բարձր գնահատելու այն անձնազոհ ոգին, որը դրսևորվում է գլխավոր վարչությունում կատարվող բոլոր գործերում։ Նրանք մեծ օրհնություն էին համարում այն, որ կարող էին ներկա լինել Բեթելի ընտանիքի առավոտյան երկրպագության ծրագրին և ամեն շաբաթ անցկացվող «Դիտարանի» ընտանեկան ուսումնասիրությանը։

Միջազգային կամավորներ

Քանի որ գնալով մեծանում էր տարբեր վայրերում ընդլայնման աշխատանքներ ծավալելու կարիքը, 1985-ին սկսեց գործել միջազգային շինարարական ծրագիր։ Իհարկե, միջազգային համագործակցությունը նոր բան չէր, բայց այժմ այդ ծրագիրը վերահսկում էր գլխավոր վարչությունը։ Այդ ծրագրի մեջ ընդգրկվում են այն Վկաները, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցելու շինարարական աշխատանքներին այլ երկրներում։ Նրանց թվում կան հմուտ արհեստավորներ, ինչպես նաև քույրեր, որոնք իրենց ամուսինների հետ գնում են տարբեր երկրներ և պատրաստ են օգնելու, ինչով որ կարող են։ Նրանց մեծ մասը անձամբ է հոգում ճանապարհածախսը։ Ոչ ոք աշխատանքի դիմաց վարձ չի ստանում։ Ոմանք գնում են այլ երկրներ կարճ ժամանակով՝ սովորաբար երկու շաբաթից մինչև երեք ամիս ժամկետով։ Մյուսներն էլ ծրագրին մասնակցում են երկար ժամանակով՝ մեկ տարով կամ ավելի երկար, երբեմն մինչև նախագծի ավարտը։ Առաջին հինգ տարիների ընթացքում 30 տարբեր երկրներից ավելի քան 3000 Եհովայի վկաներ են մասնակցել այդ ծրագրին, շատերն էլ պատրաստակամորեն աջակցել են, երբ իրենց հմտությունների կարիքը եղել է։ Այս կամավորները առանձնաշնորհում են համարում այն, որ կարող են այդ կերպով իրենց անձը և միջոցները տրամադրել Աստծու Թագավորության շահերը առաջ տանելու գործին։

Միջազգային կամավորներին տրամադրվում է սնունդ, ինչպես նաև կացարան՝ հաճախ նվազագույն հարմարություններով։ Տեղի Վկաները շատ են գնահատում այն ամենը, որ անում են այս կամավորները, և հնարավորության դեպքում սիրով հրավիրում են նրանց ապրելու իրենց հետ, որքան էլ համեստ լինի իրենց բնակարանը։ Մեծամասամբ կամավորներին կերակուր է տրվում շինարարության տարածքում։

Միջազգային կամավորները իրենց վրա չեն վերցնում ողջ աշխատանքը կատարելու պատասխանատվությունը։ Նրանց նպատակը տեղի շինարարական խմբի հետ համագործակցելն է։ Բացի այդ, տվյալ երկրից հարյուրավոր, նույնիսկ հազարավոր այլ կամավորներ են գալիս օգնելու շաբաթ-կիրակի օրերին, ոմանք էլ գալիս են մեկ շաբաթով կամ ավելի երկար ժամանակով։ Արգենտինայում այլ երկրներից եկած 259 կամավորներ ուս ուսի աշխատում էին տեղի մի քանի հազար եղբայրների հետ, որոնցից մի քանիսը ամեն օր էին մասնակցում շինարարությանը, ոմանք գալիս էին մի քանի շաբաթով, շատ շատերն էլ՝ շաբաթ-կիրակի օրերին։ Իսկ Կոլումբիայում ավելի քան 830 միջազգային կամավորներ մասնակցեցին շինարարական աշխատանքներին տարբեր ժամկետներով։ Նախագծին լիաժամ մասնակցում էին նաև տեղի ավելի քան 200 կամավորներ, իսկ ամեն շաբաթ-կիրակի նրանց միանում էր 250 հոգի ևս։ Ընդհանուր հաշվով՝ շինարարական աշխատանքներին մասնակցում էր 3600 հոգի։

Քանի որ շինարարությանը մասնակցում են տարբեր լեզուներով խոսող մարդիկ, դա կարող է որոշակի դժվարություններ առաջացնել։ Բայց դա չի խանգարում, որ տարբեր երկրների շինարարական խմբերը համագործակցեն միմյանց հետ։ Նրանց օգնում են ժեստերը, դեմքի արտահայտությունը, հումորի զգացումը, ինչպես նաև այն, որ բոլորն էլ ցանկանում են կատարել մի գործ, որը փառք կբերի Եհովային։

Երբեմն մեծ աճ է տեղի ունենում և մասնաճյուղերի ընդլայնման կարիք է առաջանում նաև այնպիսի երկրներում, որտեղ քիչ են շինարարական հմտություններ ունեցող մարդիկ։ Բայց դա խոչընդոտ չէ Եհովայի վկաների համար, քանի որ նրանք սիրով աջակցում են միմյանց։ Նրանք աշխատում են միասին՝ որպես համաշխարհային ընտանիք, որը պառակտված չէ ազգային պատկանելության, մաշկի գույնի կամ լեզվի պատճառով։

Պապուա Նոր Գվինեայի աշխատանքի նախարարության պահանջով՝ Ավստրալիայից և Նոր Զելանդիայից եկած կամավորներից յուրաքանչյուրը իր արհեստը պետք է սովորեցներ տեղի եղբայրներից որևէ մեկին։ Այդպիսով՝ տեղի Վկաները, պատրաստակամորեն մասնակցելով շինարարությանը, նաև սովորում էին արհեստ, որը կօգներ նրանց հոգալ թե իրենց և թե իրենց ընտանիքի կարիքները։

Երբ Սալվադորում պետք է կառուցվեր նոր մասնաճյուղ, տեղի եղբայրներին միացան 326 միջազգային կամավորներ։ Էկվադորում իրականացվող շինարարական նախագծի ժամանակ տեղի եղբայրների ու քույրերի հետ ուս ուսի աշխատում էին 14 երկրներից եկած 270 կամավորներ։ Որոշ միջազգային կամավորներ մասնակցում էին միաժամանակ մի քանի նախագծերի։ Նրանք շարունակ գնում էին կամ Եվրոպա, կամ Աֆրիկա՝ կախված նրանից, թե որտեղ էին հարկավոր իրենց մասնագիտական հմտությունները։

Մինչև 1992-ը միջազգային կամավորներ էին ուղարկվել 49 մասնաճյուղեր՝ օգնելու տեղի շինարարական խմբերին։ Որոշ դեպքերում նրանք, ովքեր օգնություն ստացան այս ծրագրի շնորհիվ, կարողացան իրենց հերթին օգնել ուրիշներին։ Օրինակ՝ Ֆիլիպինների մասնաճյուղի շինարարության ժամանակ տեղի եղբայրներին օգնեցին մոտ 60 մշտական միջազգային ծառայողներ, ինչպես նաև տարբեր երկրներից եկած ավելի քան 230 ժամանակավոր ծառայողներ, ինչից հետո տեղի եղբայրները իրենց հերթին սկսեցին աջակցել Հարավարևելյան Ասիայի տարբեր մասերում իրականացվող շինարարական նախագծերին։

Եհովայի վկաները շինարարական աշխատանքներ են իրականացնում, քանի որ դա անհրաժեշտ է բարի լուրի քարոզչության համար։ Նրանք ցանկանում են Եհովայի ոգու օգնությամբ հնարավորինս շատ մարդկանց վկայություն տալ նախքան Արմագեդոնը։ Վկաները համոզված են, որ Աստծու խոստացած նոր աշխարհը շատ մոտ է, և հավատում են, որ որպես կազմակերպված ժողովուրդ՝ նրանք կենդանի կմնան ու կապրեն Աստծու Մեսիական Թագավորության իշխանության ներքո։ Նրանք նաև հույս ունեն, որ իրենց կառուցած և Եհովային նվիրած գեղեցիկ շինություններից շատերը Արմագեդոնից հետո էլ կշարունակեն ծառայել որպես այնպիսի կենտրոններ, որտեղից միակ ճշմարիտ Աստծու մասին գիտելիքները կտարածվեն, մինչև որ իսկապես լցնեն ողջ երկիրը (Ես. 11։9)։

[ծանոթագրություն]

a Այն կոչվում էր «Նոր լույս» Եկեղեցի, քանի որ այնտեղ հավաքվողները համարում էին, որ «Դիտարանի» հրատարակությունները կարդալով՝ նրանք Աստվածաշնչի նոր հասկացողություն են ձեռք բերում։

[մեջբերում 322-րդ էջի վրա]

Շինարարական աշխատանքներին մասնակցում էին նաև մոտակա վայրերի ժողովների Վկաները

[մեջբերում 323-րդ էջի վրա]

Շինարարական աշխատանքները կատարում էին կամավորները՝ առանց որևէ վճարի

[մեջբերում 324-րդ էջի վրա]

Մեծ շեշտ էր դրվում աստվածահաճո հատկություններ դրսևորելու վրա

[մեջբերում 326-րդ էջի վրա]

Որակյալ շինարարություն, անվտանգություն, նվազագույն ծախսեր, արագություն

[մեջբերում 328-րդ էջի վրա]

Համաժողովների շարժական սրահ

[մեջբերում 331-րդ էջի վրա]

Դիմում են դատարան

[մեջբերում 332-րդ էջի վրա]

Մեծամասշտաբ ընդլայնում

[մեջբերում 333-րդ էջի վրա]

Եղբայրները փառքը վերագրեցին ոչ թե իրենց, այլ Եհովային

[մեջբերում 334-րդ էջի վրա]

Արագ աճ, որը ոչ մի մարդ չէր կարող կանխատեսել

[մեջբերում 336-րդ էջի վրա]

Առանձնաշնորհում էին համարում մասնակցել գլխավոր վարչությունում կատարվող շինարարությանը

[մեջբերում 339-րդ էջի վրա]

Աշխատում են՝ որպես համաշխարհային ընտանիք և պառակտված չեն ազգության, մաշկի գույնի կամ լեզվի պատճառով

[շրջանակ/նկարներ 320-րդ, 321-րդ էջերի վրա]

Միասին արագ կառուցում են Թագավորության սրահներ

Ամեն տարի հիմնվում են հազարավոր ժողովներ։ Գրեթե միշտ Վկաներն իրենք են կառուցում Թագավորության սրահները։ Թագավորության սրահի շինարարության լուսանկարներ (1991, Քոնեկտիկուտ, ԱՄՆ)

Ուրբաթ՝ ժամը 7։40

Ուրբաթ՝ ժամը 12։00

Շաբաթ՝ ժամը 19։41

Հիմնական աշխատանքն ավարտված է։ Կիրակի՝ ժամը 18։10

Եհովայից օրհնություն են խնդրում և ժամանակ են հատկացնում նրա Խոսքից խորհուրդներ քննարկելու համար

Բոլորը կամավորներ են և սիրով աշխատում են միասին՝ առանց վճարի

[շրջանակ/նկարներ 327-րդ էջի վրա]

Թագավորության սրահներ տարբեր երկրներում

Եհովայի վկաների սրահները սովորաբար համեստ շինություններ են։ Դրանք մաքուր են, հարմարավետ և գրավիչ

Պերու

Ֆիլիպիններ

Ֆրանսիա

Կորեայի Հանրապետություն

Ճապոնիա

Պապուա Նոր Գվինեա

Իռլանդիա

Կոլումբիա

Նորվեգիա

Լեսոթո

[շրջանակ/նկարներ 330-րդ էջի վրա]

Համաժողովների սրահներ

Համաժողովներ անցկացնելու համար որոշ շրջաններում Վկաները նպատակահարմար են համարել համաժողովների սրահներ կառուցել։ Շինարարությունը մեծամասամբ կատարում են տեղի Վկաները։ Ահա այդ սրահներից մի քանիսը, որոնք օգտագործվում էին 1990-ականների սկզբին

Մեծ Բրիտանիա

Վենեսուելա

Իտալիա

Գերմանիա

Կանադա

Ճապոնիա

[շրջանակ/նկարներ 338-րդ էջի վրա]

Միջազգային շինարարական ծրագիր

Արագ աճի պատճառով ողջ աշխարհում անընդհատ կարիք է առաջանում ընդլայնելու Բեթելի մասնաշենքերը, գրասենյակներն ու տպարանները

Միջազգային կամավորները օգնում են տեղի Վկաներին

Իսպանիա

Որակյալ շինանյութեր օգտագործելը նվազեցնում է հետագա սպասարկման ծախսերը

Պուերտո Ռիկո

Մասնագետներն սիրով առաջարկում են իրենց օգնությունը

Նոր Զելանդիա

Հունաստան

Բրազիլիա

Շինարարական մեթոդների շնորհիվ քիչ փորձ ունեցող կամավորները արժեքավոր գործ են կատարում

Մեծ Բրիտանիա

Գործը կատարվում է որակով, քանի որ կամավորները սրտանց են կատարում այն և այդպիսով իրենց սերն են արտահայտում Եհովայի հանդեպ

Կանադա

Նման նախագծերը ուրախություն են պատճառում կամավորներին, շատերը հավատարիմ ընկերներ են գտնում

Կոլումբիա

Այսպիսի ցուցանակները հիշեցնում էին անվտանգության կանոնների, նաև սուրբ ոգու պտուղը դրսևորելու կարևորության մասին (Ճապոնիա)

[նկար 318-րդ էջի վրա]

Առաջին շինությունը, որ անվանվեց Թագավորության սրահ (Հավայի)

[նկարներ 319-րդ էջի վրա]

Առաջին Թագավորության սրահներից շատերը վարձված շինություններ էին կամ խանութների վերևում գտնվող սենյակներ, մի քանիսն էլ կառուցել էին Վկաները

[նկարներ 329-րդ էջի վրա]

Առաջին համաժողովների սրահներից երկուսը

Նյու Յորք քաղաք

Գվադելուպա

[նկարներ 337-րդ էջի վրա]

Շինարարության ժամանակավոր ծառայողները, որ նոր են ժամանել գլխավոր վարչություն (Նյու Յորք)

Շինարարական խմբերին հիշեցվում է տրվում, որ հոգևոր անձնավորություն լինելը և որակյալ գործ անելը ավելի կարևոր է, քան արագությունը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը