Գլուխ 22
Մաս 3. Վկաներ կլինեն մինչեվ աշխարհի ծայրերը
444–461-րդ էջերում նկարագրվում է, թե 1935–1945թթ.-ին ինչպես է ամբողջ աշխարհում իրականացվել Թագավորության քարոզչության գործը։ 1935 թվականը անչափ նշանակալից էր, քանի որ այդ ժամանակ պարզ դարձավ Հայտնություն 7։9-ում նկարագրված մեծ բազմության ինքնությունը։ Եհովայի վկաները սկսեցին հասկանալ, որ ըստ Աստվածաշնչի՝ իրենց աննախադեպ մասշտաբի գործ է սպասում այդ խմբի անդամներին հավաքելու համար։ Ինչպե՞ս էին նրանք կատարում այդ գործը այն ժամանակ, երբ տարբեր երկրներ ներգրավվել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ և շատ պետություններում արգելք էր դրվում նրանց գործունեության և աստվածաշնչյան գրականության վրա։
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ 1930-ականներին իրենց ծառայությունը կատարելիս նպատակ ունեին Թագավորության բարի լուրը հայտնել հնարավորինս շատ մարդկանց։ Երբ ոմանք նկատում էին, որ անհատը առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում և հոգևորապես քաղցած է, մինչև ուշ գիշեր մնում էին նրա մոտ՝ բացատրելով Աստվածաշնչի ճշմարտությունները և գոհացուցիչ պատասխաններ տալով նրան հուզող հարցերին։ Բայց հիմնականում Վկաները կարճ մատուցումներ էին օգտագործում մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնելու համար՝ մտածելով, որ մնացած տեղեկությունները նրանք կարող են ստանալ թողնված գրականությունից կամ հանրային ելույթներից. նրանց գործը հիմնականում մարդկանց Թագավորության մասին հայտնելն էր և ճշմարտության սերմերը ցանելը։
Մեծ ջանքեր բարի լուրը շատերին հայտնելու համար
Քարոզչական գործը կատարվում էր հրատապության զգացումով։ 1930-ականների սկզբներին Կորդովայից (Արգենտինա) Արմանդո Մենացին վճռականորեն գործի անցավ, երբ կարդաց «Դժոխք» և «Որտե՞ղ են գտնվում մահացածները» գրքույկները, որոնցում հստակորեն ներկայացվում են աստվածաշնչյան ճշմարտությունները (Սաղ. 145։20; Ժող. 9։5; Գործ. 24։15)։ Նա անչափ տպավորվել էր իր սովորածով և Նիկոլաս Արխիրոսի դրսևորած եռանդով, ուստի վաճառեց իր ավտոմեքենաների վերանորոգման կայանը և իր անձը նվիրեց ճշմարտությունը քարոզելու գործին՝ ծառայելով որպես ռահվիրա։ Այնուհետև 1940-ականների սկզբներին Կորդովայի Վկաները, հետևելով նրա խորհրդին, գնեցին մի հին ավտոբուս, որի մեջ տեղադրեցին մահճակալներ։ Այդ ավտոբուսով տասը կամ ավելի քարոզիչներ մեկնում էին քարոզչական ճամփորդությունների, որոնք տևում էին մեկ կամ երկու շաբաթ, երբեմն նույնիսկ երեք ամիս։ Երբ սկսեցին կազմակերպվել այդ ճամփորդությունները, ժողովի տարբեր եղբայրներ և քույրեր հնարավորություն ունեցան մասնակցելու այդ ծառայությանը։ Խմբում յուրաքանչյուրն ուներ իր հանձնարարությունը՝ մաքրել, ճաշ պատրաստել, ձուկ կամ ուրիշ կենդանի որսալ։ Այս նախանձախնդիր խումբը տնից տուն քարոզեց Արգենտինայի առնվազն տասը պրովինցիաներում՝ անցնելով քաղաքներով, գյուղերով և հասնելով անգամ հեռավոր ագարակներ։
Նմանատիպ ոգի դրսևորեցին նաև Ավստրալիայի Վկաները։ Մեծ վկայություն էր տրվում խիտ բնակեցված, ափամերձ քաղաքներում։ Բայց Վկաները ձգտում էին քարոզել նաև հեռավոր վայրերում ապրող մարդկանց։ Օրինակ՝ 1936-ի մարտի 31-ին Արթուր Ուիլիսը և Բիլ Նյուլենդսը սկսեցին մի ճամփորդություն և անցան 19710 կմ ամայի տարածքներում ցրված ոչխարաբուծական և անասնաբուծական ֆերմաներում ապրող մարդկանց քարոզելու համար։ Նրանք հաճախ գնում էին ամայի անապատներով, որտեղ ճանապարհներ չկային, այլ խորդուբորդ արահետներ էին։ Չկար նույնիսկ մի ծառ, անխնա այրում էր արևը և սուլում էին ավազահողմերը։ Բայց նրանց ոչինչ չէր կանգնեցնում։ Ամենուր, որտեղ հետաքրքրություն էին տեսնում, աստվածաշնչյան ելույթների ձայնագրություններ էին հնչեցնում և գրականություն էին թողնում։ Երբեմն նրանց միանում էր Ջոն (Թեդ) Սյուելը, որը հետագայում մեկնեց՝ ծառայելու Հարավարևելյան Ասիայում։
Ավստրալիայի մասնաճյուղի վերահսկողության տակ մտնում էին նաև այլ տարածքներ։ Դրանց թվում էին Չինաստանը, ինչպես նաև այն կղզեխմբերն ու պետությունները, որոնք գտնվում են Թաիթիի և Բիրմայի (այժմ՝ Մյանմա) միջև ընկած տարածքում, որոնց միջև հեռավորությունը 13700 կմ է։ Մասնաճյուղի վերահսկողության տակ գտնվող տարածքի մեջ մտնում էին նաև Հոնկոնգը, Հնդկաչինը (այժմ՝ Կամբոջա, Լաոս և Վիետնամ), Նիդերլանդական Օստ Ինդիան (ընդգրկում է, օրինակ, Սումատրա, Ճավա և Բոռնեո կղզիները), Նոր Զելանդիան, Սիամը (այժմ՝ Թաիլանդ) և Մալայան։ Մասնաճյուղի վերակացուն՝ ազգությամբ շոտլանդացի Ալեքսանդր Մաք-Գիլիվրեյը, հաճախ իր գրասենյակ էր կանչում որևիցե եռանդուն երիտասարդ ռահվիրայի, ցույց էր տալիս նրան մասնաճյուղի հսկողության տակ գտնվող տարածքի քարտեզը և հարցնում էր. «Կցանկանայի՞ր միսիոներ ծառայել»։ Ապա ցույց տալով մի տարածք, որը քիչ էր քարոզվել կամ ընդհանրապես չէր քարոզվել՝ հարցնում էր. «Չէի՞ր ցանկանա այս տարածքում սկիզբ դնել քարոզչական գործին»։
1930-ականների սկզբներին այդ ռահվիրաներից ոմանք արդեն բավականին մեծ գործ էին արել Նիդերլանդական Օստ Ինդիայում (այժմ՝ Ինդոնեզիա) և Սինգապուրում։ 1935-ին նորզելանդացի Ֆրենկ Դյուարը «Լուսակիր» նավով այդ ռահվիրաների մի խմբի հետ գնաց մինչև Սինգապուր։ Նախքան նավը կշարունակեր իր ճանապարհը դեպի Մալայայի հյուսիսարևմտյան ափ, նավապետ Էրիկ Յուինզը ասաց. «Դե՛, Ֆրենկ, ահա և տեղ հասանք։ Այստեղից արդեն չենք կարող քեզ տանել։ Դու ուզում էիր գնալ Սիամ։ Այստեղ պետք է իջնես և շարունակես ճանապարհդ»։ Բայց Ֆրենկը գրեթե մոռացել էր Սիամի մասին։ Նա մեծ հաճույք էր ստացել՝ ծառայելով այդ խմբի հետ։ Իսկ հիմա նա մնաց միայնակ։
Ֆրենկը որոշ ժամանակ մնաց Կուալա Լումպուրում, մինչև որ բավականաչափ գումար հավաքեր ճանապարհը շարունակելու համար։ Բայց այնտեղ եղած ժամանակ նա ավտովթարի ենթարկվեց. մի բեռնատար հարվածեց նրան, երբ նա վարում էր իր հեծանիվը։ Ապաքինվելուց հետո նա նստեց Սինգապուրից Բանգկոկ մեկնող գնացքը՝ գրպանում ունենալով ընդամենը հինգ դոլար։ Համոզված լինելով, որ Եհովան հոգ կտանի իր մասին՝ նա շարունակեց իր գործը։ 1931-ին Բանգկոկում կարճ ժամանակով քարոզել էր Կլոդ Գուդմանը։ Բայց երբ 1936-ի հուլիսին Ֆրենկը եկավ այդտեղ, այնտեղ ոչ մի Վկա չկար, որ դիմավորեր իրեն։ Սակայն հաջորդ մի քանի տարիների ընթացքում այդ տարածքը մշակելու գործին մասնակցեցին նաև ուրիշները՝ Վիլի Ունգլաուբեն, Հանս Թոմասը և Կուրտ Գրուբերը Գերմանիայից, ինչպես նաև Թեդ Սյուելը Ավստրալիայից։ Նրանք շատ գրականություն տարածեցին, մեծամասամբ անգլերեն, չինարեն և ճապոներեն լեզուներով։
Երբ Ընկերության գլխավոր վարչությունը նամակ ստացավ Թաիլանդից, որում ասվում էր, որ եղբայրներն այնտեղ թաի լեզվով գրականության կարիք ունեն, բայց թարգմանիչ չունեն, եղբայր Ռադերֆորդը պատասխանեց. «Ես Թաիլանդում չեմ։ Դուք եք այդտեղ։ Հավատացեք Եհովային, ջանքեր գործադրեք ու կգտնեք թարգմանիչ»։ Եվ նրանք գտան թարգմանիչ։ Չոմչայ Ինտապան անունով մի կին, որը Չիանգմայի պրեսբիտերական օրիորդաց դպրոցի նախկին տնօրենն էր, ընդունեց ճշմարտությունը և 1941-ին արդեն աստվածաշնչյան գրականությունը թարգմանում էր թաի լեզվով։
Ֆրենկ Դյուարը դեռ մեկ շաբաթ էր, ինչ քարոզում էր Բանգկոկում, երբ այդ քաղաք եկավ Ֆրենկ Ռայսը, որը մեկնում էր իր նոր նշանակման վայր՝ Ֆրանսիական Հնդկաչին (այդպես էր կոչվում այն ժամանակ)։ Ֆրենկ Ռայսը Ճավայում (այժմ՝ Ինդոնեզիայի մի մասը) սկիզբ էր դրել քարոզչական գործին։ Հասնելով Ֆրանսիական Հնդկաչին՝ նա սկսեց քարոզել անգլիախոսներին և միևնույն ժամանակ սովորել տեղի լեզուն, ինչպես որ արել էր իր նախկին նշանակման ժամանակ։ Սայգոն (այժմ՝ Հոշիմին) քաղաքն ամբողջությամբ քարոզելուց հետո նա սկսեց անգլերենի դասեր տալ, որպեսզի գներ մի հին ավտոմեքենա՝ երկրի հյուսիսային շրջաններ հասնելու համար։ Նրան հետաքրքրում էր ոչ թե նյութական ապահովվածությունը, այլ Թագավորության շահերը (Եբր. 13։5)։ Գնելով մեքենա՝ նա մեկնեց Հանոյ՝ ճանապարհին քարոզելով քաղաքներում, գյուղերում, ինչպես նաև մեկուսի տների բնակիչներին։
Համարձակ վկայություն
Շատ երկրներում Եհովայի վկաները հատուկ միջոցներ են օգտագործել, որպեսզի մարդկանց մեջ բարի լուրի հանդեպ հետաքրքրություն արթնացնեն և տեղեկացնեն նրանց վճռական քայլեր անելու անհրաժեշտության մասին։ 1936-ին Գլազգոյում (Շոտլանդիա) անցկացված համաժողովից սկսած՝ Վկաները համաժողովների ելույթների մասին հռչակում էին՝ իրենց վրա կրելով ազդագրեր և գործարար տարածքներում տարածելով տեղեկատու թերթիկներ։ Երկու տարի անց՝ 1938-ին, Լոնդոնի (Անգլիա) համաժողովի հետ կապված, մի նոր առանձնահատկություն ավելացավ։ Նաթան Հ. Նորը և Ալբերտ Դ. Շրյոդերը, որոնք հետագայում միասին ծառայեցին որպես Կառավարիչ մարմնի անդամներ, առաջնորդեցին Լոնդոնի կենտրոնական գործարար շրջանով անցնող մի երթ, որին մասնակցում էին մոտ հազար Վկաներ։ Երթի ամեն երկրորդ մասնակից իր վրա կրում էր ազդագիր, որի վրա գրված էր հանրային ելույթի վերնագիրը՝ «Ուղիղ նայենք փաստերին», որը ներկայացնելու էր Ջ. Ֆ. Ռադերֆորդը «Ռոյալ Ալբերտ Հոլ» համերգասրահում։ Իսկ մյուս մասնակիցները քայլում էին՝ ձեռքերում պահած ուրիշ ազդագրեր, որոնց վրա գրված էր՝ «Կրոնը թակարդ է և խաբեություն»։ (Այդ ժամանակ կրոն ասելով՝ նրանք հասկանում էին երկրպագության այն բոլոր ձևերը, որոնք հակասում էին Աստծու Խոսքին՝ Աստվածաշնչին։) Մի քանի օր անց որոշ մարդկանց թշնամական վերաբերմունքը մեղմելու նպատակով երթի մասնակիցները, նախորդ ազդագրերի հետ միասին, սկսեցին տանել նոր ազդագրեր, որոնց վրա գրված էր՝ «Ծառայե՛ք Աստծուն և Քրիստոսին՝ Թագավորին»։ Այդ երթերին մասնակցելը հեշտ չէր Վկաներից շատերի համար, բայց նրանք դա համարում էին Եհովային ծառայելու մեկ այլ միջոց, նաև իրենց հավատարմությունը ցույց տալու հնարավորություն։
Այն, որ Եհովայի վկաները համարձակ վկայություն էին տալիս, ոչ բոլորին էր դուր գալիս։ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում հոգևորականները ճնշում բանեցրին ռադիոկայանների ղեկավարների վրա, որպեսզի վերջիններս դադարեցնեն Եհովայի վկաների բոլոր հեռարձակումները։ 1938-ի ապրիլին եղբայր Ռադերֆորդը մեկնեց Ավստրալիա, որտեղ պետք է ելույթ ներկայացներ Սիդնեյի քաղաքապետարանի շենքում, և այդ ելույթը պետք է հեռարձակվեր ռադիոյով։ Սակայն պետական պաշտոնյաները, կողմնակի ազդեցության տակ ընկնելով, չեղյալ համարեցին այդ պայմանավորվածությունները։ Եղբայրները շտապ վարձեցին Սիդնեյի մարզադաշտը, ու քանի որ լրատվական միջոցներով շատ էր խոսվել եղբայր Ռադերֆորդի այցելության դեմ ուղղված հակառակության մասին, ավելի մեծ թվով մարդիկ եկան ելույթը լսելու։ Իսկ այն դեպքերում, երբ Վկաներին թույլ չէին տալիս օգտագործել ռադիոկայանները, նրանք քայլեր էին ձեռնարկում, որ լայնորեն ազդարարեն այն հանդիպումների մասին, որոնց ժամանակ հնչելու էին եղբայր Ռադերֆորդի ելույթների ձայնագրությունները։
Բելգիայում հոգևորականները երեխաներին սովորեցնում էին, որ քարեր նետեն Վկաների վրա, իսկ քահանաները գնում էին տնից տուն, որ հավաքեն Վկաների թողած գրականությունը։ Բայց որոշ գյուղացիների դուր էին գալիս այն գիտելիքները, որ ստանում էին Վկաներից։ Հաճախ նրանք ասում էին. «Ձեր գրքույկներից մի քանի հատ տվեք ինձ, որ երբ քահանան գա, նրան գոհացնելու համար մեկը տամ իրեն, իսկ մյուսները պահեմ ինձ համար»։
Հետագա տարիներին սաստկացավ Եհովայի վկաների դեմ ուղղված հակառակությունը։
Քարոզում են Եվրոպայում՝ չնայած հալածանքին
Քանի որ Եհովայի վկաները չէին հրաժարվում իրենց հավատից և չէին դադարում քարոզել, Ավստրիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Նիդերլանդներում նրանց ձերբակալում էին կամ ուղարկում նացիստական համակենտրոնացման ճամբարներ։ Այդ երկրներում Եհովայի վկաների հանդեպ դաժան վերաբերմունքը սովորական բան էր։ Նրանք, ովքեր դեռ չէին ձերբակալվել, զգուշությամբ էին կատարում իրենց ծառայությունը։ Քարոզելիս նրանք հաճախ օգտվում էին միայն Աստվածաշնչից և գրականություն առաջարկում էին միայն հետաքրքրվող անհատներին վերայցելելիս։ Ձերբակալությունից խուսափելու համար նրանք մի շենքում ընդամենը մեկ դուռ էին թակում, ապա գնում էին մեկ ուրիշ շենք, կամ փողոցում մեկ տուն մտնելուց հետո գնում էին մեկ ուրիշ փողոց։ Բայց նրանք վկայություն տալու հարցում ամենևին էլ երկչոտ չէին։
1936-ին ամբողջ երկրով մեկ գեստապոն ձերբակալեց հազարավոր Վկաների և հետաքրքրվող անհատների՝ փորձելով վերջ դնել նրանց քարոզչական գործին։ Սակայն դրանից ընդամենը մի քանի ամիս անց՝ դեկտեմբերի 12-ին, Վկաները մի մեծ քարոզարշավ կազմակերպեցին։ Գերմանիայի ողջ տարածքում նրանք կայծակնային արագությամբ տարածեցին մի բանաձևի տասնյակ հազարավոր տպագիր օրինակներ՝ գցելով դրանք փոստարկղերը կամ թողնելով դռների մոտ։ Այդ բանաձևում ներկայացվում էր բողոք իրենց քրիստոնյա եղբայրների և քույրերի հանդեպ դրսևորվող դաժան վերաբերմունքի դեմ։ Քարոզարշավը սկսվելուց մեկ ժամ անց ոստիկանությունը խուճապահար սկսեց ձերբակալել բանաձևը տարածողներին, բայց ամբողջ երկրում նրանց հաջողվեց կալանավորել ընդամենը 10–12 հոգու։
Պաշտոնյաները ապշել էին, որ Վկաները կարողացան այդպիսի քարոզարշավ անցկացնել այն բանից հետո, երբ նացիստական կառավարությունը նրանց այդքան մեծ ճնշումների էր ենթարկել նրանց գործունեությունը կանգնեցնելու համար։ Բացի այդ, նրանք սկսել էին վախենալ ժողովրդից։ Ինչո՞ւ։ Որովհետև երբ ոստիկանները և հատուկ համազգեստ հագած այլ պաշտոնյաներ այցելում էին նրանց տները և հարցնում, թե արդյոք ստացել են այդպիսի թերթիկ, մարդկանց մեծ մասը ժխտում էր։ Իրականում նրանց մեծ մասը չէր ստացել թերթիկը։ Դրանք բաժանվել էին ամեն մի շենքի ընդամենը երկու կամ երեք բնակարաններում։ Բայց ոստիկաններն այդ մասին չգիտեին։ Նրանք մտածում էին, որ դրանք բաժանվել էին բոլոր տներում։
Հաջորդ ամիսների ընթացքում նացիստական պաշտոնյաները հրապարակորեն հերքեցին այդ բանաձևում ներկայացված մեղադրանքները։ Ուստի 1937-ի հունիսի 20-ին դեռևս ազատության մեջ գտնվող Վկաները տարածեցին մեկ այլ փաստաթուղթ՝ մի բաց նամակ, որում ամենայն մանրամասնությամբ նկարագրվում էին Եհովայի վկաների կրած հալածանքները, նշվում էին պաշտոնյաների անունները, դեպքերի ամսաթվերը և վայրերը։ Այդպիսի քողազերծումը, ինչպես նաև այն, որ Վկաները կարողացել էին այդքան լայնորեն տարածել այդ տեղեկությունը, ահ ու սարսափի մեջ էր գցել գեստապոյին։
Բադ Լիպշպրինգեից (Գերմանիա) Կուսերովների ընտանիքի կրած բազում փորձությունները ցույց են տալիս, որ նրանք էլ քարոզելու հարցում վճռականություն են դրսևորել։ Երբ Մյունստեր քաղաքում նացիստական ռեժիմը հանրորեն մահապատժի ենթարկեց Վիլհելմ Կուսերովին, քանի որ նա հրաժարվել էր զիջումների գնալ իր հավատի հարցում, նրա մայրը՝ Հիլդան, անմիջապես գնաց բանտ և խնդրեց իր որդու մարմինը՝ այն թաղելու համար։ Նա ասաց իր ընտանիքին. «Մենք մեծ վկայություն կտանք բոլոր նրան ճանաչողներին»։ Թաղման ժամանակ Վիլհելմի հայրը՝ Ֆրանցը, ներկայացրեց մի աղոթք, որում արտահայտեց իր հավատը Եհովայի սիրառատ նպատակների հանդեպ։ Գերեզմանի մոտ Վիլհելմի եղբայրը՝ Կարլ-Հայնցը, Աստվածաշնչից մխիթարական մտքեր ասաց։ Այդ ամենի համար Կուսերովները անպատիժ չմնացին, բայց նրանց համար ամենակարևորը Եհովային փառաբանելն էր և նրա անվան ու Թագավորության մասին վկայություն տալը։
Երբ Նիդերլանդներում պատերազմի ժամանակ հալածանքները սաստկացան, Վկաները խոհեմաբար փոփոխություններ մտցրեցին իրենց հանդիպումների անցկացման մեջ։ Նրանք սկսեցին հանդիպել տներում ամենաշատը տասը հոգուց բաղկացած խմբերով և հաճախակի փոխում էին հանդիպման վայրը։ Յուրաքանչյուրը հաճախում էր միայն իր խմբի հանդիպումները և հանդիպման վայրի հասցեն չէր հայտնում ոչ ոքի, նույնիսկ վստահելի ընկերոջ։ Պատմության այդ ժամանակաշրջանում, երբ մարդկանց մեծաթիվ խմբեր պատերազմի պատճառով ստիպված էին լինում լքել իրենց տները, Եհովայի վկաները գիտակցում էին, որ մարդիկ խիստ կարիք ունեն լսելու այն մխիթարական լուրը, որը հայտնում է միայն Աստծու Խոսքը, ուստի նրանք անվախորեն քարոզում էին այդ լուրը։ Բայց մասնաճյուղը նամակ ուղարկեց եղբայրներին՝ հիշեցնելով, որ նրանք պետք է զգուշություն դրսևորեին, ինչպես որ Հիսուսն արեց տարբեր առիթներով հակառակության բախվելիս (Մատթ. 10։16; 22։15–22)։ Հետևելով այդ հորդորին՝ ծառայության ժամանակ թշնամաբար տրամադրված մարդու հանդիպելիս Վկաները մանրամասնորեն գրառում էին այդ անհատի հասցեն, որպեսզի հետագայում այդ տարածքում քարոզելիս եղբայրները հատկապես զգույշ լինեին։
Հունաստանում բնակչությունը մեծ նեղություններ էր կրում Գերմանիայի օկուպացիայի ժամանակ։ Սակայն ամենադաժան վերաբերմունքին ենթարկվեցին Եհովայի վկաները, քանի որ հունական ուղղափառ եկեղեցու հոգևորականները սխալ տեղեկություններ էին տարածում նրանց մասին և պահանջում էին, որ ոստիկանությունը և դատարանները միջոցներ ձեռնարկեին նրանց դեմ։ Վկաներից շատերին ձերբակալում էին կամ դուրս հանում իրենց քաղաքներից՝ ուղարկելով նրանց հեռավոր գյուղեր կամ անմարդաբնակ կղզիներ, որտեղ նրանք ապրում էին անտանելի պայմաններում։ Այնուամենայնիվ, Վկաները շարունակում էին քարոզել (համեմատի՛ր Գործեր 8։1, 4)։ Հաճախ նրանք զրուցում էին մարդկանց հետ այգիներում և պուրակներում՝ նստելով նրանց կողքին ու պատմելով Աստծու Թագավորության մասին։ Երբ որևէ մեկը անկեղծ հետաքրքրություն էր դրսևորում, նրան տալիս էին ընթերցելու աստվածաշնչյան գրականություն, որը շատ թանկ էր իրենց համար։ Հետագայում այդ գրականությունը հետ էին վերցնում և կրկին ու կրկին առաջարկում ուրիշներին։ Ճշմարտությունը սիրող շատ անհատներ սիրով ընդունում էին Վկաների ցուցաբերած օգնությունը և նույնիսկ սկսում էին նրանց հետ բարի լուրը պատմել ուրիշներին, թեև դրա պատճառով դաժան հալածանքի էին ենթարկվում։
Վկաները կարողանում էին համարձակություն և տոկունություն դրսևորել գլխավորապես այն բանի շնորհիվ, որ զորացնում էին իրենց հավատը՝ հոգևորապես սնվելով։ Թեև պատերազմի պատճառով Եվրոպայի որոշ մասերում տարածելու համար նախատեսված գրականությունը գրեթե սպառվել էր, բայց Վկաներին հաջողվում էր միմյանց փոխանցել հավատն ամրապնդող նյութեր, որոնք Ընկերությունը պատրաստում էր ուսումնասիրությունների համար։ Աուգուստ Կրաֆտը, Պետեր Գյոլեսը, Լուդվիկ Սիրանեկը, Թերեզա Շրայբերը և շատ ուրիշներ, վտանգի ենթարկելով իրենց կյանքը, բազմացնում և տարածում էին ուսումնասիրության նյութերը, որոնք հաջողվում էր անցկացնել Ավստրիա Չեխոսլովակիայից, Իտալիայից և Շվեյցարիայից։ Նիդերլանդներում մի բարի բանտապահ Արթուր Վինկլերի համար Աստվածաշունչ հայթայթեց։ Չնայած հակառակորդների ձեռնարկած բոլոր խարդախ միջոցներին՝ Աստվածաշնչի թարմացնող ջրերը «Դիտարանի» միջոցով հասնում էին նույնիսկ մինչև Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներ, որտեղ Վկաները դրանք փոխանցում էին միմյանց։
Գտնվելով բանտերում և համակենտրոնացման ճամբարներում՝ Եհովայի վկաները չդադարեցին վկայություն տալ։ Երբ Պողոս առաքյալը բանտարկված էր Հռոմում, գրեց. «Չարչարվում եմ.... նույնիսկ բանտի կապանքներում.... Բայց Աստծու խոսքը կապանքների մեջ չէ» (2 Տիմոթ. 2։9)։ Նույնը կարելի է ասել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եվրոպայում ապրած Եհովայի վկաների մասին։ Հսկիչները նկատում էին Վկաների լավ վարքը, և ոմանք հարցեր էին տալիս։ Մի քանիսը նույնիսկ ընդունեցին ճշմարտությունը, թեև դա նշանակում էր, որ նրանք նույնպես կորցնելու էին իրենց ազատությունը։ Եհովայի վկաների հետ բանտարկված շատ մարդիկ եկել էին այնպիսի երկրներից, ինչպիսին, օրինակ, Ռուսաստանն էր, որտեղ բարի լուրը շատ քիչ էր քարոզվել։ Պատերազմից հետո նրանցից ոմանք, որ դարձել էին Եհովայի վկաներ, վերադարձան հայրենիք՝ Թագավորության բարի լուրը այնտեղ տարածելու ցանկությամբ լցված։
Դաժան հալածանքը և պատերազմի հետևանքները չէին կարող խանգարել, որ իրականանար այն մարգարեությունը, համաձայն որի՝ Եհովայի ժողովուրդը հավաքվելու էր նրա մեծ հոգևոր տանը՝ նրան երկրպագելու համար (Ես. 2։2–4)։ 1938-ից մինչև 1945-ը Եվրոպայի երկրների մեծ մասում նկատելիորեն աճել էր այն անհատների թիվը, ովքեր հանրորեն մասնակցում էին ճշմարիտ երկրպագությանը՝ հռչակելով Աստծու Թագավորության մասին բարի լուրը։ Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում Վկաների թիվը աճել էր մոտ 100 տոկոսով։ Հունաստանում Վկաների թիվը աճել էր գրեթե յոթ անգամ, Նիդերլանդներում՝ տասներկու անգամ։ Բայց մինչև 1945թ. վերջերը դեռևս մանրամասն տեղեկություններ չէին ստացվում Գերմանիայից և Ռումինիայից, իսկ մի շարք այլ երկրներ ոչ լրիվ հաշվետվություններ էին ուղարկում։
Պատերազմական տարիները Եվրոպայի սահմաններից դուրս
Արևելքի երկրներում նույնպես համաշխարհային պատերազմի պատճառով Եհովայի վկաները շատ մեծ դժվարություններ ունեցան։ Ճապոնիայում և Կորեայում նրանց ձերբակալում էին ու ենթարկում ծեծերի և չարչարանքների, քանի որ նրանք հռչակում էին Աստծու Թագավորությունը և հրաժարվում էին երկրպագել Ճապոնիայի կայսրին։ Հալածանքի հետևանքով նրանք բոլորովին հնարավորություն չունեին կապ պահելու մյուս երկրների Վկաների հետ։ Նրանցից շատերը վկայություն տալու առիթ էին ունենում միայն հարցաքննությունների ժամանակ կամ դատարանում։ Պատերազմի ավարտին այդ երկրներում Եհովայի վկաների քարոզչական գործը գրեթե կանգ էր առել։
Երբ պատերազմը հարվածեց նաև Ֆիլիպիններին, Վկաները սկսեցին հալածանքի ենթարկվել և՛ ճապոնացիների կողմից, և՛ ընդդիմադիր ուժերի, քանի որ թիկունք չէին կանգնում այդ կողմերից ոչ մեկին։ Ձերբակալումից խուսափելու համար շատ Վկաներ լքում էին իրենց տները։ Բայց մի վայրից մյուսը տեղափոխվելիս նրանք շարունակում էին քարոզել՝ առաջարկելով գրականություն, եթե ունենում էին, իսկ հետագայում միայն Աստվածաշունչն էին օգտագործում։ Երբ պատերազմական զորքերը նահանջեցին, մի քանի նավով Վկաները մեծ խմբերով սկսեցին մեկնել այնպիսի կղզիներ, որտեղ շատ քիչ վկայություն էր տրվել կամ ընդհանրապես չէր քարոզվել։
1941-ի մայիսին Բիրմայում (այժմ՝ Մյանմա) գաղութային իշխանությունները Եհովայի վկաների գրականության վրա արգելք դրեցին, բայց դա եղավ ոչ թե ճապոնական ուժերի ներխուժման պատճառով, այլ անգլիկան, մեթոդիստական, Հռոմի կաթոլիկ և Ամերիկայի բապտիստական եկեղեցիների հոգևորականության դրդմամբ։ Հեռագրատանն աշխատող երկու Վկաներ տեսան մի հեռագիր, որից իմացան, թե իրենց ինչ է սպասում։ Ուստի եղբայրները Ընկերության պահեստից արագորեն տեղափոխեցին գրականությունը, որպեսզի այն չբռնագրավվի։ Այնուհետև քայլեր ձեռնարկվեցին, որ գրականության մեծ մասը ցամաքով ուղարկվի Չինաստան։
Այդ ընթացքում Միացյալ Նահանգների իշխանությունները բեռնատարներով մեծ քանակությամբ ռազմական բեռներ էին տեղափոխում Բիրմայի ճանապարհով՝ Չինաստանի գոմինդանական վարչակարգին աջակցելու համար։ Եղբայրները փորձեցին տեղ վարձել այդ բեռնատարների վրա, բայց նրանց կտրուկ մերժեցին։ Նրանց չհաջողվեց փոխադրամիջոց ձեռք բերել նաև Սինգապուրից։ Բայց Միք Էնգելը, որը Ռանգունի (այժմ՝ Յանգոն) գրականության պահեստի պատասխանատուն էր, դիմեց Միացյալ Նահանգների մի բարձրաստիճան պաշտոնյայի և թույլտվություն ստացավ ռազմական բեռնատարներով գրականություն փոխադրելու համար։
Սակայն դրանից հետո, երբ Ֆրեդ Փեյթոնը և Հեկտոր Օութսը դիմեցին Չինաստան մեկնող մեքենաների շարասյունը հսկող մի սպայի և գրականության համար տեղ խնդրեցին, նա սաստիկ բարկացավ։ «Ի՞նչ,— բղավեց նա։— Ինչպե՞ս կարող եմ իմ բեռնատարներում տեղ հատկացնել ձեր անիծյալ գրականության համար, եթե բոլորովին տեղ չունեմ նույնիսկ շատ կարևոր զինամթերքի և դեղորայքի համար, որ փչանում են այստեղ բաց երկնքի տակ»։ Ֆրեդը մի պահ կանգ առավ, բացեց իր պայուսակը, ցույց տվեց նրան թույլատրագիրը և ասաց, որ շատ լուրջ խնդիրներ կառաջանան, եթե նա մերժի Ռանգունի պաշտոնյաների հրահանգը։ Այդ սպան ոչ միայն կազմակերպեց երկու տոննա գրքերի փոխադրումը, այլև հոգ տարավ, որ եղբայրները ունենան մի փոքր բեռնատար, ճանապարհի համար անհրաժեշտ ամեն բան, ինչպես նաև վարորդ։ Նրանք ճանապարհ ընկան դեպի հյուսիս-արևելք՝ Չինաստան՝ վտանգավոր լեռնային ճանապարհներով տանելով իրենց թանկագին բեռը։ Բաոշանում վկայություն տալուց հետո նրանք շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Չունցին (Բասյան)։ Մեկ տարի Չինաստանում մնալով՝ նրանք տարածեցին աստվածաշնչյան գրականության հազարավոր օրինակներ, որոնք պատմում էին Աստծու Թագավորության մասին։ Նրանք անձամբ վկայություն տվեցին շատ անհատների, այդ թվում Չինաստանի գոմինդանական վարչակարգի ղեկավար Չան Կայշիին։
Այդ ժամանակահատվածում, երբ Բիրմայում ռմբակոծությունները սաստկացան, բոլոր Վկաները, բացի երեք հոգուց, հեռացան երկրից. նրանց մեծ մասը մեկնեց Հնդկաստան։ Ինչ խոսք, այդ երեք հոգին շատ քիչ բան կարող էր անել ստեղծված հանգամանքներում։ Սակայն նրանք շարունակեցին ոչ պաշտոնական վկայություն տալ, և նրանց ջանքերը պտուղներ բերեցին պատերազմից հետո։
Հյուսիսային Ամերիկայում նույնպես Եհովայի վկաները լուրջ խոչընդոտների էին բախվում պատերազմի տարիներին։ Նրանց համար շատ դժվար էր իրականացնել քարոզչական գործը, քանի որ իշխանությունները տեղի օրենքները չէին կիրառում սահմանադրությանը ներդաշնակ, բացի այդ համատարած բնույթ էին կրում ամբոխների հարձակումները։ Քրիստոնեական չեզոքություն պահպանելու պատճառով հազարավոր Վկաներ ձերբակալվում էին։ Սակայն դա նրանց հետ չպահեց տնից տուն քարոզելուց։ Դեռ ավելին, 1940-ի փետրվարից սկսած՝ նրանց ավելի հաճախ կարելի էր տեսնել գործարար շրջանների փողոցներում «Դիտարան» և «Մխիթարություն» (այժմ՝ «Արթնացե՛ք») պարբերագրերը առաջարկելիս։ Նրանք ավելի մեծ եռանդով էին լցված։ Չնայած դաժան հալածանքներին՝ Միացյալ Նահանգներում և Կանադայում 1938–1945թթ.-ին Վկաների թիվը ավելի քան երկու անգամ մեծացավ, իսկ ծառայությանը տրամադրված ժամերի քանակը եռապատկվեց։
Բրիտանական համագործակցությանը պատկանող շատ երկրներում (որոնք գտնվում են Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում, Կարիբյան ծովի և Խաղաղօվկիանոսյան կղզիներում) կառավարությունը արգելքի տակ էր դնում Եհովայի վկաների գործունեությունը կամ նրանց գրականությունը։ Այդ երկրներից էր Ավստրալիան։ 1941-ի հունվարի 17-ին հրապարակվեց մի ծանուցագիր, որում նշվում էր, որ համաձայն գլխավոր նահանգապետի հրամանի՝ Եհովայի վկաներին արգելվում էր երկրպագության համար հանդիպումներ անցկացնել, որևէ գրականություն տարածել կամ նույնիսկ ունենալ այդպիսի գրականություն։ Ըստ օրենքի՝ հնարավոր էր բողոքարկել այդ որոշումը, և Վկաները անմիջապես դիմեցին այդ քայլին։ Բայց միայն երկու տարի անց Բարձրագույն դատարանի դատավոր Ստարկը հայտարարեց, որ որոշումները, որոնց հիման վրա դրվել էր արգելքը, «կամայական են, չկշռադատված և ճնշող»։ Բարձրագույն դատարանը միաձայն հանեց արգելքը։ Իսկ ի՞նչ էին անում Եհովայի վկաները այդ ընթացքում։
Ընդօրինակելով Հիսուս Քրիստոսի առաքյալներին՝ նրանք «Աստծո՛ւն էին հնազանդվում և ոչ թե մարդկանց» (Գործ. 4։19, 20; 5։29)։ Նրանք շարունակում էին քարոզել։ Չնայած բազմաթիվ խոչընդոտների՝ նրանք նույնիսկ համաժողով անցկացրին 1941-ի դեկտեմբերի 25–29-ը Սիդնեյի մոտ գտնվող Հարգրեյվ այգում։ Երբ կառավարությունը պատվիրակներից ոմանց թույլ չտվեց գնացքով ճամփորդել, Արևմտյան Ավստրալիայից մի խումբ Վկաներ իրենց մեքենաների վրա տեղադրեցին ածուխը գազի վերածող սարքեր և 14-օրյա ճամփորդություն սկսեցին, որի ընթացքում մեկ շաբաթ անցան Նալարբոր հարթավայրի դժվարանցանելի ճանապարհներով։ Նրանք ապահով տեղ հասան և լսեցին ծրագիրը մյուս վեց հազար պատվիրակների հետ։ Հաջորդ տարի մեկ ուրիշ համաժողով տեղի ունեցավ, բայց այս անգամ այն անցկացվեց 150 փոքր խմբերի համար Ավստրալիայի յոթ մեծ քաղաքներում։ Այդ համաժողովի ժամանակ հռետորները մի վայրից մյուսն էին մեկնում։
Քանի որ 1939-ին իրավիճակը Եվրոպայում գնալով ավելի էր ծանրանում, որոշ ռահվիրաներ ցանկություն հայտնեցին ծառայելու այլ երկրներում (համեմատի՛ր Մատթեոս 10։23; Գործեր 8։4)։ Երեք գերմանացի ռահվիրաներ Շվեյցարիայից ուղարկվեցին Շանհայ (Չինաստան)։ Իսկ մի քանիսը մեկնեցին Հարավային Ամերիկա։ Բրազիլիա մեկնողների թվում էին Օտտո Էսթելմանը, որը մինչ այդ այցելում և օգնում էր Չեխոսլովակիայի ժողովներին, և Էրիխ Կատները, որը մինչ այդ ծառայում էր Պրահայի մասնաճյուղում։ Նրանց նոր նշանակումը դժվարությունների հետ էր կապված։ Որոշ գյուղական շրջաններում Վկաները վաղ էին արթնանում և քարոզում էին մինչև առավոտյան ժամը 7-ը, և հետո վկայություն էին տալիս երեկոյան մինչև ուշ գիշեր։ Եղբայր Կատները մտաբերում է, որ մի վայրից մյուսը տեղափոխվելիս նա հաճախ քնում էր բաց երկնքի տակ՝ բարձի փոխարեն՝ գլխի տակ դնելով իր պայուսակը (համեմատի՛ր Մատթեոս 8։20)։
Եվրոպայում թե՛ եղբայր Էսթելմանին, թե՛ եղբայր Կատներին հետապնդում էր նացիստական գաղտնի ոստիկանությունը։ Իսկ Բրազիլիա տեղափոխվելով՝ արդյոք նրանք այլևս չէի՞ն հալածվում։ Ընդհակառակը՝ ընդամենը մեկ տարի անց նրանք ենթարկվեցին երկարատև տնային կալանքի և հետո բանտարկվեցին՝ որոշ պաշտոնյաների սադրանքով, որոնք, ըստ երևույթին, նացիստական ռեժիմի կողմնակիցներ էին։ Վկաները հաճախ հակառակության էին հանդիպում նաև կաթոլիկ հոգևորականության կողմից, բայց շարունակում էին կատարել Աստծուց ստացած հանձնարարությունը։ Նրանք անդադար վկայություն էին տալիս Բրազիլիայի մեծ ու փոքր քաղաքներում, որտեղ Թագավորության բարի լուրը դեռ չէր քարոզվել։
Այսպիսով տեսնում ենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այն երկրներից շատերում, որտեղ Վկաներ կային, կառավարության կողմից արգելքներ էին դրվել կազմակերպության կամ գրականության վրա։ Թեև 1938-ին նրանք քարոզում էին 117 երկրներում, սակայն պատերազմի տարիներին (1939–1945) դրանցից ավելի քան 60-ում արգելք է դրվել կամ կազմակերպության, կամ գրականության վրա, նաև մի քանիսից արտաքսել են միջազգային ծառայողներին։ Նույնիսկ այն վայրերում, որտեղ արգելքներ չկային, նրանք ենթարկվում էին ամբոխների հարձակումներին և հաճախ ձերբակալվում էին։ Չնայած այս ամենին՝ բարի լուրի քարոզչությունը կանգ չառավ։
Մեծ բազմության անդամների հավաքը Լատինական Ամերիկայում
1943-ի փետրվարին, երբ պատերազմը դեռ ընթացքի մեջ էր, «Դիտարան ընկերությունը», նպատակ ունենալով հետպատերազմյան շրջանում ընդլայնել քարոզչական գործը, Նյու Յորք նահանգում հիմնեց «Գաղաադ» դպրոցը, որում պետք է կրթություն ստանային միսիոներներ՝ ուրիշ երկրներում ծառայելու համար։ Այդ նույն տարի՝ մի քանի ամիս անց, արդեն 12 միսիոներներ սկսեցին ծառայել Կուբայում։ Այնտեղ ծառայությունը հիանալի պտուղներ է բերել։
Դեռևս 1910-ին Աստվածաշնչի ճշմարտության սերմերից մի քանիսը հասել էին Կուբա։ 1913-ին այնտեղ ելույթ էր ներկայացրել Չ. Թ. Ռասելը։ Իսկ 1932-ին Ջ. Ֆ. Ռադերֆորդը ելույթ էր ունեցել Հավանայում։ Այնուհետև այդ ելույթը հեռարձակվել էր իսպաներեն լեզվով։ Բայց աճը դանդաղ էր ընթանում։ Այդ ժամանակ երկրում շատ-շատերը գրաճանաչ չէին և կրոնական նախապաշարումներ ունեին։ Սկզբնական շրջանում մեծամասամբ հետաքրքրություն էին ցույց տալիս անգլախոս բնակիչները, որոնք եկել էին Ջամայկայից և այլ վայրերից։ 1936-ին Կուբայում կար ընդամենը 40 քարոզիչ։ Բայց այնտեղ Վկաները շարունակում էին ցանել և ջրել Թագավորության սերմերը, որոնք հետագայում սկսեցին ավելի շատ պտուղ բերել։
Առաջին կուբացիները մկրտվեցին 1934-ին. հետագայում մկրտվեցին նաև ուրիշները։ Ի հավելումն տնետուն ծառայության՝ 1940-ից սկսած՝ ամեն օր ռադիոյով հնչում էին ելույթներ, և վկայություն էր տրվում փողոցներում։ Մինչև 1943թ., երբ Կուբա ժամանեցին «Գաղաադն» ավարտած միսիոներները, երկրում արդեն կային 950 անհատներ, ովքեր ընդունել էին բարի լուրը և քարոզում էին այն ուրիշներին, թեև նրանցից ոչ բոլորն էին կանոնավորաբար մասնակցում այդ գործին։ Միսիոներների գալուց հետո երկու տարվա ընթացքում քարոզիչների թիվը սկսեց ավելի արագ աճել։ 1945-ին արդեն Կուբայում 1894 Վկա կար։ Նրանց մեծ մասը նախկինում պատկանել էր այնպիսի կրոնի, որը սովորեցնում էր, որ եկեղեցու բոլոր հավատարիմ հետևորդները գնալու են երկինք, բայցևայնպես, Վկա դառնալով՝ նրանք ուրախությամբ ընդունեցին երկրի վրա վերականգնված դրախտում հավիտյան ապրելու հեռանկարը (Ծննդ. 1։28; 2։15; Սաղ. 37։9, 29; Հայտն. 21։3, 4)։ Կուբայում Վկաների միայն 1,4 տոկոսն էր իրեն համարում ոգով օծված քրիստոնյա։
Ընկերության գլխավոր վարչությունը Լատինական Ամերիկայի Վկաներին աջակցելու համար մեկ այլ միջոց ձեռնարկեց։ 1944-ի սկզբին Ն. Հ. Նորը, Ֆ. Ու. Ֆրանցը, Ու. Է. վան Ամբուրգը և Մ. Ջ. Հենշելը տասը օր անցկացրին Կուբայում՝ եղբայրներին հոգևորապես զորացնելու համար։ Այդ ընթացքում Հավանայում նաև համաժողով անցկացվեց, և քայլեր ձեռնարկվեցին քարոզչական գործն ավելի կազմակերպված ձևով կատարելու համար։ Եղբայր Նորը և եղբայր Հենշելը մեկնեցին նաև Կոստա Ռիկա, Գվատեմալա և Մեքսիկա՝ այդ երկրների Վկաներին աջակցելու համար։
1945-ին և 1946-ին Ն. Հ. Նորը և Ֆ. Ու. Ֆրանցը կատարեցին ճամփորդություններ, սկսած Մեքսիկայից մինչև Հարավային Ամերիկայի հարավային շրջանները, ինչպես նաև Կարիբյան ծովի կղզիներ, և ելույթներ ներկայացրին ու համագործակցեցին այդ տարածքի 24 երկրների Վկաների հետ։ Երկրագնդի այդ հատվածում նրանք անցկացրին հինգ ամիս՝ սիրառատ օգնություն և առաջնորդություն տրամադրելով եղբայրներին։ Որոշ վայրերում նրանք հանդիպեցին հետաքրքրվող անհատների շատ փոքր խմբերի։ Եղբայրները Լիմայում (Պերու) և Կարակասում (Վենեսուելա) օգնեցին հիմնել առաջին ժողովները, որպեսզի այդ տարածքներում կանոնավորաբար հանդիպումներ անցկացվեին, և քարոզչական ծառայություն իրականացվեր։ Իսկ այն վայրերում, որտեղ անցկացվում էին ժողովի հանդիպումներ, նրանք ներկա էին լինում դրանց և երբեմն խորհուրդներ էին տալիս այն մասին, թե ինչ կարող էին անել, որ այդ հանդիպումները նպաստեին քարոզչական ծառայությանը։
Հնարավորության դեպքում այդ այցելությունների ժամանակ նրանք Աստվածաշնչի վրա հիմնված հանրային ելույթներ էին ներկայացնում։ Այդ ելույթների մասին Վկաները ազդարարում էին տեղեկատու թերթիկների միջոցով, որոնք տարածում էին փողոցներում, և ազդագրերի միջոցով, որոնք կրում էին իրենց վրա։ Դրանց շնորհիվ, օրինակ, Սան Պաուլուի համաժողովին ներկա եղավ 765 հոգի, թեև Բրազիլիայի Վկաները թվով 394 էին։ Չիլիում, որտեղ Թագավորության 83 քարոզիչ կար, 340 հոգի եկավ լսելու ելույթը, որի մասին լայնորեն ազդարարել էին։ Կոստա Ռիկայի 253 Վկաները ուրախ էին իրենց երկու համաժողովներին տեսնելու ընդհանուր հաշվով 849 ներկաների։ Դրանք եղբայրների հետ ջերմ ընկերակցություն վայելելու հիանալի առիթներ էին։
Սակայն եղբայրների գլխավոր նպատակը պարզապես հիշարժան համաժողովներ անցկացնելը չէր։ Գլխավոր վարչության ներկայացուցիչները իրենց ճամփորդությունների ժամանակ հատուկ շեշտ էին դնում հետաքրքրվող անհատներին վերայցելելու և նրանց հետ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ անցկացնելու կարևորության վրա։ Աշակերտներ դառնալու համար մարդիկ կարիք ունեին կանոնավորաբար կրթվելու Աստծու Խոսքից։ Այդ առաջնորդության շնորհիվ Աստվածաշնչի տնային ուսումնասիրությունների թիվը սկսեց արագորեն աճել այդ երկրներում։
Մինչ եղբայր Նորը և եղբայր Ֆրանցը կատարում էին իրենց ծառայողական ճամփորդությունները, ավելի շատ միսիոներներ էին մեկնում իրենց նշանակման վայրեր։ 1944-ի վերջերին ոմանք ծառայում էին Կոստա Ռիկայում, Մեքսիկայում և Պուերտո Ռիկոյում։ 1945-ին շատ միսիոներների օգնությամբ քարոզչական գործը սկսեց ավելի կազմակերպված ընթանալ Բարբադոսում, Բրազիլիայում, Բրիտանական Հոնդուրասում (այժմ՝ Բելիզ), Չիլիում, Կոլումբիայում, Սալվադորում, Գվատեմալայում, Հայիթիում, Ջամայկայում, Նիկարագուայում, Պանամայում և Ուրուգվայում։ Երբ 1945-ին առաջին երկու միսիոներները ժամանեցին Դոմինիկյան Հանրապետություն, նրանցից բացի, ուրիշ Վկա չկար երկրում։ Առաջին միսիոներների ծառայության արդյունքները շատ արագ ի հայտ եկան։ Տրինիդադ Պանյագուա անունով մի եղբայր Գվատեմալա ուղարկված առաջին միսիոներների վերաբերյալ հետևյալն ասաց. «Մենք հենց այդպիսի օգնության կարիք ունեինք։ Այո՛, մենք իսկապես կարիք ունեինք Աստծու Խոսքի ուսուցիչների, որոնք կօգնեին մեզ հասկանալ, թե ինչպես կարող ենք կատարել քարոզչական գործը»։
Այսպիսով՝ երկրագնդի այս հատվածում հիմք դրվեց քարոզչական գործի ընդլայնման համար։ Կարիբյան ծովի կղզիներում 1945-ի վերջերին արդեն 3394 քարոզիչ կար։ Մեքսիկայում կար 3276 քարոզիչ, իսկ Կենտրոնական Ամերիկայում՝ 404։ Հարավային Ամերիկայում կար 1042 Վկա։ 1945-ին նախորդած յոթ տարիների ընթացքում (դա մարդկության պատմության ամենափոթորկալից ժամանակահատվածն էր) երկրագնդի այդ մասում քարոզիչների թիվը ավելացել էր 386 տոկոսով։ Բայց դա միայն սկիզբն էր։ Աննկարագրելի մասշտաբների հասնող աճը դեռևս առջևում էր։ Աստվածաշնչում նախապես ասվել էր, որ մեծ նեղությունից առաջ հավաքվելու էր Եհովայի երկրպագուների «մի մեծ բազմություն.... բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից» (Հայտն. 7։9, 10, 14)։
Երբ 1939-ին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, աշխարհում կային ընդամենը 72475 Վկաներ, որոնք քարոզում էին 115 երկրներում (համաձայն 1990-ականների սկզբին եղած աշխարհի քաղաքական քարտեզի)։ Թեև ամբողջ աշխարհում նրանք դաժան հալածանքի էին ենթարկվում, սակայն մինչև պատերազմի ավարտը նրանց թիվը աճեց ավելի քան երկու անգամ։ Այսպիսով՝ 1945-ի հաշվետվության համաձայն՝ 107 երկրում (որոնց մասին հնարավոր էր եղել տեղեկություններ ձեռք բերել) կային 156299 ակտիվ Վկաներ։ Սակայն իրականում այդ ժամանակ բարի լուրը հասել էր 163 երկրներ։
1936-ից մինչև 1945թ. իսկապես ապշեցուցիչ վկայություն էր տրվել։ Այդ տասնամյակի ընթացքում, երբ ողջ աշխարհը իրարանցման մեջ էր, այս եռանդուն Վկաները քարոզչական գործին տրամադրել էին 212069285 ժամ՝ երկրագնդով մեկ հռչակելով, որ Աստծու Թագավորությունն է մարդկության միակ հույսը։ Նրանք նաև տարածել էին 343054579 գրքեր, գրքույկներ և պարբերագրեր՝ օգնելով մարդկանց հասկանալու, թե ինչ սուրբգրային հիմքեր կան այդպիսի վստահություն ունենալու համար։ Անկեղծ հետաքրքրություն դրսևորող մարդկանց օգնելու նպատակով՝ 1945-ին Վկաներն անցկացնում էին միջին հաշվով 104814 Աստվածաշնչի տնային անվճար ուսումնասիրություններ։
[մեջբերում 455-րդ էջի վրա]
Թեև պատերազմի պատճառով ստիպված էին փախչել, սակայն շարունակում էին քարոզել
[շրջանակ/նկարներ 451-453-րդ էջերի վրա]
Չդադարեցին վկայություն տալուց նույնիսկ բանտարկված ժամանակ
Այս անհատները միայն քչերն են այն հազարավորներից, որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հալածվել են իրենց հավատի համար բանտերում և համակենտրոնացման ճամբարներում
1. Ադրիան Թոմփսոն (Նոր Զելանդիա)։ Բանտարկվել է 1941-ին Ավստրալիայում։ Երբ երկրում Վկաների գործունեությունը արգելքի տակ դրվեց, իշխանությունները մերժեցին զինծառայությունից ազատվելու վերաբերյալ նրա դիմումը։ Բանտից ազատվելուց հետո ծառայել է որպես շրջագայող վերակացու՝ զորացնելով ժողովներին, որ կատարեն իրենց ծառայությունը։ Պատերազմից հետո Ճապոնիայում ծառայել է որպես միսիոներ և եղել է առաջին շրջագայող վերակացուն։ Եռանդորեն քարոզել է մինչև կյանքի վերջ։ Մահացել է 1976-ին։
2. Ալոիս Մոզեր (Ավստրիա)։ Եղել է յոթ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ 1992-ին 92 տարեկանում դեռ ակտիվ քարոզիչ էր։
3. Ֆրանց Վոլֆարտ (Ավստրիա)։ Հոր և եղբոր մահապատիժը չլռեցրեց նրան։ Հինգ տարի անցկացրեց Ռոլվալդի (Գերմանիա) համակենտրոնացման ճամբարում։ 1992-ին 70 տարեկանում դեռևս ակտիվ քարոզիչ էր։
4. Թոմաս Ջոնս (Կանադա)։ Բանտարկվել է 1944-ին, եղել է երկու ուղղիչ-աշխատանքային գաղութներում։ 1977-ին՝ 34 տարի լիաժամ ծառայելուց հետո, ընդգրկվել է Կանադայի մասնաճյուղի կոմիտեի կազմի մեջ։
5. Մարիա Հոմբախ (Գերմանիա)։ Բազմիցս բանտարկվել է։ Երեք ու կես տարի պահվել է մենախցում։ Վտանգի ենթարկելով իր կյանքը՝ գրականություն է հասցրել մյուս Վկաներին։ 1992-ին 90 տարեկանում դեռևս հավատարմորեն ծառայում էր որպես Բեթելի ընտանիքի անդամ։
6. Մաքս և Կոնրադ Ֆրանկեներ (Գերմանիա)։ Հայր ու որդի բազմիցս բանտարկվել են երկար ժամկետներով (Կոնրադի կինը՝ Գերտրուդը նույնպես բանտարկվել է)։ Բոլորն էլ մնացել են հավատարիմ և եռանդորեն ծառայել են Եհովային։ Կոնրադը այն եղբայրներից էր, որոնք առաջնորդություն են վերցրել պատերազմից հետո Գերմանիայում քարոզչական գործը վերսկսելու հարցում։
7. Ա. Փրայս Հյուզ (Անգլիա)։ Երկու անգամ եղել է Լոնդոնի Ուորմվուդ Սքրաբս բանտում։ Հավատի համար բանտարկվել է նաև Առաջին համաշխարհայինի ընթացքում։ Մեծ Բրիտանիայում ակտիվորեն քարոզել է մինչև իր մահը՝ 1978թ.։
8. Ադոլֆ և Էմմա Արնոլդներ՝ իրենց դստեր Սիմոնայի հետ (Ֆրանսիա)։ Ադոլֆի բանտարկությունից հետո Էմման և Սիմոնան շարունակում էին քարոզել և մյուս Վկաներին գրականություն հասցնել։ Բանտում Էմման քարոզում էր բանտարկյալներին, և այդ պատճառով նրան մենախուցը գցեցին։ Սիմոնային ուղարկեցին ուղղիչ դպրոց։ Երեքն էլ մնացել են եռանդուն Վկաներ։
9. Էրնստ և Հիլդեգարդ Զելիգերներ (Գերմանիա)։ Ընդհանուր հաշվով ավելի քան 40 տարի հավատի համար անցկացրել են բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Նույնիսկ բանտարկության մեջ շարունակում էին ճշմարտությունը պատմել ուրիշներին։ Բանտից ազատվելուց հետո իրենց ողջ ժամանակը նվիրեցին բարի լուրը քարոզելու գործին։ Եղբայր Զելիգերը մինչև մահ (1985) հավատարիմ մնաց Աստծուն։ Քույր Զելիգերը մահացավ 1992-ին։
10. Քարլ Ջոնսոն (ԱՄՆ)։ Մկրտությունից երկու տարի անց հարյուրավոր ուրիշ Վկաների հետ բանտարկվեց Աշլենդում (Քենտուկի)։ Ծառայել է որպես ռահվիրա և որպես շրջանային վերակացու։ 1992-ին դեռևս ծառայում էր որպես երեց։
11. Աուգուստ Պեթերս (Գերմանիա)։ Բաժանել են կնոջից ու չորս երեխաներից։ Բանտարկվել է 1936–1937-ը և 1937–1945-ը։ Բանտից ազատվելուց հետո սկսել է ծառայել լիաժամ։ 1992-ին 99 տարեկանում դեռ ծառայում էր որպես Բեթելի ընտանիքի անդամ։ Ականատես է եղել, թե ինչպես է Վկաների թիվը Գերմանիայում հասել 163095-ի։
12. Գերտրուդ Օտտ (Գերմանիա)։ Եղել է Լոձ քաղաքի (Լեհաստան) բանտում, Օսվենցիմի, Գրոս-Ռոզենի և Բերգեն-Բելզենի (Գերմանիա) համակենտրոնացման ճամբարներում։ Պատերազմից հետո եռանդորեն ծառայել է որպես միսիոներ Ինդոնեզիայում, Իրանում և Լյուքսեմբուրգում։
13. Կացուո Միուրա (Ճապոնիա)։ Յոթ տարի էր, ինչ բանտարկված էր, երբ Հիրոսիմայի վրա գցված ատոմային ռումբը ավերակների վերածեց ողջ քաղաքը, այդ թվում բանտի մեծ մասը։ Նրա օրգանիզմում ճառագայթման հետևանքներ չեն հայտնաբերվել։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է լիաժամ ծառայության մեջ։
14. Մարտին և Գերտրուդ Փետցինգերներ (Գերմանիա)։ Ամուսնությունից մի քանի ամիս անց նրանց ձերբակալեցին և բաժանեցին միմյանցից ինը տարով։ Մարտինը ուղարկվեց Դախաու, ապա Մաութհաուզեն, իսկ Գերտրուդը՝ Ռավենսբրյուկ։ Չնայած դաժան վերաբերմունքին՝ նրանց հավատը մնաց անսասան։ Ազատ արձակվելուց հետո իրենց ողջ ուժերը նվիրեցին ծառայությանը։ Եղբայր Մարտինը 29 տարի ծառայեց որպես շրջագայող վերակացու Գերմանիայում, հետո՝ որպես Կառավարիչ մարմնի անդամ մինչև իր մահը՝ 1988թ.։ 1992-ին քույր Գերտրուդը շարունակում էր եռանդորեն քարոզել։
15. Ջիզո և Մացուե Իշիները (Ճապոնիա)։ Մոտ տասը տարի Ճապոնիայում գրականություն տարածելուց հետո բանտարկվեցին։ Պատերազմի տարիներին Եհովայի վկաների գործունեությունը Ճապոնիայում դադարեցվել էր։ Պատերազմից հետո եղբայր և քույր Իշիները կրկին սկսեցին եռանդորեն քարոզել։ 1992-ին Մացուե Իշին ականատես է եղել, թե ինչպես է Վկաների թիվը Ճապոնիայում հասել ավելի քան 171000-ի։
16. Վիկտոր Բրուխ (Լյուքսեմբուրգ)։ Բանտարկության մեջ է եղել Բուխենվալդում, Լյուբլինում, Օսվենցիմում և Ռավենսբրյուկում։ 90 տարեկանում դեռևս ակտիվորեն ծառայում էր որպես երեց։
17. Կարլ Շուրշտայն (Գերմանիա)։ Նախքան Հիտլերի իշխանության անցնելը ծառայում էր որպես շրջագայող վերակացու։ Բանտարկվել է ութ տարով։ 1944-ին Դախաույում սպանվել է էսէսականների կողմից։ Նույնիսկ համակենտրոնացման ճամբարում շարունակում էր հոգևորապես քաջալերել մյուսներին։
18. Կիմ Բոնգ Նյու (Կորեա)։ Բանտարկվել է վեց տարով։ 72 տարեկանում դեռևս քարոզում էր Թագավորության մասին։
19. Պամֆիլ Ալբու (Ռումինիա)։ Ենթարկվել է դաժան վերաբերմունքի, ապա ուղարկվել է Հարավսլավիայի ուղղիչ-աշխատանքային գաղութ, որտեղ անցկացրել է 2,5 տարի։ Պատերազմից հետո երկու անգամ ևս բանտարկվեց և ազատազրկվեց 12 տարով։ Նա չդադարեց Աստծու նպատակների մասին խոսելուց։ Մինչև իր մահը Ռումինիայում ապրող հազարավոր մարդկանց օգնեց ծառայելու Եհովային համաշխարհային կազմակերպության հետ։
20. Վիլհելմ Շայդեր (Լեհաստան)։ 1939–1945-ին եղել է համակենտրոնացման ճամբարներում։ 1950–1956-ին և 1960–1964-ին եղել է ԽՍՀՄ-ի բանտերում։ Մինչև մահ (1971) ողջ ուժերը նվիրել է Թագավորությունը հռչակելու գործին։
21. Էլզա և Հարալդ Աբտ (Լեհաստան)։ Պատերազմի տարիներին և դրանից հետո Հարալդը 14 տարի եղավ բանտում և համակենտրոնացման ճամբարներում, բայց շարունակեց քարոզել անգամ բանտարկության մեջ եղած ժամանակ։ Էլզային բաժանեցին իր մանկահասակ աղջնակից, և հետո նա եղավ Լեհաստանի, Գերմանիայի և Ավստրիայի 6 համակենտրոնացման ճամբարներում։ Թեև Վկաների գործունեությունը Լեհաստանում 40 տարի, արգելքի տակ է եղել անգամ պատերազմից հետո, սակայն բոլորն էլ շարունակել են եռանդորեն ծառայել Եհովային։
22. Ադամ Սինգեր (Հունգարիա)։ Վեց անգամ դատվել է և դատապարտվել 23 տարվա ազատազրկման, որից 8,5 տարին անցկացրել է բանտում և ուղղիչ-աշխատանքային գաղութներում։ Ազատ արձակվելուց հետո ընդհանուր հաշվով 30 տարի ծառայել է որպես շրջագայող վերակացու։ 69 տարեկանում դեռևս հավատարմորեն ծառայում էր Եհովային՝ որպես ժողովի երեց։
23. Ջոզեֆ Դոս Սանտոս (Ֆիլիպիններ)։ Նախքան բանտարկությունը (1942) 12 տարի ծառայել է լիաժամ։ Պատերազմից հետո Ֆիլիպիններում վերականգնել է Վկաների գործունեությունը և ծառայել է որպես ռահվիրա մինչև մահ (1983)։
24. Ռուդոլֆ Սունալ (ԱՄՆ)։ Բանտարկության մեջ է եղել Միլ Փոյնթում (Արևմտյան Վիրջինիա)։ Ազատ արձակվելուց հետո ծառայել է լիաժամ՝ նախ որպես ռահվիրա, հետո որպես Բեթելի ընտանիքի անդամ, ապա որպես շրջանային վերակացու։ 1992-ին 78 տարեկանում ծառայում էր որպես ռահվիրա։
25. Մարտին Մագյարոսի (Ռումինիա)։ 1942–1944-ին բանտից շարունակում էր առաջնորդել Տրանսիլվանիայում բարի լուրի քարոզչությունը։ Ազատ արձակվելուց հետո ճամփորդում էր շատ վայրեր՝ հորդորելով հավատակիցներին, որ անվախորեն քարոզեն։ Նա ինքն էլ խիզախ Վկա էր։ 1950-ին կրկին բանտարկվեց և 1953-ին մահացավ ուղղիչ-աշխատանքային գաղութում՝ մինչև վերջ հավատարիմ մնալով Եհովային։
26. Ռ. Արթուր Վինկլեր (Գերմանիա և Նիդերլանդներ)։ Սկզբում նրան ուղարկեցին Էստերվեգենի համակենտրոնացման ճամբար, որտեղ նա շարունակում էր քարոզել։ Ավելի ուշ Նիդերլանդներում գեստապոն նրան այնքան դաժան ծեծի ենթարկեց, որ նրան հնարավոր չէր ճանաչել։ Հետո ուղարկվեց Զակսենհաուզեն։ Մինչև մահ (1972) մնաց հավատարիմ ու եռանդուն Վկա։
27. Պակ Օկ Խի (Կորեա)։ Քույրը երեք տարի անցկացրել է Սոդեմուն բանտում (Սեուլ) և ենթարկվել է աննկարագրելի կտտանքների։ 1992-ին 91 տարեկանում դեռ ծառայում էր որպես հատուկ ռահվիրա։
[քարտեզ/նկար 446-րդ էջի վրա]
Ալեքսանդր Մաք-Գիլիվրեյը՝ Ավստրալիայի մասնաճյուղի վերակացուն, օգնում էր քարոզչական ճամփորդություններ կազմակերպել դեպի բազմաթիվ երկրներ ու կղզիներ
[քարտեզ]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ԱՎՍՏՐԱԼԻԱ
ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ
ԹԱԻԹԻ
ՏՈՆԳԱ
ՖԻՋԻ
ՆՈՐ ԳՎԻՆԵԱ
ՃԱՎԱ
ԲՈՌՆԵՈ
ՍՈՒՄԱՏՐԱ
ԲԻՐՄԱ
ՀՈՆԿՈՆԳ
ՄԱԼԱՅԱ
ՍԻԱՄ
ՀՆԴԿԱՉԻՆ
ՉԻՆԱՍՏԱՆ
ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ
Այստեղ նշված տեղանունները 1930-ականներին գործածվող անվանումներն են
[քարտեզ/նկարներ 460-րդ էջի վրա]
Մինչև 1945-ի վերջերը «Գաղաադի» շրջանավարտները արդեն սկսել էին ծառայել երկրագնդի այս հատվածի 18 երկրներում
Չարլզ և Լորեն Էյզենհաուերներ
Կուբա
Ջոն և Ադդա Պարկերներ
Գվատեմալա
Էմիլ վան Դաալեն
Պուերտո Ռիկո
Օլաֆ Օլսոն
Կոլումբիա
Դոն Բերտ
Կոստա Ռիկա
Գլեդիս Ուիլսոն
Սալվադոր
Հեյզել Բուրֆորդը
Պանամա
Լուիզ Ստաբս
Չիլի
[քարտեզ]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ԲԱՐԲԱԴՈՍ
ԲԵԼԻԶ
ԲՈԼԻՎԻԱ
ԲՐԱԶԻԼԻԱ
ՉԻԼԻ
ԿՈԼՈՒՄԲԻԱ
ԿՈՍՏԱ ՌԻԿԱ
ԿՈՒԲԱ
ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍԱԼՎԱԴՈՐ
ԳՎԱՏԵՄԱԼԱ
ՀԱՅԻԹԻ
ՋԱՄԱՅԿԱ
ՄԵՔՍԻԿԱ
ՆԻԿԱՐԱԳՈՒԱ
ՊԱՆԱՄԱ
ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ
ՈՒՐՈՒԳՎԱՅ
[նկար 444-րդ էջի վրա]
Որոշ գրքեր տարածողներ արկղերով գրականություն տարածեցին. գրքերից յուրաքանչյուրը բովանդակում էր բազմաթիվ աստվածաշնչյան քարոզներ
[նկար 445-րդ էջի վրա]
Արմանդո Մենացին (կենտրոնում) և քարոզիչների մի ուրախ խումբ։ «Անիվների վրա ռահվիրայական տուն» կոչվող փոխադրամիջոցով մեկնում են քարոզչական ճամփորդության
[նկար 445-րդ էջի վրա]
Արթուր Ուիլիսը, Թեդ Սյուելը և Բիլ Նյուլենդսը բարի լուրը հասցրին Ավստրալիայի հեռավոր տարածքներ
[նկար 447-րդ էջի վրա]
Ֆրենկ Դյուարը (նկարում՝ կնոջ և երկու դուստրերի հետ) 1936-ին մեկնեց Թաիլանդ, որտեղ երկրի միակ ռահվիրան էր։ 1992-ին դեռևս ծառայում էր որպես հատուկ ռահվիրա
[նկար 447-րդ էջի վրա]
Չոմչայ Ինտապանը աստվածաշնչյան գրականությունը թարգմանում էր թաի ժողովրդի լեզվով
[նկար 448-րդ էջի վրա]
1937-ին Գերմանիայում Եհովայի վկաները լայնորեն տարածեցին այս բաց նամակը, թեև կառավարությունը արգելք էր դրել նրանց գործունեության վրա
[նկար 449-րդ էջի վրա]
Ֆրանց և Հիլդա Կուսերովները և նրանց ընտանիքը։ Նրանք հավատարիմ մնացին Եհովային, թեև բոլոր անդամներին (բացի մի որդուց, որը մահացել էր դժբախտ պատահարից) հավատի համար ուղարկել էին համակենտրոնացման ճամբարներ, բանտեր կամ ուղղիչ դպրոցներ
[նկարներ 450-րդ էջի վրա]
Ավստրիայում և Գերմանիայում ոմանք, վտանգի ենթարկելով իրենց կյանքը, բազմացնում և տարածում էին Աստվածաշնչի ուսումնասիրության նյութերը (մի օրինակ պատկերված է հետևի պլանում)
Թերեզա Շրայբեր
Պետեր Գյոլես
Էլֆրիդե Լյոր
Ալբերտ Վանդրես
Աուգուստ Կրաֆտ
Իլզե Ունտերդյորֆեր
[նկար 454-րդ էջի վրա]
Մի խումբ Վկաներ Շանհայի (Չինաստան) համաժողովի ժամանակ՝ 1936-ին։ Այս խմբից ինը հոգի մկրտվեց այդ համաժողովի ժամանակ
[նկար 456-րդ էջի վրա]
Թեև Ավստրալիայում Վկաների գործունեությունն արգելված էր, նրանք 1941-ին համաժողով անցկացրին Սիդնեյի մոտակայքում գտնվող Հարգրեյվ այգում
[նկար 458-րդ էջի վրա]
Կուբայի Վկաները՝ Սիենֆուեգոս քաղաքի համաժողովին (1939)
[նկար 459-րդ էջի վրա]
Ն. Հ. Նորը (ձախ կողմում)՝ Սան Պաուլուի համաժողովին (1945)։ Նրա հետ Էրիխ Կատներն է, որը թարգմանում է ելույթը