Գլուխ 27
Տպագրում և տարածում են Աստծու սուրբ Խոսքը
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ գլխավոր վարչության տպարանի շենքի վրա արդեն երկար տարիներ է, ինչ գրված է հետևյալ հորդորը՝ «Կարդա Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, ամեն օր»։
Վկաներն իրենք էլ ջանադրաբար ուսումնասիրում են Աստծու Խոսքը։ Տարիների ընթացքում նրանք Աստվածաշնչի զանազան թարգմանություններ են օգտագործել, որպեսզի հասկանան Աստծու ներշնչյալ Խոսքի բնագրի ճշգրիտ իմաստը։ Յուրաքանչյուր Վկայի հորդոր է տրվում Աստվածաշնչի ընթերցանության ամենօրյա ծրագիր ունենալ։ Աստվածաշնչյան տարբեր թեմաներ ուսումնասիրելուց բացի, նրանք նաև ժողովի հանդիպումների ժամանակ գլուխ առ գլուխ կարդում ու քննարկում են Աստվածաշունչը։ Նրանց նպատակը այն չէ, որ գտնեն սուրբգրային այնպիսի համարներ, որոնք թիկունք կկանգնեն իրենց տեսակետներին։ Վկաները Աստվածաշունչը համարում են Աստծու ներշնչյալ Խոսք։ Նրանք հասկանում են, որ այն տալիս է հանդիմանություն ու խրատ, և ամեն կերպ ջանում են իրենց մտածելակերպն ու վարքը ներդաշնակեցնել այնտեղ գրված սկզբունքներին (2 Տիմոթ. 3։16, 17; համեմատի՛ր 1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։
Քանի որ Եհովայի վկաները համոզված են, որ Աստվածաշունչը Աստծու սուրբ Խոսքն է, և գիտեն, թե ինչ հրաշալի բարի լուր է այն պարունակում, նրանք ակտիվորեն հրատարակում և տարածում են այդ գիրքը։
Աստվածաշնչեր հրատարակող Ընկերություն
1896-ին «Աստվածաշունչ» բառը պաշտոնապես ընդգրկվեց Աստվածաշունչ ուսումնասիրողների այն իրավաբանական միավորման անվանման մեջ, որը նրանք օգտագործում էին իրենց հրատարակչական գործունեության համար։ Այդ ժամանակ «Սիոնի Դիտարանի և թերթիկի ընկերությունը» պաշտոնապես անվանվեց «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերություն»a։ Ընկերությունը անմիջապես չսկսեց Աստվածաշնչեր տպագրել և կազմել, բայց ակտիվորեն հրատարակում էր Աստվածաշնչեր, և դրա համար լուծում էր հրատարակչական տարբեր հարցեր, հավելյալ արժեքավոր նյութեր էր կցում դրանց, այնուհետև կոմերցիոն ընկերությունների միջոցով իրականացնում էր տպագրությունն ու կազմարարությունը։
Նույնիսկ նախքան 1896թ. Ընկերությունը շատ Աստվածաշնչեր էր տարածում։ Առանց որևէ շահ փնտրելու և ընթերցողներին օգնելու ցանկությունից մղված՝ Ընկերությունը նրանց ուշադրությունը հրավիրում էր Աստվածաշնչի զանազան թարգմանությունների վրա։ Այն Աստվածաշնչեր էր գնում մեծ քանակությամբ, որպեսզի դրանք էժան լինեին, այնուհետև առաջարկում էր մարդկանց ցածր գնով, որը երբեմն շուկայական գնի ընդամենը 35 տոկոսն էր կազմում։ Այդ թարգմանությունների թվում էին «Ջեյմս թագավորի թարգմանության» բազմաթիվ թողարկումները, որոնք հարմար էին օգտագործելու համար, նաև ավելի մեծ չափի մի թողարկում՝ այսպես կոչված՝ «Ուսուցիչների Աստվածաշունչը» («Ջեյմս թագավորի թարգմանությունը»՝ համաբարբառով, քարտեզներով և զուգահեռ հղումներով), ինչպես նաև «Էմֆաթիք դայագլոթ»-ը հունարենից անգլերեն տողացի թարգմանությամբ, Լիզերի թարգմանությունը, որում անգլերեն տեքստի կողքին եբրայերեն տեքստն էր, Մերդոկի թարգմանությունը՝ հին ասորերենից թարգմանված, Նյուբերիի Աստվածաշունչը՝ զուգահեռ հղումներով, որոնք ուշադրություն էին հրավիրում բնագիր լեզուներում Աստծու անվան գործածության վրա և պարունակում էին արժեքավոր տեղեկություններ եբրայերեն ու հունարեն տեքստերից, Տիշենդորֆի Նոր Կտակարանը՝ ծանոթագրություններով, որոնցում ներկայացվում են զանազան տարբերակներ Աստվածաշնչի ամենաամբողջական հունարեն երեք հին ձեռագրերից (Սինայական, Վատիկանյան և Ալեքսանդրյան), «Վարիորում» Աստվածաշունչը՝ ծանոթագրություններով, որոնցում ոչ միայն ներկայացվում էին տեքստի զանազան տարբերակներ հին ձեռագրերից, այլև տեքստի որոշ հատվածների տարբեր թարգմանություններ՝ կատարված հայտնի գիտնականների կողմից, և Յանգի բառացի թարգմանությունը։ Ընկերությունը ընթերցողներին առաջարկել է նաև Կրուդենի համաբարբառը և Յանգի «Վերլուծական համաբարբառը», որում տրվում էին մեկնաբանություններ բնագրի եբրայերեն և հունարեն բառերի վերաբերյալ։ Հետագա տարիներին ամբողջ աշխարհում Եհովայի վկաները հաճախ աստվածաշնչյան ընկերություններից գնում էին հազարավոր Աստվածաշնչեր տարբեր լեզուներով և տարածում էին դրանք։
Դեռևս 1890-ին, եղած տեղեկությունների համաձայն, Ընկերությունը ձեռնարկեց հատուկ մի հրատարակության թողարկում, որի վրա գրված էր լինելու Ընկերության անունը։ Դա «Նոր Կտակարանի նոր թարգմանություն՝ քննադատական դիտողություններով» հրատարակության երկրորդ թողարկումն էր՝ պատրաստված Աստվածաշնչի բրիտանացի թարգմանիչ Ջոզեֆ Բ. Ռոդերհամի կողմից։ Ինչո՞ւ հենց այդ թարգմանությունը։ Քանի որ դա բառացի թարգմանություն էր, և թարգմանիչը, փնտրտուքներ կատարելով, ջանացել էր հունարեն տեքստը ավելի ճշգրիտ ներկայացնել, ինչպես նաև պարունակում էր այնպիսի առանձնահատկություններ, որոնք օգնում էին հասկանալ, թե որ բառերն ու արտահայտություններն են հատուկ շեշտվում հունարեն տեքստում։
1902-ին «Դիտարան ընկերությունը» ձեռնարկեց նաև հատուկ մի թողարկման տպագրություն։ Դա Հոլմանի Աստվածաշունչն էր (Holman Linear Parallel Edition)։ Այդ թողարկումը ուներ լայն լուսանցքներ, որտեղ կային հղումներ «Դիտարան ընկերության» տարբեր հրատարակություններին, որոնցում բացատրվում էին տարբեր սուրբգրային համարներ։ Այն նաև ընդգրկում էր թեմատիկ ցանկ՝ սուրբգրային համարներով և «Դիտարան ընկերության» հրատարակությունների հղումներով։ Այս Աստվածաշնչում զուգահեռ բերված էին երկու թարգմանություններ՝ «Ջեյմս թագավորի թարգմանությունը» և «Վերանայված թարգմանությունը». այն տեղերում, որտեղ փոփոխություններ էին արվել, Վերանայված թարգմանության վերևում գրվում էր հին տարբերակը։ Այդ Աստվածաշունչը ընդգրկում էր նաև ծավալուն համաբարբառ, որից ընթերցողը կարող էր տեղեկություններ ստանալ բնագիր լեզուների բառերի տարբեր իմաստների վերաբերյալ։
Այդ նույն տարի «Դիտարան ընկերությունը» ձեռք բերեց «Էմֆաթիք դայագլոթ» թարգմանության տպաձևերը։ Այն ընդգրկում էր Յ. Յ. Գրիսբախի Քրիստոնեական Հունարեն Գրությունների հունարեն տեքստը (1796–1806-ի թողարկումը), ինչպես նաև անգլերեն տողացի թարգմանությունը, և դրանց կողքին բերվում էր մի թարգմանություն՝ արված Բենջամին Ուիլսոնի կողմից (ծնվել է Մեծ Բրիտանիայում, ապրել է Ջենիվայում, Իլինոյս, ԱՄՆ)։ Ինչ-որ մեկը գնել էր այդ տպաձևերն ու հրատարակման բացառիկ իրավունքը և հետո նվիրել էր Ընկերությանը։ Երբ այդ թարգմանության՝ պահեստում եղած օրինակները արդեն տարածվել էին, Ընկերությունը միջոցներ ձեռնարկեց, որ ավելի շատ օրինակներ տպագրվեն, և դրանք թողարկվեցին 1903-ին։
Չորս տարի անց՝ 1907-ին, թողարկվեց «Ջեյմս թագավորի թարգմանության» Աստվածաշունչ ուսումնասիրողների հրատարակությունը։ Այդ թողարկմանը կցվել էր «Աստվածաշնչի բերիական ուսուցիչների ձեռնարկը»՝ որպես հավելված։ Այն ընդգրկում էր սուրբգրային տարբեր համարների վերաբերյալ հակիրճ մեկնաբանություններ, ինչպես նաև հղումներ «Դիտարան ընկերության» հրատարակություններին, որոնցում ավելի մանրամասն տեղեկություններ կային։ Մեկ տարի անց տպագրվեց մեկ ուրիշ թողարկում՝ ավելի մեծ հավելվածով։
Ծախսերը նվազեցնելու նպատակով Աստվածաշնչերի համար մեծ տպաքանակով՝ 5000-ից 10000 օրինակ, պատվերներ էին տրվում տպարաններին և կազմատներին։ Ընկերությունը ցանկանում էր, որ հնարավորինս շատ մարդիկ կարողանային ձեռք բերել Աստվածաշնչի թարգմանություններ և փնտրտուքներ անելու միջոցներ։
1926-ին «Դիտարան ընկերությունը» հաջորդ կարևոր քայլը կատարեց Աստվածաշունչ հրատարակելու գործում։
Աստվածաշնչի տպագրություն Ընկերության հաստոցներով
Աստվածաշնչի հրատարակությունը սկսելուց միայն 36 տարի անց «Դիտարան ընկերությունը» սկսեց Աստվածաշնչի տպագրությունն ու կազմարարական աշխատանքներն իրականացնել իր տպարաններում։ Առաջինը «Էմֆաթիք դայագլոթ» թարգմանությունն էր, որի տպաձևերը արդեն 24 տարի էր, ինչ պատկանում էին Ընկերությանը։ 1926-ի դեկտեմբերին այս թարգմանությունը տպագրվեց Ընկերության՝ Կոնկորդ Սթրիթ (Բրուքլին) հասցեում գտնվող տպարանում հարթ տպագրության հաստոցով։ 1992-ի դրությամբ արդեն թողարկվել էր 427924 օրինակ։
Իր տպարաններում «Էմֆաթիք դայագլոթի» տպագրությունը սկսելուց տասնվեց տարի անց, երբ դեռ ընթանում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, Ընկերությունը սկսեց ամբողջական Աստվածաշնչի թողարկումը։ Այդ նպատակով 1942-ին Ա. Ջ. Հոլմանի ընկերությունից (Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա) գնվեցին «Ջեյմս թագավորի թարգմանության» (զուգահեռ հղումներով թողարկում) տպաձևերը։ Այս ամբողջական Աստվածաշունչը անգլերենով չէր թարգմանվել լատիներեն «Վուլգատայից»։ Այն թարգմանել էին որոշ գիտնականներ, որոնք կարողացել էին նախկին թարգմանությունները համեմատել եբրայերեն, արամերեն և հունարեն բնագրային տեքստերի հետ։ Ավելացվեց նաև մի համաբարբառ, որի վրա աշխատել էին 150 հավատարիմ Վկաներ։ Այն նախատեսված էր հատկապես Եհովայի վկաներին օգնելու համար, որպեսզի նրանք քարոզչական ծառայության ժամանակ արագորեն գտնեին համապատասխան սուրբգրային համարները և այդպիսով արդյունավետորեն օգտագործեին Աստվածաշունչը՝ որպես «ոգու սուր»՝ կրոնական կեղծիքները քողազերծելու համար (Եփես. 6։17)։ Որպեսզի մարդիկ ամենուր հնարավորություն ունենային մատչելի գներով ձեռք բերել Աստվածաշունչը, այն տպագրվում էր ռոտացիոն գլանափաթեթավոր հաստոցով, մի բան, որ երբևիցե չէին փորձել անել Աստվածաշունչ թողարկող մյուս տպարանները։ 1992-ին այդ թարգմանության 1858368 օրինակ էր տպագրվել։
Եհովայի վկաների նպատակը պարզապես Աստվածաշունչը մարդկանց մատչելի դարձնելը չէր։ Նրանք ցանկանում էին օգնել մարդկանց իմանալու Աստվածաշնչի հեղինակի՝ Եհովա Աստծու անձնական անունը և նրա նպատակները։ 1901-ին անգլերենով թողարկված «Ամերիկյան միասնական թարգմանության» մեջ Աստծու անունը օգտագործվում էր ավելի քան 6870 անգամ՝ բոլոր տեղերում, որտեղ այդ անունը գրված է եղել այն աղբյուրներում, որոնցից արվել էր թարգմանությունը։ Ամիսներ շարունակ բանակցություններ վարելուց հետո՝ 1944-ին, «Դիտարան ընկերությունը» իրավունք ձեռք բերեց կրկնօրինակելու այդ Աստվածաշնչի տպաձևերի բնօրինակները, որոնք տրամադրել էր Թոմաս Նելսոն և որդիներ ընկերությունը (Նյու Յորք)։ Հաջորդ 48 տարիների ընթացքում տպագրվեց այդ Աստվածաշնչի 1039482 օրինակ։
Ստիվեն Բայինգտոնը (Բալարդվեյլ, Մասաչուսեթս, ԱՄՆ) նույնպես ժամանակակից անգլերենով թարգմանեց Աստվածաշունչը, որտեղ նա Աստծու անունը օգտագործեց բոլոր տեղերում, որտեղ այն պետք է լիներ։ 1951-ին «Դիտարան ընկերությունը» ձեռք բերեց նրա՝ չհրատարակված ձեռագրերը, իսկ 1961-ին ստացավ դրանք հրատարակելու բացառիկ իրավունքը։ Այդ ամբողջական թարգմանությունը տպագրվեց 1972-ին։ Մինչև 1992-ը տպագրվել էր այդ թարգմանության ավելի քան 262573 օրինակ։
Այդ ընթացքում աշխատանքներ էին տարվում նաև մեկ այլ ուղղությամբ։
«Նոր աշխարհ թարգմանության» թողարկումը
1946-ի սկզբներին «Դիտարան ընկերության» նախագահ Նաթան Հ. Նորը առաջարկեց թողարկել Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր թարգմանություն։ Թարգմանչական աշխատանքները սկսվեցին 1947-ի դեկտեմբերի 2-ին։ Ամբողջ թարգմանությունը վերանայեց ողջ թարգմանչական կոմիտեն, որի բոլոր անդամները ոգով օծված քրիստոնյաներ էին։ Ապա 1949-ի սեպտեմբերի 3-ին եղբայր Նորը հանդիպում կազմակերպեց Ընկերության Նյու Յորքի և Փենսիլվանիայի իրավաբանական միավորումների տնօրենների խորհուրդների հետ։ Նա հայտարարեց, որ «Նոր աշխարհ թարգմանության» կոմիտեն ավարտել է Քրիստոնեական Հունարեն Գրությունների ժամանակակից թարգմանությունը և այն հանձնել է Ընկերությանը հրատարակելու համարb։ Դա նոր թարգմանություն էր՝ կատարված հունարեն բնագրից։
Բայց արդյո՞ք նոր թարգմանության կարիք կար։ Մինչ այդ արդեն Աստվածաշունչն ամբողջությամբ հրատարակվել էր 190 լեզուներով, և մասամբ թարգմանվել էր 928 լեզուներով ու բարբառներով։ Եհովայի վկաները տարբեր ժամանակներում օգտվել են այդ թարգմանություններից շատերից։ Բայց դրանց մեծ մասը թարգմանել էին քրիստոնեական աշխարհի տարբեր կրոնական կազմակերպությունների հոգևորականներն ու միսիոներները, և դրանց վրա այս կամ այն չափով ազդեցություն էին ունեցել հեթանոսական փիլիսոփայությունները և այդ կրոնների՝ անցյալից ժառանգած ոչ սուրբգրային ավանդույթները, ինչպես նաև բարձրակարգ քննախոսության կանխակալ կարծիքը։ Նաև ավելի հին և ավելի վստահելի աստվածաշնչյան ձեռագրեր էին դարձել մատչելի։ Իսկ հնագիտական հայտնագործությունները հնարավորություն էին տալիս ավելի լավ հասկանալու առաջին դարի հունարեն լեզուն։ Բացի այդ, տարիների ընթացքում փոփոխության են ենթարկվում այն լեզուները, որոնցով թարգմանվում են Աստվածաշնչերը։
Եհովայի վկաները ցանկանում էին ունենալ այնպիսի թարգմանություն, որը կատարելիս հաշվի կառնվեին վերջին գիտական հայտնագործությունները, և որը զերծ կլիներ քրիստոնեական աշխարհի հավատալիքների և ավանդույթների ազդեցությունից։ Նրանք ցանկանում էին, որ դա լիներ բառացի թարգմանություն, որը հավատարմորեն կփոխանցեր այն, ինչ գրված է բնագրային տեքստերում, և որը հնարավորություն կտար խորացնելու Աստվածաշնչի ճշմարտության մասին գիտելիքները։ Այն ժամանակակից ընթերցողի համար պետք է լիներ պարզ և հասկանալի։ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը», որը հրատարակվեց 1950-ին, հենց այդպիսի թարգմանություն էր։ Երբ Եհովայի վկաները սկսեցին օգտագործել այդ թարգմանությունը, նրանցից շատերին անչափ տպավորել էր ոչ միայն այն, որ դա ժամանակակից լեզվով գրված դյուրընթեռնելի թարգմանություն էր, այլև այն, որ դրա շնորհիվ ավելի հստակ հասկացողություն էին ձեռք բերում Աստծու ներշնչյալ Խոսքից։
Այդ թարգմանության առանձնահատկություններից մեկն այն է, որ այնտեղ վերականգնվել է Աստծու Եհովա անունը, որը Քրիստոնեական Հունարեն Գրություններում հանդիպում է 237 անգամ։ Դա առաջին թարգմանությունը չէր, որում վերականգնվել էր Աստծու անունըc։ Բայց թերևս առաջինն էր, որի հիմնական տեքստում՝ «Մատթեոս»-ից մինչև «Հայտնություն», այդ անունը վերականգնվել է հետևողականորեն։ Այդ հրատարակության նախաբանում մանրամասնորեն բացատրվում է, թե ինչ հիմքեր են եղել այդպես վարվելու համար։
Այնուհետև անգլերեն թարգմանվեցին նաև Եբրայերեն Գրությունները։ Դրանք թողարկվեցին հինգ առանձին հատորներով մեկը մյուսի հետևից՝ սկսած 1953-ից։ Ինչպես Քրիստոնեական Հունարեն Գրությունների թարգմանության ժամանակ, այնպես էլ այս դեպքում հատուկ ուշադրություն էր դարձվում, որ թարգմանությունը կատարվեր հնարավորինս բառացի, և փոխանցվեր այն, ինչ գրված էր բնագիր տեքստում։ Հատուկ ջանքեր գործադրվեցին, որ հիմնական բառերը գրվեն միանման կերպով և ճշգրտորեն փոխանցեն բայերի ցույց տված գործողությունն ու վիճակը, ինչպես նաև օգտագործվի պարզ լեզու, որպեսզի ժամանակակից ընթերցողը հեշտությամբ հասկանա տեքստը։ Այն տեղերում, որտեղ եբրայերեն տեքստում հանդիպում էր քառագիրը, համապատասխանաբար գրվում էր Աստծու անունը, և այն չէր փոխարինվում այլ բառերով, ինչը սովորաբար անում էին շատ այլ թարգմանիչներ։ Այս հատորներում ընդգրկված հավելվածները և ծանոթագրությունները ջանադիր ուսումնասիրողներին հնարավորություն էին տալիս քննելու, թե ինչ հիմքեր կան որոշակի արտահայտություններ այս կամ այն ձևով թարգմանելու համար։
1960-ի մարտի 13-ին Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» կոմիտեն ավարտեց հինգերորդ հատորի մեջ մտնող տեքստի վերջնական ընթերցանությունը։ Քրիստոնեական Հունարեն Գրությունների թարգմանությունը սկսելուց անցել էր 12 տարի, 3 ամիս, 11 օր։ Մի քանի ամիս անց տպագրվեց Եբրայերեն Գրությունների վերջին հատորը, և այն պատրաստ էր տարածելու համար։
Աստվածաշնչի թարգմանությունը ավարտելուց հետո թարգմանչական կոմիտեն շարունակեց աշխատել։ Մանրամասնորեն ստուգվեց ամբողջ թարգմանությունը։ Այնուհետև 1961-ին «Դիտարան ընկերությունը» հրատարակեց «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» վերանայված թողարկումը մեկ հատորով։ Այն մարդկանց առաջարկում էին ընդամենը մեկ ամերիկյան դոլարով, ուստի յուրաքանչյուր ոք, անկախ իր տնտեսական վիճակից, կարող էր ձեռք բերել Աստվածաշնչի մեկ օրինակ։
Երկու տարի անց լույս տեսավ հատուկ թողարկում՝ նախատեսված խոր ուսումնասիրության համար։ Դա մեկ հատորով հրատարակություն էր, որում ընդգրկված էին բոլոր սկզբնական չվերանայված հատորները՝ բազմաթիվ արժեքավոր ծանոթագրություններով, ինչպես նաև նախաբանով և հավելվածներով։ Այնտեղ նաև պահպանվել էին զուգահեռ հղումները, որոնք ընթերցողների ուշադրությունը հրավիրում էին զուգահեռ բառերի, զուգահեռ մտքերի կամ դեպքերի, կենսագրական տեղեկությունների, աշխարհագրական տվյալների, մարգարեությունների կատարման, ինչպես նաև Աստվածաշնչի այլ մասերից ուղղակի մեջբերումների վրա։
1961-ին մեկ հատորով թողարկման լույս ընծայումից հետո հավելյալ չորս վերանայված թողարկումներ են հրատարակվել։ Դրանցից ամենավերջինը լույս է տեսել 1984-ին։ Դա խոշորատառ մի հրատարակություն է, որն ընդգրկում է ծավալուն հավելված, 125000 զուգահեռ հղումներ, 11400 ծանոթագրություններ, ինչպես նաև համաբարբառ։ Դրանք օգնում են հասկանալ, թե ինչու է հարկ եղել տարբեր համարներ թարգմանել որոշակի ձևով, որ ճշգրիտ լինեն, ինչպես նաև հասկանալ, որ որոշ դեպքերում համարները կարելի է ճշգրտորեն թարգմանել մի քանի ձևով։ Զուգահեռ հղումները օգնում են տեսնելու, որ աստվածաշնչյան տարբեր գրքեր փոխկապակցված են և ներդաշնակ։
Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» կոմիտեն թողարկեց «Հունարեն Գրությունների՝ Թագավորության տողացի թարգմանությունը»՝ նպատակ ունենալով օգնել Աստծու Խոսքը սիրող անհատներին ծանոթանալու Քրիստոնեական Հունարեն Գրությունների համահունական կոյնե՛ լեզվով գրված բնագիր տեքստին։ Այդ հրատարակությունը լույս տեսավ 1969-ին, իսկ վերանայված տարբերակը՝ 1985-ին։ Այն ընդգրկում է «Նոր Կտակարանը՝ հին հունարենով» հրատարակությունը, որը կազմել են Բ. Ֆ. Վեստկոտը և Ֆ. Ջ. Ա. Հորտը։ Այդ հրատարակության էջերի աջ կողմում «Նոր աշխարհ թարգմանության» տեքստն է բերվում (1984-ի վերանայված հրատարակությունը)։ Իսկ հունարեն տեքստի տողերի միջև գրված է մեկ ուրիշ, շատ բառացի թարգմանություն, որում բառ առ բառ գրված է այն, ինչ հունարեն տեքստում է ասվում, և ներկայացվում է յուրաքանչյուր բառի հիմնական իմաստն ու քերականական ձևը։ Դա հնարավորություն է տալիս նույնիսկ հունարեն լեզուն չիմացող անհատին տեսնել, թե ինչ է գրված հունարեն բնագիր տեքստում։
Արդյո՞ք «Նոր աշխարհ թարգմանությունից» կարող էին օգուտներ քաղել միայն նրանք, ովքեր գիտեին անգլերեն լեզուն։ Շատ վայրերում «Դիտարան ընկերության» միսիոներները դժվարանում էին տեղի լեզուներով բավականաչափ Աստվածաշնչեր ձեռք բերել առաջարկելու համար այն մարդկանց, ովքեր ցանկանում էին ունենալ Աստվածաշնչի անձնական օրինակը։ Աշխարհի որոշ մասերում հիմնականում այդ միսիոներներն էին տարածում Աստվածաշնչեր՝ թողարկված այլ աստվածաշնչյան ընկերությունների կողմից։ Սակայն այդ ընկերությունները ներկայացնող հոգևորականները միշտ չէ, որ հավանություն էին տալիս դրան։ Բացի այդ, Աստվածաշնչի որոշ թարգմանություններ այդքան էլ լավը չէին։
Թարգմանություն այլ լեզուներով
Այն տարի, երբ «Նոր աշխարհ թարգմանությունը» թողարկվեց մեկ հատորով (դա 1961 թվականն էր), հմուտ թարգմանիչների մի խումբ հավաքվեց, որպեսզի այդ հրատարակությունը անգլերենից թարգմանի լայնորեն օգտագործվող վեց այլ լեզուներով՝ գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, հոլանդերեն, պորտուգալերեն և ֆրանսերեն։ Անգլերեն տեքստից թարգմանելը (միևնույն ժամանակ եբրայերեն և հունարեն տեքստերի հետ համեմատություն անելով) հնարավոր եղավ այն բանի շնորհիվ, որ անգլերեն թարգմանությունը բառացի էր։ Թարգմանիչները, որոնք կազմում էին միջազգային կոմիտե, աշխատում էին Բրուքլինի (Նյու Յորք) գլխավոր վարչությունում և համագործակցում էին Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» կոմիտեի հետ։ 1963-ին Քրիստոնեական Հունարեն Գրությունները թողարկվեցին այդ վեց լեզուներով։
1992-ին «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» արդեն մատչելի էր 12 լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, դանիերեն, իսպաներեն, իտալերեն, հոլանդերեն, ճապոներեն, շվեդերեն, չեխերեն, պորտուգալերեն, սլովակերեն և ֆրանսերեն։ Քրիստոնեական Հունարեն Գրությունները մատչելի էին երկու լեզուներով ևս։ Դա նշանակում էր, որ այդ թարգմանությունը մատչելի էր 1400000000 մարդկանց (աշխարհի բնակչության մեկ քառորդ մասը) մայրենի լեզվով, և դեռ ավելի շատ մարդիկ էին օգուտներ քաղում այդ թարգմանությունից շնորհիվ այն բանի, որ 97 ուրիշ լեզուներով լույս տեսնող «Դիտարան» պարբերագրում մեջբերվում էին այդ թարգմանությունից որոշ հատվածներ։ Սակայն այդ 97 լեզուներով լույս տեսնող հրատարակություններն ընթերցող մարդիկ շատ էին ցանկանում իրենց մայրենի լեզվով ունենալ «Նոր աշխարհ թարգմանությունն» ամբողջությամբ։ 1992-ին արդեն իսկ աշխատանքներ էին տարվում դրանցից 16-ով այդ թարգմանությունը թողարկելու համար, իսկ երկու լեզվով, որոնցով թողարկվել էին Քրիստոնեական Հունարեն Գրությունները, արդեն ավարտվում էր Եբրայերեն Գրությունների թարգմանությունը։
Քանի որ այս Աստվածաշնչերը տպագրվում էին Ընկերության տպարաններում կամավորների ջանքերով, դրանք առաջարկվում էին նվազագույն գնով։ 1972-ին ավստրիացի մի Վկա կազմարարական աշխատանքներ կատարող մի մարդու ցույց տվեց «Նոր աշխարհ թարգմանությունը» և հարցրեց, թե նրա կարծիքով՝ որքան կարժենար այն։ Այդ մարդն անչափ զարմացավ, երբ իմացավ, որ այդ հրատարակության համար առաջարկվող նվիրաբերության չափը իր նշած գնի ընդամենը մեկ տասներորդ մասն էր կազմում։
Որոշ օրինակներ ցույց են տալիս, թե ինչ ազդեցություն է ունեցել այդ թարգմանությունը։ Ֆրանսիայում կաթոլիկ եկեղեցին դարեր շարունակ արգելել է իր անդամներին Աստվածաշունչ ունենալ։ Իսկ հետագայում եղած կաթոլիկական թարգմանությունները համեմատաբար թանկ էին, և շատ քիչ ընտանիքներ ունեին դրանցից։ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» ֆրանսերենով թողարկվեց 1963-ին, իսկ 1974-ին լույս տեսավ ամբողջ Աստվածաշունչը։ 1992-ին «Նոր աշխարհ թարգմանության» ընդհանուր հաշվով 2437711 օրինակներ ուղարկվեցին Ֆրանսիա՝ տարածելու համար. և այդ նույն ժամանակահատվածում Եհովայի վկաների թիվը աճեց 488 տոկոսով՝ հասնելով 119674-ի։
Նմանատիպ իրավիճակ էր տիրում նաև Իտալիայում։ Մարդկանց երկար ժամանակ արգելում էին Աստվածաշունչ ունենալ։ Իտալերեն լեզվով «Նոր աշխարհ թարգմանության» հրատարակությունից հետո մինչև 1992թ. տարածվել է 3597220 օրինակ, մեծամասամբ ամբողջական Աստվածաշունչը։ Մարդիկ ցանկանում էին անձամբ քննել, թե ինչ է ասվում Աստծու Խոսքում։ Հետաքրքիր է, որ այդ նույն ժամանակահատվածում Եհովայի վկաների թիվը Իտալիայում կտրուկ աճեց՝ 7801-ից հասնելով 194013-ի։
Երբ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» թողարկվեց պորտուգալերեն լեզվով, Բրազիլիայում կար ընդամենը 30118 Վկա, իսկ Պորտուգալիայում՝ 1798։ Հաջորդ տարիների ընթացքում մինչև 1992-ը այդ երկրների ժողովներին և առանձին անհատների ուղարկվել է պորտուգալերեն լեզվով Քրիստոնեական Հունարեն Գրությունների ընդհանուր հաշվով 213438 օրինակ և ամբողջական Աստվածաշնչի 4153738 օրինակ։ Ինչպիսի՞ն եղավ արդյունքը։ Բրազիլիայում Եհովային փառաբանողների թիվն ավելացավ ավելի քան 11 անգամ, իսկ Պորտուգալիայում՝ 22 անգամ։ Տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք Աստվածաշունչ չէին ունեցել, երախտապարտ էին, որ այժմ ունեն իրենց անձնական օրինակը, իսկ ուրիշներն էլ ուրախ էին, որ կարող են ունենալ Աստվածաշունչ, որը շարադրված է ավելի հասկանալի ձևով։ Երբ Բրազիլիայում արդեն առկա էր «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանություն՝ ծանոթագրություններով» թողարկումը, լրատվական միջոցներով ասում էին, որ դա երկրում եղած ամենաամբողջական թարգմանությունն է (մի հրատարակություն, որն ավելի շատ զուգահեռ հղումներ և ծանոթագրություններ է պարունակում)։ Նաև նշում էին, որ դրա նախնական տպաքանակը տասն անգամ ավելի մեծ է եղել, քան երկրում ամենատարածված թողարկումներինը։
«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» իսպաներեն լեզվով նույնպես լույս է տեսել 1963-ին, իսկ 1967-ին լույս տեսավ ամբողջական Աստվածաշունչը։ Քրիստոնեական Հունարեն Գրությունները թողարկվել են 527451 օրինակով, այնուհետև մինչ 1992-ը ամբողջական Աստվածաշնչի ընդհանուր հաշվով 17445782 օրինակ է թողարկվել։ Դա մեծապես նպաստել է իսպանախոս երկրներում Եհովային փառաբանողների թվի զարմանալի աճին։ 1963-ից մինչև 1992-ը այն երկրներում, որտեղ գլխավորաբար խոսում են իսպաներեն, Եհովայի վկաների թիվը 82106-ից հասավ 942551-ի։ 1992-ին Միացյալ Նահանգներում ծառայում էին 130224 իսպանախոս Վկաներ ևս։
«Նոր աշխարհ թարգմանությունը» միայն քրիստոնեություն դավանող երկրներում չէր, որ խանդավառությամբ ընդունվեց։ Ճապոնիայի մասնաճյուղը ճապոներեն թողարկման տպագրության առաջին տարվա ընթացքում կես միլիոն օրինակի պատվեր ստացավ։
1992-ին «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» ընդհանուր տպաքանակը այն ժամանակ մատչելի 12 լեզուներով կազմում էր 70105258։ Նաև այդ թարգմանության տարբեր հատվածներ տպագրվել էին 8819080 օրինակով։
Աստվածաշնչի թողարկում տարբեր չափերով և տարբեր ձևերով
Երբ 1977-ին «Դիտարան ընկերությունը» սկսեց լայնորեն օգտագործել համակարգիչներ, դա դրականորեն անդրադարձավ ոչ միայն Աստվածաշնչերի թողարկման գործի, այլև հրատարակչական գործունեության այլ ոլորտների վրա։ Դա օգնել է, որ թարգմանիչները ավելի շատ հետևողականություն պահպանեն թարգմանության գործում, նաև դրա շնորհիվ ավելի հեշտ է դարձել Աստվածաշունչը թողարկել տարբեր ձևաչափերով։
Աստվածաշնչի ողջ տեքստը համակարգիչ մուտքագրելուց հետո արդեն հեշտ էր էլեկտրոնային լուսաշարվածք կատարել և տպագրել տեքստը տարբեր չափերով և ձևերով։ 1981-ին անգլերեն լեզվով տպագրվեց նախ սովորական չափի Աստվածաշունչ, որն ընդգրկում էր համաբարբառ և օգտակար հավելված։ Սա առաջին թողարկումն էր, որ տպագրվեց «Դիտարան ընկերության» օֆսեթ տպագրության գլանափաթեթավոր հաստոցով։ Երբ համակարգիչ մուտքագրված տեքստի մեջ կատարվեցին անհրաժեշտ փոփոխությունները, 1984-ին հրատարակվեց անգլերեն խոշորատառ թողարկումը, որը բազմաթիվ արժեքավոր նյութեր էր պարունակում փնտրտուքների համար։ Այդ տարի հրատարակվեց նաև այդ նույն թողարկումը սովորական չափով, որը պարունակում էր զուգահեռ հղումներ և համաբարբառ, բայց չէր ընդգրկում ծանոթագրություններ, իսկ հավելվածը նախատեսված էր ոչ թե խոր ուսումնասիրությունների, այլ քարոզչական ծառայության մեջ օգտագործելու համար։ Այնուհետև 1987-ին անգլերենով հրատարակվեց փոքր չափի Աստվածաշունչ։ Այս բոլոր թողարկումները շատ շուտով լույս տեսան նաև այլ լեզուներով։
Չէին անտեսվում նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց կարիքները։ Նրանց համար, ովքեր տեսողության հետ կապված խնդիրներ ունեին և խոշորատառ հրատարակության կարիք ունեին, 1985-ին անգլերեն լեզվով լույս տեսավ «Նոր աշխարհ թարգմանության» կրկնակի խոշորատառ չորսհատորանի թողարկումը։ Շուտով այդ թողարկումը լույս տեսավ գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և ճապոներեն լեզուներով։ Դրանից առաջ՝ 1983-ին, լույս էր տեսել «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» անգլերեն Բրայլի գրատիպով (երկրորդ մակարդակ)։ Հաջորդ հինգ տարիների ընթացքում ամբողջական «Նոր աշխարհ թարգմանությունը» անգլերեն Բրայլի գրատիպով թողարկվեց 18 հատորով։
Իսկ արդյոք օգտակար կլինե՞ր թողարկել Աստվածաշնչի ձայնագրություններ։ Իհարկե, օգտակար կլիներ։ Ուստի «Դիտարան ընկերությունը» սկսեց ձայներիզներ թողարկել։ Առաջին ձայներիզը թողարկվեց անգլերեն լեզվով 1978-ին և կոչվում էր «Բարի լուրն՝ ըստ Հովհաննեսի»։ Ժամանակի ընթացքում անգլերեն լեզվով «Նոր աշխարհ թարգմանությունն» ամբողջությամբ թողարկվեց 75 ձայներիզների վրա։ Այդ փոքր ձեռնարկումը շուտով հսկայական նախագիծ դարձավ։ Շուտով Աստվածաշնչի ձայնագրությունը մատչելի եղավ նաև այլ լեզուներով։ 1992-ին արդեն «Նոր աշխարհ թարգմանությունը» ամբողջությամբ կամ մասամբ թողարկվել էր ձայներիզների վրա 14 լեզուներով։ Սկզբնական շրջանում որոշ մասնաճյուղեր այդ գործը կատարում էին կոմերցիոն ընկերությունների միջոցով։ Մինչև 1992-ը Ընկերությունն իր սարքավորումներով թողարկել էր ավելի քան 31000000 այդպիսի ձայներիզներ։
Աստվածաշնչի ձայնագրությունների բերած օգուտները և դրանց գործածության մասշտաբները գերազանցեցին բոլոր ակնկալիքները։ Աշխարհի տարբեր մասերում մարդիկ լայնորեն օգտագործում էին մագնիտոֆոններ։ Շատերը, որ չէին կարողանում կարդալ, դրանց միջոցով օգուտներ էին քաղում Աստծու սուրբ Խոսքից։ Կանայք լսում էին ձայնագրությունները տնային գործեր անելիս։ Տղամարդիկ լսում էին դրանք ավտոմեքենայով աշխատանքի գնալիս։ Վկաները բարելավում էին իրենց ուսուցողական հմտությունները՝ կանոնավորաբար լսելով Աստծու Խոսքը և ուշադրություն դարձնելով աստվածաշնչյան անունների արտասանությանը և տեքստի ընթերցանությանը։
1992-ին «Նոր աշխարհ թարգմանության» տարբեր թողարկումներ էին տպագրվում Ընկերության հաստոցներով Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում և Արևելքի երկրներում։ Ընդհանուր հաշվով 78924338 հատոր էր լույս տեսել տարածելու համար։ Միայն Բրուքլինում օֆսեթ տպագրության գլանափաթեթավոր արագագործ երեք հսկայական հաստոցներ էին օգտագործվում Աստվածաշնչի տպագրության համար։ Այդ հաստոցները, միասին վերցրած, կարող են մեկ ժամում թողարկել 7900 Աստվածաշունչ, երբեմն էլ անհրաժեշտ է լինում, որ դրանք աշխատեն լրացուցիչ հերթափոխով։
Սակայն Եհովայի վկաները Աստվածաշունչ չեն առաջարկում մարդկանց, որ նրանք այն պահեն իրենց գրապահարանում։ Նրանք առաջարկում են Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն ցանկացած մարդու, ում հետաքրքրում է Աստծու Խոսքը՝ անկախ այն բանից, թե նա Սուրբ Գրքի իր օրինակը ձեռք է բերել Վկաներից, թե՝ ոչ։ Այդ ուսումնասիրությունները անվերջ չեն լինում։ Որոշ ուսումնասիրողներ սրտանց ընդունում են այն, ինչ սովորում են և մկրտվում են՝ դառնալով Վկա, իսկ հետո իրենք են սովորեցնում ուրիշներին։ Բայց եթե մի քանի ամիս ուսումնասիրելուց հետո որևէ առաջադիմություն չի նկատվում, և անհատը չի կիրառում իր սովորածը, հաճախ ուսումնասիրությունը դադարեցվում է, որպեսզի այդ ժամանակը տրամադրվի անկեղծ սրտով ուրիշ անհատներին օգնելուն։ 1992-ին Եհովայի վկաները 4278127 Աստվածաշնչի ուսումնասիրություն էին անցկացնում առանձին անհատների կամ ընտանիքների հետ սովորաբար շաբաթը մեկ անգամ։
Վստահությամբ կարող ենք ասել, որ չկա ուրիշ մի կազմակերպություն, որ Եհովայի վկաների նման՝ հրատարակի, տարածի և ուսուցանի Աստծու սուրբ Խոսքը։
[ծանոթագրություններ]
a Ինչպես նշվում է «Դիտարանի» 1892-ի հուլիսի 15-ի համարում (էջ 210), «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերություն» անվանումը օգտագործվել է մի քանի տարի, նախքան միավորումը պաշտոնապես հայտնի կդառնար այդ անվանումով։ 1890-ին մի թերթիկում, որն ընդգրկված էր «Հին աստվածաբանություն» թերթիկների շարքում, նշված էր, որ այն հրատարակել է «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերությունը»։
b Այս թարգմանությունը պետք է հրատարակեր «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերությունը» (Փենսիլվանիա), և «Նոր աշխարհ թարգմանության» կոմիտեն խնդրել էր, որ թարգմանիչների անունները չնշվեն։ Թարգմանիչները ցանկանում էին, որ ողջ փառքը ուղղվի Եհովա Աստծուն՝ Սուրբ Գրքի Հեղինակին։
c Քրիստոնեական Հունարեն Գրություններում Աստծու անունը վերականգնվել է նաև որոշ ավելի վաղ թարգմանություններում՝ կատարված եբրայերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև քրիստոնեական աշխարհի միսիոներների կատարած շատ թարգմանություններում։
[շրջանակ 609-րդ էջի վրա]
Նոր թարգմանություն
Երբ լույս տեսավ «Եբրայերեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» առաջին հատորը, բրիտանացի աստվածաշնչագետ Ալեքսանդր Թոմսոնը գրեց. «Շատ քիչ են Եբրայերեն գրությունների յուրօրինակ անգլերեն թարգմանությունները։ Ուստի մեծ ուրախությամբ ողջունում ենք [Եբրայերեն Գրությունների] «Նոր աշխարհ թարգմանության» առաջին մասի («Ծննդոց»-ից մինչև «Հռութ») թողարկումը.... Ակնհայտ է, որ այս թարգմանությունը կատարողները հատուկ ջանքեր են գործադրել, որ այն լինի հեշտ ընթեռնելի։ Ոչ ոք չի կարող ասել, թե այն այդքան էլ նոր և յուրօրինակ չէ։ Այս թարգմանության բառերը վերցված չեն դրանից առաջ եղած թարգմանություններից» (The Differentiator, 1954, հունիս, էջ 131)։
[շրջանակ/նկար 610-րդ էջի վրա]
«Տեքստ՝ տողատակի բառարանով»
Նեբրասկայի համալսարանի դասախոս Թոմաս Ն. Ուինթերը մի պարբերագրում հոդված գրեց «Հունարեն Գրությունների՝ Թագավորության տողացի թարգմանության» մասին, որում ասվում էր. «Սա սովորական տողացի թարգմանություն չէ։ Պահպանվել է տեքստի ամբողջականությունը, իսկ անգլերեն արտահայտությունները, որ գրված են տողերի տակ, փոխանցում են հունարեն բառերի հիմնական իմաստը։ Ուստի այն բոլորովին էլ տողացի թարգմանություն չէ։ Ավելի ճիշտ կլինի այն անվանել տեքստ՝ տողատակի բառարանով։ Իսկ էջերի աջ լուսանցքում՝ նեղ սյունակում բերված է պարզ անգլերեն թարգմանությունը....
Տեքստը հիմնված է Բրուկ Ֆ. Վեստկոտի և Ֆենտոն Ջ. Ա. Հորտի հունարեն տեքստերի վրա (1881-ի վերահրատարակություն), բայց կոմիտեն, որի անդամները չեն ցանկացել հայտնել իրենց անունները, կատարել է միանգամայն արդիական, հետևողական ու ճշգրիտ թարգմանություն» (The Classical Journal, 1974, ապրիլ-մայիս, էջ 375, 376)։
[նկար]
1969-ի և 1985-ի թողարկումները
[շրջանակ/նկար 611-րդ էջի վրա]
Եբրայագետի կարծիքը
1989-ին Իսրայելից մի եբրայագետ՝ դոկտոր-պրոֆեսոր Բենջամին Կեդարը, «Նոր աշխարհ թարգմանության» մասին ասաց. «Երբ լեզվագիտական ուսումնասիրություններ եմ կատարում՝ Աստվածաշնչի եբրայերեն տեքստի և թարգմանությունների հետ կապված, հաճախ անդրադառնում եմ մի անգլերեն հրատարակության, որը հայտնի է «Նոր աշխարհ թարգմանություն» անվանումով։ Եվ ամեն անգամ համոզվում եմ, որ թարգմանիչները ձգտել են հնարավորինս ճիշտ հասկանալ բնագիր տեքստը։ Բնագրի բառերի իմաստը միանգամայն հասկանալի կերպով է փոխանցված մյուս լեզվում՝ առանց անհարկի շեղվելու եբրայերենի կառույցից, ինչը փաստում է, որ թարգմանիչները լավ տիրապետում են բնագիր լեզվին.... Յուրաքանչյուր արտահայտություն որոշակի ազատություն է տալիս մեկնաբանության և թարգմանության հարցում։ Հետևաբար, ցանկացած լեզվաբանական լուծում կարելի է վիճարկել։ Սակայն «Նոր աշխարհ թարգմանության» մեջ ես երբևէ չեմ նկատել որևէ կանխակալ միտում տեքստի մեջ գրելու այն, ինչ չկա բնագրում»։
[նկար 613-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Վկաների թվի աճը «Նոր աշխարհ թարգմանության» թողարկումից ի վեր
Ֆրանսիա
150000
100000
50000
1963 1970 1980 1992
Իտալիա
150000
100000
50000
1963 1970 1980 1992
Պորտուգալիա և Բրազիլիա
300000
200000
100000
1963 1970 1980 1992
Իսպանախոս երկրներ
900000
600000
300000
1963 1970 1980 1992
[նկարներ 604-րդ էջի վրա]
Աստվածաշունչ ուսումնասիրողների օգտագործած որոշ թարգմանություններ
Յանգի բառացի թարգմանությունը
Լիզերի թարգմանությունը (անգլերեն տեքստի կողքին եբրայերենի տեքստն էր)
Տիշենդորֆի Նոր Կտակարանը (ներկայացվում են զանազան տարբերակներ հունարեն ձեռագրերից)
Մերդոկի թարգմանությունը (հին ասորերենից)
«Էմֆաթիք դայագլոթը» (հունարենից անգլերեն)
«Վարիորում» Աստվածաշունչը (տարբեր անգլերեն թարգմանություններով)
Նյուբերիի Աստվածաշունչը (օգտակար զուգահեռ հղումներով)
[նկար 605-րդ էջի վրա]
Նախաբան Ռոդերհամի «Նոր կտակարանի» համար, որը մոտավորապես 1890-ին տպագրվել է «Դիտարան ընկերության» համար
[նկար 606-րդ էջի վրա]
Հոլմանի Աստվածաշունչը՝ երկու զուգահեռ թարգմանություններով (Ընկերության պատվերով, 1902)
[նկար 606-րդ էջի վրա]
«Ջեյմս թագավորի թարգմանության»՝ Ընկերության թողարկումը՝ հատուկ համաբարբառով (1942)
[նկար 607-րդ էջի վրա]
«Ամերիկյան միասնական թարգմանությունը», որում Եհովա անունը գործածվում է ավելի քան 6870 անգամ (Ընկերության թողարկումը, 1944)
[նկար 607-րդ էջի վրա]
Բայինգտոնի թարգմանությունը (1972)
[նկարներ 608-րդ էջի վրա]
«Նոր աշխարհ թարգմանությունը» սկզբում անգլերենով լույս տեսավ վեց հատորով (1950–1960), հետագայում՝ մեկ հատորով՝ նախատեսված խոր ուսումնասիրության համար
Ոչ մեծ չափի թողարկում՝ մեկ հատորով (1961)
Խոշորատառ հրատարակություն՝ ծանոթագրություններով (1984)
[նկար 612-րդ էջի վրա]
«Նոր աշխարհ թարգմանությունը» աստիճանաբար լույս տեսավ ավելի շատ լեզուներով
[նկար 614-րդ էջի վրա]
«Նոր աշխարհ թարգմանությունը»՝ կրկնակի խոշորատառ
....Բրայլի գրատիպով
....ձայներիզների վրա
....ճկուն սկավառակների վրա